Ուսուցիչներին (պատերազմի ժամանակ)

· Անկեղծ եղեք։

Երեխաները շատ լավ զգում են, երբ դուք կեղծում եք։ Մի փորձեք ավելորդ վստահ կամ անվախ թվալ։ Թեթև մտահոգության արտահայտումը չի վնասի երեխաներին։

· Թույլ տվեք երեխաներին խոսել։

Իրենց ապրումների ու մտքերի մասին խոսելը նաև իրենց լսածն ու տեսածը պատմելը թեթևություն է հաղորդում, ինչպես նաև օգնում է միասնույթուն և համախմբվածություն զգալ։ Երեխաներին լսելը նաև կօգնի կողմնորոշվել, թե ինչպիսի աջակցության կարիք և ինչպիսի հարցեր ունեն նրանք։

· Աշակերտներին վստահեցրեք, որ անհրաժեշտ ամեն ինչ արվում է խաղաղությունը վերականգնելու համար։

Որոշ երեխաների ընտանիքներից ևս զինվորներ կան սահմանին, ոմանք այսօր գնում են սահման, և երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք գիտեն, թե ինչ են անում, և նրանք ուժեղ են միասին։ Պետության և արտաքին աջակցության մասին ևս նշեք, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենք և իրենց հարազատները մենակ չեն։

· Թույլ տվեք խոսել զոհվածների մասին։

Որոշ երեխաներ կցանկանան խոսել զոհվածների մասին, հարցեր տալ։ Մի վախեցեք այս թեմայից, թույլ տվեք երեխաներին խոսել և արտահայտվել։ Նրանք հարցեր կունենան, որոնց դժվար է պատասխանել։ Սակայն հարցերը պետք է հնչեն։ Բացատրեք երեխաներին Ձեր կարծիքով և այն համոզմունքներով, որ դուք ունեք, այն հավատով, որը Ձեր ներսում է, թե ինչու են զոհվել մեր տղաները։ Չկան հստակ և ճիշտ պատասխաններ, կան անկեղծ պատասխաններ։

· Խուսափեք որևէ վախ ներշնչող արտահայտությունից։

Մի պատմեք թուրքերի դաժանության, եղեռնի զոհերի և անցյալում տեղի ունեցած այլ դաժան պատմություններ։ Դրանք դժվար է ընկալել ու հասկանալ անգամ մեծահասակին։ Երեխաները չեն կարող հասկանալ այդ աստիճան դաժանությունն ու վայրագությունը, նրանք կսկսեն վախենալ։

· Ասեք, թե ինչով կարող են իրենք օգնել։

Յուրաքանչյուր ոք իրեն ավելի լավ է զգում, երբ կարող է մասնակից լինել, օգնել որևէ բանով։ Աշակերտները ևս կարող են օգնել։ Խոսեք ցանցային անվտանգության մասին, սոցիալական ցանցերում նրանց ակտիվության, կիսվող նյութերի, պաշտոնական կայքերի մասին։ Սա շատ կարևոր է։ Երեխաները կարող են օգտակար լինել, ինչպես նաև, նրանք իրավունք ունեն պաշտպանված լինելու նաև սոցցանցերում։

· Եթե որևէ մեկը հուզվել է, թույլ տվեք, սպասեք, խաղաղ եղեք, մինչև երեխան հանգստանա։

Մենք սովորաբար վազում ենք հանգստացնելու և խաղաղեցնելու լաց լինող երեխային։ Դրանով իսկ թույլ չենք տալիս նրան արտահայտել իր զգացմունքներն ու արգելում ենք տխուր լինել։ Այսպես անել պետք չէ։ Թույլ տվեք, համբերատար եղեք, սպասեք, լռություն ապահովեք (երեխաները հաստատ կզգան պահի լրջությունը, երբ դուք լռեք) մինչև երեխան հանգստանա։ Ասեք, որ հասկանում եք, թե ինչքան դժվար է, որ Դուք ևս շատ հուզված եք, որ Դուք ևս տխուր եք։

· Վերադարձեք դասին և բնականոն կյանքին։

Երեխաները ամենաշատը տագնապում են, երբ իրենց կյանքի բնականոն ընթացքը շեղվում է։ Նրանց պետք է օգնել վերադառնալ իրենց սովորական կյանքի ռիթմին և դասերին։ Ոչ մի դեպքում դասերը մի խափանեք։ Դուք զինվոր եք հայրենիքի ներսում։

Բժշկի խոսքը

Հիվանդի հոգեկանի, տրամադրության վրա ազդող ամենազորեղ գործոններից մեկը բժշկի խոսքն է։ Անառարկելի  ճշմարտություն է, որ բժշկի խոսքը, նույնիսկ նրա խոսելու ձևը, շարժումներն ու դեմքի արտահայտությունը, տրամադրությունը կարող են վճռական ներգործություն ունենալ հիվանդի վրա: Բժշկության ներկայացուցիչներն ամենատարբեր ժամանակներում շատ կարևորել են այդ գործոնը։ Արևելյան ժողովուրդների մեջ, օրինակ, շատ վաղ անցյալում տարածված էր այսպիսի արտահայտություն. ‹‹Բժիշկն ունի երեք զենք՝ խոսքըբույսերը և դանակը»։ Եվ պատահական չէ, որ այդ ‹‹զենքերի» թվում առաջինը նշվում է խոսքը։ Խոսքի՝որպես բուժական գործոնի մասին խոսել են անցյալի բժշկության նշանավոր գործիչներ Հիպոկրատը, Ասկլեպիադը, Իբն Սինա-Ավիցեննան, Մխիթար Հերացին և այլոք։ Նրանք բազմիցս ընդգծել են բժշկի կողմից խոսքը հմտորեն օգտագործելու վարպետության մասին։ Ընդ որում՝ միշտ էլ նշվել է բժշկի խոսքի երկակի ազդեցության մասին՝խոսքը կարող է ապաքինել և բարձրացնել հիվանդի տրամադրությունը, բայց այն կարող է նաև խոցել, ախտահարել հիվանդին, նրան խոր ու անբուժելի վերք հասցնել։

