Եթե երեխայի մոտ բացակայում է գղգղանքն ու թոթովանքը, ապա պետք է խթանել։ Գրկեք երեխային դեմքով դեպի Ձեզ, ձեռքերի մեջ պահեք իրանը և գլուխը, իսկ մարմինը գրեթե զուգահեռ Ձեր ոտքերին։ Այնպես արեք, որ երեխան հստակ տեսնի Ձեր դեմքը, հատկապես շրթունքները, աչքերի կանտակտ հաստատելով և երեխային նայելով երգեք, մեղեդիկ ձայնարկություններ ասեք, վանկեր կրկնեք հստակ արտասանությամբ, տարբեր ռիթմով և ինտոնացիայով, խոսեք իր հետ։ Կարևոր է, որ երեխան լսի մեծի խոսքը, բայց ոչ թե ուղղակի խոսակցություն, այլ հենց իրեն ուղղված խոսք։
Երեխան երբ սկսում է իր վրա ուշադրություն հրավիրել ճիչով, գղգղանքով կամ թոթովանքով, անպայման ուշադրություն դարձրեք, մոտեցեք և երեխային նայելով խոսեք, քանի որ երեխան ակտիվ սկսում է ուշադրություն դարձնել ձեր հայացքին, բերանին՝ հատկապես շրթունքների շարժվելուն, և որոշ ժամանակ անց սկսում է ընդօրինակել։ Օրինակ՝ կլորացնելով շրթունքները՝ երգում է և այլն։
Կրծքով կերակրելիս ոչնչով մի զբաղվեք (որևէ էկրանի մի նայեք, հեռախոսով մի զբաղվեք), շոյեք երեխային, թաթիկը շոյեք, մանր մոտորիկայի զարգացման համար հիանալի տարբերակ է հենց այս ընթացքը։
Մատիկները հերթով բացեք֊փակեք, դաստակը շրջանաձև պտտեք, մատիկները հերթով մերսեք, թույլ, սեղմող֊մերսող շարժումներով։
0֊1տ երեխայի համար առաջատար գործունեությունը հուզական կապն է մոր հետ, այսինքն՝ հուզական կապի միջոցով է զարգանում երեխան՝ հայացքով կոնտակտ հաստատում, ժպտում, գղգղում, միմիկա օգտագործում՝ տեսնելով ու ընդօրինակելով մայրիկին։ Կերակրելու ընթացքը իդեալական պահ է հուզական կոնտակտ հաստատելու և զարգացնելու համար։
Թվում է թե ավելորդ է ասելը, բայց ամեն դեպքում նշեմ՝ հեռու պահեք երեխաներին թվային տեխնիկայի հետ շփումից, «անկենդան խոսք» լսելուց (մուլտեր, վիդեոներ և այլն)։ Երեխային պետք է «կենդանի շփում»` մարդկանց հետ շփում, որպեսզի ընդօրինակի ոչ միայն խոսքը, այլև ժեստերը, միմիկան, հույզները և այլն 😊։
Երբ լիարժեք խոսք կունենա, երեխայի տարիքին համապատասխան մուլտեր կարող եք միացնել, բայց այն չպետք է գերազանցի օրվա ընթացքում մեկ անգամ՝ 5֊10րոպեն։
Դե ինչ, փորձեք հետևել այս պարզ խորհուրդներին և ամեն ինչ ճիշտ կզարգանա Ձեր փոքրիկի մոտ։
Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան։
Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:
Սպտ 21 2023