Դեռահասության շրջանում փոխվում են սիրո և ընկերության մասին պատկերացումները: Դեռահասներն ավելի բծախնդիր են դառնում ընկերների և ընկերուհիների նկատմամբ, փոխվում են պահանջները, նրանք բուռն ապրում են առաջին սերը, իսկ որոշներն էլ առաջին սեքսուալ փորձն են ունենում: Դեռահասները ձգտում են արագ մեծանալ, դառնալ ուժեղ ու ինքնուրույն: Սա կատարյալ կերպարների ստեղծման շրջանն է. տղաների համար նրանք վառ արտահայտված տղամարդկային կազմվածքով, ուժեղ, սպորտային և ագրեսիվ կերպարներն են, իսկ աղջիկների համար` երգչուհիներն ու 90/60/90 կազմվածքով մանեքենուհիները: Եթե նրանց նմանվելու մեծ ցանկությունն ինչ-որ պատճառներով չի իրականանում, ապա նրանց սկսում է թվալ, թե դեպի մեծ կյանք տանող դռներից շատերը փակվում են իրենց համար:
Դեռահասը փորձում է ինքնուրույնություն ձեռք բերել, ստեղծում է իր համար նոր հետաքրքրություններ և կյանքի նոր նպատակներ, ձգտում է իրեն մեծ զգալ և մեծին համապատասխան կյանք վարել: Այս բոլոր ձգտումներն իրականում խառնվում են սեփական անձի և հասարակական միջավայրի փոփոխականությանը, և արդյունքում ձանձրույթ ու միայնակության զգացում է առաջանում, իսկ երբեմն նաև ամենքին և ամենին ուղղված բարկություն: Դեռահասը փակվում է, մեկուսանում, պաշտպանվում իր պատկերացրած դաժան և բարդ իրականությունից:
Դեռահասության տարիքը շատ հակասական է, բարդ, ինչպես ծնողների, այնպես էլ հենց դեռահասների համար: Որպեսզի այն բարեհաջող անցնի, դեռահասին անհրաժեշտ է մեծերի` առաջին հերթին ծնողների աջակցությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ճանաչել և հասկանալ դեռահասին:
Շատ հաճախ ծնողները բողոքում են դեռահասի ագրեսիվությունից: Նրանց հակասական վարքը, որը ծնողներն անվանում են ագրեսիվություն, բխում է ավելի մեծ ու ինքնուրույն երևալու ցանկությունից և մեծ մարդու դերն իրականացնելու անինքնավստահությունից:
Դեռահասության տարիքի դրսևորումները տարբեր են յուրաքանչյուրի համար: Գրեթե բոլոր դեռահաս տղաների հիմնական մտահոգությունն այն է, որ կարողանան ամբողջ աշխարհին (ամենակարևորը՝ իրենք իրենց) համոզել, թե իրենք տղամարդ են: Երեխայի զարգացումը բավականին արագ է ընթանում, բայց նրան դեռ խանգարում է մանկությանը մոտ լինելը: Նրան բարկացնում է այն փաստը, որ ծնողների և ուսուցիչների աչքերում նրանք դեռ երեխա են և իրենց մեծ լինելը ցույց տալու իրական հնարավորություններ դեռ չունեն: Այդ ժամանակ որոշ դեռահասներ սկսում են սպորտով զբաղվել, մյուսներն սկսում են չափից շատ հետևել իրենց կազմվածքին: Այս տարիքում ծխելն ավելի հաճախ սեփական տղամարդկությունը հաստատելու միջոց է դառնում, ծնողների պահանջների ցուցադրական խախտում :
Որոշ դեռահաս տղաներ և աղջիկներ ինքնորոշման ճանապարհին հայտնվում են խճճված իրավիճակում, ունենում են իրենց մանկական անհատականության կորստի զգացում: Որոշ դեռահասներ, ովքեր չեն ցանկանում նմանվել իրենց ծնողներին, բայց նաև չունեն այլընտրանք, այնպիսի դիրք են գրավում, որն ամբողջովին հակասում է ծնողների սպասումներին: Օրինակ այն տղան, ով մեծացել է փակ, պահպանողական ընտանիքում, կարող է դառնալ ըմբոստ, չենթարկվող, իսկ լավ դաստիարակված աղջիկը կարող է փախչել տանից և շփվել կասկածելի վարք ունեցող կանանց հետ:
Ի՞նչ անեն ծնողները: Դեռահասի «անկախացման համար կռիվը» դեռ չի նշանակում, որ ծնողները պետք է կտրուկ դադարեն խառնվել դեռահասի կյանքին. չէ՞ որ դեռահասը պայքարում է ոչ թե ծնողների դեմ, այլ պայքարում է ծնողներից կախյալության դեմ: Նա պետք է միշտ իմանա, թե ծնողներն ինչպես են վերաբերվում այս կամ այն երևույթին, որպեսզի ունենա սեփական վերաբերմունքը: Այս շրջանում դեռահասին պետք է տալ հնարավորություն, որպեսզի նա ինքնուրույն ընտրի իր հետաքրքրությունները, ըներներին, նպատակները, կարողանա ձևավորել սեփական կարծիքը, հստակեցնի իր համար համակրանքի և հակակրանքի սահմանները։ Առանց որևէ հատուկ անհրաժեշտության դեռահասի կյանքի այս կողմերը ղեկավարելու ծնողների փորձերը կհանգեցնեն մշտական վիճաբանությունների, և իրականում արգելված պտուղներն ավելի կքաղցրանան :
Իհարկե, դուք իրավունք ունեք ձեր տղային կամ աղջկան ասելու, որ նրա հագուստը, օրինակ, շատ գռեհիկ է երևում, բայց հնարավորին չափ խուսափեք ձեր կարծիքն ու ճաշակը թելադրելուց: Դա միայն յուղ կլցնի կրակին և նրան կստիպի ճիշտ հակառակն անել: Եթե միասին ինչ-որ տեղ եք գնում, կարող եք նրանից պահանջել, որ հագնվի համապատասխան ձևով, և պետք է հնարավորություն տաք նրան ընտրելու` գալ ձեզ հետ, թե ոչ:
Դեռահասության տարիքը փորձերի, սխալների, համարձակ արարքների և մեծ փոփոխությունների ժամանակաշրջան է: Այդ պատճառով ծնողներին և երեխաներին ուղղակի անհրաժեշտ է սովորել հարգել միմյանց կարծիքն ու չփորձել պարտադրել սեփականը:
Էդա Լե Շան
Դեռահասությունն անցումային շրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար ձեռք է բերում չափահասությանը բնորոշ ձևեր:
Օգս 25 2023