Ն. Ա․ Սեմաշկոն մեծ դեր է հատկացնում այսպես կոչված ‹‹յատրոգեն հիվանդությունների›› պրոբլեմին (հունարեն iatros —բժիշկ և gennum — ծնել, ստեղծել բառերից), որոնց առաջացման պատճառը հենց ինքը բժիշկն է, նրա անզգույշ արտահայտվելը։ Ահա թե ինչ է գրում Ն.Ա․Սեմաշկոն այդ մասին․ «Որքան էլ տարօրինակ ու անբնական է հնչում, երբեմն բժիշկը համեմատաբար առողջ մարդու հիվանդացման պատճառ է դառնում։ Հայտնի է, որ որոշ մարդիկ գերզգայուն են, տպավորվող ու նյարդային։ Բավական է նրանց անզգուշորեն ասել, թե «սրտիդ աշխատանքը ինձ դուր չի գալիս», և նա կսկսի իրեն վատ զգալ, կփոխի իր ապրելակերպը, չի կարողանա կտրվել հիվանդ լինելու մտքից և, ի վերջո, կարող է իսկապես հիվանդանալ››։ Ահա թե ինչու «բժշկի վարվեցողությունը և բժշկական հիմնարկության ողջ դրվածքը, և՛ սիրալիր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ, նրանց մոտ պետք է արթնացնեն ապրելու կամք»։

Ճանաչված կլինիցիստ Ռ.Ս. Լուրիան այսպիսի դեպք է նկարագրում։ Ռենտգենի առանձնասենյակում հետազոտվում է մի կին։ Բժիշկ-ռենտգենոլոգն ամբողջապես տարված լինելով իր մտքերով, մոռանում է հիվանդին և իր կողքը կանգնած երիտասարդ բժիշկներին սկսում է նկարագրել հետազոտվողի ստամոքսի անսովոր երկարավուն ձևը։ Եվ թեկուզ նշվում է, որ կինը լրիվ առողջ է, ստամոքսի ձևի մասին բժշկի նկարագրությունը կնոջը հանգիստ չի տալիս։ Նա սկսում է տենդագին ջանքեր գործադրել իր ստամոքսի իսկական հիվանդության բնույթը ճշտելու և բուժվելու համար, դիմում է տարբեր բժիշկների, բժշկական հանրագիտարանի ու գրքերի օգնությանը։ Տևական տագնապն ու անհանգիստ վիճակը ի վերջո նրան դուրս են բերում հավասարակշռությունից, առաջանում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարման նշաններ, և մեծ ջանքեր են պահանջվում նրան բուժելու համար։

Ոմանք այն կարծիքին են, որ հոգեկան տրավմայի, այսպես կոչված, յատրոգենիայի պատճառը կարող է լինել միայն բժշկի անզգույշ արտահայտությունը։ Սակայն, յատրոգենիան ավելի շուտ հիվանդի հետ ոչ հմուտ վարվելու, նրա տագնապների, ապրումների ու հույզերի նկատմամբ անհոգի վերաբերմունքի հետևանք է։ Եվ պատահական չէ, որ յատրոգեն հիվանդություններն առավել հաճախ են նկատվում կասկածամիտ, թույլ նյարդային համակարգ ունեցող անձանց մոտ։ Վերջիններիս խիստ անհանգստացնում է բժշկից լսած անհասկանալի ամեն մի խոսք։ Յատրոգենիային կարող են նպաստել նաև հիվանդների  հիվանդանոցում երկարատև գտնվելը հիվանդանոցում, միջին ու կրտսեր բուժ­անձնակազմի սխալ մեկնաբանությունները, բժշկական գրքույկներից, թերթերից ու ամսագրերից ստացած ինֆորմացիայի ոչ ճիշտ ընկալումը և այլն։

Եթե բացասական հունզգույշ խոսքն ընկճում ն հիվանդին, լուրջ վնաս հասցնում նրա առողջությանը, ապա դրական հույզերն ու ջերմ, մխիթարական խոսքը, ընդհակառակը, կարող են իսկական հրաշքներ գործել։ Ժողովուրդն իզուր չի ասում. «Ով շատ է ծիծաղում, նրան ամեն ինչ հաջողվում է»։ Եվ իսկապես, յուրաքանչյուր ոքը բազմիցս զգացած կլինի ան­կեղծ ու լիաթոք ծիծաղի, հրճվանքի, բարձր տրամադրության բարերար ազդեցությունը ինքնազգացողության, նույնիսկ սրտի աշխատանքի վրա։

Լավ տրամադրությունն անգնահատելի պաշար է առողջության պահպանման ու հիվանդությունների բուժման գործում: Այն մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը, բարձրացնում Է մարմնի դիմադրողականությունը ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Բժիշկները վաղուց ի վեր, և բոլորովին Էլ ոչ առանց ծանրակշիռ հիմքի, ուրւթյունը, ժպիտը, լավատեսոթյունը դասում են բուժման արդյունավետ միջոցների շարքին։ Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է. «Օդը, ջուրը օգտակար են մարմնին, ժպիտը՝ հիվանդին»։

Բժշկությունը բոլոր ժամանակներում էլ հիվանդի բուժման հարցում մեծ տեղ է տվել հոգեբանական գործոնին՝ դրական ու բացասական հույզերին։ Դրական հույզերի ու բարձր տրամադրության բարերար ներգործությունը վաղուց ի վեր հայտնի է եղել բժիշկներին։ Եվ պատահական չէ, որ անցյալի բժիշկները բավական հաճախ են դիմել բուժական այդ գործոնի օգնությանը։ Ասում են, որ մի քանի հարյուրամյակ առաջ Փարիզում գործել է ոմն բժիշկ՝ Գալլե Մատյե անունով։ Նա առանձնահատուկ ճանաչում ու բարի համբավ է ձեռք բերել հիվանդների տրամադրությունը վարպետորեն բարձրացնելու, նրանց ոգևորելու ու նրանց մոտալուտ ապաքինման հավատ ներշնչելու իր արվեստով։ Եվ երբ մեծահամբավ բժիշկը ծերանալու հետևանքով այլևս անկարող է եղել այցելել հիվանդներին, ստիպված դիմել է հիվանդների տրամադրությունը բարձրացնելու մեկ այլ միջոցի՝ ծրարներով նրանց ուղարկել է սրամիտ ու ծիծաղաշարժ տեքստերով թերթիկներ։

