Եթե լճացել եք աշխատավայրում կամ տանջող հարաբերությունների մեջ եք, բայց կարծում եք, որ ձեր ուժերից վեր է որևէ բան փոխելը, դուք հավանաբար կշարունակեք մնալ նույն վիճակում.
— չեք փնտրի նոր աշխատանք,
— ձեռք չեք բերի նոր հմտություններ,
— չեք բարելավի ձեր մասնագիտական կարողությունները,
— վերջ չեք դնի տանջալից հարաբերություններին:
Բանն այն է, որ երբ մարդն իրեն անզոր է կարծում սեփական կյանքը բարելավելու հարցում, նա դրանից ընկճվում է, ըստ այդմ էլ, չի կարողանում ակտիվ քայլեր ձեռնարկել:
Կյանքի իրադարձությունները կառավարելու զգացումը շատ կարևոր է մարդու առողջ կենսագործունեության համար: Եթե մի պահ պատկերացնենք, որ չենք կարող ազդել կյանքի իրադարձությունների վրա, և ամեն ինչ կատարվում է մեր կամքից անկախ, անելանելիության զգացում կտիրի մեզ։
Սեփական կյանքը կառավարելու պատկերացումները գալիս են փորձառությունից: Այսպես, եթե մեր ջանքերը պարբերաբար ձախողվում են, կարող է համոզմունք ձևավորվել, որ կախված ենք բախտի քմահաճույքից: Դա կարող է շարունակվել նույնիսկ, երբ իրականում շատ բան հնարավոր է փոխել:
Կարծես՝ փակ շղթա է ստացվում. որքան շատանում են ձախողումները, այնքան ամրապնդվում է այդ համոզմունքը: Եվ որքան ամրապնդվում է համոզմունքը, այնքան նվազում է հավանականությունը, որ մարդն իր ձեռքը կվերցնի կյանքի ղեկը:
Այս երևույթը Սելիգմանը կոչեց «յուրացված անօգնականություն»։ Տվյալ գաղափարին նա եկավ հետաքրքիր հետազոտազոտությունների արդյունքում:
Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆ ՍԵԼԻԳՄԱՆՆ ՈՒ ՄԱՅԵՐԸ
Նրանք ընտրեցին 24 փողոցային շուն, բաժանեցին նրանց 3 խմբի՝ յուրաքանչյուրում 8 շուն: Տեղավորեցին լաբորատոր սենյակում, որտեղ նրանց թույլ հոսանք էին հաղորդում։
Հոսանքն այնքան չէր, որ վնասեր շներին, բայց տհաճ զգացողություններ էր առաջացնում: Նշենք, որ հոսանքի հաղորդումն իրականացվել է 1 օր որոշակի պարբերականությամբ:
Շներից 8-ը հնարավորություն չունեին որևէ բան փոխելու։ Մյուս 8-ը կարող էին դադարեցնել հոսանքի մուտքը, եթե գլխով հպվեին կառավարման վահանակին (վահանակը տեղակայված էր նրանց գլխի մոտ)։ Իսկ մնացած 8-ը՝ վերստուգիչ խումբը, որևէ ներգործության չէին ենթարկվում:
1 շաբաթ անց բոլոր շներին տեղափոխեցին մեկ այլ լաբորատարիա, որը բաղկացած էր 2 հատվածից. շները կարող էին անցնել սենյակի մի մասից մյուսը ցատկելով պատնեշի վրայով:
Սենյակի այն հատվածում, որտեղ գտնվում էին շները, ժամանակ առ ժամանակ հատակով հասանք էին հաղորդում: Դրանից 10 վայրակյան առաջ կարմիր լույս էր վառվում ազդարարելով հոսանքի հաղորդումը:
Այն շները, որոնք առաջին փուլում եղել էին 2-րդ և 3-րդ խմբերում (3-րդը վերստուգիչ խումբն էր), հեշտությամբ սովորում էին խուսափել տհաճ զգացողություններից ցատկելով սենյակի մյուս հատվածը: Իսկ այն շները, որոնք առաջին փուլում եղել էին առաջին խմբում և չէին ունեցել հնարավորություն ազդելու իրավիճակի փոփոխության վրա, այդպես էլ չէին հասկանում ինչ կարող են անել:
Եվ նույնիսկ, երբ նրանցից մեկը ցատկում էր պատնեշի վրայով, հաջորդ անգամ չէր անում նույնը մնալով իր տեղում և շարունակելով ենթարկվել հոսանքի տհաճ ներգործությանը:
Այսինքն, նախկին փորձը խանգարում էր նոր իրավիճակը յուրացնելուն։
ԻՆՉ ԵԶՐԱԿԱՑՐԻՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Բազմաթիվ տհաճ ազդեցությունների ենթարկված շները հետագայում ևս չէին անում ոչինչ՝ փոխելու համար իրենց պայմանները, երբ ունեին այդ հնարավորությունը:
