Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Առաջին արձագանքը, որ սովորաբար մարդիկ ունենում են, շոկն է: Այն կարող է արտահայտվել լացով, ինքնամեղադրանքով («Ինչու՞ այսքան հետաձգեցի բժշկի դիմելը, ինչու՞ շուտ չդիմեցի»), նույնիսկ այն դեպքերում, երբ իրականում հիվանդությունը դեռ վաղ փուլում է, և մարդու կյանքին վտանգ չի սպառնում:

Հետո գալիս է ժխտման փուլը, երբ մարդիկ հավատում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, և ոչ մի բուժում պետք չի: Նրանք կարող են այցելել տարբեր բժիշկների, մի քանի անգամ անցնել նույն հետազոտությունը տարբեր բուժ հաստատություններում, չհավատալ հետազոտության արդյունքներին, զբաղվել ինքնաբուժմամբ և այլն:

Հաջորդը բարկության փուլն է: Երբ մարդն այլևս չի կարողանում ժխտել հիվանդության փաստը, նա իր բարկությունն ուղղում է շրջապատի վրա. սա փորձ է պաշտվանվել ինքնամեղադրանքից:

Բարկությանը հաջորդում է, այսպես կոչված, գործարքի փուլը: Հիվանդները փորձում են «գործարք» կապել ճակատագրի հետ. սկում են որոշակի վարք դրևորել, օրինակ՝ կարող է զբաղվեն բարեգործությամբ, որպեսզի ճակատագիրն իրենց նկատմամբ բարեգութ գտնվի: Դրանով նրանք փորձում են հետաձգել հնարավոր բացասական հանգուցալուծումը:

Չորրորդը դեպրեսիայի փուլն է. Մարդիկ հուսահատվում են, դառնում են անտարբեր ամեն ինչի նկատմամբ, լռակյաց, ունենում են ափսոսանք անցյալի վերաբերյալ:

Եվ վերջում ընդունման փուլն է: Մարդը հաշտվում է ճակատագրի հետ: Սկում է հանգիստ վերաբերվել իր հիվանդությանը, ապրել տվյալ պահով, ապրել լեցուն և բովանդակ: Ժամանակը, կարծես, դանդաղում է նրա համար: Նա կարող է սկսել զբաղվել մի գործով, որն իրեն իրոք բավականություն է պատճառում և որը նա շարունակ հետաձգում էր նախկինում՝ զբաղված լինելու պատճառով:

Այս փուլերի հաջորդականությունն, իհարկե, պայմանական է, և միշտ չէ, որ մարդն անցնում է բոլոր փուլերով: Օրինակ՝ հնարավոր է շոկից հետո, ընկնել դեպրեսիվ վիճակի մեջ, հետո ունենալ բարկության շրջան և այլն:

Հաճախ հիվանդի բարեկամները մտածում են, որ խոսելով նրա հետ հիվանդության մասին ավելորդ անգամ ցավ կպատճառեն նրան և ամեն կերպ խուսափում են այդ թեմայից: Սակայն հիվանդի անհագստությունները խորանում են, եթե նա չի գտնում զրուցակից և չի կարողանում արտահայտել իր ապրումները: Հետազոտությունները ցույց են տվել, որ վախն ուժեղանում է, երբ մարդը հնարավորություն չունի դրա մասին խոսել: Ընդհանրապես, երբ մարդուն ինչ-որ բան շատ անհանգստացնում է, նա ի վիճակի չի այլ բանի մասին խոսել կամ անում է դա ի հեճուկս իր ցանկության:

Ոչ բոլոր մարդիկ են սովոր խոսել իրենց ապրումներից. սովորաբար նրանք խոսում են գործերից, առօրյայից, բայց ոչ ապրումներից: Հետևապես, հիվանդը հնարավոր է և դժվարանա կիսել իր անհագստությունները՝ մասամբ այն պատճառով, որ չի ուզում ավելորդ անգամ ծանրաբեռնել ձեզ, մասամբ էլ այն պատճառով, որ վստահ չէ, որ իրեն կլսեն և կհասկանան, քանի որ մարդիկ հաճախ շտապում են խորհուրդներ տալ, երբ մեկը պատմում է իր դժվարությունների մասին: Հետևապես, առաջին բանն այն կլինի, որ մշակեք ձեր մեջ կարողություն լսել՝ լսել ուշադիր, առանց ընդհատելու, առանց մեկնաբանելու, առանց խորհուրդներ տալու (ինչպես օրինակ՝ «դու չպետք է հուսահատվես»): Դուք կարող եք օգնել հիվանդին ուղղակի լսելով նրան:

Շատերը ամաչում են իրենց ապրումները ցույց տալ, քանի որ ունեն կարծրատիպեր, որ դա թուլության նշան է: Օգնեք ձեր ընկերոջը, հարազատին հաղթահարել դրանք: Նախ՝ ստեղծեք ջերմ, գողտրիկ մթնոլորտ, նստեք հիվանդից հարմարավետ հեռավորության վրա (սովորաբար դա մոտավորապես կես մետրն է, սակայն կարևոր է նաև, թե դուք որքան մտերիմ եք հիվանդի հետ. եթե ընտանիքի անդամն եք՝ կին, ամուսին, քույր, եղբայր, զավակ կամ ծնող, այդ հեռավորությունը կարող է ավելի քիչ լինել): Եթե շատ մոտ նստեք, դա հնարավոր է կաշկանդի նրան: Եթե շատ հեռու նստեք, մտերմիկ զրույցի մթնոլորտ չի ստեղծվի: Համոզվելու համար, որ հեռավորությունը հարմար է նրա համար, հարցրեք նրան այդ մասին:

Եթե չգիտեք՝ ինչ ասել, պարզապես եղեք նրա կողքին, գրկեք նրան: Կարող եք ասել. «Չգիտեմ նույնիսկ ինչ ասել» կամ «Ես ինքս շատ հուզված եմ, և ինձ դժվար է ինչ-որ բան ասել»: Եթե հուզված եք, արտահայտեք ձեր հուզմունքը առանց ձևացնելու, թե դուք լավատես եք, իսկ այդ հիվանդություն էլ՝ մի թեթև «մրսածություն» է: Արտահայտելով ձեր անհանգստությունը՝ դուք չեք ծանրացնի հիվանդի վիճակը, հակառակը՝ կտաք նրան հնարավորություն խոսել իր անհանգստություններից: Եվ, երբ հիվանդը խոսում է իր անհանգստությունների մասին կամ հուզվում է, պարզապես լսեք նրան առանց ընդհատելու, առանց մեկնաբանություններ անելու (ինչպես օրինակ՝ «լաց մի եղիր, կբուժվես, ամեն ինչ լավ կլինի»): Նույնիսկ եթե հիվանդի վիճակը ծանր չէ, բայց նա միևնույնն է անհագստանում է սպասվող վիրահատությունից առաջ, դա բնական է: Ասելով ՝ «անհանգստանալու բան չկա», դուք թույլ չեք տալիս նրան արտահայտվել. անտեսում եք նրա ապրումները, անհանգստանալու նրա իրավունքը:

Խոսելիս նայեք նրան, հատկապես, երբ նա ինչ-որ բան է ասում. աչքերի կոնտակտը շատ կարևոր է: Ընդունեք, որ հաճախ ասելու բան ընդհանրապես չկա և այդ ժամանակ պետք չէ ամեն կերպ փորձել «պահպանել խոսակցությունը»: Բավական կլինի միայն լինել հիվանդի կողքին, բռնել նրա ձեռքը: Եթե հիվանդը պատմում է իր ապրումների մասին, պարզապես լսեք նրան: Շատ հարցեր տալը կարող է ստեղծել հարցաթուղթ լրացնելու տպավորություն և զրույցին հաղորդել ձևական բնույթ:   

Կարող եք նրան հարցնել՝ ինչպես է զգում, ինչի կարիք ունի: Հնարավոր է նա ուզում է այլ բաների մասին խոսել՝ ցրվել: Դրանով նա պաշտպանում է իրեն ուժեղ, անկառավարելի հույզերից: Հարգեք նրա այդ ցանկությունը: Մի փոխեք խոսակցության թեման: Հնարավոր է նա հոգնած լինի և ուզենա հանգստանալ: Այդ դեպքում ձեր աջակցությունը կլինի ստեղծել դրա համար բարենպաստ պայմաններ՝ ապահովել լռություն և անդորր:

Մի մոռացեք, որ ձեր մտերիմին կարող է պետք լինել ձեր օգնությունը կենցաղավարման մեջ: Կարևորը՝ արեք նրան համար այն, ինչ ուզում եք և կարող եք անել և կիսեք այդ պատասխանատվությունը ուրիշներին հետ՝ առանց ձեր ուսերին վերցնելու ամենը:

Հեղինակ՝ հոգեբան Մարիա Բաբայան։

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ի՞նչ է ապրումակցումը և նրա կարևորությունը մարդու կյանքում

Արդի ժամանակներում, երբ մարդն իր առջև ունի պլանավորված օր ու գրեթե օրվա մեծ մասն անց է կացնում տեխնիկական սարքերի առջև, ապա նրա կյանքում նվազում է կապը կենդանի բնության և մարդկանց հետ։

Նյմ 28 2020