Հիվանդներիի ներաշխարհի հետ հաշվի նստելու, նրանց տարամադրությունը  բարձրացնելու անհրաժեշտության  մասին է  վկայում նաև հետևյալ փաստը։ Արևմտյան Եվրոպայի Վերածննդի ժամանակաշրջանի նշանավոր բժիշկ Պարացելսը սրտային հիվանդներին բուժում էր սրտի ձև ունեցող տերևներով, իսկ երիկամային հիվանդների բուժման համար оգտագործում էր այդ օրգանները հիշեցնող տերևներ։ Եվ հաճախ բժշկի հենց միայն այդ հոգեբանական մոտեցումը զգալի բուժական արդյունք էր ունենում։

XVII դարի անգլիացի նշանավոր բժիշկ Թոմաս Աիդենհամը մի առիթով նշել է, որ քաղաքի բնակչության առողջական վիճակի վրա ավելի բարերար ազդեցություն է գործում ծաղրածուի, քան դեղորայքով բեռնված տասնյակ ջորիների այցը։ Այս առումով բավական տիպիկ օրինակ է բերում ռուս հանճարեղ վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը իր «Կովկասում կատարած ճանապարհորդության մասին» հաշվետվության մեջ։ Նա նշում է, որ Կովկասյան պատերազմի ժամանակ ռուս զինվորների անդամահատություններն ավելի հաճախ էին ավարտվում մահով, քան տեղաբնակ լեռնականների նույնանման վիրահատությունները։ Մեծատաղանդ վիրաբույժը դա բացատրում է հետևյալ կերպ. ռուս զինվորականները հոսպիտալում տեսնում էին միայն մահ ու տառապանք, իսկ դաղստանցի զինվորները շրջապատված էին իրենց մերձավորների, հարազատների ամենօրյա ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Նրանք գտնվում էին հոգեբանորեն անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններում, քան տնից-տեղից ու մերձավորներից կտրված ռուս զինվորները։

Նապոլեոնի անձնական բժիշկ Ղ.Ժ. Լարրեյը, որը նշանավոր զորավարի հետ մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմիցս ընդգծել է, որ հաղթող կողմի վիրավորներն ապաքինվում են ավելի արագ, քան՝ պարտվողները։

Թվարկած ու բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ ամեն մի բժիշկ պարտավոր է իր խոսքով, վարքով հիվանդի տրամադրության «ղեկը» թեքել դեպի առողջության համար բարենպաստ կողմը, որպեսզի նշանակված բուժամիջոցներին ավելացվի ևս մեկ զորեղ միջոց՝ կենսուրախությունը։

Խոսքից ճիշտ օգտվելը պարտադիր պահանջ է ամեն մի մարդու համար, սակայն բժշկի մոտ դա պետք է հասնի կատարելության։ «Ոչ մի ավելորդ արտահայտություն, ոչ մի անզգույշ խոսք հիվանդի վերաբերյալ» այս նշանաբանով պետք է գործի ամեն մի բժիշկ։ Շատ տեղին է ասել նշանավոր Բեռնարդ Շոուն. «Հիսուն տարբեր ձևով կարելի է ասել «այո», և նույնքան ձևով էլ`  «ոչ»։ Այնպես որ բժիշկը յուրաքանչյուր դեպքում պետք է կարողանա ընտրել ամենից նպատակահարմար, ամենակշռադատված «այո֊ն» կամ «ոչ֊ը»։

Ռուս մեծ գրող բժիշկ Ա․Պ. Չեխովը իր հոդվածներից մեկում նկարագրում է մի այսպիսի դեպք․«Ռ-ն գնում է բժշկի մոտ։ Վերջինս լսում է սրտի աշխատանքը և ախտորոշում՝«սրտի արատ»։ Ռ-ն միանգամից փոխում է իր ապրելակերպը, սկսում է ընդունել սթրոֆանտ, խոսում է միայն հիվանդության մասին և շուտով ամբողջ քաղաքն իմանում է, որ նա տառապում է սրտի արատով։ Նա չի ամուսնանում, հրաժարվում է սիրո թեմայով ներկայացումներից, քայլում է անչափ զգույշ, հազիվ շնչելով։ Տասնյակ տարիներ անց գնում է Մոսկվա և հետազոտվում մի պրոֆեսորի մոտ։ Վերջինս գտնում է, որ սիրտը լրիվ առողջ է։ Ռ-ն անչափ ուրախ է, բայց վերադառնալ նորմալ կյանքի այլևս անկարող է, քանի որ քնում է հավերի հետ, սովոր է զգույշ քայլել և չխոսելը հիվանդության մասին նրա համար արդեն ձանձրալի է։ Նա սկսում է միայն ատել բժիշկներին ու ուրիշ ոչինչ»1։

Մեծանուն գրողի նկարագրած այս դեպքը, չնայած իր վաղեմությանը, ուսանելի ու оգտակար է այսօրվա երիտասարդ բժիշկների համար։

Երիտասարդ բժիշկներից շատերի մոտ երբեմն նկատվում է հիվանդների առջև իրենց «գիտելիքների չափը» դրսևորելու, ավելորդ մանրամասների մեջ խորանալու հակում։ Դա սխալ է, հակադեոնտոլոգիական։ Հարկավոր է միշտ հիշել, որ մասնագիտական զանազան տերմիններ ու արտահայտություններ օգտագործելը հաճախ բացասական ներգործություն է ունենում հիվանդի հոգեկանի վրա, դեմոբիլիզացնում է նրա հիվանդության դեմ պաշտպանական ուժերը։

«Մեր երկրում կյանքի միջին տևողությունը 70 տարի է, իսկ դուք արդեն 75 տարեկան եք։ էլ ինչ եք դժգոհում»։ «Հարկավոր էր կես տարի առաջ դիմել բժշկի և ոչ թե հիմա»,—առաջին հայացքից անմեղ թվացող այս արտահայտությունները խիստ տրավմայի են ենթարկում հիվանդին, ով կորցնում է հավատը բժշկի հանդեպ։ Լինում է և այսպես. բժիշկը խոսքով ցանկանում է հուսադրել հիվանդին, բայց նրա ժեստերը, դեմքի արտահայտությունը հակառակն են ասում։ Իսկ դա անմիջապես ընկալվում է հիվանդի կողմից։ Ահա թե ինչու բժիշկը պետք է կարողանա մշտապես վարպետորեն կառավարել իր խոսքն ու շարժուձևը։ Երբեք այն չպետք է դուրս մնա վերահսկողությունից:

Կլինիկական պրակտիկայում այսօր էլ հանդիպում են դեպքեր, երբ հիվանդանոցներում որևէ «հետաքրքրական հիվանդի» մոտ հաճախակի բերում են ուսանողների տարբեր խմբեր։ Վերջիններս անվերջ հարցուփորձ են անում հիվանդին, ուշադրոթյունն անընդհատ բևեռում են ախտահարված օրգանի վրա։ Միմյանց հայտնում են իրենց կարծիքները հիվանդի մասին։ Նման դեպքերն ամենաուժեղ կամք ու նյարդեր ունեցող հիվանդին անգամ կարող են դուրս բերել հավասարակշռությունից, խիստ բացասաբար անդրադառնալով նրա հոգեկան վիճակի, տրամադրության և հետևապես նաև բուժման ընթացքի վրա։

Մենք խոսեցինք բժշկի բանավոր խոսքի, դրա հետևանքների մասին։ Սակայն հիվանդի հոգեկանը տրավմայի ենթարկելու հարցում պակաս նշանակություն չունի և բժշկական գրավոր խոսքը։ Վերջինիս նշանակությունն էլ ավելի է մեծացել մեր օրերում, երբ զգալիորեն բարձրացել է բնակչության բժշկասանիտարական գրագիտության մակարդակը։ Շատերի համար վաղուց արդեն հաղթահարվել է նաև հիվանդությունների լատինական անվանումների հետ կապված պատնեշը։ Այնպես որ, բոլոր դեպքերում, երբ հիվանդը տեղեկանում է իր ծանր հիվանդության մասին, նկատելիորեն դժվարանում է բուժման ընթացքը, պակաս արդյունավետ է դառնում այն։ Ահա թե ինչու հիվանդի ձեռքը տրվող փաստաթղթերը լրացնելիս բժիշկը պետք է ցուցաբերի մեծագույն զգուշություն և համապատասխան վարվելակերպ։ Կատեգորիկ արգելվում է ուղղակի նշել ախտորոշումը՝եթե խոսքը վերաբերում է ծանր ու դժվար բուժելի հիվանդության։

Հիվանդի հոգեկանի վրա կարող են բացասաբար ազդել նաև առաջին հայացքից աննշան թվացող այս կամ այն գործոնները: Օրինակ, պոլիկլինիկայի պատին փակցված է ստենդ. «Մեր լավագույն բժիշկները»։ Հիվանդն ուշադիր զննում է ստենդը և այնտեղ չի գտնում իր բուժող բժշկի լուսանկարը։ Հետևությունը պարզ է, «ուրեմն ինձ բուժում է ոչ լավագույն բժիշկը»։ Ոչ սակավ հիվանդների հոգեկանը տրավմայի են ենթարկում հապճեպ ու ոչ մտածված ձևով կազմված «սանիտարական բյուլետենները», որտեղ հանգամանորեն նշվում են հիվանդության հնարավոր ծանր բարդությունները, մահացության տոկոսը և այլն։ Ակներև է, որ նման «լուսավորությունը» ոչ թե օգնում, այլ վնասում է ընդհանուր գործին։

Դեոնտոլոգիական տեսակետից ճիշտ չէ նաև արյան, մեզի և կենսաբանական այլ նյութերի լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանձնումը հիվանդին։ Նման կարգի խախտումներ հաճախ են դիտվում ռենտգենոլոգների շրջանում, որոնք հիվանդի ձեռքն են տալիս ռենտգենյան հետազոտության արդյունքների մանրամասն նկարագրությունը։ Նույնիսկ նորմալ, միանգամայն առողջ օրգանի ռենտգենաբանական նկարագրությունը որոշ մարդկանց մոտ կասկած է հարուցում սեփական առողջական վիճակի վերաբերյալ։

Զուտ դեոնտոլոգիական տեսակետից ելնելով էլ արգելվում է ստացիոնարում գտնվող հիվանդինծանոթանալ սեփական հիվանդության պատմությանը։ Եվ թեկուզ սրա կարևորությունն ակներև է, բայց պետք է անկեղծորեն ասել, որ մեր ստացիոնարներում ոչ միշտ է պատշաճ ուշադրություն հատկացվում դեոնտոլոգիական այս անչափ կարևոր հարցին։ Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդն անարգել մուտք է գործում բժիշկների առանձնասենյակը, վերցնում իր հիվանդության նկարագրությունը և հանգամանորեն ծանոթանում այնտեղ եղած գրառումներին։ Հիվանդանոցային առանձին բաժանմունքներում առկա աշխատանքի նման ոճը  խիստ անթույլատրելի է ու արատավոր,բաժանմունքի բժշկական ողջ անձնակազմը պետք է լուրջ ու հետևողական ուշադրություն դարձնի դեոնտոլոգիական այս կարևոր հարցին։

