Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը: Այդ ընթացքում ավագ սերունդը կրտսեր սերնդին է փոխանցում իր գիտելիքները, հմտություններ է ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն կյանքի համար:
Սոցիալականացումը համարվում է «ինտերակտիվ» պրոցես, քանզի ենթադրում է նախևառաջ ավագ և կրտսեր սերունդների ներկայացուցիչների համագործակցություն ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված զանգվածային հաղորդակցման ձևով: Բացի այդ, սոցիալականացման ընթացքը ներառում է նաև անհատի զանազան կապերը հասակակիցների հետ, որոնց յուրօրինակ դասերը նույնպես նպաստում են հասարակության մեջ նրա մուտք գործելուն: Հենց այլ մարդկանց հետ պարբերաբար համագործակցության միջոցով են անհատի մեջ ձևավորվում սեփական համոզմունքները, բարոյական նորմերը, սովորությունները՝ այն ամենը, ինչն ապահովում է անձի եզակիությունը:
Գիտության մեջ կան մի քանի տարի հարաբերական մեկուսացման պայմաններում ապրած երեխաների դիտարկման տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ բնականոն ֆիզիկական և հոգևոր զարգացումն անհնար է առանց այլ մարդկանց հետ պարբերաբար շփվելու: Ներդաշնակ զարգացման համար երեխային անհրաժեշտ են սերտ փոխարաբերություններ առնվազն մեկ մեծահասակի հետ: Ամերիկացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մանկատանը մեծացած երեխաների մոտ հայտնաբերվել են լուրջ անձնային խնդիրներ: Նշվել է, որ կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում մանկատանն ապրող երեխաների զարգացումն էապես չի տարբերվում տանն ապրող երեխաների զարգացումից, սակայն դառնալով 2 տարեկան` մանկատանը դաստիարակված երեխաներից շատերն այնքան են հետ մնացել իրենց հասակակիցներից, որ նրանց կարելի էր տեղափոխել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների խումբ: Շատ հետազոտողներ նշում են, որ մանկատանը մեծացող երեխաների մոտ հետագայում առաջանում են մտածողության և հուզական ոլորտների խանգարումներ: Նրանք նաև ունենում են մտավոր զարգացման ցածր ցուցանիշներ, պակաս նախաձեռնող են և ավելի ագրեսիվ են այլ մարդկանց հանդեպ:
Այլ մարդկանց աջակցությունը կարևոր է նաև մեծահասակ մարդու համար: Հայտնի է, որ տևական մեկուսացումը կարող է առաջացնել դեպրեսիա, անհանգստություն, մտավոր ունակությունների կորուստ:
Սոցիալականացումը շարունակվում է անհատի ամբողջ կյանքի ընթացքում: Դա ենթադրում է անձի սոցիալական զարգացման շարունակականություն:
Կարելի է առանձնացնել սոցիալականացման 4 հիմնական փուլեր.
Սոցիալականացման առաջին տեսություններն այն դիտարկել են որպես երեխայի վրա հասարակության միակողմանի ազդեցության պրոցես, որի նպատակն է ձևավորել այնպիսի անձնավորություն, ով կկարողանա «ներծծվել» համապատասխան սոցիալական կառույցների մեջ:
Այդ տեսությունների հոգեբանական հիմքն է հանդիսանում կենդանի օրգանիզմների հարմարումը շրջապատող միջավայրին, այսինքն՝ նրա գոյության տարբեր պայմաններին: Եթե խոսում ենք անձնավորության մասին, ապա անհրաժեշտ է նշել և՛ նյութական, և՛ սոցիալական, և՛ հոգևոր միջավայրերի դերը՝ որպես հոգեկանի վրա ազդող գործոն:
Լ. Ս. Վիգոտսկին առաջ է քաշել հոգեբանության համար առավել կարևոր հոգեկան պրոցեսների հասկացման պատմական սկզբունքը: Ըստ այդմ` ժամանակակից չափահաս բարեկիրթ մարդու վարքն իրենից ներկայացնում է զարգացման երկու տարբեր պրոցեսների արդյունք՝ կենդանիների կենսաբանական էվոլյուցիա և մարդկության պատմական զարգացում, որի արդյունքում պարզունակ մարդը վերածվում է ժամանակակից բարեկիրթ մարդու:
Վիգոտսկու կարծիքով ֆիլոգենեզում այս երկու պրոցեսներն էլ ներկայացված են որպես զարգացման ինքնուրույն և անկախ գծեր: Օնտոգենեզում դրանք միաձուլված են, քանի որ երեխան անմիջապես ծնվելուց հետո հայտնվում է իրեն շրջապատող սոցիալական միջավայրի որոշակի ազդեցության տակ, ինչի ընթացքում շարունակվում է նաև նրա օրգանական զարգացումը:
Վիգոտսկու կարծիքով մարդկության զարգացման ընթացքում առաջանում և ձևավորվում են վարքի մշակութային ձևերը: Այդ ժամանակ յուրաքանչյուր տարիքային փուլի սկզբում առաջանում են տվյալ տարիքին հատուկ հարաբերություններ երեխայի և շրջապատող միջավայրի միջև: Այդ հարաբերությունները Վիգոտսկին անվանել է տվյալ տարիքում զարգացման սոցիալական իրավիճակներ:
Զարգացման սոցիալական իրավիճակը մեկնարկային կետ է բոլոր դինամիկ փոփոխությունների համար, որոնք տեղի են ունենում երեխայի զարգացման մեջ տվյալ տարիքային փուլի ընթացքում: Դա սահմանում է երեխայի զարգացման ձևերն ու ուղիները, որոնց հետևելու ընթացքում ձեռք են բերվում անձի նոր հատկանիշներ: Եվ այսպես, Վիգոտսկին եզրահանգում է, որ որևէ տարիքի ուսումնասիրության ժամանակ առաջնայինը հանդիսանում է զարգացման սոցիալական իրավիճակի պարզաբանումը:
Անձը սոցիալականացման յուրաքանչյուր փուլում ձեռք է բերում և յուրացնում է այս կամ այն սոցիալական դերը, ներգրավվում է նոր սոցիալական խմբերի մեջ, փորձում է կայանալ: Սոցիալական հասունությունը բնութագրվում է այն բանով, որ մարդն ընտրում է այս կամ այն աշխատանքը, որը համապատասխանում է նրա կրթությանը, մասնագիտացմանը, հետաքրքրություններին և աշխատաշուկայի պահանջներին: Իրավիճակի կամ անձնական հետաքրքրությունների փոփոխությունը ստիպում է մարդուն փնտրել նոր աշխատանք: Այդ պատճառով էլ այս փուլում այդքան կարևոր է աշխատանքային սոցիալականացումը:
Հասարակության մեջ մարդու կենսագործունեությունը ենթադրում է նաև նրա քաղաքական սոցիալականացում: Այդպես է անվանվում որոշակի քաղաքական համակարգի մեջ անձի ներգրավվածությունը: Այս պրոցեսն իրականացվում է քաղաքական սիմվոլների, կառույցների և իրադարձությունների մասին անձի ձեռք բերած տեղեկությունների միջոցով: Աճող սերունդը տվյալ տեղեկությունները յուրացնում է կրթական համակարգի, զանգվածային հաղորդակցության, քաղաքական կառույցների տարբեր ակցիաների օգնությամբ:
Աղբյուրը՝ Դ. Ա. Սիմոնով – Սոցիալական հոգեբանություն
Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։
Հնս 05 2023Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:
Փտր 04 2021