Արդի ժամանակներում, երբ մարդն իր առջև ունի պլանավորված օր ու գրեթե օրվա մեծ մասն անց է կացնում տեխնիկական սարքերի առջև, ապա նրա կյանքում նվազում է կապը կենդանի բնության և մարդկանց հետ։ Մինչդեռ այդ կապը երևի թե ամենակարևորն է բնության, մարդկային փոխհարաբերությունների ներդաշնակության համար։
Ամենքը զբաղված են իրենց հոգսերով, բայց նաև ամենքից յուրաքանչուրը ժամանակ առ ժամանակ ունենում է ցանկություն, որ իրեն շրջապատող մարդիկ մտնեն իր դրության մեջ, հասկանան իրեն։ Հոգեբանության մեջ այս երևույթն անվանում են էմպաթիա կամ ապրումակցում․մարդու կողմից այլ մարդու ներաշխարհի և հուզական վիճակի հասկացումն է։ Իսկ եթե փորձենք բառացի թարգմանել էմպաթիան, ապա կստացվի դիմացինի ցավը կիսել։ Այս իմաստով կարելի է ասել, որ եթե մարդը կիսում է այլ մարդու ցավն, ապա նա չի էլ ցավեցնի։ Եվ ապրումակցման ամենախորը հիմքերում կարելի է գտնել այլ մարդու և ոչ միայն մարդու նկատմամբ «չարը չանելու», չիրագործելու, չցավեցնելու գաղափարը։
Ապրումակցումը կարծես կամուրջ է հանդիսանում մարդկանց ներաշխարհների միջև, որի օգնությամբ էլ մարդիկ փոխազդում, փոխներգործում են։ Թե որքա՞ն արդյունավետ կընթանա զրույցը կամ բանակցությունը անմիջական կապ ունի, թե որքա՞ն է զարգացած ապրումակցման կարողությունը զրուցակիցների կամ բանակցողների մոտ։
Ապրումակցելու կարողությունը զարգանում է մարդու անհատական զարգացմանը զուգընթաց։ Չնայած կան մարդիկ, ովքեր կարծես ի բնե ունեն ապրումակցելու զարգացած կարողություններ։
Ի՞նչը կարող է օգնել ապրումակցման կարողությունների աճին․
▲ Այլ մարդուն ապրումակցելու համար առաջին հերթին կարևոր է այն փաստի ընդունումը, որ յուրաքանրյուր մարդ ապրում է իր հոգեկան, սուբյեկտիվ իրականությամբ։
▲ Մարդուն հասկանալու մեր անկեղծ ցանկությունը։
▲ Այն իրողության ընդունումը, որ միգուցե մենք չենք կարող օգնել մարդուն, բայց գոնե հասկանալ և չվնասել կարող ենք։
▲ Տարբեր վայրերում մարդկանց, նրանց հույզերին, տրամադրությանը ուշադիր լինելու և հասկանալու մեր փորձերը, որոնք հետագայում զարգանալու միտում ունեն։
▲ Այլ աշխարհընկալում, արժեհամակարգ ունեցող մարդկանց հետ շփվելու մեր ցանկությունն ու փորձերը։
▲ Մարդկանց ակտիվ լսելը, նրանց ժեստերը, հույզերը փորձարկելն ու հասկանալը։
▲ Արվեստի տարբեր ստեղծագործությունների հետ առնչվելն ու ցանկությունը հասկանալու, օրինակ՝ ֆիլմի կերպարների զգացողություններն ու ապրումները, գույների, ձևերի օգնությամբ՝ նկարչի փոխանցած տրամադրությունը և այլն։
Բոլոր մարդիկ ունեն ապրումակցման կարողությունների զարգացման անհրաժեշտություն, և միգուցե հենց այն կարող է փրկել մարդկությանը պատերազմներից կամ դրանց հետևանքով առաջացած հոգեբանական դրսևորումներից։
Հեղինակ՝ հոգեբան Գոհար Բարխուդարյան։
Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։
Հնս 05 2023Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:
Մյս 18 2023Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:
Փտր 04 2021