Այս հարցը շատ է հետաքրքրում ծնողներին։ Վերջերս շատ ենք լսում տարբեր մասնագետներից, որ մինչ դպրոց գնալը երեխային տառ ու թիվ սովորեցնել պետք չէ, կձանձրանա։ Այո, ճիշտ են․ իսկ ինչպես օգնել երեխային նախապատրաստվել դպրոցին, որպեսզի դպրոցում ուսուցանվող նյութը հեշտ յուրացնի և ի սկզբանե դժվարություններ չառաջացնի։
Դպրոց հաճախող երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն: Առաջնահերթ պետք է զարգացնել մանր մոտորիկան, որպեսզի երեխան հեշտ կարողանա գրիչ բռնել և գրել: Նաև, այս կերպ զարգանում է աչք֊ձեռք համատեղ գործունեությունը, այսինքն հետևել իր ձեռքի աշխատանքին և կոորդինացնել իր շարժումները, իրեն «չլսող» ձեռքը դարձնել ավելի կառավարելի։
Մանր մոտորիկայի զարգացումը նպաստում է նաև խոսքի զարգացմանը, քանի որ գլխուղեղում այդ երկու կենտրոնները մոտ են միմյանց և մեկի զարգացումը նպաստում է մյուսի զարգացմանը: Դրա համար երեխայի հետ շատ խաղացեք պլաստիլինով, ավազով, նկարեք, ներկեք, մկրատով կտրեք և ապլիկացիաներ սարքեք, ուլունքներով աշխատեք, մանր լեգոներ հավաքեք, նպարեղենով կամ թելերով ապլիկացիաներ սարքեք: Որքան մանր են դետալները, այնքան լավ: Երեխային սովորեցրեք մանր դետալները բռնել 3 մատիկով, որպեսզի գրիչն էլ հետագայում հեշտ լինի բռնել երեք մատիկով (աքցանանման):
Մի՛ վախեցեք մկրատ տալ երեխային. կան ոչ սրածայր մկրատներ, որոնք համեմատաբար ավելի ապահով են, իսկ դուք մշտապես եղեք իր կողքին: Որևէ ապլիկացիա պատրաստելիս, երեխան կարող է կտրել դետալները գունավոր թղթից: Թողե՛ք մի փոքր ինքնուրույն լինեն՝ իրենք գծեն, կտրեն, սոսնձեն, փակցնեն, որն առավելապես կնպաստի նաև կոորդինացված շարժունակությանը, ինքնուրույնությանը: Կարևորը ոչ թե գեղեցիկ ու կոկիկ ապլիկացիա ստանալն է, այլ երեխայի կատարած գործողությունները: Երբեմն ծնողներս ուղղում ենք, օգնում, շտկում, որ գեղեցիկ լինի: Բայց երեխան ինքը պետք է փորձի սարքել, երբեմն սխալվել, մտածել՝ ինչպես փակցնել, որ ճիշտ լինի: Եթե դիմում է ձեր օգնությանը, ուղղորդեք, օգնեք, բայց իր փոխարեն մի կատարեք։
Անհրաժեշտ է զարգացնել նաև ուշադրությունն ու հիշողությունը, մտածողությունն ու տրամաբանությունը: Դժվար չէ այս ամենն իրականացնել առօրյայում: Օրինակ՝ երեխային առաջարկեք նայել խաղալիքներին, հետո փակել աչքերը, իսկ դուք թաքցրեք որևէ խաղալիք, աչքերը թող բացի ու ասի՝ որը չկա: Սկզբում դրեք 3-4 խաղալիք, եթե հեշտությամբ է հիշում, ավելացրեք քիչ-քիչ: Կարող են լինել նկարներ, գույներ, կենդանիներ, ինչ ուզում եք: Կարող եք անվանել առարկաների անունները ու կսովորի նաև անվանումները գրական հայերենով, որը դպրոցում շատ պետք կգա: Կամ, առաջարկեք որևէ խնդրահարույց իրավիճակ (օրինակ՝ եթե լույս չլինի, ինչպես կկազմակերպենք մեր առօրյան)։ Ապա միասին երևակայեք, թե ինչն ինչպես կանեյիք։ Նմանատիպ աշխատանքները նպաստում են երևակայության, մտածողության զարգացմանը։ Կամ, հարցրեք մի քանի օր առաջ տեղի ունեցած որևէ դեպք, հիշեցրեք կարևոր դետալներ։ Ինքը կսկսի հիշելով պատմել, որը նաև կնպաստի խոսքի և հիշողության զարգացմանը, պատմելու կարողության զարգացմանը: Երբ հեքիաթ եք կարդում, ամենահետաքրքիր մասում մի պահ դադար տվեք և հարցեր տվեք, թե ինչ է կարծում, ինչ կլինի հետո: Հետո առաջարկեք կարդալ և տեսնել՝ արդյո՞ք գրքում էլ է այդպես գրված, ինչպես ինքն է մտածում:
Դպրոց հաճախող երեխան պետք է կարողանա պարզ խոսել, բոլոր հնչյունները ճիշտ արտասանել (սխալ արտասանվող հնչյունները երբեմն սխալ էլ գրում են գրավոր աշխատանքներում, ու շտկելն ավելի բարդ է), խոսել ընդարձակ նախադասություններով, կիրառելով բոլոր խոսքի մասերը, կարողանալ միտքն արտահայտել, պատմել և վերապատմել, նկար պատմել, խոսելիս ճիշտ կիրառել դեմքը, թիվը, հոլովը (նախադասության անդամներն իրար համաձայնեցված խոսել, օրկինակ՝ չասի․ «ես գնացել էինք դպրոցների մեջ»:
Կարևոր է նաև տեսատարածական պատկերացումը, որպեսզի տետրի մեջ ճիշտ կողմնորոշվի՝ որտեղ ից պետք է սկսի գրել, ինչ չափ պետք է ունենան տառերը, որ մասնիկն է պետք մեծ գրել, որը փոքր, մասնիկը դեպի աջ, թե ձախ թեքել: Դրա համար պետք է տալ երեխային գունավորել նկարներ և հետևել, որ սահմաններից դուրս չգա, գծիկներն իրար համեմատաբար զուգահեռ լինեն, ամբողջ դաշտը ներկված լինի։ Կարելի է կատարել որոշակի հանձարարություններով աշխատանքներ։ Օրինակ՝ գծով միացրու միմյանց հետ կապ ունեցող առարկաները (ասոցատիվ կապը), գտիր իրար նման պատկերները և միացրու գծիկով, շարունակիր կիսատ պատկերը, նկարիր նույն պատկերը, կետագծիկներով պատկերը ընդգծիր և այլն։ Թողեք երեխան հնարավորինս ինքնուրույն կատարի հանձնարարությունները, կարդացեք պահանջը և թողեք ինքնուրույն գլուխ հանի, եթե հարցնում է, ուղղորդեք, բայց թույլ տվեք ինքնուրույն մտածել։
Կարելի է երեխայի հետ խաղեր խաղալիս փորձեք դետալները միշտ շարել ձախից աջ՝ դրա մասին բացարձակ ոչինչ չասելով: Ուղղակի մշտապես այդպես շարելու արդյունքում երեխան գրելիս հեշտ է հասկանում, որ ուղղությունը ձախից աջն է: Հատկապես, որ հայերենում տառերի մասնիկների գրությունը ձախից աջ է: Լավ կլինի, եթե երեխային սովորեցնեք հնչյունային վերլուծություն կատարել: Կարող եք սկսել հետևյալ կերպ. հարցնել, թե իր անունն ասելիս առաջինը ինչ է լսում։ Սկզբում արտասանեք առաջին հնչյունը երկար և ուշադրությունը հրավիրեք այդ հնչյունի վրա (կարող եք սկզբում ձայնավորով սկսվող բառից սկսել, քանի որ ձայնավորներն ավելի երկար կարող եք արտասանել):
Այս փուլը կարող է երկար տևել՝ 1-2 ամիս, մի շտապեք ու երկար դադար տվեք, որ լիրաժեք յուրացնի ու հեշտ գործողություն դառնա իր համար։ Եթե լիաժեք կարողանում է առանձնացնել, ապա փորձեք հասկանալ վերջինը, երկրորդը, մեջտեղինը, ու այսպես սովորեցրեք հնչյունային վերլուծություն կատարել՝ չիմանալով տառերը. դրանք կսովորի դպրոցում: Նույնը կարելի է կատարել վանկերով։ Սովորեցրեք ծափերի միջոցով բառը վանկատել: Պետք է ուշադիր լինել գաղտնավանկը ուսուցանելիս: Եթե վստահ չեք, որ կարող եք լիարժեք ճիշտ կբացատրել, ավելի լավ է դրա մասին չխոսեք, ուղղակի շրջանցեք և սովորեք այն բառերի վրա, որտեղ չկա գաղտնավանկ: ՉՄՈՌԱՆԱՔ, այս ամենն ընդամենը խաղ է և պետք է կազմակերպել խաղի ձևով, որպեսզի և՛ հաճույքով սովորի, և՛ ուսման նկատմամբ ձանձրույթ չձևավորվի:
Երեխայի հետ փորձեք աշխատել սեղանի շուրջ, սովորեցրեք նստած ուտել, որևէ աշխատանքով զբաղվել, քանի որ դպրոցում մեծագույն խնդիր է երեխաների նստելը:
Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան
Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։
Հնս 01 2023Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:
Հկտ 19 2021Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի
Ապր 07 2021