Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։ Այն իր մեջ ներառում է մարդու կարծրատիպերը սննդի հետ կապված, սնվելու սովորությունները սովորական և սթրեսային պայմաններում, սննդի հետ կապված հույզերը և նույնիսկ սեփական մարմնի վերաբերյալ պատկերացումները։ Երբ մարդը հարմոնիայի մեջ է ինքն իր ու իր մարմնի հետ, սննդային վարքագիծը նույնպես ոչ մի կերպ ուշադրություն չի գրավում․ մարդը ապրում է և սնվում նույնպես, ինչպես շնչում է, արտաշնչում, քայլում, նստում, քնում և արթնանում, այսինքն՝ ըստ ֆիզիոլոգիական պահանջների։ Երբ սննդային վարքագիծը սկսում է անհանգստացնել, այն անվանում են դեվիանտ՝ շեղվող։ Պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սկսած այն բանից, թե ինչ դեր ու տեղ է մարդու կյանքում զբաղեցնում սնունդը, վերջացրած սննդի անհամաչափ քանակով և անհամապատասխան որակով։
Ընդունված է համարել, որ սննդային վարքագծի խանգարման ամենատարածված տեսակները նյարդային անորեքսիան և նյարդային բուլիմիան են։ Այս հոդվածում մի փոքր կխոսենք նյարդային անորեքսիայի մասին, սննդային վարքագծի մյուս խանգարումների մասին հնարավորություն կունենաք կարդալ մեր մյուս հոդվածներում։
Նյարդային անորեքսիայի դեպքում մարդը տարված է լինում նիհարելու գաղափարով այն աստիճան, որ նույնիսկ շատ կիլոգրամներ կորցնելուց հետո չի կարողանում կանգ առնել, շարունակում է ապրել սննդի ընդունման շատ խիստ սահմանափակումներով, միևնույն ժամանակ մշտապես գեր է իրեն զգում և ընկալում, հաճախ դիմում է լուծողականների և փսխումների օգնությանը։ Զուգահեռ դիտվում են մի շարք այնպիսի սիմպտոմներ, ինչպիսիք են անքնությունը, դաշտանի բացակայությունը, նյարդային լարվածությունը, միջանձնային հարաբերությունների վատթարացումը, աշխատունակության կտրուկ անկումը, հաճախ՝ իրականության խեղաթյուրված ընկալումը։ Ու թեև նախկինում համարվում էր, թե անորեքսիան հիմնականում դեռահաս աղջիկներին վերաբերվող սննդային վարքագծի շեղում է, այսօր արդեն հաստատված փաստ է, որ վերջինս կարող է նույն հաջողությամբ նկատվել ինչպես ավելի ցածր, այնպես էլ ավելի հասուն տարիքում, իսկ 5-10% դեպքերում՝ նաև տղամարդկանց մոտ։ Ընդհանուր առմամբ մարդկության մեջ անորեքսիայի տարածվածությունը կազմում է մոտ 1%։ Սննդային վարքագծի բոլոր տեսակի խանգարումների մահացությունը կազմում է 6%, որի մի մեծ չափաբաժին իր վրա է վերցնում հենց նյարդային անորեքսիան։ Բացի ֆիզիոլոգիական անդառնալի փոփոխություններից, որոնցով զուգակցվում է զարգացող անորեքսիան և որոնք ի վերջո մի շարք դեպքերում բերում են մահվան, մեծ է նաև ինքնասպանությունների տոկոսը։ Սա ևս մեկ պատճառ է, հնարավորինիս վաղ փուլերում դիմել համապատասխան մասնագետների։
Թերապիան իդեալական տարբերակում իրականացվում է միաժամանակ մի քանի մասնագետների՝ բժիշկների, հոգեբանների, երբեմն նույնիսկ հոգեբույժների հսկողության տակ։ Որոշ դեպքերում բուժման նախնական փուլերում անհրաժեշտ է լինում նույնիսկ հոսպիտալիզացիա։ Որքան ավելի վաղ շրջանում է մարդն իրեն անհանգստացնող սիմպտոմատիկայով դիմում հոգեբանի, այնքան ավելի մեծ է հավանակությունը՝ հետագայում նման բարդացումներից խուսափելու։
Մնացե՛ք առողջ, եղե՛ք զգոն Ձեր և Ձեր մտերիմների հանդեպ։
Հեղինակ՝ հոգեբան Էստեռ Բաբաջանյան
Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի:
Սպտ 14 2023