Աղջիկների սեռական հասունացումը

Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր: Այդ փոփոխությունները մի դեռահասի մոտ կարող են ավելի վաղ սկսվել, մյուսի մոտ` քիչ ավելի ուշ: Մանկության ու դեռահասության շրջանում աճը և զարգացումն ավելի ինտենսիվ են, այնուհետև դանդաղում են` հասուն տարիքում հասնելով նվազագույնի:

Աղջիկների հասունացման շրջանը սկսվում է 8-12 տարեկանում, ավարտվում` 16-ում կամ ավելի ուշ: Սեռական հասունացման շրջանում աղջիկների օրգանիզմում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Այսպես, արդեն 11-12 տարեկանում աղջիկների պտուկների տակ հայտնվում են կոճականման կոշտուկներ: Այնուհետև կուրծքն աստիճանաբար մեծանում է` 13-14 տարեկանում ձևավորված տեսք ստանալով: Կուրծքը կարևոր օրգան է: Նրանում են գտնվում կաթնագեղձերը, որոնք կաթ են արտադրում նորածնին կերակրելու համար:

Սեռական հասունացման շրջանում զարգանում են նաև կոնքագոտու ոսկրերը: Տեղի է ունենում աճի թռիչք` քաշի և հասակի զգալի ավելացում, ձայնն աստիճանաբար նրբանում է: Ցայլքի շրջանում և թևատակին հայտնվում են մազեր, մազակալումը սովորաբար ավարտվում է 15-16 տարեկանում: Սեռական հասունացման շրջանում զարգանում են քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, մարմինը սկսում է ավելի շատ քրտնել, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ:

Աղջիկների սեռական հասունացման կարևոր իրադարձություններից է առաջին դաշտանը: Դա արյունային արտադրություն է հեշտոցից, և դեռահասները պետք է իմանան, որ այն բնական երևույթ է: Որոշ դեպքերում դաշտանից առաջ կամ դրա ընթացքում կարող են ծակոցներ կամ թույլ ցավեր լինել որովայնի ստորին հատվածներում: Մեծ մասամբ դրանք բնական զգացողություններ են:

Դաշտանը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում, բայց երբեմն կարող է սկսվել ավելի վաղ` 9 տարեկանում կամ ավելի ուշ` 16 տարեկանում: 16 տարեկանից բարձր տարիքում դաշտանի բացակայության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Մի դաշտանի առաջին օրից մինչև հաջորդի առաջին օրն ընկած ժամանակաշրջանը կոչվում է դաշտանային պարբերաշրջան: Այն սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, սակայն բնականոն են համարվում նաև 21-ից 35-օրյա պարբերաշրջանները: Եթե պարբերաշրջանը տևում է 21 օրից ավելի քիչ կամ 35 օրից երկար, պետք է դիմել բժշկի: Դաշտանը սովորաբար տևում է երկուսից մինչև յոթ օր:

Առաջին դաշտանները կարող են անկանոն լինել: Մինչև պարբերաշրջանի կանոնավորվելը երբեմն երկու տարի է տևում: Որոշ դեպքերում դրանք այդպես էլ անկանոն են մնում և նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի:

Դաշտանը սկսվելուց հետո ևս աղջիկների մարմինը շարունակում է ձևավորվել: Դաշտանի սկիզբը նշանակում է, որ ձվարաններում սկսում են զարգանալ և արտազատվել ձվաբջիջներ, այսինքն սեռական հարաբերություն ունենալու դեպքում աղջիկն արդեն կարող է հղիանալ:

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
Ուսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)

Սթրեսը և դեպրեսիան

Սթրեսը կարող է դեպրեսիվ վիճակ առաջ բերել: Դա կապված է այն բանի հետ, որ սթրեսի ժամանակ օրգանիզմը ծախսում է իր պահուստային ուժերը, իսկ հետսթրեսային վիճակում կարիք ունենում վերականգնվելու: Այդ պատճառով որոշակի ընկճվածությունը, նեղվածությունն ու որևէ բան անելու ցանկության բացակայությունը սթրեսի շատ օրինաչափ հետևանքներն են: Նման հույզերը սահմանափակում են օրգանիզմի հետագա գործունեությունը, ինչն օրգանիզմին արագ վերականգնվելու հնարավորություն է տալիս: Նորմայում այս վիճակը շատ ուժեղ արտահայտված չի լինում, կարճ է տևում և հանգստից հետո անցնում է:

Շատ երկարատև կամ ուժեղ սթրեսը կարող է հանգեցնել կլինիկական նշանակություն ունեցող դեպրեսիայի, որը պահանջում է մասնագիտական աջակցություն, հոգեբանի կամ հոգեբույժի խորհրդատվություն:

Ինչպես տարբերել ինքն իրեն անցնող հետսթրեսային դեպրեսիան պաթոլոգիկ, դեղորայքային կամ հոգեթերապևտիկ, մասնագիտական միջամտություն պահանջող դեպրեսիայից:

Դա կարելի է անել հետևյալ 10 հարցերի միջոցով:

  1. Դուք ճնշվածություն, ընկճվածություն և թախի՞ծ եք զգում:      
  2. Կորցրե՞լ եք արդյոք նախկինում ձեզ ուրախացնող զբաղմունքներից (աշխատանք, հետաքրքրություններ, ընթերցանություն և այլն) հաճույք ստանալու ունակությունը: 
  3. Անընդհատ հոգնածության և էներգիայի կորստի զգացողությու՞ն եք ունենում:         
  4. Ինքնագնահատականի և վստահության անկու՞մ եք նկատում:
  5. Մեղքի զգացում ունե՞ք ուրիշների նկատմամբ:      
  6. Ունենո՞ւմ եք այնպիսի մտքեր, որ կյանքը ձեզ համար այլևս արժեք չունի:
  7. Դժվարություն ունենո՞ւմ եք ուշադրությունը կենտրոնացնելիս և որոշումներ կայացնելիս:
  8. Դժգոհո՞ւմ եք արդյոք անհանգստությունից, կամ հակառակը, ընդհանուր արգելակվածության զգացումից:         
  9. Տառապո՞ւմ եք անքնությունից, կամ հակառակը, քնո՞ւմ եք ավելի երկար, քան սովորաբար:
  10. Նկատո՞ւմ եք արդյոք ախորժակի, քաշի ավելացում կամ նվազում:          

Եթե դուք դրական եք պատասխանել ցանկացած երկու հարցի առաջին երեքից, ընդհանուր դրական պատասխանների թիվը 4 է կամ ավել, այդ ախտանշանները կապված չեն սոմատիկ հիվանդությունների հետ, և դուք նկատում եք դրանք երկու և ավել շաբաթների ընթացքում` դեպրեսիայի ախտորոշման հավանականությունը շատ մեծ է: Այս պարագայում ավելի ճիշտ կլիներ դիմել հոգեբանի կամ բժշկի` ախտորոշումը հստակեցնելու և արդյունավետ բուժում սկսելու համար:

Անհանգստացեք, եթե երեխան… (1-3 տ.)

1-3 տարեկանում բուռն զարգացում է ապրում երեխայի ոչ միայն հենաշարժողական համակարգը, այլև հոգեկան գործընթացները, սոցիալական հմտությունները: Երեխան ֆիզիկապես մեծանում և առավել ինքնուրույն է դառնում այս տարիքում: Այդ պատճառով, ծնողներին խորհուրդ է տրվում, անհանգստանալ, եթե երեխան`

  • Կանգնելու համար ինքը ջանք չի գործադրում:
  • Նույնիսկ 15 ամսականում կարճատև չի կարողանում կանգնել:
  • 17 ամսականում բռնվելով չի քայլում:
  • 18 ամսականում չի փորձում բարձրանալ աթոռների կամ այլ կահույքի վրա:
  • Բացի լացից այլ ձևով չի փորձում հասկացնել իր կարիքների մասին (օրինակ` երկհնչյուններ արտաբերելով և այլն):
  • Գլխի շարժումով չի արտահայտում «այո» կամ «ոչ»:
  • 18-20 ամսականում դեռևս ոչ մի բառ չի ասում:
  • 21-23 ամսականում դեռևս առանց օգնության չի քայլում:
  • 24 ամսականում չի փորձում լայն քայլերով վազել, իսկ քայլելիս հաճախ է ընկնում:
  • Չի խաղում ուրիշ երեխաների հետ:
  • 24 ամսականում չի խզբզում մատիտով, 2.5 տարեկանում դեռևս չի բռնում մատիտը:
  • Հասկանալով չի ասում «մամա», «պապա»:
  • Չի կարողանում լավ ծամել ու կուլ տալ կիսապինդ կերակուրը:
  • 2.5 տարեկանում մի ձեռքով բռնած աստիճաններով չի բարձրանում:
  • 2.5 տարեկանում ակնհայտորեն օգտագործում է միայն մեկ ձեռքը` աջը կամ ձախը:
  • 2.5 տարեկանում դեռևս ինքնուրույն չի օգտվում բաժակից:
  • 2.5 տարեկանում անտարբեր է երեխաների նկատմամբ:
  • 2.5-3 տարեկանում նետում է գնդակը, բայց հայացքով չի հետևում:
  • 2.5-3 տարեկանում չի ասում 2 բառից կազմված նախադասություն:

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ

• Ի՞նչ անել, որ երեխան սիրով գնա դպրոց, հեշտությամբ սովորի, լավ աշակերտ լինի։ 

• Կա՞ արդյոք չափանիշ, որը թույլ կտա գնահատել երեխայի պատրաստվածությունը դպրոցական կյանքին։

Բազում ծնողներ կարծում են, որ այդ չափանիշը նախնական գիտելիքն է՝ գրել, կարդալ իմանալ, բանաստեղծություններ ասել, հաշվարկներ անել։ Եվ որ այս ամենը թույլ կտա հեշտ կհարմարվել ուսումնառությանը։

Սակայն սա բավարար չէ ադապտացվելու համար։ Գիտելիքով զինված բազմաթիվ երեխաներ հենց առաջին ամիսներին կարող են անտարբերություն ցուցաբերել, խախտել կանոններ, բացասական խոսել դպրոցի մասին և, ի վերջո, հրաժարվել դպրոց գնալ։ 

Այս ամենի պատճառներից մեկը երեխայի ոչ բավարար հոգեբանական պատրաստվածությունն է դպրոցին: 

Այն համալիր ցուցանիշ է և մի քանի բաղադրիչ է ներառում։ 

Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը։ 

1. ԱՆՁՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ 

Այսինքն, ինքնուրույնություն, ինքնակազմակերպվածություն, գիտելիք յուրացնելու ցանկություն, հետաքրքրություն ուսման նկատմամբ և այլն։ 

Այն ներառում է պատրաստվածության հետևյալ տեսակները՝

• սոցիալական՝ հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցվելու կարողություն,

• մոտիվացիոն՝ սովորելու ցանկություն, 

• հուզական՝ դրական վերաբերմունք սեփական անձի, այլ երեխաների, ուսուցիչների, դպրոցական կյանքի նկատմամբ։

Սոցիալական պատրաստվածությունը երեխայի կողմից իր՝ աշակերտի նոր դերի ընդունումն է, որը զգալիորեն տարբերվում է նախադպրոցական տարիքում հասարակության մեջ իր զբաղեցրած դիրքից։ Այդ նոր դերից երեխան պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորի դպրոցի, ուսումնառության, ուսուցչի, հասակակիցների, հարազատների և ինքն իր նկատմամբ։ 

Այս առումով երեխայից ակնկալվում է՝

— հասակակիցների հետ հաղորդակցման և համագործակցության հմտություններ, 

— ադեկվատ ինքնագնահատական, այսինքն՝ ինքն իրեն և իր վարքը ճիշտ գնահատելու կարողություն։ 

Մոտիվացիոն պատրաստվածության մասին խոսելիս նկատի ունենք ճանաչողական հետաքրքրությունը. երեխային պետք է հետաքրքրի նոր բան իմանալը։ Քանզի դպրոցական նյութը երբեմն անհետաքրքիր է երեխային, անհրաժեշտ է մոտիվ՝ որոշակի «անհետաքրքիր», բարդ, հոգնեցնող նյութերը սովորել կարողանալու համար։ 

Ճանաչողական մոտիվը երեխայի մեջ կա ի ծնե. շատ կարևոր է բավարարել այն՝ 

— պատասխանելով «ինչուիկ» հարցերին, 

— զարգացնող խաղեր խաղալով, 

— խրախուսելով ցուցաբերած հետաքրքրությունը, սկսած գործն ավարտի հասցնելը՝ դրանով բարձրացնելով երեխայի ինքնագնահատականը, 

— խթանելով դժվարություն հաղթահարելու ձգտումը։ 

Մեծահասակի կողմից այս ամենի ապահովումը քիչ-քիչ ձևավորում է ուսումնական մոտիվացիան։

2․ ՀՈՒԶԱԿԱՄԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻՆ

Հուզական պատրաստվածությունն ուսման, ընկերների, ուսուցչի, դպրոցի նկատմամբ դրական հուզական վերաբերմունքն է։ 

Ծնողի դերն այստեղ մեծ է՝

— սովորեցնել երեխային հետևել կանոններին, 

— նպաստել, որ երեխան հաճախակի խաղա կանոններով խաղեր,

— առաջարկի այնպիսի դերային խաղեր, որտեղ ինքը կլինի աշակերտի դերում և կհետևի որոշակի կանոնների։ 

Եթե ծնողի մոտ ստացվի ցույց տալ իր դրական մոտեցումը դպրոցի, ուսման նկատմամբ, ապաերեխայի մոտ դրական հուզական վերաբերմունք կստեղծվի։

Կամային պատրաստվածությունը կամային ճիգեր գործադրելու կարողությունն է։ Այսինքն՝ 

— երեխան պետք է կարողանա ղեկավարել իր վարքը, 

— ուշադրությունը կենտրոնացած պահել ոչ այնքան հաճելի գործողության վրա, 

— կարողանա հետևել դպրոցական ռեժիմին, կանոններին, 

— կատարի հանձնարարությունները, 

— աշխատի պահանջներին ու օրինակին համապատասխան և այլն։ 

3․ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻՆ

Սա մտավոր գործընթացների (ուշադրություն, հիշողություն, մտածողություն) զարգացման անհրաժեշտ մակարդակն է։ 

Մտածողության գործընթացներից կարևոր է վերլուծելու, դասակարգելու, ընդհանրացնելու, օրինաչափություններ դուրս բերելու, էական հատկանիշներն առանձնացնելու, պատճահետևանքային կապեր տեսնելու կարողությունները։ 

Առաջին դասարանցու համար հատկապես կարևոր է ընդհանրացնելու կարողությունը։ Վերջինս թույլ է տալիս մարդուն համեմատել տարբեր առարկաներ, առանձնացնել դրանց միջև ընդհանուրը՝ միևնույն ժամանակ տեսնելով տարբերությունները, այսինքն՝ դասակարգել։

Ընդհանրացման գործընթացից է կախված երեխայի սովորելու կարողությունը, որն իր մեջ ներառում է ինտելեկտուալ գործընթացների 2 փուլ։

Առաջինը նոր կանոնի յուրացումն է։ 

Երկրորդը՝ այդ կանոնի համաձայն նմանատիպ այլ գործողություն անելու կարողությունը, որը հնարավոր չէ իրականացնել առանց ընդհանրացման։ 

Ի դեպ, ընդհանրացման կարողությունը զարգանում է, երբ երեխան տարբեր առարկաների հատկություններ է բացահայտում։ Դրա համար շատ կարևոր է հնարավորություն տալ երեխային հետազոտել շրջակա աշխարհը։

Երեխաներին դուր է գալիս խաղալ ավազի, ջրի, կավի, քարերի, բնական այլ երևույթների հետ։ Նրանց հետաքրքիր է մեծերի հետ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, խառնել տարբեր նյութեր և այլն։ Մեզ մնում է միայն թույլ տալ երեխաներին բավարարել այդ բնածին հետաքրքրությունը։     

Այսպիսով, հոգեբանական պատրաստվածությունը դպրոցին գրել, կարդալ կամ հաշվելու կարողությունը չէ։ 

Այն սոցիալական, մոտիվացիոն, հուզակամային և ինտելեկտուալ բաղադրիչների ամբողջական պատրաստվածությունն է։ Եթե երեխան ուզում է սովորել, կատարել ուսուցչի պահանջները, պահպանում է կանոնները, կարողանում է աշխատել օրինակի հետ, ունի սովորելու կարողություն, ապա նա, որպես կանոն, լուրջ խնդիրներ չի ունենում։

| Նյութը ներկայացրեց՝ «Երկուսով» կենտրոնի մանկական հոգեբան Վարդուհի Տիգրանյանը։

Ընտանեկան և սիրային վեճերը

Այն մարդիկ, ովքեր կյանքի մեծ փորձ չունեն, սկսելով իրենց ընտանեկան և սիրային հարաբերությունները, խորապես համոզված են, որ այդ հարաբերությունները սկզբունքորեն կտարբերվեն մյուսներից, որ վեճերն ու բաժանությունները բացառված են: Ամբողջ մարդկային կյանքը կառուցված է ինչ-որ համոզմունքների վրա.

  • Առանց արցունքների չի լինի ուրախություն:
  • Առանց վեճերի չի լինի հաշտություն:
  • Առանց սիրելիի զանգին սպասելու չենք հասկանում, որ սիրում ենք:
  • Առանց սիրո, առանց բաժանման ցավի, հաշտության քնքշության այդպես էլ չենք դառնա մարդ:

     Այս ամենից հետո պետք է խոստովանենք, որ սիրային և ընտանեկան վեճերը կյանքի բնականոն մասն են: Վեճերի բացառումը նույնքան անիմաստ է, որքան ծովի ափին ավազի վրա նկարելը: Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, վեճերն ու հաշտությունը տղամարդու և կնոջ համատեղ կյանքի անբաժանելի մասն են: Ընդունելով սա` չի նշանակում, որ պետք է հիմա ինչ-որ բարոյափիլիսոփայական խրատ տանք ընթերցողներին` սիրելի կանայք և տղամարդիկ, վիճեք որքան կուզեք, և մենք ձեզ հիմա խորհուրդ կտանք, թե ինչպես վիճեք: Երբեք: Սիրային և ընտանեկան կյանքում վեճի անխուսափելիության  դեպքում անգամ չպետք է հարմարվել դրան: Այնուամենայնիվ, սիրահար զույգերն ու ամուսինները պետք է հասկանան, որ առանց վեճի հնարավոր չէ:

— Վեճերը պետք է լինեն իրադրային և ոչ թե մշտական:

— Ամուսինները կամ սիրահար զույգերը պետք է իմանան, թե մինչև ուր կարող են հասնել վեճի ժամանակ:

 Պետք է տիրապետեն հաշտվելու հմտություններին:

— Պետք է իմանան ինչպես խուսափել այնպիսի վեճերից, որոնք տիպիկ են զույգերի  մեծամասնությանը:

— Պետք է ձգտեն այնպես անել, որ բուռն վեճից հետո հաշտության դեպքում հետքեր չմնան, ինչպես կաթվածից հետո սրտի վրա մնացած սպիները:

— Երբեք չպետք է մտածել` ես տղամարդ եմ և չպետք է առաջինը ներում հայցեմ կամ հաշտության քայլ անեմ:

Որո՞նք են դասական սիրային հարաբերությունները: Կնոջ և տղամարդու միջև սիրային հարաբերությունները քիչ թե շատ կայուն կապեր են, որոնք բնութագրվում են հետևյալ 10 առանձնահատկություններով:

  1. Հանդիպումների հաճախակիություն:
  2. Ձգտում, որ մեր սիրելին մեզ հետ իրեն լավ զգա:
  3. Միմյանց բնավորություններին հարմարվելու փոխադարձ ձգտում, կյանքի ռիթմը զուգընկերոջ կյանքի ռիթմին հարմարեցնելու ցանկություն:
  4. Պարբերաբար զուգընկերոջը ենթարկվելու հակում (այն, ինչ կյանքում չեն սիրում անել):
  5. Հանդուրժողականություն, համբերատարություն վարքի, մտածողության և բնավորության այնպիսի գծերի հանդեպ, որոնք նախկինում նյարդայնացնում էին մեզ ուրիշների մոտ, և ներելի չէին, իսկ նրա դեպքում ներվում են:
  6. Փոխադարձ հոգատարություն (հանուն սիրած էակի որոշակի զրկանքների և զոհողությունների գնալու պատրաստակամություն):
  7. Հիմա կամ ընդմիշտ (կամ գոնե դեռ որոշ ժամանակ) միասին լինելու գիտակցված կամ դեռևս չգիտակցված (կամ դրա մասին դեռ չեն մտածել, կամ դեռ վախենում են մտածել) ձգտում: Արտաքուստ դա կարող է դրսևորվել որքան հնարավոր է հաճախ հանդիպելու , միասին ապրելու կամ ամուսնանալու ցանկությամբ:  
  8. Կարճատև և երկարատև բաժանումների դեպքում (վեճ, գործուղում) գիտակցված կորստի զգացում և շփումն անմիջապես վերականգնելու սուր ցանկություն:
  9. Խանդ, հարազատ մարդուն տիրելու, սեփականը դարձնելու ցանկություն:
  10. Ճիշտ է, սա ամբողջը չէ, բայց «սիրային թեժ տասնյակը» ընդգրկում է ամենակարևորները: Սրանցից որևէ մեկի բացակայության դեպքում սիրային հարաբերությունները լիարժեք չեն լինի:

          Շարունակենք: Սիրային հարաբերությունների հաստատման խոր և ճշմարիտ իմաստը համատեղ երեխաների ծնունդն է: Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց դա այդպես է: Սիրային հարաբերությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ որոշակի ժամանակ, որը տրվել է միմյանց ստուգելու՝ սեփական կենսաբանական և սոցիալական պարտքի իրականացման նպատակով, սեփական երեխաներ ունենալու, նրանց պաշտպանելու համար:

          Սիրային վեճերը միաժամանակ և արդյունք են, և գործընթաց, որոնց միջոցով բացահայտվում են զույգերի միջև եղած անհամապատասխանությունները: Պետք է իմանալ նաև, որ սիրային վեճերն ինչ-որ առումով օգտակար են: Ավելի լավ է ժամանակին անցնել սիրային վեճերի միջով և դասեր քաղել, հասկանալ, թե որքանով է զուգընկերդ կիսում քո հայացքները, ինչ խորությամբ է ընկալում և ընդունում քեզ, քան հետագայում` ընտանեկան կյանքի ընթացքում:

Ստուգեք ձեր հարաբերությունների ամրությունը վեճերի միջոցով: Հաճախ նրանք շատ են ուզում միասին լինել, բայց զգում են, որ կարծես ինչ-որ բան խանգարում է իրենց, վիճաբանություններ հրահրում:

Սիրային վեճերում կա մի հետաքրքիր պահ. որքան էլ ուժեղ վիճեն սիրահարները, նրանք միևնույն է ցանկանում են լինել միասին, իսկ քանի որ ուզում են միասին լինել, ուրեմն սիրում են իրար, իսկ եթե սիրում են և ուզում են լինել միասին, նշանակում է, որ նրանց հարաբերությունները սիրային են: Այս ամենից կարելի է ենթադրել, որ վեճերը եղել են և կան զույգերի զգացմունքների ստուգման լավագույն միջոցը:

Անցկացնենք մի փոքրիկ թեստ, որը կօգնի հասկանալ` ձեր հարաբերությունները կյանք կունենան, թե ոչ: Եթե վեճի ընթացքում կամ էլ վեճից հետո դուք շարունակում եք ցանկանալ մնալ այդ մարդու կողքին, ապա ձեր հարաբերությունները շարունակական են և միանգամայն առողջ: Եթե վեճից հետո ինքներդ ձեզ չոր և հստակ ասում եք` կմնամ նրա կողքին, եթե իր մեջ ուղղի կամ փոխի այս կամ այն, և շարունակում եք երկար ժամանակ հետևել ձեր որոշմանը, ապա կասկածելի է ձեր հարաբերությունները կշարունակվեն, թե ոչ:

Եթե սիրահարներն ուզում են լինել միասին, ապա վեճերն անխուսափելի են: Հակառակ դեպքում չլուծված խնդիրները կտեղափոխվեն ամուսնական կյանք, իսկ դա ավելի վատ է: Սիրահարները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են վիճել:

Զբերովսկի Ա. Վ.

Այս հակասական դեռահասները

Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները: Դեռահասներն ավելի բծախնդիր են դառնում ընկերների և ընկերուհիների նկատմամբ, փոխվում են պահանջները, նրանք բուռն ապրում են առաջին սերը, իսկ որոշներն էլ առաջին սեքսուալ փորձն են ունենում: Դեռահասները ձգտում են արագ մեծանալ, դառնալ ուժեղ ու ինքնուրույն: Սա կատարյալ կերպարների ստեղծման շրջանն է. տղաների համար նրանք վառ արտահայտված տղամարդկային կազմվածքով, ուժեղ, սպորտային և ագրեսիվ կերպարներն են, իսկ աղջիկների համար` երգչուհիներն ու 90/60/90 կազմվածքով մանեքենուհիները: Եթե նրանց նմանվելու մեծ ցանկությունն ինչ-որ պատճառներով չի իրականանում, ապա նրանց սկսում է թվալ, թե դեպի մեծ կյանք տանող դռներից շատերը փակվում են իրենց համար:

Դեռահասը փորձում է ինքնուրույնություն ձեռք բերել, ստեղծում է իր համար նոր հետաքրքրություններ և կյանքի նոր նպատակներ, ձգտում է իրեն մեծ զգալ և մեծին համապատասխան կյանք վարել: Այս բոլոր ձգտումներն իրականում խառնվում են սեփական անձի և հասարակական միջավայրի փոփոխականությանը, և արդյունքում ձանձրույթ ու միայնակության զգացում է առաջանում, իսկ երբեմն նաև ամենքին և ամենին ուղղված բարկություն: Դեռահասը փակվում է, մեկուսանում, պաշտպանվում իր պատկերացրած դաժան և բարդ իրականությունից:

Դեռահասության տարիքը շատ հակասական է, բարդ, ինչպես ծնողների, այնպես էլ հենց դեռահասների համար: Որպեսզի այն բարեհաջող անցնի, դեռահասին անհրաժեշտ է  մեծերի` առաջին հերթին ծնողների աջակցությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ճանաչել և հասկանալ դեռահասին:

Շատ հաճախ ծնողները բողոքում են դեռահասի ագրեսիվությունից: Նրանց հակասական վարքը, որը ծնողներն անվանում են ագրեսիվություն, բխում է ավելի մեծ ու ինքնուրույն երևալու ցանկությունից և մեծ մարդու դերն իրականացնելու անինքնավստահությունից:

Դեռահասության տարիքի դրսևորումները տարբեր են յուրաքանչյուրի համար: Գրեթե բոլոր դեռահաս տղաների հիմնական մտահոգությունն այն է, որ կարողանան ամբողջ աշխարհին (ամենակարևորը՝ իրենք իրենց) համոզել, թե իրենք տղամարդ են: Երեխայի զարգացումը բավականին արագ է ընթանում, բայց նրան դեռ խանգարում է մանկությանը մոտ լինելը: Նրան բարկացնում է այն փաստը, որ ծնողների և ուսուցիչների աչքերում նրանք դեռ երեխա են և իրենց մեծ լինելը ցույց տալու իրական հնարավորություններ դեռ չունեն: Այդ ժամանակ որոշ դեռահասներ սկսում են սպորտով զբաղվել, մյուսներն սկսում են չափից շատ հետևել իրենց կազմվածքին: Այս տարիքում ծխելն ավելի հաճախ սեփական տղամարդկությունը հաստատելու միջոց է դառնում, ծնողների պահանջների ցուցադրական խախտում :

Որոշ դեռահաս տղաներ և աղջիկներ ինքնորոշման ճանապարհին հայտնվում են  խճճված իրավիճակում, ունենում են իրենց մանկական անհատականության կորստի զգացում: Որոշ դեռահասներ, ովքեր չեն ցանկանում նմանվել իրենց ծնողներին, բայց նաև չունեն այլընտրանք, այնպիսի դիրք են գրավում, որն ամբողջովին հակասում է ծնողների սպասումներին: Օրինակ այն տղան, ով մեծացել է փակ, պահպանողական ընտանիքում, կարող է դառնալ ըմբոստ, չենթարկվող, իսկ լավ դաստիարակված աղջիկը կարող է փախչել տանից և շփվել կասկածելի վարք ունեցող կանանց հետ:

Ի՞նչ  անեն ծնողները: Դեռահասի «անկախացման համար կռիվը» դեռ չի նշանակում, որ ծնողները պետք է կտրուկ դադարեն խառնվել դեռահասի կյանքին. չէ՞ որ դեռահասը պայքարում է ոչ թե ծնողների դեմ, այլ պայքարում է ծնողներից կախյալության դեմ: Նա պետք է միշտ իմանա, թե ծնողներն ինչպես են վերաբերվում այս կամ այն երևույթին, որպեսզի ունենա սեփական վերաբերմունքը: Այս շրջանում դեռահասին պետք է տալ հնարավորություն, որպեսզի նա ինքնուրույն ընտրի իր հետաքրքրությունները, ըներներին, նպատակները, կարողանա ձևավորել սեփական կարծիքը, հստակեցնի իր համար համակրանքի և հակակրանքի սահմանները։ Առանց որևէ հատուկ անհրաժեշտության դեռահասի կյանքի այս կողմերը ղեկավարելու ծնողների փորձերը կհանգեցնեն մշտական վիճաբանությունների, և իրականում արգելված պտուղներն ավելի կքաղցրանան :

Իհարկե, դուք իրավունք ունեք ձեր տղային կամ աղջկան ասելու, որ նրա հագուստը, օրինակ, շատ գռեհիկ է երևում, բայց հնարավորին չափ խուսափեք ձեր կարծիքն ու ճաշակը թելադրելուց: Դա միայն յուղ կլցնի կրակին և նրան կստիպի ճիշտ հակառակն անել: Եթե միասին ինչ-որ տեղ եք գնում, կարող եք նրանից պահանջել, որ հագնվի համապատասխան ձևով, և պետք է հնարավորություն տաք նրան ընտրելու` գալ ձեզ հետ, թե ոչ:

Դեռահասության տարիքը  փորձերի, սխալների, համարձակ արարքների և մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է: Այդ պատճառով ծնողներին և երեխաներին ուղղակի անհրաժեշտ է սովորել հարգել միմյանց կարծիքն ու չփորձել պարտադրել սեփականը:

Էդա Լե Շան

Հոգեբանական մարաթոն․ առողջ հարաբերություններ սննդի հետ

Եթե կասկածում եք, որ սննդի հետ անառողջ հարաբերություններ, քաշի կարգավորման մշտական խնդիր ունեք, ապա ձեզ կհետաքրքրի մեր հոգեբանական մարաթոնը, որը նվիրված է ՍՎԽ-ին, այն է սննդային վարքագծի խանգարումներին:

Մարաթոնը կվարի «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան, ՍՎԽ մասնագետ Էստեռ Բաբաջանյանը (Ավստրիա)։

Մարաթոնը կազմված է 3 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրի մասնակցության վճարը 3000 դրամ է։ Մասնակցելով մարաթոնին՝ դուք կստանաք ամփոփ, խտացված տեղեկատվություն սննդային վարքի խանգարումների մասին։

Հանդիպումները տեղի կունենան առցանց (օնլայն): Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև, որից հետո կստանաք տեղեկատվություն վճարման եղանակի վերաբերյալ։ Կարող եք նաև գրանցվել այստեղ։

Օր 1․ ՍՎԽ տեսակները, տարածվածությունը

«Առողջ հարաբերություններ սննդի հետ» մարաթոնի առաջին վեբինարը կկայանա սեպտեմբերի 5-ին ժամը 19:00-ին։ Այն նվիրված է սննդային վարքագծի խանգարումների

— ամենատարածված տեսակներին,

— դրանց դրսևորումներին,

— ընդհանրություններին ու տարբերություններին, 

— հաղթահարման անարդյունավետ մեթոդներին։ 

Այս հանդիպումից հետո դուք հստակ կհասկանաք՝ իսկապե՞ս ունեք ՍՎԽ նախանշաններ, թե ոչ։ Եվ եթե այո, ապա կոնկրետ որ տեսակի։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Օր 2․ Ինչու՞ դիետաները արդյունավետ չեն

Սեպտեմբերի 7-ին ժամը 19:00-ին 2-րդ վեբինարի շրջանակներում կընդլայնենք ու կպարզաբանենք թեման. ի՞նչ է նշանակում ՍՎԽ հաղթահարման «անարդյունավետ մեթոդներ»։ 

Մասնավորապես, կանդրադառնանք «դիետա» հասկացությանը՝ վերլուծելով վերջինիս նպատակահարմարությունը հոգեբանական տեսակետից։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Օր 3․ Ի՞նչպես կառուցել առողջ հարաբերություններ սննդի հետ

Ի՞նչ է առաջարկում հոգեբանությունը ՍՎԽ հաղթահարման համար՝ 3-րդ ամփոփիչ վեբինարի խորագիրն է։ Կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին։ 

Կվերլուծենք առողջ սննդակարգին վերադառնալու այն ուղիները, որոնք առավել հիմնավորված են հոգեբանության տեսակետից և ավելի մեծ հավանականությամբ կբերեն խնդրի լուծման տևական, ամբողջ կյանքում ծառայող տարբերակին։ 

Ինչպես նաև համառոտ կծանոթանանք ՍՎԽ-ի հետ աշխատանքում՝ ամենաարդիական, ամենակիրառելի հոգեբանական ուղեցույցի հիմնական փուլերին։ Ավելի լավ կպատկերացնենք՝ ինչ քայլեր է պետք ձեռնարկել հերթական հիասթափությունից ու հուսահատությունից խուսափելու համար։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Սիրով սպասում ենք ձեզ մեր մարաթոնին։