Հորինված հարաբերությունները դեռահասության շրջանում

Դեռահասների շրջանում հաճախ է պատահում, որ սերը գոյություն է ունենում միայն սիրողի գիտակցության մեջ` չդրսևորվելով սիրեցյալի հետ իրական շփման ընթացքում: Հաճախ էլ այդ շփումը սկզբունքորեն բացակայում է: Այսպիսի շատ օրինակների հանդիպում ենք նաև գրականության մեջ: Հիշենք պուշկինյան Տատյանա Լարինային, ով այն աստիճան էր սիրահարվել Եվգենի Օնեգինին, որ  նրան հանդիպելիս ընդհանրապես չէր կարողանում շփվել:

Գոյություն ունի «երևակայության հուզական իրականության օրենք» ասվածը. եթե մարդ մանրուք առ մանրուք որևէ բան է պատկերացնում, ապա նա գրեթե նույն զգացումներն է ունենում, ինչ կունենար իրականում: Այս օրենքը լիովին դրսևորվում է այն դեպքերում, երբ սերը զարգանում է առանց այն մարդու հետ շփվելու, ում ուղղված է (այսինքն այդ շփումը գոյություն ունի միայն երևակայության մեջ): Իրական հարաբերություններ չկան, սակայն մենք այնպես ենք մտահոգվում, կարծես կան և շատ լուրջ են: Այդպիսի, ընդհանուր առմամբ ի սկզբանե հորինված հարաբերությունների «խզումը» (օրինակ` երբ այլևս չեն երկրպագում երիտասարդ կուռքին, ով ստորագրություն չի տվել), նույնչափ ցավագին է լինում, որքան տարիների համատեղ կյանքից հետո բաժանումը: Շրջապատի մարդիկ հաճախ չեն հասկանում դեռահասի տառապանքները, բայց նրա համար դրանք բացարձակապես իրական են, և չհասկացվածությունը միայն ծանրացնում է ապրումները:

Որքան իդեալիստորեն և ռոմանտիկորեն են դեռահասները վերաբերվում սիրուն, այնքան հաճախ են խնդիրներ ունենում հակառակ սեռի հետ իրական փոխհարաբերություններում: Իրականությանը բախվելով նրանց երազանքներն ու սպասելիքներն արագ հօդս են ցնդում: Դա նախ հարաբերությունների նկատմամբ  դրված բարձր և անիրատեսական պահանջներից է և հետո էլ նրանից, որ սիրում ենք ոչ թե տվյալ մարդուն, այլ  հորինված ու իդեալականացված կերպարին:

Աղբյուրը՝ Грецов А. Г., Попова Е. Г.  — Беседы с подростками о них самих

Սիրո տասը գաղտնիքները

«Աշխարհում ամենալավ և ամենագեղեցիկ բաները չի կարելի ոչ տեսնել, ոչ էլ լսել….
Դրանք զգում ենք սրտով»։
Հելեն Կելլեր

Իսկական սիրո առաջին գաղտնիքը մտքի ուժն է:
Սերը սկսվում է մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Սիրով լի մտքերը ծնում են սիրով լի կյանք և սիրով լեցուն հարաբերություններ: Մեր իդեալական զքուգընկերոջ մասին մտքերը թույլ կտան ճանաչել նրան, երբ հանդիպենք:

Իսկական սիրո երկրորդ գաղտնիքը հարգանքի ուժն է:
Որպեսզի սիրենք ինչ-որ մեկին, պետք է սովորենք հարգել նրան: Նախ և առաջ պետք է հարգենք ինքներս մեզ: Որպեսզի ձեռք բերենք հարգանք մեր հանդեպ, պետք է հարց տանք մեզ՝ «Ի՞նչն ենք մենք հարգում մեր մեջ»: Որպեսզի հարգենք ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, նորից պետք է հարցնենք մեզ՝ «Ի՞նչն եմ ես հարգում նրա մեջ»:

Իսկական սիրո երրորդ գաղտնիքը տալու ուժն է:
Եթե ցանկանում ենք սեր ստանալ, պետք է կարողանանք այն տալ: Որքան շատ սեր ենք տալիս, այնքան շատ ենք ստանում: Սիրել նշանակում է քո մի մասը տալ առանց պատասխանի ակնկալիքի: Նախքան հարաբերություններ սկսելը, հարցրեք ձեզ ոչ թե այն մասին, թե ինչ կարող է դիմացինը տալ ձեզ, այլ թե ինչ կարող եք դու՛ք տալ նրան: Իսկական սիրո գաղտնի բանաձևն է՝ ուշադրություն դարձնել ոչ թե վերցնելու, այլ տալու վրա:

Իսկական սիրո չորրորդ գաղտնիքը ընկերության ուժն է:
Որպեսզի գտնենք իսկական սեր, նախ և առաջ պետք է գտնենք իսկական ընկեր: Որպեսզի իսկապես սիրենք ինչ-որ մեկին, պետք է ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Ընկերությունը հիմք է, որի վրա զարգանում է սերը: Եթե ուզում եք հարաբերություններում սեր լինի, նախ և առաջ ընկերություն ստեղծեք:

Իսկական սիրո հինգերորդ գաղտնիքը հպման ուժն է:
Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է: Այն քանդում է բոլոր պատնեշները և ամրացնում փոխհարաբերությունները: Հպումը փոխում է ֆիզիկական և հուզական վիճակները, մարդկանց դարձնում ավելի ընկալունակ սիրո հանդեպ: Հպումը կարող է բուժել և ջերմացնել սիրտը: Երբ բացում ես գիրկդ, բացում ես նաև սիրտդ:

Իսկական սիրո վեցերորդ գաղտնիքը ազատություն տալու ուժն է:
Նույնիսկ իսկական սիրո դեպքում մարդկանց պետք է սեփական տարածություն: Եթե ուզում եք սովորել սիրել, սկզբում պետք է կարողանաք ներել և ազատվել նախկին վիրավորանքներից:

Իսկական սիրո յոթերորդ գաղտնիքը շփման ուժն է:
Երբ մենք սովորում ենք ազատ շփվել, կյանքը փոխվում է: Սիրել ինչ-որ մեկին, նշանակում է շփվել նրա հետ: Թույլ տվեք, որ մարդը զգա, որ դուք սիրում և գնահատում եք նրան: Երբեք մի խուսափեք ասել այս երեք կախարդական բառերը՝ «Ես քեզ սիրում եմ»: Միշտ պատրաստ պահեք սիրո խոսքեր այն մարդու համար, ում սիրում եք, միգուցե դուք տեսնում եք կամ խոսում եք նրա հետ վերջին անգամ: Ինչո՞ւ դա չանել հենց հիմա:

Իսկական սիրո ութերորդ գաղտնիքը նվիրվածության ուժն է:
Որպեսզի սերն իսկական լինի, պետք է նվիրված լինենք նրան և այդ նվիրվածությունը արտացոլվի մեր մտքերում և գործողություներում: Նվիրվածությունն իսկական սիրո ապացույցն է: Որպեսզի ունենանք իսկական սիրային հարաբերություններ, պետք է լինենք նվիրված այդ հարաբերություններին: Նվիրվածությամբ է ամուր հարաբերությունը տարբերվում փխրուն հարաբերությունից:

Իսկական սիրո իններոդ գաղտնիքը կրքի ուժն է:
Կիրքը բորբոքում է սերը և թույլ չի տալիս նրան մարել: Երկարատև կիրքը դրսևորվում է ոչ միայն ֆիզիկական ցանկությունների մեջ, այլև խորը նվիրվածության, հետաքրքրության, ուրախ սպասումի մեջ: Ինքաբուխ պոռթկումներն են ծնում կիրք: Սիրո և երջանկության իմաստը մեկն է՝ պետք է ամեն օր ապրել կրքով:

Իսկական սիրո տասներորդ գաղտնիքը վստահության ուժն է:
Վստահությունը կենսականորեն կարևոր է իսկական սիրային հարաբերությունների համար: Առանց վստահության զույգերից մեկը դառնում է կասկածամիտ, տագնապային, իսկ մյուսն իրեն հուզական թակարդի մեջ է զգում, նրան թվում է, թե իրեն թույլ չեն տալիս ազատ շնչել: Անհնար է իսկապես սիրել մեկին առանց լիովին վստահելու: Որպեսզի պարզենք՝ տվյալ մարդը համապատասխանում է մեզ, թե ոչ, պետք է ուղղակի հարց տանք մեզ՝ «Վստահո՞ւմ ենք արդյոք նրան»: Եթե պատասխանը ոչ է, ապա պետք է խորը մտածել, նախքան պատասխանատվություն վերցնելը:

Ադամ Ջեքսոն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը: Այդ ընթացքում ավագ սերունդը կրտսեր սերնդին է փոխանցում իր գիտելիքները, հմտություններ է ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն կյանքի համար:

Սոցիալականացումը համարվում է «ինտերակտիվ» պրոցես, քանզի ենթադրում է նախևառաջ ավագ և կրտսեր սերունդների ներկայացուցիչների համագործակցություն ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված զանգվածային հաղորդակցման ձևով: Բացի այդ, սոցիալականացման ընթացքը ներառում է նաև անհատի զանազան կապերը հասակակիցների հետ, որոնց յուրօրինակ դասերը նույնպես նպաստում են հասարակության մեջ նրա մուտք գործելուն: Հենց այլ մարդկանց հետ պարբերաբար համագործակցության միջոցով են անհատի մեջ ձևավորվում սեփական համոզմունքները, բարոյական նորմերը, սովորությունները՝ այն ամենը, ինչն ապահովում է անձի եզակիությունը:

Գիտության մեջ կան մի քանի տարի հարաբերական մեկուսացման պայմաններում ապրած երեխաների դիտարկման տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ բնականոն ֆիզիկական և հոգևոր զարգացումն անհնար է առանց այլ մարդկանց հետ պարբերաբար շփվելու: Ներդաշնակ զարգացման համար երեխային անհրաժեշտ են սերտ փոխարաբերություններ առնվազն մեկ մեծահասակի հետ: Ամերիկացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մանկատանը մեծացած երեխաների մոտ հայտնաբերվել են լուրջ անձնային խնդիրներ: Նշվել է, որ կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում մանկատանն ապրող երեխաների զարգացումն էապես չի տարբերվում տանն ապրող երեխաների զարգացումից, սակայն դառնալով 2 տարեկան` մանկատանը դաստիարակված երեխաներից շատերն այնքան են հետ մնացել իրենց հասակակիցներից, որ նրանց կարելի էր տեղափոխել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների խումբ: Շատ հետազոտողներ նշում են, որ մանկատանը մեծացող երեխաների մոտ հետագայում առաջանում են մտածողության և հուզական ոլորտների խանգարումներ: Նրանք նաև ունենում են մտավոր զարգացման ցածր ցուցանիշներ, պակաս նախաձեռնող են և ավելի ագրեսիվ են այլ մարդկանց հանդեպ:

Այլ մարդկանց աջակցությունը կարևոր է նաև մեծահասակ մարդու համար: Հայտնի է, որ տևական մեկուսացումը կարող է առաջացնել դեպրեսիա, անհանգստություն, մտավոր ունակությունների կորուստ:

Սոցիալականացումը շարունակվում է անհատի ամբողջ կյանքի ընթացքում: Դա ենթադրում է անձի սոցիալական զարգացման շարունակականություն:

Կարելի է առանձնացնել սոցիալականացման 4 հիմնական փուլեր.

  1. Վաղ (ծննդյան օրվանից մինչև դպրոց ընդունվելը)
  2. Ուսուցում (դպրոց ընդունվելու պահից մինչև ընդհանուր և մասնագիտական կրթության ավարտը)
  3. Սոցիալական հասունություն
  4. Կյանքի ցիկլի ավարտ (սկսած պաշտոնական կազմակերպությունների շրջանակներում մշտական աշխատանքային գործունեության դադարեցումից)

Սոցիալականացման առաջին տեսություններն այն դիտարկել են որպես երեխայի վրա հասարակության միակողմանի ազդեցության պրոցես, որի նպատակն է ձևավորել այնպիսի անձնավորություն, ով կկարողանա «ներծծվել» համապատասխան սոցիալական կառույցների մեջ:

Այդ տեսությունների հոգեբանական հիմքն է հանդիսանում կենդանի օրգանիզմների հարմարումը շրջապատող միջավայրին, այսինքն՝ նրա գոյության տարբեր պայմաններին: Եթե խոսում ենք անձնավորության մասին, ապա անհրաժեշտ է նշել և՛ նյութական, և՛ սոցիալական, և՛ հոգևոր միջավայրերի դերը՝ որպես հոգեկանի վրա ազդող գործոն:

Լ. Ս. Վիգոտսկին առաջ է քաշել հոգեբանության համար առավել կարևոր հոգեկան պրոցեսների հասկացման պատմական սկզբունքը: Ըստ այդմ` ժամանակակից չափահաս բարեկիրթ մարդու վարքն իրենից ներկայացնում է զարգացման երկու տարբեր պրոցեսների արդյունք՝ կենդանիների կենսաբանական էվոլյուցիա և մարդկության պատմական զարգացում, որի արդյունքում պարզունակ մարդը վերածվում է ժամանակակից բարեկիրթ մարդու:

Վիգոտսկու կարծիքով ֆիլոգենեզում այս երկու պրոցեսներն էլ ներկայացված են որպես զարգացման ինքնուրույն և անկախ գծեր: Օնտոգենեզում դրանք միաձուլված են, քանի որ երեխան անմիջապես ծնվելուց հետո հայտնվում է իրեն շրջապատող սոցիալական միջավայրի որոշակի ազդեցության տակ, ինչի ընթացքում շարունակվում է նաև նրա օրգանական զարգացումը:

Վիգոտսկու կարծիքով մարդկության զարգացման ընթացքում առաջանում և ձևավորվում են վարքի մշակութային ձևերը: Այդ ժամանակ յուրաքանչյուր տարիքային փուլի սկզբում առաջանում են տվյալ տարիքին հատուկ հարաբերություններ երեխայի և շրջապատող միջավայրի միջև: Այդ հարաբերությունները Վիգոտսկին անվանել է տվյալ տարիքում զարգացման սոցիալական իրավիճակներ:

Զարգացման սոցիալական իրավիճակը մեկնարկային կետ է բոլոր դինամիկ փոփոխությունների համար, որոնք տեղի են ունենում երեխայի զարգացման մեջ տվյալ տարիքային փուլի ընթացքում: Դա սահմանում է երեխայի զարգացման ձևերն ու ուղիները, որոնց հետևելու ընթացքում ձեռք են բերվում անձի նոր հատկանիշներ: Եվ այսպես, Վիգոտսկին եզրահանգում է, որ որևէ տարիքի ուսումնասիրության ժամանակ առաջնայինը հանդիսանում է զարգացման սոցիալական իրավիճակի պարզաբանումը:

Անձը սոցիալականացման յուրաքանչյուր փուլում ձեռք է բերում և յուրացնում է այս կամ այն սոցիալական դերը, ներգրավվում է նոր սոցիալական խմբերի մեջ, փորձում է կայանալ: Սոցիալական հասունությունը բնութագրվում է այն բանով, որ մարդն ընտրում է այս կամ այն աշխատանքը, որը համապատասխանում է նրա կրթությանը, մասնագիտացմանը, հետաքրքրություններին և աշխատաշուկայի պահանջներին: Իրավիճակի կամ անձնական հետաքրքրությունների փոփոխությունը ստիպում է մարդուն փնտրել նոր աշխատանք: Այդ պատճառով էլ այս փուլում այդքան կարևոր է աշխատանքային սոցիալականացումը:
Հասարակության մեջ մարդու կենսագործունեությունը ենթադրում է նաև նրա քաղաքական սոցիալականացում: Այդպես է անվանվում որոշակի քաղաքական համակարգի մեջ անձի ներգրավվածությունը: Այս պրոցեսն իրականացվում է քաղաքական սիմվոլների, կառույցների և իրադարձությունների մասին անձի ձեռք բերած տեղեկությունների միջոցով: Աճող սերունդը տվյալ տեղեկությունները յուրացնում է կրթական համակարգի, զանգվածային հաղորդակցության, քաղաքական կառույցների տարբեր ակցիաների օգնությամբ:

Աղբյուրը՝ Դ. Ա. Սիմոնով – Սոցիալական հոգեբանություն

Ես կարոտում եմ

Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի: Արյունակցական կապը կտրել չի կարելի, հնարավոր է միայն թուլացնել այն: Կանայք և տղամարդիկ կշարունակեն լինել մայր և հայր անկախ այն բանից, որ իրենց երեխաներից առանձին են ապրում: Սովորաբար խնամակալ լինում է մայրը, իսկ հայրիկները հիմնականում պայքարում են երեխաներին տեսնելու իրենց իրավունքի համար:

Այլ հարց է այն, թե ինչպես պետք է կազմակերպել երեխայի և հոր հանդիպումն ամուսնալուծությունից հետո: Հաճախ է լինում, որ մայրերն ու հայրերը չեն ցանկանում տեսնել իրար կամ որոշակի կապ պահպանել ամուսնալուծությունից հետո: Դատարանը հաշվի չի առնում, թե նախադպրոցական տարիքի երեխան ծնողներից որ մեկի հետ է ցանկանում մնալ: Այս հարցը գրեթե միշտ մեխանիկորեն լուծվում է հօգուտ մոր:

Երեխան չի կարող սիրել կամ չսիրել, կարոտել կամ մոռանալ իր հարազատներինղեկավարվելով դատարանի որոշմամբ: Նա հաճախ ասում է մայրիկին, որ կարոտում է հայրիկին: Ոչ երկու, ոչ երեք, ոչ չորս տարեկանում երեխան չի կարող հասկանալ՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես փոխվեց, ինչո՞ւ է նա գտնվում մի տեղում, իսկ իր համար այդքան սիրելի մարդը հայրիկը, մեկ այլ տեղում: Նախադպրոցական տարիքի երեխաներն այնքան ինքնուրույն չեն, որ երբ ցանկանան, կարողանան գնալ և տեսնել իրենց հարազատին:

Այսպիսով, այն ծնողները, ովքեր ինչ-որ պատճառներով որոշում են ամուսնալուծվել, պետք է նախօրոք մտածեն, թե ինչպե՞ս են կազմակերպելու երեխայի հետ տեսակցությունները: Չի կարելի բաժանել երեխաներին. աղջիկը մայրիկին, տղան հայրիկին, այնպես, ինչպես բաժանում են տան գույքը` աթոռն ու սեղանը կամ հեռուստացույցն ու համակարգիչը: Երեխան երկու ծնողների աջակցության կարիքն ունի: Նա մեղավոր չէ որ մայրիկն էլ չի սիրում հայրիկին, կամ որ հայրիկն այլ կնոջ հետ է ամուսնացել:

Այս հարցի մասին քննարկումներ սկսելուց փորձեք չմտածել ձեր սկզբունքների, ինքնասիրության մասին, այլ առաջնորդվեք երեխայի շահերով: Եթե նույնիսկ ձեր համատեղ կյանքը չի ստացվել, չի կարելի զրկել երեխային երկու ծնողների հետ շփվելու ուրախությունից: Այդպիսի իրավունք չունեք ոչ դուք և ոչ էլ որևէ մեկը:

Շատ վիրավորված կանայք փորձում են ամեն կերպ սահմանափակել երեխաների և հոր շփումը` հիմնավորելով դա նրանով, որ երեխաները նրա հետ հանդիպումից հետո վատ են զգում իրենց, կամ նման հանդիպումների ժամանակ երեխաների մասին բավարար չափով հոգ չեն տանում, կամ հանդիպումները ոչ ճիշտ տեղում են լինում, որտեղ երեխաները հոգնում են կամ հիվանդանում: Հայրերին մեղադրում են այն բանում, որ նրանք հանդիպումների ընթացքում երեխաներին ամեն ինչ թույլ են տալիս, ուշադիր չեն լինում, տրամադրում են մայրերի դեմ, երբեք ճիշտ ժամանակին չեն գալիս երեխայի հետևից և ճիշտ ժամանակին հետ չեն բերում նրան:

Հաճախ այդպիսի մեղադրանքներում կա ճշմարտության որոշակի տոկոս: Եթե հայրը երկրորդ անգամ չի ամուսնացել, չունի իր տունը, պատահում է, որ նրա համար շատ դժվար է լինում երեխայի հետ այդքան ժամանակ անցկացնել: Այնուամենայնիվ, մայրերը հարմար առիթը բաց չեն թողում նրանց մեղադրելու և այդ մեղադրանքներն ուռճացնելու համար:

Փոքրիկ երեխաները հայրերին ավելի հաճախ պետք է տեսնեն` շաբաթը մեկ կամ երկու անգամ: Մեկ կամ երկու տարեկան հասակում այդ հանդիպումները կարող են լինել զբոսանքների, ավտոմեքենայով շրջելու, մոտակա խաղահրապարակ գնալու տեսքով: Հանդիպումների տևողությունը ժամանակի ընթացքում պետք է ավելացնել: Երբ երեխան դառնա երեք կամ չորս տարեկան, շատ ավելի լավ կլինի, որ նա մի ամբողջ օր կամ նույնիսկ հանգստյան օրերն անցկացնի հայրիկի տանը, ծայրահեղ դեպքում գոնե երկու շաբաթը մեկ անգամ: Եթե երեխան չորս կամ հինգ տարեկան է, լավ կլինի, որ նա հայրիկի հետ շատ ավելի երկար ժամանակ անցկացնի (նրա հետ լինի արձակուրդների մի մասը և այլն):

Մի քանի բառ վախերի մասին: Դժվար թե գիտակից և հասուն մարդը երեխային վատ տրամադրի մոր կամ հոր նկատմամբ: Եվ նման բաներից վախենում են հիմնականում այն ծնողները, ովքեր իրենք են այդպես վարվում: Այլ հարց է երեխային քեզ հետ պահելու անգիտակցական մղումը: Այս ամենն արվում է միայն երեխային բարին կամենալով: Ծնողներն ավելորդ խնամքն ու իրենց վերաբերմունքը բացատրում են գրեթե նույն կերպ` եթե այդքան ուշ-ուշ ենք տեսնվում, ապա մեղք չէ երեխային ավելի թանկ նվեր գնելը, կամ երեխային տարբեր զվարճանքի վայրեր տանելը, նրա չարաճճիությունները տանելը և երես տալը. այս ամենում ոչ մի մեղք և քննադատելի բան չկա:

Լսելով մեծահասակներին և հետևելով նրանց վարքին` չորս, հինգ տարեկան երեխաները եզրակացություններ են անում, թե ով է լավը, իսկ ով վատը: Երեխայի և հոր հանդիպումներն ամեն անգամ ավարտվում են լացով, հիասթափությամբ:

Ինչ անել, եթե երեխան բաժանված է ոչ միայն հորից, այլև քույրերից, եղբայրներից, տատիկից և պապիկից: Այստեղ ոչ մի իրավաբանական որոշում չի օգնի: Այստեղ հույսը կարելի է դնել միայն մեծահասկաների հասունության և խոհեմության վրա: Չի կարելի մոռանալ երեխայի` իր հարազատներին կապվածության մասին: Ինչքան էլ որ դա դժվար լինի, պետք է ճանապարհներ գտնել, որպեսզի երեխան շփվի նաև նրանց հետ: Շատ խելացի են վարվում այն ծնողները, ովքեր գիտակցաբար պահում են այդ կապերը և երեխային սովորեցնում, որ իրենց թե՛ հոր, թե՛ նրա բարեկամների հետ իրենց հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

Ինչպես հայտնի է բազմաթիվ դեպքերից, երեխաներն ատում են այն ծնողներին, ովքեր փորձում են իրենց սերն ու հոգատարությունը փոխարինել թանկ նվերներով:
Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հայրը պետք է իրեն պահի այնպես, կարծես դա սովորական երևույթ է: Իրեն դրսևորի այնպես, ինչպես դա կաներ, եթե ամուսնալուծություն չլիներ, այլ ոչ թե յուրաքանչյուր հանդիպում վերածի մի մեծ խնջույքի և երեխային տեղի-անտեղի նվերներ մատուցի և այլն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն չեն տալիս շփվել միմյանց հետ, խոսել, մտերմանալ:

Շատ լավ է, եթե հոր տանը երեխան ունի իր խաղալիքները, իրեն հետաքրքիր իրեր, ինչպես նաև ընկերներ: Պետք չէ հանդիպումների ժամանակ երեխային երկար ժամանակ թողնել մեքենայի մեջ կամ տանել աշխատավայր այն դեպքում, եթե նրան ուշադրություն չեք դարձնելու և կենտրոնանալու եք աշխատանքի վրա:

Եթե հայրիկն ապրում է այլ քաղաքում, ապա երեխայի հետ հանդիպումների քանակը կապված է լինում նաև ֆինանսների հետ: Հեռավորությունը չի նվազեցնում երեխաների համար հոր ներկայության պահանջը, բայց համարվում է այն բանի ընդունելի արդարացում, թե ինչու են հանդիպումներն այդքան քիչ (եթե ծնողները այդ բացատրությունը չեն չարաշահում):

Այսպիսի իրավիճակներում պետք է առավելագույն կերպով օգտագործել ամառային արձակուրդները, երբ հայրիկը կկարողանա այն անցկացնել երեխայի հետ:

Կանոնավոր հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն երեխայի համար, քանի որ նրա հավատը հոր նկատմամբ միշտ խոցվում է, եթե նա չի հայտնվում, երբ նրան սպասում են: Այն հայրերը, ում աշխատանքն անկանոն է և ովքեր երբեմն ստիպված են լինում աշխատել նաև ազատ օրերին, այդ փաստը պետք է հաշվի առնեն և նախօրոք երեխայի հետ խոսեն ու բացատրեն դա: Նույնիսկ այս դեպքերում հայրերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չհետաձգեն հանդիպումը. չէ՞ որ երեխան այդքան սպասում է։

Հաճախ պատահում է այնպես, որ հանդիպումներին խանգարում է ամուսնու թշնամանքը նախկին կնոջ նկատմամբ և երեխաների հանդեպ ունեցած մեղքի զգացումը: Հայրը խուսափում է նախկին կնոջ հետ հանդիպումներից, քանի որ դրանք ստիպում են նրան վերապրել անցյալի դառը զգացողությունները: Լինում է նաև այնպես, որ կինն առիթը բաց չի թողնում նրան իր ատելության մասին ասելու:

Եթե հայրը հաճախ է հանդիպումները չեղյալ հայտարարում, ապա մայրը պետք է ինչ-որ միջոց գտնի նրան բացատրելու, թե ինչքան է տանջվում դրանից երեխան և ինչքան է նրան սպասում: Եթե հայրը չի ընդունում երեխայի հետ հանդիպումների կարևորությունը և շարունակում է դրանցից խուսափել, կորում է մի քանի ամսով կամ շաբաթներով, ապա մայրիկը պետք է երեխային բացատրի, որ այդպես է լինում ոչ թե այն պատճառով, որ հայրիկը նրան չի սիրում, այլ որ նա երևի շարունակում է բարկացած մնալ մայրիկի վրա և շատ է տանջվում, որ այդպես էլ չկարողացավ ապրել իր հետ և փորձում է մոռանալ այն ամենը, ինչը ստիպում էր նրան այդպես տանջվել:

Տղային, ով նույնականցնում է իրեն հոր հետ, հաճախ է հանդիպում նրան և շփվում, ուղղակի անհրաժեշտ է, որ իր կողքին իսկապես լավ օրինակ ունենա: Աղջկա մոտ հոր հետ հանդիպումները ձևավորում են այլ հատկանիշներ, բայց նրա համար այդ հանդիպումները նույնպես շատ կարևոր են: Ապագայում նրա՝ տղամարդկանց հետ հարաբերությունների ձևը և ոճը կախված են հոր հետ նախկինում հարաբերություններից, նրա կերպարից, ինչպես նաև այն ամենից, ինչ նա գիտի հոր մասին: Այս ամենը շատ մեծ ազդեցություն է ունենում կյանքում երկրորդ կեսի ընտրության հարցում: Աղջիկներից շատերն ընտրում են իրենց հորը նման տղաների: Եթե աղջիկը հիասթափվում է հայրիկից, կամ նրա մասին լսածը ստիպում է վատը մտածել հոր մասին, դա առաջին հերթին ամենակործանարար ձևով ազդեցություն է ունենում նրա ապագա ամուսնու ընտրության վրա:

Այս ամենից, սակայն, չի կարելի ենթադրել, որ ամուսնալուծված ընտանիքի երեխաները չեն կարող հանգիստ ու երջանիկ մեծանալ և իսկապես երջանիկ ընտանիք կազմել:
Շատերի մոտ հենց այդպես էլ լինում է: Սիրելի ծնողներ, անգամ եթե ամուսնալուծված եք, կարող եք դաստիարակել ինքնավստահ, ինքնաբավ երեխաներ, ում կյանքում ամեն ինչ շատ բարեհաջող կդասավորվի:

Երեխաների և հատկապես տղաների կյանքում հոր դերն իսկապես շատ մեծ է: Երկու-֊երեք տարեկանից սկսած տղան արդեն հստակ պատկերացնում է իր սեռը: Սկսած այդ ժամանակից մինչև վեց տարեկան` երեխան սկսում է ընդօրինակել առաջին հերթին հորը, մեծ եղբորը կամ այլ տղամարդկանց, որոնք իր համար կարևոր նշանակություն ունեն: Երեխան հետևում է, թե նրանք ինչով են սիրում զբաղվել, ինչը նրանց կարծիքով կարելի է անել, ինչը՝ ոչ, ինչպես են նրանք վերաբերվում միմյանց և կանանց, ինչպես են խոսում, ինչպիսի զգացմունքներ են ունենում այս կամ այն իրավիճակներում, այդ զգացմունքերից որոնք են ազատ արտահայտում, որոնք են փորձում թաքցնել, ինչից են նրանք վախենում:

Հասկանալի է, որ եթե ընտանիքում հայր չկա, մոր համար ավելի դժվար է լինում երեխայի հետ բնական հարաբերություններ հաստատել: Հաճախ նա իրեն միայնակ է զգում: Անկախ այն բանից, ինչքանով է մայրիկը հոգեբանական տեսանկյունից առողջ, նա մեծ ցանկություն է ունենում իր տղային իր մոտ ընկերը դարձնել, հատկապես, եթե նա միակ երեխան է:

Տղան փորձում է իր հիշողության մեջ պահել հոր կերպարը կամ ստեղծել երևակայական հայրիկ:

Գիտակից և խոհեմ մայրն ընդգծում է իր նախկին ամուսնու նկատմամբ ունեցած հարգանքը: Իր երեխայի աչքում նա չի վարկաբեկի հորը, անկախ այն բանից, թե իրականում ինչ է մտածում նրա մասին:

Աղջիկների համար հոր ներկայությունը ևս շատ կարևոր է: Դեռ մանուկ հասակից երեխան բախվում է սեռերի տարբերությանը: Նա պետք է հասկանա, որ տղաներն ու աղջիկները տարբերվում են միմյանցից: Մայրը երեխային չպետք է բացասական վերաբերմունք ներշնչի տղամարդկանց նկատմամբ, անկախ իր նախկին վիրավորանքներից, որոնք նա ստացել է ամուսնուց:

Երեքից վեց տարեկան հասակում աղջկան անհրաժեշտ է հոր ներկայությունը կամ գոնե նրա կերպարի ստեղծումը, որպեսզի նրա մեջ ձևավորվեն ռոմանտիկ կապվածության զգացմունքները: Ահա այստեղ նրան պետք է օգնի մայրիկը` ձևավորելով հոր դրական կերպարը:

Եթե աղջիկը հոր մասին շատ քիչ հիշողություններ ունի, նա, ինչպես և տղա երեխաները, ստեղծում է հոր կերպարն իրենց շրջապատող տղամարդկանց կերպարների հիման վրա:
Այդ տղամարդու կերպարը կարող է մեծ ազդեցություն ունենա երեխայի հետագա ամուսնու ընտրության և ընտանիքի ձևավորման վրա: Հենց դրա համար է անհրաժեշտ, որպեսզի մայրն օգնի երեխային տեսնել հոր լուսավոր ու ամենադրական կողմերը:

Շատ հաճախ ամուսնալուծված կանայք ապրում են իրենց ծնողների ընտանիքի հետ: Այդ պարագայում երեխա-հայր հարաբերություններում լավագույն դերը կարող է խաղալ պապիկը: