Դեռահասության տարիքում ինքնասպանության վտանգն ու պատճառները

Արտասահմանյան գրականության մեջ առանձնացնում են դեռահասների ինքնասպանության հետևյալ պատճառները՝

Ա) Կորուստները

Ռոմանտիկ հարաբերությունների կորուստ

Դեռահասի համար նման հարաբերությունների կորուստը հիմնականում հոգեկան ցնցում է։ Նրա աշխարհը փլվում է։ Հաճախ ինքնավստահ արտաքինի հետևում թաքնվում է զգայուն և շուտ վիրավորվող երիտասարդ, իսկ մեծամտության հետևում՝ զգայուն ու շուտ վիրավորվող աղջնակ։ ՙԺամանակը բուժում է՚ կամ ՙկան և ուրիշները՚ այս տիպի ծամծմված արտահայտությունները շատ վիրավորական են երիտասարդի համար և հանգեցնում են նրան, որ երիտասարդը չի ընդունում իրականությունը։

Սիրելի մարդու մահը

Սիրելի մարդու մահվան հետ կապված տառապանքները կարող են այնքան ուժեղ լինել, որ երիտասարդին համակի նրա հետ մահով միանալու ցանկությունը։ Հաճախ է լինում այնպես, որ երբ ընտանիքը վերապրում է հարազատի մահը, այդ ընթացքում դեռահասն իր խնդիրներով մղվում է հետին պլան։ Շատ մեծահասակներ գտնում են, որ երիտասարդն ընդունակ չէ հարազատի մահը վերապրել այնքան խորը, ինչպես իրենք։

Ընտանի կենդանու մահը։ 

Քիչ չէ պատահում, որ դեռահասը միայն տնային կենդանուն կարող է ամեն ինչը ՙպատմելՙ։ Նրանք և ՙլսումՙ են, և ՙսիրումՙ են, և երբեք չեն ՙդատիՙ։ Իսկ եթե հանկարծ այդ կենդանին մեռնի՞։

Աշխատանքի կորուստը

Շատ դեռահասների համար աշխատանքը նշանակում է հասունություն և անկախություն։

«Դեմքը» կորցնելը

Նայեք այն տղայի դեմքին, ով հասարակայնորեն հայտարարել է, թե մտադիր է դառնալ ֆուտբոլային թիմի կապիտան և չի հաջողել։ Նայեք այն աղջնակին, ով երազել է դառնալ միջոցառման թագուհին, բայց մերժվել է և այլն։

Ծնողների ամուսնալուծությունը

Ծնողներից մեկի կորուստը նրանց ամուսնալուծության հետևանքով շատ ավելի է վիրավորում անչափահասին, քան ընդունված է համարել։ Շատ դեռահասներ իրենց մեղավորությունն ու պատասխանատվությունն են զգում ընտանիքի փլուզման համար։ Հնարավոր ամուսնալուծության հետ կապված հորինված կամ իրական վախը նույնպես առաջ է բերում անտանելի հոգեկան տառապանքներ։

Բ) Ճնշումներ

Ճնշում դպրոցում

Այս տիպի ճնշումների շարքին են դասվում, օրինակ, բարձր գնահատականների ձգտումը, միաժամանակ մի քանի կարևոր հանձնարարություն կատարելը, հասարակական կյանքում գերակտիվ մասնակցությունը, դպրոցի մարզական կյանքին մասնակցելու պահանջները, ջանասիրությունը։

Ճնշումներ հասակակիցների կողմից

Դրանք կարող են լինել, օրինակ, հասակակիցների շրջանում ընդունված լինելու ձգտումը, խմբի բարքերը, հագնվածքի նմանությունները, թմրանյութերը, խմիչքը, սեռական հարաբերությունները, երաժշտական նախընտրությունները։

Ճնշումներ ծնողների կողմից

Ծնողները կարող են ճնշել հաջողության, փողի, կրթարանի (կամ այլ ուսումնական հաստատության) ընտրությանը, լավ ընկերներ ու արժանի կրթություն ձեռք բերելու հարցում։ Դեռահասին կարող են ընկճել նաև ծնողների՝ հսկելու անհրաժեշտության և իր՝ անկախ լինելու ցանկության հակասությունները, ծնորղների միջև անհամաձայնությունները, աշխատանքի տեղավորվելու խնդիրը, հագուստը, երաժշտությունը, նույնիսկ ծնողները՝ իրենց երեխաների հետ «ընկերներ» լինելու ձգտումները, նրանց՝ ավելի շատ քարոզներով, քան սեփական օրինակով որևէ բան սովորեցնելը և այլն։

Գ) Ցածր ինքնագնահատականը

Արտաքնապես գրավիչ չլինելը

Ուշադրություն դարձրեք այն պատանուն, ով վստահ է, որ մարմնական կառուցվածքով ինքը ոչ մի հասակակցի հետ համեմատվել չի կարողկամ այն աղջնակին, ով իրեն համարում է տգեղ, անբարետես, խղճուկ։

Երկրորդ կարգի մարդ լինելը

Նայեք երիտասարդին կամ աղջնակին, ովքեր միշտ կողքի են մնում, անտեսվում են, երբ հերթը հասնում է ժամադրվելուն կամ ինչ-որ հարցում ընտրվելուն։

Սեռական հարաբերությունների մասին պատկերացումները

Չի կարելի անտարբեր մնալ այն դեռահասի հոգեկան տանջանքնրին ու ապրումներին, ով տատանվում է սեռական հարաբերությունների մասին երկու պատկերացումների արանքում և չի համարձակվում որևէ մեկի հետ կիսվել այդ հարցում՝ վախենալով ծիծաղելի երևալուց։ Չի կարելի հաշվի չնստել երիտասարդի զգացմունքների հետ, ում՝ հոմոսեքսուալ լինելու վախն արդյունք է սեռական հարաբերությունների մասին հիմնարար գիտելիքների պակասի։

Հագուստը

ԶԼՄ-ների և անչափահասների շրջանում հագուկապի ընդունված յուրատեսակության ազդեցության տակ դեռահասը գնահատում է այն հագուստի առավելություններն ու թերությունները, որն ինքը ստիպված է հագնել։

Ֆիզիկական անկարողությունը

Պատահում է, որ դեռահասը դժվարությամբ է գլուխ հանում ոչ միայն ֆիզիկական խնդիրներից, այլ նաև շրջապատի ոչ բարյացակամ նկատողություններից ու հայացքներից։

Անհաջողություններն ուսման մեջ

Հաճախ մեծ եղբոր կամ քրոջ ՙհանճարեղությունը՚ պատճառ է դառնում, որ ծնողներն ու շրջապատը մշտապես հիշատակեն դեռահասի հետ համեմատական, բայց ոչ նրա օգտին արված տարբերությունները (իհարկե, սա կարող է վերաբերել և հասակակիցներին ու համադասարանցիներին)։

Կարդացեք նաև

Աղջիկների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Օգս 25 2023

Այս հակասական դեռահասները

Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները:

Օգս 07 2023

Տղաների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Հլս 04 2023