Ինչպես դիմակայել ճգնաժամին

1. Օգնիր ինքդ քեզ՝ օգնելով ուրիշներին:
Կարիքի ժամանակ ուրիշներին օգնություն ցուցաբերելը, օրինակ՝ կամավորական աշխատանք կատարելը, համայնքների կազմակերպումը, պահեստային կամ պատերազմի առաջնագծում պայքարող զինվորների ընտանիքիներին այս կամ այն կերպ սատարելը կարող է ուժ տալ նաև ձեզ:

2. Պահպանիր առօրյա ռեժիմը:

Շարունակեք կատարել ձեր առօրյա գործերը, հանձնարարությունները, կենցաղային աշխատանքները կամ պարզապես ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքներին: Դա ինչ-որ չափով կայունության զգացում կհաղորդի ձեզ այն ժամանակ, երբ շուրջբոլորը քաոսային իրավիճակ է:

Հ.Գ. Առօրյա ռեժիմին նման հավատարմությունը կարող է շատ սփոփիչ ու մխիթարական լինել նաև ձեր երեխաների համար:

3. Ինքդ քեզ նորությունների դադարի ժամանակ տուր:

Սահմանափակեք այն ժամանակը, երբ դուք և ձեր ընտանիքները դիտում եք պատերազմին առնչվող հաղորդումներ կամ կարդում դրա վերաբերյալ հոդվածներ:

Թեև՝ բնական ու ճիշտ է նորություններ փնտրելն ու գործողությունների զարգացմանը հետևելը, սակայն չափից շատ տեղեկատվությունը ձեզ ավելի կշփոթեցնի ու կխանգարի:

Սահմանափակեք լուրերին տրամադրվող ժամանակն ու փորձեք քիչ ծանրաբեռնել ձեզ անմիջապես քնելուց առաջ:

Ոչ մի դավաճանական բան չկա նրա մեջ, որ ինքներդ ձեզ թույլ տաք երբեմն շեղվել և կենտրոնանալ պատերազմին չառնչվող թեմաների վրա:

4. Փորձիր հեռատես լինել:
Նույնիսկ շատ ցավալի դեպքերի ժամանակ, փորձեք հեռատես լինել և սթրեսային իրավիճակն ավելի լայն կոնտեքստում դիտարկել: Հիշեք, որ պատերազմները վերջանում են և հանգամանքները կարող են դեպի լավը փոխվել: Նախորդ սերունդները ևս առերեսվել են պատերազմների հետ, սակայն ի վերջո առաջ են շարժվել և ծաղկել: Օգտագործեք վերջիններիս օրինակները՝ ոգեշնչելու համար ինքներդ ձեզ:

Միֆեր հոգեբանների մասին

Հոգեբանների մասին կան բազմաթիվ միֆեր, որոնք հաճախ ժպիտ են առաջացնում։ Ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները․

  1. Հոգեբանները մարդկանց մասին ամեն ինչ գիտեն: Դա նրանց սովորեցնում են համալսարանում: Նա միշտ հեշտ լուծումներ է գտնում իր խնդիրների համար: Եթե լռում է, նշանակում է վերլուծում է ձեզ: Նրա հետ միշտ պետք է զգոն լինել:
  2. Հոգեբանը գրագետ մանիպուլյատոր է: Սա ևս նրան սովորեցրել են համալսրանում: Եթե մի փոքր շեղվես նրա հետ զրույցի ընթացքում, նա քեզ հիպնոսի կենթարկի և քեզ հետ կանի այն ամենը ինչ ուզում է: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից:
  3. Հոգեբանը «ծայրահեղ սովորող է»: Նա մարդկանց չի ճանաչում, կենտրոնացած է իր «խելացի» մտքերի վրա, որոնք իրական կյանքի հետ որևէ կապ չունեն:
  4. Հոգեբանը այն մարդն է, ով  ուղղակի լավ է ճանաչում  մարդկանց և կարողանում է շփվել նրանց հետ: Կրթությունը այստեղ որևէ դեր չի խաղում: Յուրաքանչյուրը կարող է ասել «այո, ես ինքս իմ հոգեբանն եմ»:
  5. Հոգեբանը ինչ-որ բանով նման է քրեական հեղինակության: Նա միշտ «արդարացիորեն» կգնահատի ձեզ: Նրան կարելի է դիմել այն դեպքում երբ հասկացել եք, որ ձեր ղեկավարը ճիշտ չէ:
  6. Հոգեբանները շատ են սիրում փորփրել մարդու մանկությունը: Եթե ձեզ թվում է, որ դուք որևէ բանում ճիշտ չեք, ապա նա միշտ կօգնի ձեզ մեղքը գցել ծնողների վրա:
  7. Հոգեբանի մոտ այցելելը մոդայիկ է: Դրա համար նրա մոտ պետք է երկար գնալ: Մինչ նա  «կվերլուծի» և «կվերափոխի» ձեզ դուք իրավունք ունեք մնալ այնպիսին ինչպիսին եղել եք:
  8. Հոգեբանը նման է հրաշագործի: Դուք նրան մեծ փողեր եք վճարում, իսկ նա մի հանդիպման ընթացքում փոփոխություն է անում ձեր «անգիտակցականում»: Եթե նա լավ հոգեբան է ապա ամեն ինչ տեղի է կունենա առանց ձեր մասնակցության:
  9. Հոգեբանը պետք է այն ժամանակ, երբ ձեզ էլ ոչ ոք չի հասկանում: Եթե դուք ձեզ մենակ եք զգում, նա փոխարինում է ձեր ընկերներին և մտերիմներին: Եվ եթե նա էլ ձեզ չի հասկանում, նշանակում է, որ նա ուղղակի վատ հոգեբան է:
  10. Հոգեբանը իր խնդիրները լուծում է այլ մարդկանց հաշվին: Նա ուղղակի իր խնդիրները փաթաթում է այլ մարդկանց վրա: Այդ պատճառով նրանից պետք է զգուշանալ:
  11. Հոգեբանը միշտ խորհուրդներ է տալիս: Եթե նա խորհուրդներ չի տալիս, նշանակում է նա ինքը չգիտի ինչ անել: «Հոգեբանները խորհուրդներ չեն տալիս» արտահայտության տակ նրանք թաքցնում են իրենց ոչ կոմպետենտությունը:
  12. Հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս: Նա սովորեցնում է մարդկանց պատասխանատվությունը իրենց վրա վերցնել: Դրա համար նա երբեք չի ասի թե որտեղ է ելքը, եթե նույնիսկ իմանա: Դու ինքդ պետք է գլխի ընկնես, որպեսզի պատասխանատվությունը նրա վրա չգցես:
  13. Հոգեբանն ընդամենը դեր է՝ վերցրած ինչ-որ հեռուստատեսային շոուից: Նրա խնդիրը իրականում կայանում է նրանում, որ նա լսի խելացի մարդկանց քննարկումները և վերջում ամփոփի այդ ամենը սկսելով հետևյալ արտահայտությամբ․ «Իրականում…»
  14. Հոգեբանն այն մարդն է, ով ուղղակի խաղում է «ցանկանում եմ դառնալ հոգեբան» խաղը, մշտապես սովորում է ինչ-որ համալսարաններում և անցնում է անհատական թերապիա: Նա միշտ ժամանակ և գումար ունի դրա համար:

Երեխաների հետ աշխատելիս (պատերազմի ժամանակ)

Պատերազմական իրավիճակում, շատերը ցանկանում են և շտապում օգնել, հատկապես երեխաներին: Սակայն շատ կարևոր է այդ քաոսի և վազքի մեջ հաշվի առնել մի շարք կանոններ և չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա շտապելու պատճառով սխալներ թույլ տալ:

1. Երեխաների հետ հանդիպելուց առաջ, անպայման պարզեք, թե որքան ժամանակ կարող եք տրամադրել նրանց հետ աշխատանքին, քանի օր և քանի ժամ, քանի անգամ կարող եք այցելել:

2. Տվյալ կացարանի ղեկավարության կամ մանկավարժների հետ հստակեցրեք՝ որքան ժամանակ կարող են տվյալ երեխաները կայուն կերպով լինել այս վայրում և ձեզ հետ ժամանակ անցկացնել, խաղեր խաղալ, զրուցել կամ որևէ հոգեբանական աջակցություն ստանալ:

3. Եթե հոգեբան եք, ապա պարզեք կացարանի ղեկավարներից կամ հենց երեխաներից, արդյոք որևէ հոգեբան աշխատել կամ աշխատում է նրանց հետ: Պետք է խուսափել կրկնակի, իրար խանգարող կամ կրկնող գործողություններից:

4. Երեխաների հետ ծանոթանալիս, նրանց հստակ տեղեկացրեք, թե ով եք, ինչ նպատակով եք եկել և որքան ժամանակ եք նրանց հետ անցկացնելու, որքան անգամ եք հանդիպելու, և երբ են ավարտվելու աշխատանքները:

5. Հնարավորության դեպքում պարզեք երեխաների ունեցած փորձառությունը և աշխատեք նույն խմբում ընդգրկել միասին, միևնույն փորձառությունն ունեցած երեխաներին: Կարող են լինել պարզապես տարհանված, ընտանիքից բաժանված, հարազատ կորցրած, արտակարգ իրավիճակների անմիջական մասնակից և այլ փորձառություն ունեցող երեխաներ: Նրանց պետք է խմբավորել առանձին:

6. Ոչ մի դեպքում մի արգելեք երեխաներին խոսել, պատմել իրենց փորձի մասին, մի շեղեք և մի ցրեք նրանց վատ մտքերը, երբ նրանք ուզում են պատմել:

7. Սահմանեք աշխատանքների սկիզբ և ավարտ: Երեխաները սթրես են ապրում ամենաշատը անորոշությունից, անավարտությունից և նրանից, որ իրենց սպասումները չեն արդարանում: Հետևաբար խուսափեք սուտ խոստումներ տալուց, անիրական ակնկալիքներ առաջացնելուց:

8. Երեխաների հետ անկեղծ խոսեք տեղի ունեցողի մասին և շեշտը դրեք հոգևոր արժեքների, հոգևոր ձեռքբերումների վրա: Ամեն ինչ ավելի հեշտ է լինում, երբ իմաստ կա, հատկապես, երբ այն արդար է: Երեխաները պետք է իմանան, որ մեծերը գիտեն, թե ինչ են անում:

9. Մի խուսափեք մահվան մասին խոսելուց, տարբեր տարիքի երեխաներ, տարբեր կերպ են ընկալում մահը: Բացատրեք նրանց, որ մահը մեր կյանքի անբաժան մասն է, և ինչպես ամեն բան ունի սկիզբ, ունի նաև վերջ, ինչպես ծառերը տերևաթափ են լինում աշնանը և նորից տերևներ են դուրս գալիս գարնանը, այնպես էլ մարդկանց կյանքը ավարտվում է, բայց շարունակվում է նոր ծնված մարդկանց մեջ: Մեր հերոսներն ասում են, որ մահը վախենալու չէ, եթե դու արդարության համար ես կռվում:

10. Մի փնտրեք հրաշագործ սփոփիչ բառեր, այդպիսիք չկան պատերազմի ժամանակ:

Հիշեք, որ Դուք ևս մարդ եք և ենթարկվելու եք սթրեսի նման իրավիճակներում աշխատելիս: Անպայման ունեցեք մեկը, ում կդիմեք, երբ ծանր ապրումներ ունենաք: Ամեն աշխատանքային օրվա ավարտին, փորձեք մի փոքր խոսել մտերիմների կամ գործընկերների հետ Ձեր ապրումների մասին: Օգնեք նաև ինքներդ Ձեզ:

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան