Տղաների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ՝ քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում ենհասուն տարիքում հասնելով նվազագույնի:

Տղաների հասունացման շրջանը միջինում սկսվում է 10-14 տարեկանում: Բուռն աճը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում: Մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, ինչը խթանում է այդ տարիքում դեմքի, ճակատի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացմանը: Նկատելիորեն ավելանում են քաշը և հասակը, ուսերը լայնանում են, մեծանում է կրծքի շրջագիծը, զարգանում են մկանները, դեմքին, ցայլքին և թևատակերում՝ անութային փոսերում, նկատվում է մազերի աճ, թևերի և ոտքերի մազածածկը խտանում է, մազեր են հայտնվում կրծքավանդակին, ձայնը կոշտանում է, պարանոցի վրա առավել արտահայտվում է «ադամախնձորը»: Մեծանում են սեռական օրգանները: Այս շրջանում է լինում առաջին երազախաբությունը, որն արտահայտվում է քնած ժամանակ էրոտիկ բնույթի երազներ տեսնելով:

Առնանդամի և ամորձիների մեծացումը սկսվում է 11 տարեկանից և, որպես կանոն, ավարտվում է 17-18 տարեկանում: Երբեմն սեռական հասունացման շրջանում նկատվում է սեռական օրգանների թերզարգացում: Դա կարող է լինել վաղ մանկական հասակում կրած հիվանդությունների, ճառագայթահարման, վնասվածքների հետևանք, ինչպես նաև բնածին: Այդ դեպքում ամորձիներում չեն արտադրվում անհրաժեշտ հորմոններ, սերմնաբջիջների քանակը կամ որակն անբավարար է:

Տղաների գրեթե 5%-ը ծնվում է ամորձիների որևէ անկանոնությամբ, օրինակ բացակայում է մեկ ամորձին: Նման դեպքերում ինչքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան ավելի արդյունավետ կլինի շտկումը:

Լ. Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
Ուսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)

Կարդացեք նաև

Դեռահասներ

Աղջիկների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:

Օգս 25 2023
Դեռահասներ

Այս հակասական դեռահասները

Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները:

Օգս 07 2023
Դեռահասներ

Հորինված հարաբերությունները դեռահասության շրջանում

Մյս 23 2023