«Յուրաքանչյուր դաստիարակության վերջնական նպատակը ինքնուրույնության դաստիարակումն է ինքնագործունեության միջոցով:»
Ա. Դիստերվեգ
«Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխաների մեջ սկսեք սպանել չարաճճիներին»:
Ժ.Ժակ Ռուսսո
Ինքնուրույնությունն անձի ընդհանրացված հատկություն է, որը դրսևորվում է նախաձեռնողականության, քննադատականության, համապատասխան ինքնագնահատականի և սեփական վարքի ու գործողությունների համար պատասխանատվության զգացման մեջ:
Մ. Մոնտեսորին կարծում է, որ երեխային պետք է անընդհատ սովորեցնել, թե ինչպես նա ցանկացած գործողություն կարողանա կատարել ինքնուրույն: Նա ասում է, որ կարգապահությունն ազատության մեջ է, և կարգապահությունը ևս պետք է լինի ակտիվ ու գործուն: Երբ երեխային սովորեցնում ենք շարժվել, գործել, մտածել մենք երեխային պատրաստում ենք կյանքին, երբ սովորեցնում ենք, թե ինչպես նստել անշարժ և լսել ուսուցչին, մենք երեխային պատրաստում ենք դպրոցին: Սա տեսակետ է, որը դժվար է ընկալվում ավանդական դպրոցի ներկայացուցիչների կողմից: Ինչպե՞ս կարգապահության հասնել ազատ երեխաների դասարանում: Սովորաբար մենք երեխային համարում ենք կարգապահ, երբ նա լռակյաց և կաշկանդված է լինում, այն դեպքում, երբ ըստ Մոնտեսորիի դա կործանված անձ է, այլ ոչ կարգապահ: Նա մարդուն անվանում է կարգապահ, եթե նա տիրապետում է ինքն իրեն, կարողանում է կազմակերպել իր վարքն ու գործունեությունը համապատասխան հասարակական և մարդկային տարբեր իրավիճակների ու կանոնների: Երեխայի ազատության սահմանը պետք է լինի կոլեկտիվ շահը, իսկ ձևը պետք է լինի նրա դաստիարակությունը: Բնականաբար մենք պետք է երեխայի մեջ ճնշենք և աշխատենք վերացնել այն ամենը, ինչ վնասում է հասարակությանը, վիրավորում է ուրիշների արժանապատվությունը: Իսկ մնացած բոլոր դրսևորումները, որոնք ունեն դրական ուղղվածություն, պետք է խրախուսվեն և գտնվեն դաստիարակչական աշխատանքների կենտրոնում:
Մարդը չի կարող ազատ լինել, եթե նա ինքնուրույն չէ: Փոքր երեխաները սկսում են ինքուրույնություն պահանջել սկսած շատ փոքր հասակից, այսինքն դա երեխայի բնական պահանջմունքն է և գոյատևման կարևոր պայմանը: Յուրաքանչյուր մասնագիտական մանկավարժական մոտեցում այս կամ այն կերպ պետք է նպաստի երեխայի ինքնուրույնության զարգացմանը:
Շատ հաճախ մենք ծառայում ենք երեխաներին` ցանկանալով կյանքը նրանց համար առավել հարմարավետ դարձնել կամ արդարացնել մեր լավ ծնող լինելու պատկերացումը, սակայն դրանով ուղղակիորեն ճնշում ենք երեխայի ինքնուրույնությունը և խանգարում հասունացմանը:
Յուրաքանչյուրին հայտնի է, որ երեխային սովորեցնել գդալից օգտվել, ինքնուրույն ուտել, լվացվել և խնամել ինքն իրեն ավելի բարդ է, քան այդ բոլորը նրա փոխարեն արագ անելը: Ահա այս է երեխաներին ինքնուրույնությունից զրկող ամենամեծ գործոնն ու դրդապատճառը:
Լ. Ս. Վիգոտսկին առաջ է քաշում երեխայի զարգացման մերձավոր գոտու գաղափարը և նշում է, որ միայն այն դեպքում, երբ ուսուցումը մեկ քայլ առաջ է երեխայի զարգացման ներկա մակարդակից, այն կարող է զարգացնող լինել: Ինչպե՞ս է այս տեսակետն առնչվում ինքնուրույնության հետ: Վիգոտսկին ասում է, որ երեխայի յուրաքանչյուր տարիքային փուլում կա գործողությունների շրջանակ, որ նա կարողանում է կատարել ինքնուրույն: Այս շրջանակից դուրս կա ևս մի շրջանակ, որ երեխան կարողանում է կատարել միայն մեծահասակի օգնությամբ, իսկ դրանից դուրս այն բոլոր գործողություններն են, որոնք երեխան առհասարակ չի կարողանում կատարել այս տարիքում: Յուրաքանչյուր տարիքային փուլ անցնելիս երեխան մեկ քայլ է անում առաջ, և այդ քայլը լինում է այն, որ նա կարողանում է ինքնուրույն կատարել այն, ինչ նախորդ փուլում կատարում էր մեծահասակի օգնությամբ:
Երբ երեխայի զարգացման ընթացքում մենք օգնում ենք նրան կատարել այն, ինչ նա չի կարողանում ինքնուրույն անել, ապա ապագայում նա այդ գործողությունը կարողանում է կատարել ինքնուրույն, առանց մեր օգնության: Ապագայում առաջանում են նոր գործողություններ, որոնցում երեխան ունենում է մեր օգնության կարիքը: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ Վիգոտսկին ասում է օգնել, այլ ոչ կատարել երեխայի փոխարեն: Այս տեսակետի վրա է հենվում ինքնուրույնության զարգացման և ձևավորման մանկավարժական աշխատանքը: Այս գործընթացը պահանջում է երեխայի կարողությունների, տարիքային առանձնահատկությունների իմացություն: Ցանկացած փուլում երեխան կարող է բողոքել, ասել, որ չի կարողանում այս կամ այն գործն անել: Մեծահասակը հստակ պետք է իմանա արդյոք երեխան ծուլանո՞ւմ է, թե՞ իսկապես չի կարողանում: Ըստ այդմ` պետք է և’ երեխային ճանաչել, և’ իմանալ այդ տարիքի առանձնահատկությունները: Պետք է հիշել, որ ոչինչ պետք չէ անել երեխայի փոխարեն, միայն պետք է աջակցող, սատարող օգնություն ցույց տալ կոնկրետ գործողություններ կատարելիս: Անընդհատ խրախուսել է պետք երեխայի ինքնուրույն գործողությունները:
Վիգոտսկին նշում է, որ բացի երեխայի զարգացման տարիքային մակարդակից, կա նաև երեխայի զարգացման իրական մակարդակ, որն այն բոլոր կարողություններն ու հմտություններն են, որ երեխան ունի իր տարիքային մակարդակի սահմաններում: Այն բոլոր կարողությունները, որ երեխան արդեն ունի, իր երեկվա զարգացման և ուսուցման արդյունքներն են, այն պտուղները, որոնք հասել են արդեն: Կան պտուղներ, որոնք հասունացման ընթացքի մեջ են: Դրանք ցույց են տալիս երեխայի կարողությունների և հմտությունների զարգացման վաղվա իրավիճակը: Ահա այս հասունացող և զարգացող կարողությունների և հմտությունների ոլորտում էլ զարգացնում ենք երեխայի ինքնուրույնությունը:
Առաքել Բահաթրյանը (1848-1883), եվրոպական և ռուսական առաջավոր մտքի ազդեցությամբ կրթված, սակայն ողջ էությամբ ազգային մտածելակերպով, ժամանակակից հումանիստական ու ժողովրդավար հայացքներով աչքի ընկնող մանկավարժ էր: Նրա «Համառոտ գործնական հոգեբանություն» աշխատությունը երկար ժամանակ մանկավարժական հոգեբանության միակ ձեռնարկն էր ուսուցիչների ձեռքին: Իսկ «Ուղեցույց հայ ուսուցչի, ընդհանուր մեթոդիկա և առաջին տարվա մշակությունը» մանկավարժական երկում Բահաթրյանն աչքի է ընկնում աշակերտի ինքնագործունեության զարգացմանն ուղղված խորհուրդներով: «Ուսուցիչը միշտ պիտի աշխատէ զարգացնել աշակերտի ինքնագործունեությունը. նա երբեք չպիտի ինքը գործէ, ինքը ասէ, ինքը նկարէ կամ գրէ այն, ինչ որ կարող է անել և աշակերտը»: Բահաթրյանը անթույլատրելի է համարում այն գաղափարների ուսուցանումը, որոնք դժվար ընկալելի են երեխաների համար, որոնք նրանք դժվարությամբ են արտաբերում, նշանակում է և բովանդակությունը չեն հասկանում: Կարծում է, որ պետք է հետ գնալ և բացատրել բովանդակությունը. «…եթե աշակերտը դժուարանում է բերան առնել` դա նշան է, որ նա բովանդակութիւնը լավ չի ըմբռնել, ուստի և հարկաւոր է իւրացուցանել տալ նախ և առաջ բովանդակութիւնը…»:
Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:
Սպտ 21 2023