Դեպրեսիան լուրջ հիվանդություն է և հետևողական բուժում է պահանջում:
Մոլորություն 1
Յուրաքանչյուր մարդ կարող է ինքնուրույն հաղթահարել դեպրեսիան, եթե բավականաչափ կամքի ուժ ունի:
Այն ընդունված կարծրատիպերը, որ «եթե մարդն ավելի շատ ջանա, կհաղթահարի դեպրեսիան», կամ «ինչու մարդը չի դադարեցնում դա. չէ՞ որ կարող է», կարող են ավելի սրել արդեն իսկ բարդացած իրավիճակը:
Այսպիսի խոսքեր ասել այն մարդուն, ով դեպրեսիայի մեջ է, այնքան անիմաստ է, որքան օրինակ` երիկամներով հիվանդ մարդուն ասել, որ եթե նա ավելի մեծ կամք ցուցաբերի, կարող է կարգավորել երիկամների աշխատանքը:
Գիտակցումը, որ տվյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ համառությունն ու կամքի ուժը բացակայում են, կարող է էլ ավելի սրել սեփական անձի մասին բացասական մտքերը: Այսպիսի մոտեցումներն է՛լ ավելի են վատացնում մարդու վիճակը և խորացնում դեպրեսիան:
Անգամ այն մարդիկ, ովքեր չունեն դեպրեսիա, ունենում են ինքնաքննադատական մտքեր:
Յուրաքանչյուր մարդ կարող է նման մտքեր ունենալ, բայց այդ մտքերը գալիս-գնում են, և մարդը հիմնականում կարողանում է դրանք հաղթահարել: Ցավոք մարդը, ով տառապում է դեպրեսիայով, չի կարողանում հաղթահարել դրանք: Այդ բառերը, մտքերը անընդհատ պտտվում են նրա գլխում` «ես ծույլ եմ, ես ապուշ եմ, ես անհաջողակ եմ, ես անպետք և անհուսալի մարդ եմ»:
Սովորաբար դեպրեսիայով տառապող մարդը կարծես ազատ անկման մեջ է, գնում է այնտեղ, ուր տանում են զգացմունքերը: Այն մարդիկ, ովքեր դեպրեսիա չունեն, գիտեն, որ գլուխ բարձրացրած հույզերը վերջիվերջո խաղաղվում են, բայց դեպրեսիայով տառապող մարդու համար այդ վերելքներն ու վայրէջքները, զգացմունքների փոթորիկները նույնն են, ինչ մարդը նստի ինչ-որ ուղղությամբ ընթացող գնացք և չիմանա, թե որտեղ պետք է իջնի: Ցավոք այդ մարդը չի կարողանում իրեն ղեկավարել:
Դեպրեսիան հիվանդություն է, որն ազդում է անձի ֆիզիոլոգիական, սոցիալական և հոգեբանական ոլորտների վրա: Այն պետք է բուժել: Հաճախ այն դառնում է քրոնիկ վիճակ` սրացումներով և լուսավոր շրջաններով, և միայն կամքի ուժով այն չի կարող բուժվել:
Մոլորություն 2
Այդ ամենը միայն մարդու գլխում է:
Դեպրեսիան ոչ միշտ է մարդու հույզերի, մտքերի, զգացմունքների արդյունքը լինում: Իրականում այն կարող է առաջանալ առաջին հայացքից դրա հետ կապ չունեցող որևէ ֆիզիոլոգիական խանգարումից:
Մոլորություն 3
Դեպրեսիան այն է, ինչից ամաչում ենք։
Շատերը համոզված են, որ դեպրեսիան խելագարության տեսակ է, և այդ համոզմունքը ծնում է ամոթի զգացում:
Ամոթը ախտանշան է, որը հաճախ առկա է դեպրեսիայի ժամանակ, բայց դեպրեսիան բոլորովին էլ այն չէ, ինչից պետք է ամաչել: Դեպրեսիան բարոյական տեսանկյուն չէ, որը մարդն ընդունում է և հետո պետք է ամաչի դրանից:
Ցավոք մարդը, ով տառապում է դեպրեսիայով, ինքն էլ կարող է հաճախ մտածել, զգալ և նույնիսկ հավատալ, որ ինքը խելագարվում է: Երբ ամոթի զգացմանն ավելանում է նաև խելագարի պիտակը, իրավիճակն է՛լ ավելի անկառավարելի է դառնում:
Հարազատ մարդու դերը դեպրեսիայով տառապող մարդու համախոհն ու աջակիցը լինելն է, նա պետք է կարողանա համոզել սիրելիին, որ նրա ամենավատ մտքերն իրականություն չեն դառնալու, ինչպես նաև պետք է լինի նրա կողքին մինչև բուժման ավարտը:
Մոլորություն 4
Եթե մարդը դեպրեսիայի մեջ է, նա չի կարող աշխատել:
Կրկին սխալ է: Մարդը կարող է դեպրեսիայի մեջ լինել, բայց գործել: Մարդկանց մեծամասնությունը, ովքեր տառապում են դեպրեսիայով և բուժվում են (հոգեթերապիա և բժշկական համատեղ բուժում), նորմալ կյանք են վարում: Նրանք կատարում են ընտանեկան պարտականությունները: Դա հոգեբանական և բժշկական միջամտության հրաշքն է: Մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով և բուժվում են, աշխատում են այն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նման, ով խաղի ժամանակ վնասվածք է ստանում, բայց շարունակում է խաղալ: Նրանք ուղղակի հաղթահարում են իրենց ծանր հոգեվիճակը, և նրանց համար յուրաքանչյուր օրը մի փոքրիկ հաղթանակ է:
Մոլորություն 5
Հոգեթերապիան արդյունավետ չէ:
Հոգեթերապիան դեպրեսիայի բուժման դեպքում շատ արդյունավետ է և մեծ օգուտ է տալիս: Այն բարձրացնում է մարդու գործունեության արդյունավետությունը և բարելավում կյանքի որակը: Շատերը նշում են, որ հոգեթերապիան նմանատիպ արդյունավետությամբ աշխատում է և´ դեղերի ընդունման հետ միաժամանակ, և´ առանց դրանց: Այնուամենայնիվ, երբեմն միայն հոգեթերապիան բավական չէ:
Մոլորություն 6
Դեղերը ստիպում են հարմարվել կամ ամենաքիչը կախվածություն են առաջացնում:
Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ եթե արդեն սկսել են դեղեր օգտագործել, ապա պետք է շարունակեն օգտագործել ամբողջ կյանքի ընթացքում: Կախվածությունը նշանակում է, որ ամբողջական արդյունք ստանալու համար մարդուց պահանջվում է անընդհատ ավելացնել դեղերի չափաբաժինը: Այս կարծիքի հիմքում ընկած է գերդոզավորման վախը: Այս իրավիճակներից ոչ մեկը բնորոշ չէ այսօրվա ժամանակակից դեղերին, որոնք օգտագործվում են դեպրեսիայի բուժման համար:
Այդուհանդերձ, ճիշտ է նաև այն, որ մարդուն, ով շատ ուժեղ դեպրեսիա է տարել, դեղերը կարող են պետք գալ ամբողջ կյանքի ընթացքում:
Մոլորություն 7
Դեպրեսիան միանման է բոլորի համար:
«Դեպրեսիան» մոդայիկ տերմին է, որով շատ հաճախ անվանում են ամենատարբեր խնդիրները կամ իրավիճակները` ամենափոքր տխրությունից, որը կարող է առաջանալ օրինակ սիրեցյալին կորցնելու արդյունքում, մինչև ինքնաոչնչացման, ինքնասպանության հասնող վիճակներ:
Դեպրեսիան առանձին չարիք չէ: Այն կարող է լինել`
- Այլ խնդիրերի արդյունք` ներառյալ ալկոհոլ ընդունելու սովորությունն ու հարբեցողությունը:
- Կապված կոնկրետ իրադրության հետ, ինչպես` Պարկինսոնի հիվանդությունը, ուշադրության պարզ խանգարումը, վահանագեղձի ֆունկցիոնալ անբավարարությունը, հեպատիտը, արթրիտները, գլխուղեղի բարորակ ուռուցքը, քաղցկեղի որոշ դեպքերը և դրանց բուժումը, նախադաշտանային համախտանիշը, ինչպես նաև երեխայի ծնունդը:
- Որոշ վարակների ախտանշան, օրինակ` մոնոնուկլեոզ, Էպշտեյն-Բառռայի համախտանիշ, խրոնիկական հոգնածության համախտանիշ, ՁԻԱՀ նաև հարբուխ:
- Դեղորայքի, օրինակ` հակաբեղմնավորիչ դեղահաբերի, արյան ճնշումն իջեցնող որոշ դեղամիջոցների, ինչպես նաև կորտիզոնի վնասող ազդեցությունը:
Դեպրեսիան կարող է դրսևորվել տարբեր ձևերով
- Խոր մելանխոլիա
- Հոռետեսություն
- Զայրույթ
- Հոգնածություն
- Տագնապայնություն
- Մարսողական համակարգի խանգարում
- Կպչուն վարք կամ անհաղթահարելի սովորույթներ, օրինակ` խաղամոլություն, սեքսուալ հակումներ կամ հարբեցողություն,
- Անգիտակցական դրդապատճառներ երեխաների և դեռահասների մոտ
Կարևոր է հիշել, որ մինչև մարդուն ասելը, թե ինչ պետք է անի դեպրեսիան հաղթահարելու համար, պետք է հասկանալ` ինչ հոգեբանական, սոցիալական, կենսաբանական և գենետիկական տարրեր կան դրա հիմքում և ինչպիսի բուժում է այն պահանջում:
Մոլորություն 8
Քիմիական նյութերի չարաշահումն ու դեպրեսիան իրար հետ ոչ մի կապ չունեն։
Հակառակը: Տարբեր նյութերի չարաշահումն ու դեպրեսիան ամուր կապված են միմյանց: Շատ թմրամոլներ և հարբեցողներ իրականում փորձում են իրենց դեպրեսիայի ինքնաբուժությամբ զբաղվել, երբ թմրանյութ են ընդունում կամ խմում են: Դա խնդրի միայն ժամանակավոր լուծում է: Օրինակ ալկոհոլը մարդուն հնարավորություն է տալիս որոշ ժամանակ թեթևություն զգալ: Այն ազատում է մարդուն ներքին կապանքներից, բայց միևնույն ժամանակ դեպրեսիա ծնող գործոն է հանդիսանում: Թմրանյութերը, ինչպիսիք են օրինակ՝ կոկաինը կամ կոդեինը, կարող են շատ լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:
М. Голант, С. Голант,
“Если тот, кого вы любите в депрессии…”