Մինչդեռ հոսանքի ազդեցության (էլեկտրաշոկի) ենթարկված շները, որոնք ունեցել էին կառավարման վահանակը գլխով սեղմելու և հոսանքը կասեցնելու հնարավորություն, հետագայում հայտնվելով այլ պայմաններում՝ հեշտությամբ գտնում էին տհաճ ներգործությունը կասեցնելու ձևը:
Գիտնականներին հետագայում մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել յուրացված անօգնականությունն այդ շների մոտ:
Այս հետազոտությունը, ինչպես հաճախ լինում է գիտության մեջ, առաջացրեց ավելի՛ շատ հարցեր: Այսպես օրինակ՝
▪️ Արդյո՞ք «անօգնական» շները կկարողանային ինքնուրույն վերականգնել իրենց ադապտացվելու կարողությունը որոշ ժամանակ անց, թե ոչ:
▪️ Արդյո՞ք պայքարելու անկարողությունն ազդում էր նրանց կյանքի տևողության կամ կենսական այլ գործառույթների ակտիվության վրա, ինչպիսիք են սննդի որոնումը, զույգի որոնումը և այլն:
▪️ Ի՞նչ փորձառություն էր պետք շներին՝ սթրեսի անցանկալի հետևանքները հաղթահարելու համար:
▪️ Եվ վերջապես, արդյո՞ք այդ հետազոտության արդյունքները տարածելի են նաև մարդկանց վրա։ Թե՞ մարդիկ, այնուամենայնիվ, կարողանում են օգտագործել բանականությունը՝ անելանելի կամ «անելանելի-թվացող» իրավիճակների բացասական հետևանքները հաղթահարելու համար։
ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻՆ ՀԵՏԵՒԵՑԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսպես, Ստոուքսն ու Բանդերեն ուսումնասիրեցին այն մարդկանց արձագանքը (զինվորականներ և քաղաքացիական անձինք), որոնք վերապրել էին պատերազմական ու տեռորիստական գործողություններ՝ սեփական կյանքը վերահսկելու նվազագույն հնարավորությամբ։
Գիտնականները պարզեցին, որ որևէ կարգի հարձակման ժամանակ (կենսաբանական, քիմիական, միջուկային) մարդկանց մոտ առաջացած անօգնականության զգացումը հետագայում նույնպես ազդում է նրանց արձագանքի վրա՝ պասիվության կամ խուճապի տեսքով:
Իսկ մեկ այլ հետազոտության հեղինակներ Չորպիտան և Բարլոուն, որոնք ուսումնասիրում էին մանկական տարիքում սեփական գործողությունները կառավարելու սահմանափակ հնարավորություն ունեցած մարդկանց, եզրակացրին, որ վերջիններս, սովորաբար, դրևորում են տագնապայնության առավել բարձ աստիճան:
Սրանով է, թերևս, բացատրվում այն հանգամանքը, որ գերխնամող ծնողների երեխաները հաճախ տագնապային տարբեր խանգարումներ ունեն: Քանզի նրանց գործողությունները չափազանց շատ են վերահսկվում ծնողների կողմից։
ԱՅՍՊԻՍՈՎ, Ի՞ՆՉ Է ՅՈՒՐԱՑՎԱԾ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն զգացում է, որն առաջանում է ի պատասխան տևական տրավմատիկ իրավիճակին, որից դուրս գալու համար մարդու կամ կենդանու գործողությունները սպասված արդյունքը չեն ունենում: Ընդ որում, այդ զգացումն ակտիվանում է միանգամայն տարբեր իրավիճակներում։
Իր հայտնի փորձերից հետո Սելիգմանը գիտափորձ անցկացրեց նաև մարդկանց հետ, բայց հոսանքի փոխարեն օգտագործվեց աղմուկը: Փորձը ցույց տվեց, որ յուրաքանչյուր 3-րդը, չնայած աղմուկը կասեցնելու բազմաթիվ անհաջող փորձերի, չի դադարեցնում պայքարը, իսկ յուրաքանչյուր 8-րդը անգամ առաջին իսկ անհաջող փորձից հետո պայքարն այլևս չի շարունակում։
Սելիգմանին հետաքրքում էին պայքարը չդադարեցնող մարդիկ: Եվ նա իր գործընկերների հետ միասին սկսեց ուսումնասիրել մարդկանց, որոնք պայքարում ու չէին կորցնում լավատեսությունը, և առանձին նրանց, որոնք չէին էլ փորձում պայքարել ամուր գրկելով հոռետեսությունը:
Նրանք ձևակերպեցին հետևյալ հարցադրումները.