Վերը շարադրվածը հիմնականում վերաբերում էր բժշկի խոսքի (բանավոր և գրավոր), նրա վարվեցողության հոգեբանական նշանակությանը։ Սակայն այս առումով փոքր չէ նաև բժշկի անմիջական օգնականների՝միջին և կրտսեր բուժանձնակազմի դերը։ Բուժակը, բուժքույրը, մանկաբարձուհին նույնպես պետք է տիրապետեն խոսքի կուլտուրային, հիվանդի ու նրա հարազատների հետ շփվելիս պետք է պահպանեն չափի ու տակտի զգացումը, առավելագույն ջանքեր պետք է գործադրեն հիվանդի ու բժշկի միջև փոխադարձ վստահության մթնոլորտը ամրապնդելու համար։ Բժշկի օգնականին իրավունք չի վերապահվում հիվանդին կամ նրա հարազատներին տեղեկացնել հիվանդության բնույթի, բուժման եղանակների և առավել ևս բժշկական կանխատեսումների մասին։

Մեր ժամանակներում որակական մեծ փոփոխություններ են առաջացել նաև միջին բժշկական անձնակազմի աշխատանքում: Նրանք ևս ղեկավարում են բավական բարդ բժշկական սարքավորումների ու ապարատուրայի աշխատանքը, կատարում են բավականին բարդ բուժախտորոշիչ միջամտություններ, ինչը ոչ վաղ անցյալում թույլատրելի Էին միայն բժիշկներին։ Ահա թե ինչու ներկա պայմաններում Էլ ավելի Է մեծացել միջին բուժաշխատողի և, առաջին հերթին, բուժքրոջ խոսքի նշանակոլթյունը: Հենց միայն բուժքույր արտահայտությունը (նախկինում կոչվել է գթության քույր) արդեն խոսում է այն մասին, որ այդ բուժաշխատողը պետք է քույրական հոգատարություն ցուցաբերի հիվանդի նկատմամբ։

Եվ վերջապես, բաժանմունքում նորմալ բժշկական մթնոլորտի ստեղծման գործում որոշակի դեր ունեն նաև սանիտարուհիները, հավաքարարները. նախ՝ նրանց առօրյա, բարեխիղճ աշխատանքով ստեղծվում է պատշաճ ներհիվանդանոցային կոմֆորտ, որն անկասկած  ունի իր բարերար ազդեցությունը հիվանդների հոգեվիճակի ու բուժման արդյունավետության վրա։ Բացի այդ, սանիտարուհու և հավաքարարի բժշկական արտահագուստի մաքրությունը, նրանց ուշադիր ու հոգատար վերաբերմունքը հիվանդների նկատմամբ նույնպես կարևոր դեոնտոլոգիական պահանջներ են։ Այս բոլորի հետ մեկտեղ, իհարկե, միջին բժշկական աշխատողները չափազանց զուսպ պետք է լինեն հիվանդների ու նրանց  հարազատաների հետ ունեցած զրույցների ժամանակ։ Բժշկական դեոնտոլոգիայի սկզբունքների մասին բավականաչափ պատկերացում չունենալու պատճառով նրանց թույլ տված անզգույշ, հաճախ նաև անհիմն արտահայտությունը կարող է միանգամից արժեզրկել բժշկի տևական, համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունքները։ Ահա թե ինչու այսօրվա պահանջներից ելնելով առաջնակարգ խնդիր է համարվում նաև բուժքույրերի ու սանիտարուհիների պատշաճ ուսուցումը։

Պերֆեկցիոնիզմը կամ կատարելապաշտությունը և դրա ազդեցությունը մարդու կենսագործունեության վրա

Կատարելապաշտություն, ասել է թե պաշտել կատարյալը: Իսկ ի՞նչ է կատարյալը։ Մենք երբևէ չենք մտածում՝ արդյոք այս ծառը կատարյալ է, թե՞ ոչ: Մենք ընդունում ենք բնությունն այնպիսին, ինչպիսին այն կա՝ առանց քննադատելու այն քարերի կամ ճահիճների համար: Սակայն նույնը չենք կարողանում անել մեր պարագայում:

Թվում է, թե կատարելապաշտությունը կամ պերֆեկցիոնիզմը օգնում է մարդուն ձգտել ավելիի և զարգանալ: Արդյո՞ք դա այդպես է:

Կատարելապաշտությունը կամ պերֆեկցիոնիզմը մարդու ձգտումն է անել ամեն ինչ կատարյալ և լինել անթերի: Այլ կերպ ասած, դա չափազանց բարձր չափանիշների և չափազանց խիստ պահանջների արտահայտումն է ինքդ քո և ուրիշներին նկատմամբ: Սուր արտահայտված լինելու պարագայում մարդուն բնորոշ է սև-ու-սպիտակ՝ դիխոտոմիկ, մտածողությունը, այսինքն՝ ցանկացած ոչ-կատարյալ բան գնահատվում է որպես թերի: Ցանկացած շեղում ՙկատարելությունից՚ ընկալվում է որպես ամոթալի մի բան:

Հասկանալի է, որ այսօրինակ մտքերն առաջացնում են մեծ լարվածություն մարդու մոտ: Հատկապես, որ «կատարյալն» ու «անթերին» սուբյեկտիվ կատեգորիաներ են: Հաճախ պերֆեկցիոնիզմն անվանում են գերազանցիկի սինդրոմ: Անդերսենի ՙԱրքայադուստրը սիսեռահատիկի վրա՚ հեքիաթի հերոսուհին պերֆեկցիոնիստի տիպիկ օրինակ է: Պերֆեկցիոնիստին անհարմարություն է պատճառում ամենա աննշույլ բանն անգամ, որ մեկ ուրիշը չէր էլ նկատի:

Կատարելապաշտ մարդիկ առաջնորդվում են «7 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» սկզբումքով. բազմաթիվ անգամ ստուգում են արդեն ավարտած աշխատանքը, շատ սուր են արձագանքում քննադատությանը, հաճախ նախընտրում են ավելի երկար աշխատել՝ բացառելու համար հնարավոր սխալները և ՙկատարելության՚ հասցնելու համար յուրաքանչյուր մասնիկի մշակումը: Օրինակ՝ նրանք կարող են ժամերով ընտրել առավել գեղեցիկ ֆոն՝ ցուցասահիկ (պրեզենտացիա) պատրաստելիս: Այդ ամենի արդյունքում պերֆեկցիոնիստները ծախսում են շատ ժամանակ այն գործողությունների վրա, որ կարող էին անել անգամներ ավելի կարճ ժամանակահատվածում: 

Մինչև 1990–ական թվականները կլինիկական հոգեբանության ոլորտում արված հետազոտությունները ցույց տվեցին, որ կա ուղիղ համեմատական կապ կատարելապաշտության և այնպիսի երևույթների միջև, ինչպիսին են դեպրեսիան, կպչուն վիճակները (կպչուն մտքերը և կպչուն գործողությունները), սննդային խանգարումները և այլն: Թեև հետագա հետազոտությունները որոշակի ճշգրտում մտցրեցին այս երևույթի հասկացման մեջ, մասնավորապես, մասնագետները  սկսեցին տարբերակել  կատարելապաշտության նորմալ և նևրոտիկ կամ ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ձևերը, այնուամենայնիվ, այսօր էլ հոգեբանների շրջանում կատարելապաշտությունը ընդունված է համարել մի բան, որը մեծապես կարող է խանգարել մարդուն բավարարված և երջանիկ զգալ:

Ինչո՞վ են տարբերվում իրարից կատարելապաշտության ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ձևերը:

Առաջինի դեպքում կատարելապաշտական ձգտումները գերակշռում են սխալվելու (կամ չհաջողելու) վախի նկատմամբ, իսկ երկրորդի դեպքում հակառակն է: Ֆունկցիոնալ կատարելապաշտության պարագայումմարդը ձգտում է անել իր գործը բավական լավ, բայց ոչ կատարյալ: Իսկ անհաջողության բախվելիս, սխալվելիս՝ չի հուսահատվում, չի մեղադրոմ ինքն իրեն:

Դիսֆունկցիոնալ պերֆեկցիոնիզմի դեպքում մարդուն անհարմարություն կարող են պատճառել այնպիսի աննշան երևույներ, ինչպիսիք են, օրինակ, զգեստապահարանում շորերի հավասար ծալված չլինելը, հոդվածի ՙսխալ՚ տառատեսակը, ինչպես վերընշված հեքիաթի հերոսուհուն էր անհարմարություն պատճառում փոքրիկ սիսեռահատիկը:

Դիսֆունկցիոնալ կատարելապաշտությանը բնորոշ են.

  • Անինքնավստահությունը, տագնապային մտքերը («իսկ եթե չկարողանամ…/ չհասցնեմ…/սխալվեմ…»),
  • Շրջապատի մարդկանց բարձր գնահատականներին արժանանալու ձգտումը,
  • Անիրատեսական նպատակներ դնելը ( «Իմ մագիստրոսական թեզը պետք է արժանի լինի մրցանակի»),
  • Չափազանց մեծ կենրոնացումը արդյունքի վրա, քանի որ դրա «կատարյալ» լինելուց է կախված երևույթին տրվող իրենց գնահատակը: Դրան ի հակառակ, ավելի քիչ ուշադրություն է դարձվում գործընթացից հաճույք ստանալու վրա:
  • Ինքնամեղադրանքը սխալների կամ անհաջողության համար: Պետք է նշել, որ սխալներն ու անհաջողությունները նույնպես սուբյեկտիվ են. օրինակ՝ նոթատետրում ջնջում անելը սխալ չէ, բայց դա կարող է կատարելապաշտ մարդուն հուզել և հանգեցնել նրան, որ վերջինս պատռի այդ թերթը ու նորից գրի:
  • Դիխոտոմիկ՝ սև ու սպիտակ, մտածողությունը («Եթե կատարյալ չանեմ գործս, ես վատ աշխատող եմ /վատ տնային տնտեսուհի եմ/»։ «Ես պետք է լինեմ անթերի, որպեսզի հարգեմ ինքս ինձ»:),
  • Լարվածության զգացումը,
  • Անկարողությունը փոխել ծրագիրը, քանի որ ծրագրից շեղվելն այս մարդկանց համար արդեն սխալ ուղով գնալ է,
  • Երկար մտածելը որոշում կայացնելուց առաջ, նույնիսկ ամենաչնչին հարցերի դեպքում,
  • Անելիքները հետաձգելու սովորությունը՝ պրոկրաստինացիան:

 Կատարելապաշտության ձևավորման վրա ազդում են

  • ծնողների չափազանց պահանջկոտ լինելը երեխայի առաջադիմության, մտավոր կարողությունների, արտաքին տեսքի նկատմամբ: Օրինակ, երբ երեխային հարցնում են. «Իսկ ինչո՞ւ ես 4 ստացել», սա նշանակում է. «ես գոհ չեմ քո արդյունքից. ես ակնկալում եմ, որ դու պետք է միշտ գերազանց գնահատականներ ստանաս», և հետագայում մարդը չի կարողանում գոհանալ կամ հազվադեպ է գոհ լինում իր արածից, նույնիսկ այն դեպքում, երբ հասնում է լավ արդյունքի:
  • ուսուցիչների պահանջկոտ լինելը երեխայի առաջադիմության նկատմամբ, այսինքն՝ մեծ կարևորություն տալը գնահատականներին,
  • երբ ծնողներն իրենք են ձգտում կատարյալ լինել:

 Ի՞նչ է հարկավոր անել մեղմելու համար այս երևույթը

  • Ընդունեք, որ դուք կատարելապաշտ եք և ձեր դժգոհությունը արված աշխատանքից կամ առկա իրավիճակից դրա հետևանքն է, ոչ թե այդ աշխատանքի թերի կամ իրավիճակի սարսափելի լինելու հետևանքը:
  • Ուշադրություն դարձրեք այն մտքերին, որոնք ուղեկցում են ձեզ, երբ ուզում եք այսինչ բանն անել գերազանց: Օրինակ, դա կարող է լինել տնօրենի դրական արձագանքի սպասումը կամ այնպիսի մի միտք, ինչպիսին է՝ «իմ աշխատանքը պիտի լինի ամենալավը»:
  • Արեք որոշ բաներ միտումնավոր ոչ-կատարյալ:
  • Այն գործերը, որոնց ոչ-կատարյալ լինելուց ոչինչ չի տուժի, վստահեք ուրիշներին:
  • Ուշադրություն դարձրեք դրական երևույթների վրա: Սա անհրաժեշտ է, որովհետև դուք հակված եք նկատել բացասականը, մինչդեռ հավասարակշռված մոտեցում ունենալու համար, անհրաժեշտ է նաև նկատել դրականը:
  • Թույլ տվեք ձեզ դուր չգալ ուրիշներին: Միակ մարդը, ում դուք պետք է դուր գաք, դա դուք եք:
  • Գնահատեք նույնիսկ չնչին թվացող հաջողությունները:
  • Հիշեք, որ սխալները մեր հարստությունն են. դրանք օգնում են մեզ աճել և հասունանալ, հարստացնել մեր պատկերացումները և ձեռք բերել փորձառություն:

Հեղինակ՝ հոգեբան Մարիա Բաբայան։

Դեռահասության տարիքում ինքնասպանության վտանգն ու պատճառները

Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝

Ա) Կորուստները

Ռոմանտիկ հարաբերությունների կորուստ

Դեռահասի համար նման հարաբերությունների կորուստը հիմնականում հոգեկան ցնցում է։ Նրա աշխարհը փլվում է։ Հաճախ ինքնավստահ արտաքինի հետևում թաքնվում է զգայուն և շուտ վիրավորվող երիտասարդ, իսկ մեծամտության հետևում՝ զգայուն ու շուտ վիրավորվող աղջնակ։ ՙԺամանակը բուժում է՚ կամ ՙկան և ուրիշները՚ այս տիպի ծամծմված արտահայտությունները շատ վիրավորական են երիտասարդի համար և հանգեցնում են նրան, որ երիտասարդը չի ընդունում իրականությունը։

Սիրելի մարդու մահը

Սիրելի մարդու մահվան հետ կապված տառապանքները կարող են այնքան ուժեղ լինել, որ երիտասարդին համակի նրա հետ մահով միանալու ցանկությունը։ Հաճախ է լինում այնպես, որ երբ ընտանիքը վերապրում է հարազատի մահը, այդ ընթացքում դեռահասն իր խնդիրներով մղվում է հետին պլան։ Շատ մեծահասակներ գտնում են, որ երիտասարդն ընդունակ չէ հարազատի մահը վերապրել այնքան խորը, ինչպես իրենք։

Ընտանի կենդանու մահը։ 

Քիչ չէ պատահում, որ դեռահասը միայն տնային կենդանուն կարող է ամեն ինչը ՙպատմելՙ։ Նրանք և ՙլսումՙ են, և ՙսիրումՙ են, և երբեք չեն ՙդատիՙ։ Իսկ եթե հանկարծ այդ կենդանին մեռնի՞։

Աշխատանքի կորուստը

Շատ դեռահասների համար աշխատանքը նշանակում է հասունություն և անկախություն։

«Դեմքը» կորցնելը

Նայեք այն տղայի դեմքին, ով հասարակայնորեն հայտարարել է, թե մտադիր է դառնալ ֆուտբոլային թիմի կապիտան և չի հաջողել։ Նայեք այն աղջնակին, ով երազել է դառնալ միջոցառման թագուհին, բայց մերժվել է և այլն։

Ծնողների ամուսնալուծությունը

Ծնողներից մեկի կորուստը նրանց ամուսնալուծության հետևանքով շատ ավելի է վիրավորում անչափահասին, քան ընդունված է համարել։ Շատ դեռահասներ իրենց մեղավորությունն ու պատասխանատվությունն են զգում ընտանիքի փլուզման համար։ Հնարավոր ամուսնալուծության հետ կապված հորինված կամ իրական վախը նույնպես առաջ է բերում անտանելի հոգեկան տառապանքներ։

Բ) Ճնշումներ

Ճնշում դպրոցում

Այս տիպի ճնշումների շարքին են դասվում, օրինակ, բարձր գնահատականների ձգտումը, միաժամանակ մի քանի կարևոր հանձնարարություն կատարելը, հասարակական կյանքում գերակտիվ մասնակցությունը, դպրոցի մարզական կյանքին մասնակցելու պահանջները, ջանասիրությունը։

Ճնշումներ հասակակիցների կողմից

Դրանք կարող են լինել, օրինակ, հասակակիցների շրջանում ընդունված լինելու ձգտումը, խմբի բարքերը, հագնվածքի նմանությունները, թմրանյութերը, խմիչքը, սեռական հարաբերությունները, երաժշտական նախընտրությունները։

Ճնշումներ ծնողների կողմից

Ծնողները կարող են ճնշել հաջողության, փողի, կրթարանի (կամ այլ ուսումնական հաստատության) ընտրությանը, լավ ընկերներ ու արժանի կրթություն ձեռք բերելու հարցում։ Դեռահասին կարող են ընկճել նաև ծնողների՝ հսկելու անհրաժեշտության և իր՝ անկախ լինելու ցանկության հակասությունները, ծնորղների միջև անհամաձայնությունները, աշխատանքի տեղավորվելու խնդիրը, հագուստը, երաժշտությունը, նույնիսկ ծնողները՝ իրենց երեխաների հետ «ընկերներ» լինելու ձգտումները, նրանց՝ ավելի շատ քարոզներով, քան սեփական օրինակով որևէ բան սովորեցնելը և այլն։

Գ) Ցածր ինքնագնահատականը

Արտաքնապես գրավիչ չլինելը

Ուշադրություն դարձրեք այն պատանուն, ով վստահ է, որ մարմնական կառուցվածքով ինքը ոչ մի հասակակցի հետ համեմատվել չի կարողկամ այն աղջնակին, ով իրեն համարում է տգեղ, անբարետես, խղճուկ։

Երկրորդ կարգի մարդ լինելը

Նայեք երիտասարդին կամ աղջնակին, ովքեր միշտ կողքի են մնում, անտեսվում են, երբ հերթը հասնում է ժամադրվելուն կամ ինչ-որ հարցում ընտրվելուն։

Սեռական հարաբերությունների մասին պատկերացումները

Չի կարելի անտարբեր մնալ այն դեռահասի հոգեկան տանջանքնրին ու ապրումներին, ով տատանվում է սեռական հարաբերությունների մասին երկու պատկերացումների արանքում և չի համարձակվում որևէ մեկի հետ կիսվել այդ հարցում՝ վախենալով ծիծաղելի երևալուց։ Չի կարելի հաշվի չնստել երիտասարդի զգացմունքների հետ, ում՝ հոմոսեքսուալ լինելու վախն արդյունք է սեռական հարաբերությունների մասին հիմնարար գիտելիքների պակասի։

Հագուստը

ԶԼՄ-ների և անչափահասների շրջանում հագուկապի ընդունված յուրատեսակության ազդեցության տակ դեռահասը գնահատում է այն հագուստի առավելություններն ու թերությունները, որն ինքը ստիպված է հագնել։

Ֆիզիկական անկարողությունը

Պատահում է, որ դեռահասը դժվարությամբ է գլուխ հանում ոչ միայն ֆիզիկական խնդիրներից, այլ նաև շրջապատի ոչ բարյացակամ նկատողություններից ու հայացքներից։

Անհաջողություններն ուսման մեջ

Հաճախ մեծ եղբոր կամ քրոջ ՙհանճարեղությունը՚ պատճառ է դառնում, որ ծնողներն ու շրջապատը մշտապես հիշատակեն դեռահասի հետ համեմատական, բայց ոչ նրա օգտին արված տարբերությունները (իհարկե, սա կարող է վերաբերել և հասակակիցներին ու համադասարանցիներին)։

Ինչպես 0-1 տարեկան երեխաների մոտ զարգացնել գղգղանքն ու թոթովանքը

Եթե երեխայի մոտ բացակայում է գղգղանքն ու թոթովանքը, ապա պետք է խթանել։ Գրկեք երեխային դեմքով դեպի Ձեզ, ձեռքերի մեջ պահեք իրանը և գլուխը, իսկ մարմինը գրեթե զուգահեռ Ձեր ոտքերին։ Այնպես արեք, որ երեխան հստակ տեսնի Ձեր դեմքը, հատկապես շրթունքները, աչքերի կանտակտ հաստատելով և երեխային նայելով երգեք, մեղեդիկ ձայնարկություններ ասեք, վանկեր կրկնեք հստակ արտասանությամբ, տարբեր ռիթմով և ինտոնացիայով, խոսեք իր հետ։ Կարևոր է, որ երեխան լսի մեծի խոսքը, բայց ոչ թե ուղղակի խոսակցություն, այլ հենց իրեն ուղղված խոսք։

Երեխան երբ սկսում է իր վրա ուշադրություն հրավիրել ճիչով, գղգղանքով կամ թոթովանքով, անպայման ուշադրություն դարձրեք, մոտեցեք և երեխային նայելով խոսեք, քանի որ երեխան ակտիվ սկսում է ուշադրություն դարձնել ձեր հայացքին, բերանին՝ հատկապես շրթունքների շարժվելուն, և որոշ ժամանակ անց սկսում է ընդօրինակել։ Օրինակ՝ կլորացնելով շրթունքները՝ երգում է և այլն։ 

Կրծքով կերակրելիս ոչնչով մի զբաղվեք (որևէ էկրանի մի նայեք, հեռախոսով մի զբաղվեք), շոյեք երեխային, թաթիկը շոյեք, մանր մոտորիկայի զարգացման համար հիանալի տարբերակ է հենց այս ընթացքը։ 

Մատիկները հերթով բացեք֊փակեք, դաստակը շրջանաձև պտտեք, մատիկները հերթով մերսեք, թույլ, սեղմող֊մերսող շարժումներով։ 

0֊1տ երեխայի համար առաջատար գործունեությունը հուզական կապն է մոր հետ, այսինքն՝ հուզական կապի միջոցով է զարգանում երեխան՝ հայացքով կոնտակտ հաստատում, ժպտում, գղգղում, միմիկա օգտագործում՝ տեսնելով ու ընդօրինակելով մայրիկին։ Կերակրելու ընթացքը իդեալական պահ է հուզական կոնտակտ հաստատելու և զարգացնելու համար։

Թվում է թե ավելորդ է ասելը, բայց ամեն դեպքում նշեմ՝ հեռու պահեք երեխաներին թվային տեխնիկայի հետ շփումից, «անկենդան խոսք»  լսելուց (մուլտեր, վիդեոներ և այլն)։ Երեխային պետք է «կենդանի շփում»` մարդկանց հետ շփում, որպեսզի ընդօրինակի ոչ միայն խոսքը, այլև ժեստերը, միմիկան, հույզները և այլն 😊։

Երբ լիարժեք խոսք կունենա, երեխայի տարիքին համապատասխան մուլտեր կարող եք միացնել, բայց այն չպետք է գերազանցի օրվա ընթացքում մեկ անգամ՝ 5֊10րոպեն։ 

Դե ինչ, փորձեք հետևել այս պարզ խորհուրդներին և ամեն ինչ ճիշտ կզարգանա Ձեր փոքրիկի մոտ։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան։