Հիվանդի հոգեկանի, տրամադրության վրա ազդող ամենազորեղ գործոններից մեկը բժշկի խոսքն է։ Անառարկելի ճշմարտություն է, որ բժշկի խոսքը, նույնիսկ նրա խոսելու ձևը, շարժումներն ու դեմքի արտահայտությունը, տրամադրությունը կարող են վճռական ներգործություն ունենալ հիվանդի վրա: Բժշկության ներկայացուցիչներն ամենատարբեր ժամանակներում շատ կարևորել են այդ գործոնը։ Արևելյան ժողովուրդների մեջ, օրինակ, շատ վաղ անցյալում տարածված էր այսպիսի արտահայտություն. ‹‹Բժիշկն ունի երեք զենք՝ խոսքը, բույսերը և դանակը»։ Եվ պատահական չէ, որ այդ ‹‹զենքերի» թվում առաջինը նշվում է խոսքը։ Խոսքի՝որպես բուժական գործոնի մասին խոսել են անցյալի բժշկության նշանավոր գործիչներ Հիպոկրատը, Ասկլեպիադը, Իբն Սինա-Ավիցեննան, Մխիթար Հերացին և այլոք։ Նրանք բազմիցս ընդգծել են բժշկի կողմից խոսքը հմտորեն օգտագործելու վարպետության մասին։ Ընդ որում՝ միշտ էլ նշվել է բժշկի խոսքի երկակի ազդեցության մասին՝խոսքը կարող է ապաքինել և բարձրացնել հիվանդի տրամադրությունը, բայց այն կարող է նաև խոցել, ախտահարել հիվանդին, նրան խոր ու անբուժելի վերք հասցնել։
Ն. Ա․ Սեմաշկոն մեծ դեր է հատկացնում այսպես կոչված ‹‹յատրոգեն հիվանդությունների›› պրոբլեմին (հունարեն iatros —բժիշկ և gennum — ծնել, ստեղծել բառերից), որոնց առաջացման պատճառը հենց ինքը բժիշկն է, նրա անզգույշ արտահայտվելը։ Ահա թե ինչ է գրում Ն.Ա․Սեմաշկոն այդ մասին․ «Որքան էլ տարօրինակ ու անբնական է հնչում, երբեմն բժիշկը համեմատաբար առողջ մարդու հիվանդացման պատճառ է դառնում։ Հայտնի է, որ որոշ մարդիկ գերզգայուն են, տպավորվող ու նյարդային։ Բավական է նրանց անզգուշորեն ասել, թե «սրտիդ աշխատանքը ինձ դուր չի գալիս», և նա կսկսի իրեն վատ զգալ, կփոխի իր ապրելակերպը, չի կարողանա կտրվել հիվանդ լինելու մտքից և, ի վերջո, կարող է իսկապես հիվանդանալ››։ Ահա թե ինչու «բժշկի վարվեցողությունը և բժշկական հիմնարկության ողջ դրվածքը, և՛ սիրալիր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ, նրանց մոտ պետք է արթնացնեն ապրելու կամք»։
Ճանաչված կլինիցիստ Ռ.Ս. Լուրիան այսպիսի դեպք է նկարագրում։ Ռենտգենի առանձնասենյակում հետազոտվում է մի կին։ Բժիշկ-ռենտգենոլոգն ամբողջապես տարված լինելով իր մտքերով, մոռանում է հիվանդին և իր կողքը կանգնած երիտասարդ բժիշկներին սկսում է նկարագրել հետազոտվողի ստամոքսի անսովոր երկարավուն ձևը։ Եվ թեկուզ նշվում է, որ կինը լրիվ առողջ է, ստամոքսի ձևի մասին բժշկի նկարագրությունը կնոջը հանգիստ չի տալիս։ Նա սկսում է տենդագին ջանքեր գործադրել իր ստամոքսի իսկական հիվանդության բնույթը ճշտելու և բուժվելու համար, դիմում է տարբեր բժիշկների, բժշկական հանրագիտարանի ու գրքերի օգնությանը։ Տևական տագնապն ու անհանգիստ վիճակը ի վերջո նրան դուրս են բերում հավասարակշռությունից, առաջանում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարման նշաններ, և մեծ ջանքեր են պահանջվում նրան բուժելու համար։
Ոմանք այն կարծիքին են, որ հոգեկան տրավմայի, այսպես կոչված, յատրոգենիայի պատճառը կարող է լինել միայն բժշկի անզգույշ արտահայտությունը։ Սակայն, յատրոգենիան ավելի շուտ հիվանդի հետ ոչ հմուտ վարվելու, նրա տագնապների, ապրումների ու հույզերի նկատմամբ անհոգի վերաբերմունքի հետևանք է։ Եվ պատահական չէ, որ յատրոգեն հիվանդություններն առավել հաճախ են նկատվում կասկածամիտ, թույլ նյարդային համակարգ ունեցող անձանց մոտ։ Վերջիններիս խիստ անհանգստացնում է բժշկից լսած անհասկանալի ամեն մի խոսք։ Յատրոգենիային կարող են նպաստել նաև հիվանդների հիվանդանոցում երկարատև գտնվելը հիվանդանոցում, միջին ու կրտսեր բուժանձնակազմի սխալ մեկնաբանությունները, բժշկական գրքույկներից, թերթերից ու ամսագրերից ստացած ինֆորմացիայի ոչ ճիշտ ընկալումը և այլն։
Եթե բացասական հունզգույշ խոսքն ընկճում ն հիվանդին, լուրջ վնաս հասցնում նրա առողջությանը, ապա դրական հույզերն ու ջերմ, մխիթարական խոսքը, ընդհակառակը, կարող են իսկական հրաշքներ գործել։ Ժողովուրդն իզուր չի ասում. «Ով շատ է ծիծաղում, նրան ամեն ինչ հաջողվում է»։ Եվ իսկապես, յուրաքանչյուր ոքը բազմիցս զգացած կլինի անկեղծ ու լիաթոք ծիծաղի, հրճվանքի, բարձր տրամադրության բարերար ազդեցությունը ինքնազգացողության, նույնիսկ սրտի աշխատանքի վրա։
Լավ տրամադրությունն անգնահատելի պաշար է առողջության պահպանման ու հիվանդությունների բուժման գործում: Այն մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանողական ուժերը, բարձրացնում Է մարմնի դիմադրողականությունը ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Բժիշկները վաղուց ի վեր, և բոլորովին Էլ ոչ առանց ծանրակշիռ հիմքի, ուրւթյունը, ժպիտը, լավատեսոթյունը դասում են բուժման արդյունավետ միջոցների շարքին։ Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է. «Օդը, ջուրը օգտակար են մարմնին, ժպիտը՝ հիվանդին»։
Բժշկությունը բոլոր ժամանակներում էլ հիվանդի բուժման հարցում մեծ տեղ է տվել հոգեբանական գործոնին՝ դրական ու բացասական հույզերին։ Դրական հույզերի ու բարձր տրամադրության բարերար ներգործությունը վաղուց ի վեր հայտնի է եղել բժիշկներին։ Եվ պատահական չէ, որ անցյալի բժիշկները բավական հաճախ են դիմել բուժական այդ գործոնի օգնությանը։ Ասում են, որ մի քանի հարյուրամյակ առաջ Փարիզում գործել է ոմն բժիշկ՝ Գալլե Մատյե անունով։ Նա առանձնահատուկ ճանաչում ու բարի համբավ է ձեռք բերել հիվանդների տրամադրությունը վարպետորեն բարձրացնելու, նրանց ոգևորելու ու նրանց մոտալուտ ապաքինման հավատ ներշնչելու իր արվեստով։ Եվ երբ մեծահամբավ բժիշկը ծերանալու հետևանքով այլևս անկարող է եղել այցելել հիվանդներին, ստիպված դիմել է հիվանդների տրամադրությունը բարձրացնելու մեկ այլ միջոցի՝ ծրարներով նրանց ուղարկել է սրամիտ ու ծիծաղաշարժ տեքստերով թերթիկներ։
Հիվանդներիի ներաշխարհի հետ հաշվի նստելու, նրանց տարամադրությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին է վկայում նաև հետևյալ փաստը։ Արևմտյան Եվրոպայի Վերածննդի ժամանակաշրջանի նշանավոր բժիշկ Պարացելսը սրտային հիվանդներին բուժում էր սրտի ձև ունեցող տերևներով, իսկ երիկամային հիվանդների բուժման համար оգտագործում էր այդ օրգանները հիշեցնող տերևներ։ Եվ հաճախ բժշկի հենց միայն այդ հոգեբանական մոտեցումը զգալի բուժական արդյունք էր ունենում։
XVII դարի անգլիացի նշանավոր բժիշկ Թոմաս Աիդենհամը մի առիթով նշել է, որ քաղաքի բնակչության առողջական վիճակի վրա ավելի բարերար ազդեցություն է գործում ծաղրածուի, քան դեղորայքով բեռնված տասնյակ ջորիների այցը։ Այս առումով բավական տիպիկ օրինակ է բերում ռուս հանճարեղ վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը իր «Կովկասում կատարած ճանապարհորդության մասին» հաշվետվության մեջ։ Նա նշում է, որ Կովկասյան պատերազմի ժամանակ ռուս զինվորների անդամահատություններն ավելի հաճախ էին ավարտվում մահով, քան տեղաբնակ լեռնականների նույնանման վիրահատությունները։ Մեծատաղանդ վիրաբույժը դա բացատրում է հետևյալ կերպ. ռուս զինվորականները հոսպիտալում տեսնում էին միայն մահ ու տառապանք, իսկ դաղստանցի զինվորները շրջապատված էին իրենց մերձավորների, հարազատների ամենօրյա ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Նրանք գտնվում էին հոգեբանորեն անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններում, քան տնից-տեղից ու մերձավորներից կտրված ռուս զինվորները։
Նապոլեոնի անձնական բժիշկ Ղ.Ժ. Լարրեյը, որը նշանավոր զորավարի հետ մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմիցս ընդգծել է, որ հաղթող կողմի վիրավորներն ապաքինվում են ավելի արագ, քան՝ պարտվողները։
Թվարկած ու բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ ամեն մի բժիշկ պարտավոր է իր խոսքով, վարքով հիվանդի տրամադրության «ղեկը» թեքել դեպի առողջության համար բարենպաստ կողմը, որպեսզի նշանակված բուժամիջոցներին ավելացվի ևս մեկ զորեղ միջոց՝ կենսուրախությունը։
Խոսքից ճիշտ օգտվելը պարտադիր պահանջ է ամեն մի մարդու համար, սակայն բժշկի մոտ դա պետք է հասնի կատարելության։ «Ոչ մի ավելորդ արտահայտություն, ոչ մի անզգույշ խոսք հիվանդի վերաբերյալ» այս նշանաբանով պետք է գործի ամեն մի բժիշկ։ Շատ տեղին է ասել նշանավոր Բեռնարդ Շոուն. «Հիսուն տարբեր ձևով կարելի է ասել «այո», և նույնքան ձևով էլ` «ոչ»։ Այնպես որ բժիշկը յուրաքանչյուր դեպքում պետք է կարողանա ընտրել ամենից նպատակահարմար, ամենակշռադատված «այո֊ն» կամ «ոչ֊ը»։
Ռուս մեծ գրող բժիշկ Ա․Պ. Չեխովը իր հոդվածներից մեկում նկարագրում է մի այսպիսի դեպք․«Ռ-ն գնում է բժշկի մոտ։ Վերջինս լսում է սրտի աշխատանքը և ախտորոշում՝«սրտի արատ»։ Ռ-ն միանգամից փոխում է իր ապրելակերպը, սկսում է ընդունել սթրոֆանտ, խոսում է միայն հիվանդության մասին և շուտով ամբողջ քաղաքն իմանում է, որ նա տառապում է սրտի արատով։ Նա չի ամուսնանում, հրաժարվում է սիրո թեմայով ներկայացումներից, քայլում է անչափ զգույշ, հազիվ շնչելով։ Տասնյակ տարիներ անց գնում է Մոսկվա և հետազոտվում մի պրոֆեսորի մոտ։ Վերջինս գտնում է, որ սիրտը լրիվ առողջ է։ Ռ-ն անչափ ուրախ է, բայց վերադառնալ նորմալ կյանքի այլևս անկարող է, քանի որ քնում է հավերի հետ, սովոր է զգույշ քայլել և չխոսելը հիվանդության մասին նրա համար արդեն ձանձրալի է։ Նա սկսում է միայն ատել բժիշկներին ու ուրիշ ոչինչ»1։
Մեծանուն գրողի նկարագրած այս դեպքը, չնայած իր վաղեմությանը, ուսանելի ու оգտակար է այսօրվա երիտասարդ բժիշկների համար։
Երիտասարդ բժիշկներից շատերի մոտ երբեմն նկատվում է հիվանդների առջև իրենց «գիտելիքների չափը» դրսևորելու, ավելորդ մանրամասների մեջ խորանալու հակում։ Դա սխալ է, հակադեոնտոլոգիական։ Հարկավոր է միշտ հիշել, որ մասնագիտական զանազան տերմիններ ու արտահայտություններ օգտագործելը հաճախ բացասական ներգործություն է ունենում հիվանդի հոգեկանի վրա, դեմոբիլիզացնում է նրա հիվանդության դեմ պաշտպանական ուժերը։
«Մեր երկրում կյանքի միջին տևողությունը 70 տարի է, իսկ դուք արդեն 75 տարեկան եք։ էլ ինչ եք դժգոհում»։ «Հարկավոր էր կես տարի առաջ դիմել բժշկի և ոչ թե հիմա»,—առաջին հայացքից անմեղ թվացող այս արտահայտությունները խիստ տրավմայի են ենթարկում հիվանդին, ով կորցնում է հավատը բժշկի հանդեպ։ Լինում է և այսպես. բժիշկը խոսքով ցանկանում է հուսադրել հիվանդին, բայց նրա ժեստերը, դեմքի արտահայտությունը հակառակն են ասում։ Իսկ դա անմիջապես ընկալվում է հիվանդի կողմից։ Ահա թե ինչու բժիշկը պետք է կարողանա մշտապես վարպետորեն կառավարել իր խոսքն ու շարժուձևը։ Երբեք այն չպետք է դուրս մնա վերահսկողությունից:
Կլինիկական պրակտիկայում այսօր էլ հանդիպում են դեպքեր, երբ հիվանդանոցներում որևէ «հետաքրքրական հիվանդի» մոտ հաճախակի բերում են ուսանողների տարբեր խմբեր։ Վերջիններս անվերջ հարցուփորձ են անում հիվանդին, ուշադրոթյունն անընդհատ բևեռում են ախտահարված օրգանի վրա։ Միմյանց հայտնում են իրենց կարծիքները հիվանդի մասին։ Նման դեպքերն ամենաուժեղ կամք ու նյարդեր ունեցող հիվանդին անգամ կարող են դուրս բերել հավասարակշռությունից, խիստ բացասաբար անդրադառնալով նրա հոգեկան վիճակի, տրամադրության և հետևապես նաև բուժման ընթացքի վրա։
Մենք խոսեցինք բժշկի բանավոր խոսքի, դրա հետևանքների մասին։ Սակայն հիվանդի հոգեկանը տրավմայի ենթարկելու հարցում պակաս նշանակություն չունի և բժշկական գրավոր խոսքը։ Վերջինիս նշանակությունն էլ ավելի է մեծացել մեր օրերում, երբ զգալիորեն բարձրացել է բնակչության բժշկասանիտարական գրագիտության մակարդակը։ Շատերի համար վաղուց արդեն հաղթահարվել է նաև հիվանդությունների լատինական անվանումների հետ կապված պատնեշը։ Այնպես որ, բոլոր դեպքերում, երբ հիվանդը տեղեկանում է իր ծանր հիվանդության մասին, նկատելիորեն դժվարանում է բուժման ընթացքը, պակաս արդյունավետ է դառնում այն։ Ահա թե ինչու հիվանդի ձեռքը տրվող փաստաթղթերը լրացնելիս բժիշկը պետք է ցուցաբերի մեծագույն զգուշություն և համապատասխան վարվելակերպ։ Կատեգորիկ արգելվում է ուղղակի նշել ախտորոշումը՝եթե խոսքը վերաբերում է ծանր ու դժվար բուժելի հիվանդության։
Հիվանդի հոգեկանի վրա կարող են բացասաբար ազդել նաև առաջին հայացքից աննշան թվացող այս կամ այն գործոնները: Օրինակ, պոլիկլինիկայի պատին փակցված է ստենդ. «Մեր լավագույն բժիշկները»։ Հիվանդն ուշադիր զննում է ստենդը և այնտեղ չի գտնում իր բուժող բժշկի լուսանկարը։ Հետևությունը պարզ է, «ուրեմն ինձ բուժում է ոչ լավագույն բժիշկը»։ Ոչ սակավ հիվանդների հոգեկանը տրավմայի են ենթարկում հապճեպ ու ոչ մտածված ձևով կազմված «սանիտարական բյուլետենները», որտեղ հանգամանորեն նշվում են հիվանդության հնարավոր ծանր բարդությունները, մահացության տոկոսը և այլն։ Ակներև է, որ նման «լուսավորությունը» ոչ թե օգնում, այլ վնասում է ընդհանուր գործին։
Դեոնտոլոգիական տեսակետից ճիշտ չէ նաև արյան, մեզի և կենսաբանական այլ նյութերի լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանձնումը հիվանդին։ Նման կարգի խախտումներ հաճախ են դիտվում ռենտգենոլոգների շրջանում, որոնք հիվանդի ձեռքն են տալիս ռենտգենյան հետազոտության արդյունքների մանրամասն նկարագրությունը։ Նույնիսկ նորմալ, միանգամայն առողջ օրգանի ռենտգենաբանական նկարագրությունը որոշ մարդկանց մոտ կասկած է հարուցում սեփական առողջական վիճակի վերաբերյալ։
Զուտ դեոնտոլոգիական տեսակետից ելնելով էլ արգելվում է ստացիոնարում գտնվող հիվանդինծանոթանալ սեփական հիվանդության պատմությանը։ Եվ թեկուզ սրա կարևորությունն ակներև է, բայց պետք է անկեղծորեն ասել, որ մեր ստացիոնարներում ոչ միշտ է պատշաճ ուշադրություն հատկացվում դեոնտոլոգիական այս անչափ կարևոր հարցին։ Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդն անարգել մուտք է գործում բժիշկների առանձնասենյակը, վերցնում իր հիվանդության նկարագրությունը և հանգամանորեն ծանոթանում այնտեղ եղած գրառումներին։ Հիվանդանոցային առանձին բաժանմունքներում առկա աշխատանքի նման ոճը խիստ անթույլատրելի է ու արատավոր,բաժանմունքի բժշկական ողջ անձնակազմը պետք է լուրջ ու հետևողական ուշադրություն դարձնի դեոնտոլոգիական այս կարևոր հարցին։
Վերը շարադրվածը հիմնականում վերաբերում էր բժշկի խոսքի (բանավոր և գրավոր), նրա վարվեցողության հոգեբանական նշանակությանը։ Սակայն այս առումով փոքր չէ նաև բժշկի անմիջական օգնականների՝միջին և կրտսեր բուժանձնակազմի դերը։ Բուժակը, բուժքույրը, մանկաբարձուհին նույնպես պետք է տիրապետեն խոսքի կուլտուրային, հիվանդի ու նրա հարազատների հետ շփվելիս պետք է պահպանեն չափի ու տակտի զգացումը, առավելագույն ջանքեր պետք է գործադրեն հիվանդի ու բժշկի միջև փոխադարձ վստահության մթնոլորտը ամրապնդելու համար։ Բժշկի օգնականին իրավունք չի վերապահվում հիվանդին կամ նրա հարազատներին տեղեկացնել հիվանդության բնույթի, բուժման եղանակների և առավել ևս բժշկական կանխատեսումների մասին։
Մեր ժամանակներում որակական մեծ փոփոխություններ են առաջացել նաև միջին բժշկական անձնակազմի աշխատանքում: Նրանք ևս ղեկավարում են բավական բարդ բժշկական սարքավորումների ու ապարատուրայի աշխատանքը, կատարում են բավականին բարդ բուժախտորոշիչ միջամտություններ, ինչը ոչ վաղ անցյալում թույլատրելի Էին միայն բժիշկներին։ Ահա թե ինչու ներկա պայմաններում Էլ ավելի Է մեծացել միջին բուժաշխատողի և, առաջին հերթին, բուժքրոջ խոսքի նշանակոլթյունը: Հենց միայն բուժքույր արտահայտությունը (նախկինում կոչվել է գթության քույր) արդեն խոսում է այն մասին, որ այդ բուժաշխատողը պետք է քույրական հոգատարություն ցուցաբերի հիվանդի նկատմամբ։
Եվ վերջապես, բաժանմունքում նորմալ բժշկական մթնոլորտի ստեղծման գործում որոշակի դեր ունեն նաև սանիտարուհիները, հավաքարարները. նախ՝ նրանց առօրյա, բարեխիղճ աշխատանքով ստեղծվում է պատշաճ ներհիվանդանոցային կոմֆորտ, որն անկասկած ունի իր բարերար ազդեցությունը հիվանդների հոգեվիճակի ու բուժման արդյունավետության վրա։ Բացի այդ, սանիտարուհու և հավաքարարի բժշկական արտահագուստի մաքրությունը, նրանց ուշադիր ու հոգատար վերաբերմունքը հիվանդների նկատմամբ նույնպես կարևոր դեոնտոլոգիական պահանջներ են։ Այս բոլորի հետ մեկտեղ, իհարկե, միջին բժշկական աշխատողները չափազանց զուսպ պետք է լինեն հիվանդների ու նրանց հարազատաների հետ ունեցած զրույցների ժամանակ։ Բժշկական դեոնտոլոգիայի սկզբունքների մասին բավականաչափ պատկերացում չունենալու պատճառով նրանց թույլ տված անզգույշ, հաճախ նաև անհիմն արտահայտությունը կարող է միանգամից արժեզրկել բժշկի տևական, համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունքները։ Ահա թե ինչու այսօրվա պահանջներից ելնելով առաջնակարգ խնդիր է համարվում նաև բուժքույրերի ու սանիտարուհիների պատշաճ ուսուցումը։
Հոգեբանների մասին կան բազմաթիվ միֆեր, որոնք հաճախ ժպիտ են առաջացնում։ Ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները․
Հկտ 10 2020Փորձեք կողքից հետևել վաճառողին և գնորդին այն պահին, երբ առարկություններ են սկսվում: Այս դեպքում առարկություններ սկզբունքորեն կարող են առաջանալ ոչ կոնկրետ վաճառվող իրի շուրջ: Հաճախ իրարից տարբերվող ապրանքների վաճառքի ժամանակ հանդիպում են միևնույն առարկությունները:
Դկտ 25 2017Այժմ գրեթե ոչ մեկի կարիք չկա համոզելու այն բանում, որ «ճիշտ» մարդիկ՝ մոտիվացված, վերապատրաստված, օժտված տվյալ աշխատանքի և տվյալ կազմակերպության համար անհրաժեշտ կարողություններով, մեծապես որոշում են բիզնեսի հաջողությունը:
Դկտ 25 2017