Ինչ պետք է իմանա մեզնից յուրաքանչյուրը

«Տեսնել ուրիշի հոգին քո հոգու միջոցով հսկայական բան է, և հենց դրանում է Ապոլոնի` «Ճանաչիր ինքնդ քեզ» պատգամի նշանակությունը»: (Ցիցերոն)

«Այն ժամանակից, ինչ գոյություն ունեն մարդիկ, նրանք սովորում են միասին ապրել, և յուրաքանչյուրի մեջ դրված է նույն Ձայնը, որը նրանց սովորեցնում է այդ արվեստին, եթե իհարկե նրանք ունկնդիր են դրան»: (վերագրվում է Սոկրատեսին)

Ինչ պետք է իմանա մեզնից յուրաքանչյուրը*

 (Հատված Լև Տոլստոյի «Հույն ուսուցիչ Սոկրատես» գրքից)

«Մի անգամ մարդիկ հրապարակում սպասում էին Սոկրատեսին, որպեսզի հարցնեն նրան, թե ինչ սովորեցնեն իրենց զավակնենրին:

— Խորհուրդ տուր` ինչ սովորեցնենք մեր որդիներին, որպեսզի նրանք մեծանան ու մարդ դառնան: Ի՞նչ և ինչպե՞ս սովորեցնենք:

— Իսկ ի՞նչ եք դուք որոշել սովորեցնել նրանց, — հարցրեց Սոկրատեսը:

 — Ես մտածում եմ որդուս դարբնի մոտ ուսման տալ, — ասաց մեկը: — Ես էլ` քարտաշի մոտ, — ասաց մյուսը: — Ես էլ ամբողջ կյանքս հողագործությամբ եմ զբաղվել, ուզում եմ, որ տղաս էլ նույնն անի, — ասաց երրորդը: — Իսկ իմ որդին դեղագործ է ուզում դառնալ, ասաց չորորդը:

— Այդ ամենը շատ լավ է, — ասաց Սոկրատեսը, — ամեն մարդ պետք է աշխատի ի բարօրություն մյուսների, և մեկը մի բան անի, մյուսը մի բան: Այդպե՞ս չէ, — հարցրեց նա: — Եթե մեզ մոտ բոլոր արհեստների մարդիկ լինեն, ի՞նչ եք կարծում, կունենա՞նք այն ամենը, ինչ որ պետք է մեզ: Տաճար պետք լինի, կգնանք քարտաշի մոտ, նավ պետք լինի, կգնանք ատաղձագործի մոտ: Իսկ երբ պետք լինի տղամարդուն կնոջ հետ ապրել, որդուն` ժլատ հոր հետ, եղբորը` բարկացած եղբոր հետ, հարևանին` չար հարևանի, տանտիրոջը` մեծամիտ հյուրի հետ, մարդուն` օտար մարդու հետ, ու՞մ պիտի կանչենք:

— Դրան վարպետ չկա` այստեղ պետք է լինել արդար մարդ, — ասաց առաջինը: — Սա և՜ քարտաշը կարող է, և՜ ատաղձագործը, և՜ դեղագործը, — ասաց երկրորդը: — Դա յուրաքանչյուրը պիտի իմանա, — ասաց երրորդը: — Դուրս է գալիս, ըստ քեզ, — ասաց չորորդը — որ բացի իր գործից մարդը պիտի նաև հասկանա, թե ինչպե՞ս մարդուն այլ մարդկանց հետ ապրել:

— Այո, — ասաց Սոկրատեսը, — ստացվում է, որ կա ևս մի բան, որ մարդը պետք է իմանա բացի իր հիմանական գործից:

— Դա ով ինչպես կարողանում է, այնպես էլ անում է: — Դա չես սովորի, ինչպես արհեստներն ես սովորում: — Դա հնարավոր չէ սովորել: Եվ ինչպե՞ս սովորել, — պատասխանեցին Սոկրատեսին:

— Հետաքրքիր է, — ասաց Սոկրատեսը, — ստացվում է, որ ամենա կարևոր բանը հնարավոր չէ սովորել: Ապա ասա, դու ի՞նչը կուզեիր ավելին` կնոջդ հետ համերաշխ ապրել, թե՞ լավ կոշիկ ունենալ:

— Ես պատրաստ եմ ամբողջ կյանքս ոտաբոբիկ ման գալ, միայն թե կնոջս հետ համերաշխ ապրեմ:

— Իսկ ի՞նչն է ավելի վատ` հոր հետ խռովության մեջ լինելը, թե հարուստ զգեստ չունենալը:

— Հասկանալի բան է, որ ամեն տեսակի հագուստից էլ կհրաժարվես, միայն թե հորդ հետ խռովության մեջ չլինես:

— Իսկ ո՞ր հիվանդությունն է ավելի վատ` երբ տենդի մեջ ես, թե երբ քեզ չեն սիրում:

— Դրանից ավելի վատ բան չկա:

— Ապա ի՞նչ է դուրս գալիս, որ այն, ինչ բոլոր արհեստներից էլ կարևոր է` և՛ կոշկակարությունից, և՛ դերձակությունից, և՛ դեղագործությունից, սովորել հնարավո՞ր չէ:

— Հա, կարծես այստեղ մի բան այն չէ:

— Ես էլ եմ այդպես կարծում, — ասաց Սոկրատեսը: — Իսկ հիշու՞մ եք տաճարի պատին ինչ է գրված, — հարցրեց նա նրանց:

— Այնտեղ գրված է` «Ճանաչիր ինքդ քեզ»: Բայց դա ի՞նչ կապ ունի համերաշխ ապրելու հետ:

— Եթե մենք ճանաչենք ինքներս մեզ, կիմանաք, թե ինչպես ապրենք… — կիմանանք, թե ինչ է պետք մարդուն: Իսկ, երբ իմանանք, թե ինչ է պետք, կհասկանանք, թե ինչը պետք չէ: Իսկ պետք չէ անել այն ամենը, ինչ խանգարում է և վնասում է ուրիշներին»:

Այստեղ մենք կընդհատենք սույն տեքստի շարադրանքը և կփորձենք հասկանալ ինչն է խանգարում մարդկանց իրական շփմանը, և ինչպես է կապված այն ինքնաճանաչման հետ:

Բանն այն է, որ երբ մենք չենք ընդունում մեր որևէ հատկություն կամ հատկանիշ, մենք դա դուրս ենք մղում մեր գիտակցությունից և չենք նկատում մեր մեջ: Բացի այդ, մենք հեշտությամբ նկատում ենք դա ուրիշներին մեջ և երբեմն էլ սուր քննադատության ենք առնում այն մարդուն, ում մոտ նկատել ենք այն: Նման երևույթները տեղի են ունենում գիտակցության պաշտպանական մեխանիզմների գործունեության պատճառով, որոնք թույլ չեն տալիս անցանկալի տեղեկության մուտքը մեր գիտակցություն և դրանով աղճատում են իրականության պատկերը մեր ընկալման մեջ:

Օրինակ` եթե ինձ համար անընդունելի է մեծամիտ լինելը, ես ինձ չեմ համարի մեծամիտ, նույնիսկ եթե ակնհայտ քամահրանքով եմ վերաբերվում ուրիշներին: Դա նշանակում է, որ ես չեմ ճանաչում իմ այդ գիծը, և եթե ինչ-որ մեկն ինձ այդ մասին ասի, ես հնարավոր է վիրավորվեմ և չարությամբ լցվեմ նրա նկատմամբ: Ստացվում է, որ իմ չճանաչելը ինքս ինձ, կփչացնի իմ հարաբերությունը տվյալ մարդու հետ:

Կամ եթե ես չեմ կարողանում ուզածս բանն անել, կփորձեմ արդարացնել ինձ, մեղավորներ գտնել: Իհարկե մեղավորներ գտնելն ավելի հեշտ է, իսկ հասկանալ` ինչն է քո վարքում կամ քո համոզմունքերում քեզ խանգարում, հեշտ չէ: Հետևապես, դարձյալ, չիմացությունը, թե իմ որ համոզմունքներն են ինձ խանգարում տվյալ դեպքում, բերում է նրան, որ ես լարվածություն եմ մտցնում իմ հարաբերությունների մեջ ենթադրյալ մեղավորների հետ: Մինչդեռ, երբ ես գիտեմ իմ այդ համոզմունքների մասին, որոնք խանգարում են ինձ այս կամ այն հարցնում, ես կարող եմ դրանք վերանայել, և կարիք չի լինի մեղավորներ փնտրել:

Ահա այսպես, մեր ճանաչումն ինքներս մեզ` մեր պաշտպանական մեխանիզմների, մեր կոմպլեքսների և մեր խորքային համոզմունքների, անմիջականորեն ազդում է մեր հարաբերությունների և շփման որակի վրա:

Կարլ Ռոջերսը շփման հիմնական խոչընդոտը համարում էր մեր բնական հակումը գնահատել, դատել, հավանություն տալ կամ հավանություն չտալ ուրիշներին: ** (Օրինակ` նա հիմար, նա խելացի է)։

Գնահատականներ տալու մեր հակումը այնքան ավելի ուժեղ է, որքան ավելի խորը զգացմունքներ և հույզեր են ներգրավված:  Այդ իսկ պատճառով շատ հուզական զրույցի կամ վեճի ընթացքում կողմերի փոխհասկացումը նվազագույնն է: Հաճախ, երբ ականատես ենք լինում թեժ բանավեճի, որը մեզ հուզականորեն չի դիպչում, մտածում ենք`«բայց նրանք լրիվ տարբեր բաների մասին են խոսում»:  Եվ այդպես էլ կա:

Գնահատելու հակումը վերանում է, երբ լսում ենք` փորձելով հասկանալ դիմացինի տեսակետը և ապրումները, և այդ ժամանակ ծնվում է իրական շփումը:

Խուսափելու համար թյուրըմռնումից` Ռոջերսն առաջարկում էր կիրառել հետևյալ կանոնը. «Արտահայտել սեփական կարծիքը միայն այն բանից հետո, երբ դուք կլսեք զրուցակցին մինչև վերջ, կվերարտադրեք զրուցակցի գաղափարներն ու կհասկանաք դրա հետ կապված նրա ապրումները, բայց դա կանեք այնպես, որ վերջինս բավարարված լինի իր գաղափարների ձեր ձևակերպումից»: Այդ ժամանակ բանավեճը կդառնա պակաս հուզական, հակասությունները կհարթվեն, իսկ այն տարակարծությունները, որոնք կմնան, կդառնան ավելի ռացիոնալ և փոխադարձ ընդունելի:

Եվ այդ ժամանակ խաղաղ համակեցությունը կլինի ոչ միայն տեսական գաղափար, այլ կդառնա հասանելի նաև գործնականում:

Հեղինակ՝ Մարիա Բաբայան

* Лев Толстой. Греческий учитель Сократ

http://az.lib.ru/t/tolstoj_lew_nikolaewich/text_0480.shtml

** Карл Роджерс. Подход к нарушениям межличностного и межгрупового обшения.// О становлении личностью. https://www.klex.ru/2h0

Կարդացեք նաև

Հարաբերություն

Սիրո բաղադրիչները և տարատեսակները

Սիրային հարաբերություններն ավելի հեշտ են կայանում և ավելի կայուն են լինում, երբ երկու մարդ համապատասխանում են միմյանց իրենց հոգեբանական առաձնահատկույթուններով, այլ  ոչ թե այն դեպքում, երբ կտրուկ տարբերվում են:

Հնս 05 2023
Հարաբերություն

Սիրո տասը գաղտնիքները

«Աշխարհում ամենալավ և ամենագեղեցիկ բաները չի կարելի ոչ տեսնել, ոչ էլ լսել…. Դրանք զգում ենք սրտով»․ Հելեն Կելլեր

Մյս 23 2023
Հարաբերություն

Միջանձնային տարածություն

Շփման կարևոր գործոններից է համարվում միջանձնային տարածությունը․ այն, թե զրուցակիցներն ինչքան մոտ են գտնվում միմյանց: Երբեմն մեր վերաբերմունքը մենք արտահայտում ենք տարածքային կատեգորիաներով,

Հնվ 14 2019