«Միգուցե լավատեսությունը նու՞յնպես կարելի ձեռք բերել. չէ՞ որ եթե անօգնականությունը ձեռք է բերվում որոշակի փորձառության արդյունքում, հետևաբար լավատեսությունը ևս կարելի է ձևավորել»։
«Եվ եթե անօգնականությունը հնարավոր է ձեռք բերել, ապա ինչու՞ չի կարելի է դրանից հրաժարվել»։
ԼԱՎԱՏԵՍՆԵՐ ԵՒ ՀՈՌԵՏԵՍՆԵՐ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՆՐԱՆՔ
Պայքարողներին Սելիգմանը պայմանականորեն կոչեց «լավատեսներ», իսկ իրենց վիճակը փոխել չցանկացողներին «հոռետեսներ»: Հետազոտողներն սկսեցին ուսումնասիրել նրանց։
Պարզվեց, որ «լավատեսները» սովորաբար չեն կենտրոնանում անհաջողությունների վրա` համարելով դրանք անցողիկ և միայն այդ իրավիճակին բնորոշ:
Մինչդեռ «հոռետեսներն» ունեն միտում գերընդհանրացման (օրինակ՝ «ամեն ինչ վատ է», «ամեն ինչ անիմաստ է» պնդումներով) ու անհատականացման (օրինակ՝ «ես եմ մեղավոր», «այսինչն է մեղավոր» պնդումներով):
Լաբորատոր պայմաններում յուրացված անօգնականությունը գրեթե նույնական էր դեպրեսիային: Վերջինիս ժամանակ մարդիկ պետք եղածից ավելի մեծ պատասխանատվություն են վերցնում բացասական իրադարձությունների համար։ Նրանք բացատրում են տեղի ունեցածն այնպես, որ դրանց մեղավորն ստացվում են հենց իրենք: Այսպիսով, հենց մտածողությունն է առանցքային գործոնը՝ թե՛ պայքարելու, թե՛ չպայքարելու հարցում:
Ըստ այդմ՝ Սելիգմանը եկավ «գիտակցված լավատեսության» գաղափարին. սա մարդու՝ սեփական վարքը փոխելու այն ունակությունն է, որը թույլ չի տալիս դեստրուտիվ դատողություններին (օրինակ՝ «ես ոչնչի չեմ կարող հասնել կյանքում», «ես թույլ մարդ եմ») կաթվածահար անել իր կամքը:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՅՍ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Անհաջողության բախվելիս մենք սկսում ենք մտածել դրա մասին, փորձում վերծանել այն: Այսինքն, տալիս ենք բացատրություններ ինքներս մեզ, հնարավոր է նաև ուրիշներին, քանզի այդպիսին է մեր էությունը. մենք ուզում ենք հասկանալ:
Նույնիսկ իրականությունից կտրված բացատրություններին ենք սկսում հավատալ՝ չունենալով ավելի լավ տարբերակ: Դրանք աստիճանաբար կարծրանում են մեր մտքում, վերածվում համոզմունքների: Երբեմն դրանք չափազանցված ու դեստրուկտիվ բնույթ ունեն։ Օրինակ «ոչ մի լավ բան չկա» դատողությունից հետո, բացի խեղճ ու կրակ գոյությունը քարշ տալուց, այլ բան չի մնում անելու: Սա էլ այդ համոզմունքի հետևանքն է, որ կարող է նկատելի լինել մեր կամ այլ մարդկանց վարքում։
Անհաջողություն -> համոզմունք -> հետևանք (ԱՀՀ կամ անգլերենով ABC — adversity, beliefs, consequences). սա է մոդելը, որն առաջարկել է Ալբերտ Էլիսը։ Այն մինչ օրս ակտիվ կիրառվում է իմացաբանական-վարքաբանական հոգեթերապիայում:
Ի՞նչ են առաջարկում այս ուղղության հիմնադիրները։
| Քայլ 1. Տեսնել կապն անհաջողության, դրանից ծնվող դատողությունների ու վարքի միջև:
| Քայլ 2. Կանգնեցել այդ դատողությունները վերջնաժամկետ սահմանելով։ Օրինակ«այդ մասին կմտածեմ վաղը այսինչ ժամից այսինչ ժամը»:
| Քայլ 3. Վիճարկել դեստրուկտիվ դատողությունները:
Ահա վիճարկման մի օրինակ. «Ես չափազանցնում եմ, որ կամք չունեմ. այն, որ 2 ափսե ճաշ կերա, չի նշանակում, որ կամք չունեմ: Ես 2 շաբաթ շատ զուսպ եմ սնվել առանց կալորիական սնունդ օգտագործելու, և մեկ ափսե ավել ուտելով՝ իմ դիետան չի ոչնչանում: Ես էլի կարող եմ շարունակել զուսպ ու առողջ սնվել»։
| Քայլ 4. Գրի առնել այդ ամենը հետևայլ սխեմայով՝
🖋️ Անհաջողություն (որևէ տհաճ իրավիճակ)
🖋️ Համոզմունքներ (մտքեր)
🖋️ Հետևանքներ (հույզեր և գործողություններ)
🖋️ Վիճարկում
🖋️ Հետագա քայլեր
Կարևոր է հիշել՝ համոզմունքներն ընդամենը կարծիք են, որ կարող են արտացոլել կամ չարտացոլել իրականությունը։ Տվյալ սխեման թույլ է տալիս իրավիճակը փոքր-ինչ հեռվից դիտարկել։ Արդյունքում կարող ենք վերանայել մեր որոշ համոզմունքներ, եթե պետք լինի։
Ե՞ՐԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ «ՅՈՒՐԱՑՎԱԾ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ըստ Սելիգմանի՝ այն առաջանում է, երբ երեխան.
— չի ստանում որևէ արձագանք իր գործողություններին (ծնողների անտարբերություն),
— ստանում է միանման բացասական արձագանք (քննադատություն, պատիժ),
— ստանում է միանման դրական արձագանք (գերխմնամք):
Ի դեպ, վերջին կետում առանցքային բառը «միանմանն» է։ Այն արձագանքի ոչ ճկուն լինելու մասին է, երբ տարաբնույթ իրավիճակներում երեխան ստանում է իրավիճակի բովանդակության հետ առանձնապես կապ չունեցող միևնույն արձագանքը։
Անշուշտ մարդու վարքի ձևավորման վրա ազդում են բազում գործոններ։ Վերոնշյալները դրանցից մի քանիսն են միայն:
📎 Վերջում մեջբերեմ Քերոլ Դուեկիի գրքից մի երկխոսություն՝ հոր և 8 տ. տղայի միջև: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի խոսել երեխայի ու նաև ինքներդ ձեզ հետ:
«Տղան աշխատում է հոր հետ և պատահաբար շուռ է տալիս մեխերի տուփը։ Դրանք ցրիվ են գալիս ամբողջ հատակով մեկ: Տղան նայում է հորն ու մեղավոր կերպով ասում.
— Ես անշնորհք և անհաջողակ մարդ եմ:
— Դա այն չէ, ինչ արժե ասել, երբ մեխերը թափվում են հատակին,- պատասխանում է հայրը:
— Իսկ ի՞նչ պետք է ասել այդ դեպքում:
— Պետք է ասել` մեխերը թափվեցին հատակին, ես հիմա կհավաքեմ դրանք:
— Միայն դա՞:
— Այո:
— Շնորհակալություն, հայրիկ: Հասկացա։ Ես անշնորհք կամ անհաջողակ չեմ։ Պարզապես մեխերը թափվեիցին հատակին, և ես հիմա կհավաքեմ դրանք»։
Հեղինակ՝ Մարիա Բաբայան
* ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Кэрол Дуэк -Гибкое сознание. М. 2019
Мартин Селигман — В поисках счастья. Как получать удовольствие от жизни каждый день. https://www.koob.ru/seligman_martin/v_poiskah_schastya
Мартин Селигман — Как научиться оптимизму. https://www.koob.ru/seligman_martin/kak_nauchitsya_optimizmu
Роджер Хок – Секреты выдающихся экспериментов. М. 2003
Martin Seligman “ flourishing — a new understanding of wellbeing”
https://www.youtube.com/watch?v=e0LbwEVnfJA