• Ի՞նչ անել, որ երեխան սիրով գնա դպրոց, հեշտությամբ սովորի, լավ աշակերտ լինի։
• Կա՞ արդյոք չափանիշ, որը թույլ կտա գնահատել երեխայի պատրաստվածությունը դպրոցական կյանքին։
Բազում ծնողներ կարծում են, որ այդ չափանիշը նախնական գիտելիքն է՝ գրել, կարդալ իմանալ, բանաստեղծություններ ասել, հաշվարկներ անել։ Եվ որ այս ամենը թույլ կտա հեշտ կհարմարվել ուսումնառությանը։
Սակայն սա բավարար չէ ադապտացվելու համար։ Գիտելիքով զինված բազմաթիվ երեխաներ հենց առաջին ամիսներին կարող են անտարբերություն ցուցաբերել, խախտել կանոններ, բացասական խոսել դպրոցի մասին և, ի վերջո, հրաժարվել դպրոց գնալ։
Այս ամենի պատճառներից մեկը երեխայի ոչ բավարար հոգեբանական պատրաստվածությունն է դպրոցին:
Այն համալիր ցուցանիշ է և մի քանի բաղադրիչ է ներառում։
Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը։
1. ԱՆՁՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Այսինքն, ինքնուրույնություն, ինքնակազմակերպվածություն, գիտելիք յուրացնելու ցանկություն, հետաքրքրություն ուսման նկատմամբ և այլն։
Այն ներառում է պատրաստվածության հետևյալ տեսակները՝
• սոցիալական՝ հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցվելու կարողություն,
• մոտիվացիոն՝ սովորելու ցանկություն,
• հուզական՝ դրական վերաբերմունք սեփական անձի, այլ երեխաների, ուսուցիչների, դպրոցական կյանքի նկատմամբ։
Սոցիալական պատրաստվածությունը երեխայի կողմից իր՝ աշակերտի նոր դերի ընդունումն է, որը զգալիորեն տարբերվում է նախադպրոցական տարիքում հասարակության մեջ իր զբաղեցրած դիրքից։ Այդ նոր դերից երեխան պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորի դպրոցի, ուսումնառության, ուսուցչի, հասակակիցների, հարազատների և ինքն իր նկատմամբ։
Այս առումով երեխայից ակնկալվում է՝
— հասակակիցների հետ հաղորդակցման և համագործակցության հմտություններ,
— ադեկվատ ինքնագնահատական, այսինքն՝ ինքն իրեն և իր վարքը ճիշտ գնահատելու կարողություն։
Մոտիվացիոն պատրաստվածության մասին խոսելիս նկատի ունենք ճանաչողական հետաքրքրությունը. երեխային պետք է հետաքրքրի նոր բան իմանալը։ Քանզի դպրոցական նյութը երբեմն անհետաքրքիր է երեխային, անհրաժեշտ է մոտիվ՝ որոշակի «անհետաքրքիր», բարդ, հոգնեցնող նյութերը սովորել կարողանալու համար։
Ճանաչողական մոտիվը երեխայի մեջ կա ի ծնե. շատ կարևոր է բավարարել այն՝
— պատասխանելով «ինչուիկ» հարցերին,
— զարգացնող խաղեր խաղալով,
— խրախուսելով ցուցաբերած հետաքրքրությունը, սկսած գործն ավարտի հասցնելը՝ դրանով բարձրացնելով երեխայի ինքնագնահատականը,
— խթանելով դժվարություն հաղթահարելու ձգտումը։
Մեծահասակի կողմից այս ամենի ապահովումը քիչ-քիչ ձևավորում է ուսումնական մոտիվացիան։
2․ ՀՈՒԶԱԿԱՄԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻՆ
Հուզական պատրաստվածությունն ուսման, ընկերների, ուսուցչի, դպրոցի նկատմամբ դրական հուզական վերաբերմունքն է։
Ծնողի դերն այստեղ մեծ է՝
— սովորեցնել երեխային հետևել կանոններին,
— նպաստել, որ երեխան հաճախակի խաղա կանոններով խաղեր,
— առաջարկի այնպիսի դերային խաղեր, որտեղ ինքը կլինի աշակերտի դերում և կհետևի որոշակի կանոնների։
Եթե ծնողի մոտ ստացվի ցույց տալ իր դրական մոտեցումը դպրոցի, ուսման նկատմամբ, ապաերեխայի մոտ դրական հուզական վերաբերմունք կստեղծվի։
Կամային պատրաստվածությունը կամային ճիգեր գործադրելու կարողությունն է։ Այսինքն՝
— երեխան պետք է կարողանա ղեկավարել իր վարքը,
— ուշադրությունը կենտրոնացած պահել ոչ այնքան հաճելի գործողության վրա,
— կարողանա հետևել դպրոցական ռեժիմին, կանոններին,
— կատարի հանձնարարությունները,
— աշխատի պահանջներին ու օրինակին համապատասխան և այլն։
3․ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑԻՆ
Սա մտավոր գործընթացների (ուշադրություն, հիշողություն, մտածողություն) զարգացման անհրաժեշտ մակարդակն է։
Մտածողության գործընթացներից կարևոր է վերլուծելու, դասակարգելու, ընդհանրացնելու, օրինաչափություններ դուրս բերելու, էական հատկանիշներն առանձնացնելու, պատճահետևանքային կապեր տեսնելու կարողությունները։
Առաջին դասարանցու համար հատկապես կարևոր է ընդհանրացնելու կարողությունը։ Վերջինս թույլ է տալիս մարդուն համեմատել տարբեր առարկաներ, առանձնացնել դրանց միջև ընդհանուրը՝ միևնույն ժամանակ տեսնելով տարբերությունները, այսինքն՝ դասակարգել։
Ընդհանրացման գործընթացից է կախված երեխայի սովորելու կարողությունը, որն իր մեջ ներառում է ինտելեկտուալ գործընթացների 2 փուլ։
Առաջինը նոր կանոնի յուրացումն է։
Երկրորդը՝ այդ կանոնի համաձայն նմանատիպ այլ գործողություն անելու կարողությունը, որը հնարավոր չէ իրականացնել առանց ընդհանրացման։
Ի դեպ, ընդհանրացման կարողությունը զարգանում է, երբ երեխան տարբեր առարկաների հատկություններ է բացահայտում։ Դրա համար շատ կարևոր է հնարավորություն տալ երեխային հետազոտել շրջակա աշխարհը։
Երեխաներին դուր է գալիս խաղալ ավազի, ջրի, կավի, քարերի, բնական այլ երևույթների հետ։ Նրանց հետաքրքիր է մեծերի հետ խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, խառնել տարբեր նյութեր և այլն։ Մեզ մնում է միայն թույլ տալ երեխաներին բավարարել այդ բնածին հետաքրքրությունը։
Այսպիսով, հոգեբանական պատրաստվածությունը դպրոցին գրել, կարդալ կամ հաշվելու կարողությունը չէ։
Այն սոցիալական, մոտիվացիոն, հուզակամային և ինտելեկտուալ բաղադրիչների ամբողջական պատրաստվածությունն է։ Եթե երեխան ուզում է սովորել, կատարել ուսուցչի պահանջները, պահպանում է կանոնները, կարողանում է աշխատել օրինակի հետ, ունի սովորելու կարողություն, ապա նա, որպես կանոն, լուրջ խնդիրներ չի ունենում։
| Նյութը ներկայացրեց՝ «Երկուսով» կենտրոնի մանկական հոգեբան Վարդուհի Տիգրանյանը։
Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:
Սպտ 21 2023