Երեխաների հետ աշխատելիս (պատերազմի ժամանակ)

Պատերազմական իրավիճակում, շատերը ցանկանում են և շտապում օգնել, հատկապես երեխաներին: Սակայն շատ կարևոր է այդ քաոսի և վազքի մեջ հաշվի առնել մի շարք կանոններ և չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա շտապելու պատճառով սխալներ թույլ տալ:

1. Երեխաների հետ հանդիպելուց առաջ, անպայման պարզեք, թե որքան ժամանակ կարող եք տրամադրել նրանց հետ աշխատանքին, քանի օր և քանի ժամ, քանի անգամ կարող եք այցելել:

2. Տվյալ կացարանի ղեկավարության կամ մանկավարժների հետ հստակեցրեք՝ որքան ժամանակ կարող են տվյալ երեխաները կայուն կերպով լինել այս վայրում և ձեզ հետ ժամանակ անցկացնել, խաղեր խաղալ, զրուցել կամ որևէ հոգեբանական աջակցություն ստանալ:

3. Եթե հոգեբան եք, ապա պարզեք կացարանի ղեկավարներից կամ հենց երեխաներից, արդյոք որևէ հոգեբան աշխատել կամ աշխատում է նրանց հետ: Պետք է խուսափել կրկնակի, իրար խանգարող կամ կրկնող գործողություններից:

4. Երեխաների հետ ծանոթանալիս, նրանց հստակ տեղեկացրեք, թե ով եք, ինչ նպատակով եք եկել և որքան ժամանակ եք նրանց հետ անցկացնելու, որքան անգամ եք հանդիպելու, և երբ են ավարտվելու աշխատանքները:

5. Հնարավորության դեպքում պարզեք երեխաների ունեցած փորձառությունը և աշխատեք նույն խմբում ընդգրկել միասին, միևնույն փորձառությունն ունեցած երեխաներին: Կարող են լինել պարզապես տարհանված, ընտանիքից բաժանված, հարազատ կորցրած, արտակարգ իրավիճակների անմիջական մասնակից և այլ փորձառություն ունեցող երեխաներ: Նրանց պետք է խմբավորել առանձին:

6. Ոչ մի դեպքում մի արգելեք երեխաներին խոսել, պատմել իրենց փորձի մասին, մի շեղեք և մի ցրեք նրանց վատ մտքերը, երբ նրանք ուզում են պատմել:

7. Սահմանեք աշխատանքների սկիզբ և ավարտ: Երեխաները սթրես են ապրում ամենաշատը անորոշությունից, անավարտությունից և նրանից, որ իրենց սպասումները չեն արդարանում: Հետևաբար խուսափեք սուտ խոստումներ տալուց, անիրական ակնկալիքներ առաջացնելուց:

8. Երեխաների հետ անկեղծ խոսեք տեղի ունեցողի մասին և շեշտը դրեք հոգևոր արժեքների, հոգևոր ձեռքբերումների վրա: Ամեն ինչ ավելի հեշտ է լինում, երբ իմաստ կա, հատկապես, երբ այն արդար է: Երեխաները պետք է իմանան, որ մեծերը գիտեն, թե ինչ են անում:

9. Մի խուսափեք մահվան մասին խոսելուց, տարբեր տարիքի երեխաներ, տարբեր կերպ են ընկալում մահը: Բացատրեք նրանց, որ մահը մեր կյանքի անբաժան մասն է, և ինչպես ամեն բան ունի սկիզբ, ունի նաև վերջ, ինչպես ծառերը տերևաթափ են լինում աշնանը և նորից տերևներ են դուրս գալիս գարնանը, այնպես էլ մարդկանց կյանքը ավարտվում է, բայց շարունակվում է նոր ծնված մարդկանց մեջ: Մեր հերոսներն ասում են, որ մահը վախենալու չէ, եթե դու արդարության համար ես կռվում:

10. Մի փնտրեք հրաշագործ սփոփիչ բառեր, այդպիսիք չկան պատերազմի ժամանակ:

Հիշեք, որ Դուք ևս մարդ եք և ենթարկվելու եք սթրեսի նման իրավիճակներում աշխատելիս: Անպայման ունեցեք մեկը, ում կդիմեք, երբ ծանր ապրումներ ունենաք: Ամեն աշխատանքային օրվա ավարտին, փորձեք մի փոքր խոսել մտերիմների կամ գործընկերների հետ Ձեր ապրումների մասին: Օգնեք նաև ինքներդ Ձեզ:

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան

Կարդացեք նաև

UncategorizedԽնդիրներ

Ինչու են վիճում քույրերն ու եղբայրները

Կյանքում մեծանալ քրոջ կամ եղբոր հետ, նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:

Հնս 05 2023
Խնդիրներ

Ես կարոտում եմ

Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի:

Մյս 13 2023
Խնդիրներ

Մանկական տագնապի մասին

Մանկական տագնապը զգացում է, որը երեխան կարող է ունենալ անհասկանալի, անորոշ, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Երբ իրավիճակը երեխայի համար դառնում է հասկանալի և որոշակի, տագնապը մարում է: Սակայն, երբ երեխայի կյանքում տագնապաբեր իրավիճակները գերակշռում են, ապա հնարավոր է բարձր տագնապայնության և հետագայում տագնապային անձի ձևավորում։

Հնս 04 2021