Արտակարգ իրավիճակը և երեխաները

Արտակարգ իրավիճակներն իրենց բնույթով տարբերվում են առօրեական կյանքից և այդ առումով ուժեղ բացասական սթրեսի աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են: Այդ պատճառով կարևոր է վստահելի մեծահասակի ներկայությունը և երեխային հուզական աջակցության ցուցաբերումը:

  • Երեխաների ռեակցիաներն արտակարգ իրավիճակին կարող են լինել շատ տարբեր՝ սկսած ներփակվածությունից, հույզերի քարացումից մինչև գերհուզականություն, վախ, ագրեսիվ պահվածք, հակասոցիալական պահվածք, մղձավանջներ, սննդային վարքի շեղումներ, գիշերամիզություն, ուշադրության և կենտրոնացման հետ դժվարություններ և այլն: Երեխան կարող է դրսևորել իրեն ոչ բնորոշ պահվածք արտակարգ իրավիճակում: Կարևոր է ծնող-երեխա վստահելի փոխհարաբերությունների պահպանումը:
  • Մի երեխայի դեպքում սթրեսային ռեակցիան կարող է դրսևորվել անմիջապես, իսկ մեկ այլ երեխայի մոտ՝ ավելի ուշ փուլերում, երբ արտակարգ իրավիճակն արդեն ավարտված է:
  • Այն, թե երեխան ինչպես է արձագանքում արտակարգ իրավիճակին, կախված է ինչպես իր տարիքից, զարգացման մակարդակից, նրա ունեցած նախկին փորձից և պատկերացումներից, նրանից, թե արդյո՞ք երեխան կամ նրա ընտանիքի անդամն ստացել են ֆիզիկական վնասվածք, թե ոչ:
  • Մինչև 6 տարեկան երեխաների ռեակցիաները մեծամասամբ պայմանավորված են ծնողների հուզական վիճակով և վարքով, քանի որ իրենք խորությամբ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Եթե ծնողը կարողանում է պահպանել հանդարտություն և կայուն հուզական կապ երեխայի հետ, դա դրական կանդրադառնա այդ տարիքի երեխայի վրա:
  • 7-12 տարեկան երեխաներին աջակցելու կարևոր կողմերից է տարիքին համապատասխան տեղեկատվություն տրամադրելը, քանի որ նրանք արդեն կարիք ունեն հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: Եթե երեխան դրսևորում է վախ, անհանգստություն, շփոթվածություն և մի շարք այլ բացասական ապրումներ կամ իրեն ոչ բնորոշ պահվածք, կարող եք խրախուսել երեխային խոսել իր հույզերի և ապրումների մասին:
  • 13-ից բարձր տարիքի երեխաներն ավելի շատ են հասկանում, թե ինչ է կատարվում արտակարգ իրավիճակում: Այնուամենայնիվ տեղեկատվական հիգիենայի պահպանումը դեռահասների դեպքում ևս կարևոր է, որպեսզի է՛լ ավելի չսրվի տարիքին բնորոշ տագնապայնությունը: Նրանք ցանկանում են օգնել մեծահասակներին, օրինակ՝ կամավորություն անել տարբեր կազմակերպություններում, իրենց աջակցությունը ցուցաբերել ընտանիքին կամ հասարակությանը: Մի՛ խոչընդոտեք պիտանի զգալու նրանց կարիքի իրացմանը, պարզապես առաջնորդեք և ուղղորդեք դեռահասին, թե ինչպես իր համար անվտանգ կերպով օգնի: Դեռահասի հույզերի առջև եղեք բաց և աջակցող:
  • Բոլոր տարիքի երեխաների դեպքում կարևոր է նրանց առօրյայի հնարավորս շարունակումը: Երեխան կարիք ունի խաղալու, նկարելու, երգելու անգամ արտակարգ իրավիճակում: Այդ ամենն ապաքինող դեր կարող է ունենալ: Նկարելով նա կարող է պատկերել իր վախերը, իսկ երգելու միջոցով երեխայի մոտ հույս և լավատեսություն կարող է ծնվել: Սյուժետադերային խաղերում երեխան հաճախ արտապատկերում է ընթացող արտակարգ իրավիճակը և ապաքինման ճանապարհը սկսում անցնել: Մի՛ վախեցեք երեխայի նմանատիպ խաղերից:
  • Հնարավորինս նպաստեք, որ երեխան շարունակի իր ուսումնական գործունեությունն արտակարգ իրավիճակի ընթացքում կամ դրանից հետո:
  • Լսեք երեխաներին և հնարավորություն տվեք ձեզ հարցեր տալու, եթե կարիքն ունենան:
  • Հատուկ կարիքներով, հատկապես՝ տեղաշարժման դժվարություններով կամ շնչառական սարքերից հաճախ օգտվող երեխաներն առավել սուր սթրեսային ռեակցիաներ կարող են ունենալ արտակարգ իրավիճակում: Նրանք կարող են կարիք ունենալ ավելի շատ զրույցների, ավելի շատ գրկախառնությունների կամ բացատրությունների:

Նյութը ներկայացրեց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը։

Ինչ պետք է «սովորեն» դպրոցականների ծնողները

Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում: Այդ պատճառով, այն ինչ լավ է մի երեխայի համար, կարող է բացարձակ հակառակ ազդեցություն ունենալ մյուսի վրա: Միայն ծնողները կարող են ամբողջությամբ իմանալ երեխային: Նրանք երեխային ուսումնասիրում են ծնվելու պահից սկսած և նրա հետ միասին գտնում դաստիարակության լավագույն միջոցներն ու ձևերը:

Ծնողների համար առանձնահատուկ դժվար շրջան է սկսում, երբ երեխաները գնում են դպրոց: Ծնողներին օգնելու և երեխայի ուսումնառության գործընացը ճիշտ կազմակերպելու համար առաջարկում ենք հետևել մի շարք կանոնները:

Ոչ մի դեպքում ոչինչ պետք չի անել երեխայի փոխարեն: Անհրաժեշտ է նրան սովորեցնել ճիշտ սովորել, զարգացնել նրա ուսումնական հմտությունները և դրանից հետո ուղղորդել ու կազմակերպել երեխայի գործողությունները:  

  • Ամենառաջին և կարևոր բանը, որ ծնողները պիտի զարգացնեն երեխայի մեջ, պատասխանատվությունն է սեփական գործողությունների ու արարքների համար: Եթե երեխան ունի նման զգացում, ապա դա կարելի է համարել նրա ուսումնական հաջողությունների գրավականը:
  • Պատասխանատվության զգացման զարգացումը անբաժանելիորեն կապված է սկսած գործը մինչև վերջ հասցնելու հետ:
  • Ուշադիր եղեք և նկատեք երեխայի մտքերն ու զգացմունքները:
  • Մի վախեցրեք երեխային:

Պետք չի որևէ պայման դնել: Դա երեխային սովորեցնում է սովորել ինչ-որ բանի համար: Սովորելը միշտ պիտի մնա նրա կենսական պահանջմունքը: Պատժվելու վախից սովորելը բերում է նրան, որ երեխան սկսում է ատել ուսումն ու դպրոցը:

Եթե երեխան չի ցանկանում սովորել կամ հրաժարվում է դպրոց գնալ, հարկավոր է փնտրել, գտնել և հասկանալ նրա դժվարությունների պատճառներն ու տեսակը, որոնք խանգարում են ճիշտ հասկանալ և կատարել դպրոցական հանձնարարությունները: Եթե դպրոցական դժվարությունները ժամանակին չկանխվեն, դրանք կկուտակվեն և հետագայում կհասնեն այն վիճակին, երբ ոչ մի տեսակի սպառնալիք չի ստիպի երեխային դասերը պատրաստել:

Երեխան անընդհատ պիտի զգա և իմանա, որ Դուք հավատում եք նրա ուժերին և ցանկացած պահի կարող եք օգնել նրան:

  • Մի զայրացեք երեխայի վրա վատ գնահատականների համար: Շատ կարևոր է ըստ արժանվույն գնահատել գիտելիքները: Հաճախ դպրոցական գնահա­տականները ճիշտ չեն արտահայտում երեխայի իրական գիտելիքները:

Բայց, չգիտես թե ինչու, ընդունված է ցածր գնահատականների համար երեխային պատժել կամ զայրանալ նրա վրա: Երեխայի բոլոր սխալները գալիս են կամ ոչ լիարժեք գիտելիքներից, կամ նյութը ոչ լիարժեք հասկանալուց և ընկալելուց: Եթե երեխան գիտելիքների կարիք ունի, անհրաժեշտ է նրան տրամադրել դրանք: Եթե նա ինչ-որ բան լավ չի հասկանում, դրանում մեղավոր են մեծահասակները, ովքեր չեն կարողացել ճիշտ կազմակերպել երեխայի ուսուցման գործընթացը, պարզ և հասկանալի ձևով մատուցել նյութը:

  • Գտեք երեխային ուսուցմամբ հետաքրքրելու լավագույն տարբերակները, թող ուսումը երեխային ուրախություն պարգևի:

 Շատ օգտակար է երեխայի հետ հավասարը հավասարին զրուցել, կարծես խորհրդակցել նրա հետ, որպեսզի երեխան հետաքրքվի սովորելով: Հրահրեք երեխային քննարկել և մտորել տնային հանձնարարությունների շուրջ, իր ջանքերի և դրանց կատարման որակի շուրջ: Այդ ժամանակ նրա մոտ ցանկություն կառաջանա ստուգել իր հնարավորությունները, այդպես  նաև կատարելով տնային հանձնարարությունները:

Գովեք երեխային, եթե նա դրան արժանացել է: Ցույց տվեք նրան, որ նա շատ բանի է ընդունակ և Դուք վստահում եք նրա կարողություններին, հավատ ունեք նրա ուժերի հանդեպ:

Երեխայի հետ շփման ժամանակ Ձեր բառապաշարից հանեք այնպիսի բառերը, ինչպիսիք են` «ալարկոտ», «դմբո», «դանդալոշ» և այլ վիրավորական արտահայտություններ, որովհետև երեխաները կարող են հավատալ Ձեզ:

  • Անհրաժեշտ է խրախուսել Ձեր երեխայի ցանկացած` փոքր կամ մեծ հաջողություն: Բանն այն է, որ երեխաները ամենաշատը 6-11 տարեկանում են զգայուն մեծահասակների գնահատականների նկատմամբ: Նրանք շատ նուրբ են արձագանքում ծնողների կամ ուսուցչի զայրույթին ու  գոհունակությանը: Աշխատում են ուշադրություն գրավել, պետքական և սիրված զգալ: Այդ պատճառով ծնողների ու մեծահասակների համար սա շատ ակնհայտ գործիք է երեխայի վարքի և սովորելու ցանկության վրա ազդելու համար:

Հեռուստատեսային հաղորդումների երկարատև դիտման ու համակարգչային խաղերի վնասների մասին գիտեն բոլորը:  Կարելի է երեխաների կյանքի այդքան բաղձալի խաղերն ու նման այլ զբաղմունքները դարձնել նրանց սովորելու և դրական վարքագծի ձևավորման համար խրախուսական միջոց: Նման միջոցների կիրառումը  հիմա արդեն անխուսափելի է, որովհետև այժմ դպրոցում սովորելը և ժամանակակից պահանջներին բավարարելը բավական դժվար է, և աշակերտից մեծ ուժ, ջանքեր, էներգիա և առողջություն է պահանջում:

  • Որպեսզի բացի դպրոցական կյանքի արտաքին ատրիբուտներից (պայուսակ, տետրեր, դասագրքեր և այլն) առաջանա նաև մեկ այլ` աշակերտի կարգավիճակի անցման ներքին զգացում, անհրաժեշտ է,  որ մեծահասկաները վերաբերմունքով ցույց տան, որ երեխայի դպրոց ընդունվելը պատասխանատու և շատ լուրջ քայլ է. («Դու հիմա աշակերտ ես, մեծ տղա ես, դու նոր, լուրջ պարտականություններ ունես»:) Ճիշտ է` Ձեր երեխան դեռ կշարունակի տիկնիկներով ու մեքենաներով խաղալ, և նրան չի կարելի արգելել, բայց պետք է մեծանալու դիրքորոշում տալ: Իսկ դպրոց գնալը ոչ միայն նոր պարտականություններ են, այլև նոր հնարավորություններ, ավելի բարդ հանձնարարություններ և որոշակի ինքնուրույնություն: Վերահսկումը պարտադիր է, դրա դրսևորման չափը յուրաքանչյուր ծնողի ընտրության և ոճի խնդիրն է, բայց ամեն դեպքում թույլ տվեք Ձեր առաջին դասարանցուն իր աշխարհընկալման մեջ մեծանալ, իրեն մեծ և հասուն զգալ:
  • Յուրաքանչյուր անձ պիտի ունենա իր անձնական տարածքը: Եթե երեխան առանձին սենյակ չունի, հարկավոր է ստեղծել մի անկյուն, ուր կլինեն գրասեղան, գրապահարան, որտեղ նա պիտի զբաղվի իր լուրջ գործով` պիտի սովորի: Սա լավ է նաև հիգիենայի կանոնների պահպանման համար` ճիշտ լուսավորություն, ճիշտ նստատեղ, ճիշտ հենաշարժողական համակարգ:
  • Հատուկ ուշադրության է արժանի օրվա ռեժիմը: Կարևոր է ճիշտ բաշխել սովորելու և հանգստի ժամանակները: Ուսումնական խնդիրների մեծ մասն առաջանում են շուտ հոգնելու և ուշադրության երկարատև կենտրոնացման ու  բաշխման դժվարություններից: Այս խնդիրներն էլ հաճախ առաջանում են երեխայի սխալ ռեժիմից և ծախսած ուժերը չվերականգնելուց:

Այդ պատճառով, հարգելի’ ծնողներ, մի չարաշահեք երեխայի ուժերը դասապատրաստման ժամանակ: 6-7 տարեկան երեխաները պիտի աշխատեն 30 րոպեից ոչ ավել, իսկ դրանց միջև պարտադիր պիտի ունենան 15 րոպեանոց ընդմիջումներ:

Ինչպես ենք մենք լսում

Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, իր խոսելու, լսելու և նայելու ոճը:

Լսելու ոճի մեջ արտահայտվում է մեր անձը, բնավորությունը, հետաքրքրությունները, ձգտումները, դիրքորոշումները, սեռը և տարիքը: Իհարկե, շատ բան կախված է իրավիճակից, օրինակ շփումն աշխատավայրում և տանը տարբեր է, վերջինիս դեպքում մենք չենք շտապում և կարող ենք հանգստանալ: Իրականում լսելու ունակությունը ճկունություն է պահանջում զրուցակցի ոճին համապատասխան ոճ ընտրելու և տվյալ իրավիճակին համապատասխանեցնելու համար: Բժիշկներն ու հոգեբանները  կարծում են, որ բանավոր շփման մեջ պատասխանների 80%-ը կարող է նշանակել լսողի խոսքի և վարքի հետևյալ ռեակցիաները` գնահատում, հրահրում, աջակցություն, ճշգրտում և ըմբռնում: Մնացած 20%-ը կարող են լինել պատասխաններ, որոնք կարևոր չեն շփման համար: Ամենատարածվածը գնահատող վերաբերմունք արտահայտող պատասխաններն են, իսկ ամենաքիչ տարածվածները` հրահրող, աջակցող և ճշգրտող պատասխանները: Հասկանալը փաստող պատսախաններ շատ հազվադեպ են հանդիպում:

Ինչի՞ մասին են մտածում այն մարդիկ ովքեր մեզ լսում են: Ի՞նչ են նրանք լսում, երբ լսում են մեզ: Ծայրահեղական զրուցակիցն  արտահայտությունների մասին դատում է հետևյալ կերպ` «սա ճիշտ է, սա սխալ է» կամ «սա լավ է, սա վատ է»: Մտածող կամ տրամաբանող մարդը մտածում է մոտավորապես այսպես` «դուք այդպես եք ասում, որ ես ինձ մեղավոր զգամ» կամ «հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչու եք դուք դա ասում»: Կարեկցող զրուցակիցը շատ արագ համաձայնում է` թույլ տալով մոտավորապես նմանատիպ արտահայտություններ` «դուք ամբողջովին ճիշտ եք» կամ «ես ձեզ կարեկցում եմ»: Վերլուծող մարդը, հակառակը, հակված է հարցեր տալու` «ե՞րբ» կամ կարող է ասել` «բերեք ինձ մի կոնկրետ օրինակ»: Նմանատիպ արձագանքներն անվանում են շփման խոչընդոտներ: Հենց արձագանքող լսողը կարող է ակտիվ օգտագործել լռությունը, ռեֆլեքսիվ և էմպաթիկ արձագանքները:

Ինչպե՞ս եք դուք լսում: Ինչպե՞ս եք պատասխանում, ինչպե՞ս եք արձագանքում: Հարցրեք ձեր ընկերներին: Նրանց գնահատականը կարող է ձեզ համար անակնկալ լինել:

Լսելու ոճը որոշվում է նաև մարդու զբաղեցրած դիրքով: Հաճախ ավելի ուշադիր լսում են նրանց, ովքեր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, հատկապես այն դեպքերում, երբ ցանկանում են դրանից որևէ օգուտ ստանալ: Մյուս կողմից էլ այն մարդիկ, ովքեր ավելի մեծ պաշտոններ են զբաղեցնում, ավելի անուշադիր են: Տարբեր պաշտոններ կամ դիրքեր գրավող մարդկանց զրույցում բարձր պաշտոն ունեցող մարդիկ երբեմն ավելի հաճախ են ընդհատում զրուցակցին, քան դիմացինը:

Ինչի՞ մասին է վկայում ձեր փորձը: Դուք այնպիսի տպավորություն եք ունենում՝ կարծես այն մարդիկ, ովքեր համեմատաբար բարձր պաշտոններ են զբաղեցնում, իրականում լսում են: Թե՞ նրանք պարզապես քաղաքավարությունից դրդված են լսում: Իսկ հիմա ուղղակի պատասխանեք ինքներդ ձեզ` լսում եմ ես արդյոք այն մարդկանց, ովքեր ինձնից ցածր դիրք են զբաղեցնում: Լսո՞ւմ եմ ես նրանց մինչև վերջ, թե՞ հաճախ եմ ընդհատում: Լսելու ոճը որոշվում է նաև նրանով, թե ով է մեր զրուցակիցը` տղամարդ, թե կին: Երբ խոսում են երկու տղամարդ կամ երկու կին, միմյանց գրեթե միևնույն հաճախականությամբ են ընդհատում, բայց երբ զրուցում են տղամարդն ու կինը, ապա տղամարդը ընդհատում է կնոջը երկու անգամ ավելի շատ: Ենթադրվում է, որ տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են զրույցի բովանդակության վրա, մինչդեռ կանայք ուշադրություն են դարձնում հենց զրույցի ընթացքին: Տղամարդիկ սովորաբար ուշադիր լսում են 10-15 վայրկյան, այնուհետև տղամարդը սկսում է լսել ինքն իրեն և փնտրել, թե ինչ կարելի է ավելացնել զրույցին: Հոգեբանները կարծում են, որ ինքն իրեն լսելը միայն տղամարդկանց բնորոշ սովորություն է, որն ամրապնդվում է մարզանքների միջոցով, խոսակցության հստակեցման  և որոշումներ կայացնելու հմտության ձեռքբերման հետ միասին։ Այդ պատճառով էլ տղամարդը դադարում է լսել և կենտրոնանում է խոսակցությունը դադարեցնելու միջոց գտնելու վրա: Արդյունքում տղամարդիկ հակված են շատ արագ պատասխաններ տալու: Նրանք չեն լսում զրուցակցին մինչև վերջ և հարցեր չեն տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ունենան նախքան եզրակացություններ անելը: Տղամարդիկ հակված են խոսակցության մեջ սխալներ գտնելուն:

Կինը, լսելով զրուցակցին, ավելի շատ տեսնում է նրան որպես անձ, հասկանում է նրա զգացմունքները: Կանայք ավելի հազվադեպ են ընդհատում խոսակցին, իսկ եթե ընդհատում են իրենց, ապա նրանք հետո շարունակում են խոսել այն բանից, ինչի վրա կանգ էին առել։

Դա բոլորովին էլ չի նշանակում, որ բոլոր տղամարդիկ չեն կարող լսել և ընկալել դիմացինին, և որ բոլոր կանայք կարող են լսել ու հասկանալ: Դա բոլորովին էլ այդպես չէ: Տղամարդիկ և կանայք հասարակության մեջ կարող են տարբեր դիրքեր զբաղեցնել և դերեր ստանձնել, սակայն նրանց երկուսին էլ կարող է բնորոշ լինել վերը թվարկված լսելու ոճերից ցանկացածը: Այն մասնագետները, ովքեր աշխատում են մարդկանց հետ, օրինակ` հոգեբանները, մանկավարժները, դաստիարակները, հաճախ  ունենում են բոլոր այն հատկությունները,  որոնք հատուկ են և´ կանանց, և´ տղամարդկանց:

Հիմա քանի որ մենք գիտենք երկու սեռերին բնորոշ լսելու ոճերը և գիտենք նաև, թե որն է մեզ հատուկ, հարց է առաջանում` արդյո՞ք հնարավոր է փոխել լսելու ոճը: Իհարկե հնարավոր է: Անհրաժեշտ է մարզվել  և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Վերջիվերջո լսելու կարողությունը լավացնում է մարդու հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում և օգնում է աշխատանքային գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել:

Վարժություն

Խաղ լսելու մասին: Խաղալ կարելի է և մենակ, բայց երկուսով ավելի հետաքրքիր է: Փակեք աչքերը ու փորձեք հիշել և թվարկել այն բոլոր ձայները, որոնք դուք լսել եք վերջին մեկ րոպեի ընթացքում:

Հիմա բացեք աչքերը և համեմատեք ձեր արդյունքերը: Դուք միևնույն ձայնե՞րն եք լսել: Կա՞ն արդյոք այնպիսի ձայներ որոնք ձեզնից մեկը լսել  է, մյուսը՝ ոչ: Արդյոք դա ավելի լա՞վ ուշադրության, ավելի շա՞տ կենտրոնացվածության, թե՞ ավելի լավ լսողության արդյունք է:

Այս վարժությունը հստակ ցույց է տալիս, որ լավ լսելու առաջին պայմանը հանդիսանում է ուշադրությունը: Այն նաև ցույց է տալիս, որ մենք կարող ենք ինչ֊որ ձայներ չլսել, եթե դրանց վրա հատուկ ուշադրույուն չենք դարձնում:

Լսել «ամբողջ մարմնով»: Առաջին իսկ հնարավորության դեպքում հետևեք ձեր զրուցակիցներին՝ զուգահեռաբար ձեզ մի քանի հարցեր տալով:

Ինչպե՞ս են զրուցակիցները օգտագործում ժեստերն ու խոսքը։ Օգնում են, թե՞ խանգարում նրանց այդ շարժումները լսել միմյանց: Իսկապես նրանք ուշադի՞ր են միմյանց նկատմամբ: Ինչպե՞ս դա  կարելի է հասկանալ: Շեղվու՞մ են նրանք խոսակցությունից, թե՞ ոչ:

 Պահպանո՞ւմ են արդյոք զրուցակիցները տեսողական կոնտակտը: Փոխվո՞ւմ են նրանք այն ժամանակ, երբ նայում են միմյանց աչքերի մեջ կամ երբ այլ կողմ են նայում:

Ձեր լսելու ոճը: Այս վարժությունը հիմնված է խոսակցական արձագանքի հինգ տեսակների վրա: Այդ տեսակներից ամենատարածվածները համարվում են սուբյեկտիվ ռեակցիաները, ավելի քիչ տարածվածները` շրջահայաց, աջակցող և վերլուծական ռեակցիաները, և ամենահազվադեպը հանդիպում են փոխհասկացման արձագանքները: Ինչպե՞ս եք դուք արձագանքում:

Արդյոք դուք մտնո՞ւմ եք սուբյեկտիվ լսողների շարքերի մեջ, որոնց հատուկ են այսպիսի արտահայտությունները`«Սա լավ է» կամ «սա վատ է»։

Հաճախ դուք այսպե՞ս եք մտածում՝ «Ես գիտեմ, թե դուք ինչի եք դա ասում»։

Հակվա՞ծ եք հավանություն արտահայտող արձագանքների, ինչպես օրինակ՝ «Ես ձեզ կարեկցում եմ»:

Օգտագործո՞ւմ եք վերլուծական արձագանքներ, հարցե՞ր եք տալիս՝ «ե՞րբ», «ինչպե՞ս»:

Արդյո՞ք դուք ունենում եք աջակցող արձագանքներ:

Փորձեք հասկանալ՝ որ ոճն եք դուք կիրառում, որն է ձեզ հատուկ, հարցրեք դա նաև ձեր ընկերներից:

Գրպանի գումար

Դժվար է հանդիպել երեխաների, ովքեր գոհ են այն բանից, թե ծնողները որքան գումար են իրենց տալիս ծախսերի համար և ինչ պայմաններով: Բոլորը կարծում են, որ գումարը պետք է լինի շատ, իսկ ծախսելը՝ առանց վերահսկվելու:

«Ի՞նչն է լավ, երբ ծնողներս ինձ գումար են տալիս, բայց թույլ չեն տալիս ծախսել առանց թույլտվության: Այդպես արդար չէ»։

Խելամիտ հարց է: Այն, թե ինչպես է պետք ծախսել գումարը և շատ այլ բաներ մենք սովորում ենք գործած սխալների հիման վրա, և եթե մեզ ոչ մի անգամ չթույլատրեն սխալվել փողային հարցերում, մենք այդպես էլ չենք սովորի խելամիտ վարվել ֆինանսների հետ: Եթե ծնողները երեխաներին գումար են տրամադրում անձնական ծախսերը հոգալու համար, սակայն երեխաներն ամբողջը պահում են տոներին հենց իրենց՝ ծնողների համար նվերներ գնելու համար, ապա այդպիսով գումար ծախսել չեն սովորի:

«Գրպանի փողը» լավ առիթ է ծնողների հետ խոսելու համար: Եթե դուք անկեղծ մտահոգություն հայտնեք ընտանիքի ֆինանսական վիճակի մասին, ապա կարող եք հուսալ, որ ծնողները կփորձեն ձեզ հետ ավելի ազնիվ լինել: Բացատրեք նրանց, որ հասկանում եք, գիտեք, որ գրպանի ծախսերը պետք է հիմնված լինեն ընտանիքի եկամուտի վրա: Եթե ձեր ծնողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ապա չպետք է հուսաք, որ մեծ գումար եք ստանալու նրանցից:

Երբ մեծանաք, կասեք ձեր ծնողներին, որ ցանկանում եք ինքներդ աշխատել ձեզ տրվելիք  գումարի մի մասը` կատարելով աշխատանք, որի համար նրանք պետք է վճարեին մեկ ուրիշին: Բնականաբար, որպես ընտանիքի անդամ, երեխաները պարտավոր են անել որոշակի աշխատանք, որի համար չի կարելի վճար ակնկալել: Մարդիկ տանն ինչ-որ բան անում են միայն հոգատարությունից և միմյանց օգնելու ցանկությունից ելնելով, բայց եթե ձեր ծնողների աշխատանքը շատ է և դժվար, կարելի է և ինչ-որ բան անել գումարի դիմաց:

Երբ քննարկում եք, թե որքան գրպանի գումար է ձեզ իրականում հարկավոր, խնդրեք ձեր ծնողներին պատմել իրենց կյանքում արած հիմար ծախսերի մասին:

Պատրաստված է Ս. Մկրտչյանի թարգմանության հիման վրա

Эда Ле Шан «Когда ваш ребенок сводит вас с ума»

Կամքի ուժ և ալարկոտություն

Կամքը գիտակցաբար նպատակներ դնելու և դրանց հասնելու կարողությունն է, դրա ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը: Այն մարդը, ով ունի այս կարողությունը, կամային է, իսկ նա, ով չի կարողանում նպատակներ դնել կամ անմիջապես հուսալքվում է ցանկացած խոչընդոտի հանդիպելիս, թույլ է, թուլակամ: Այդպիսի մարդիկ հազվադեպ են հաջողությունների հասնում:

Մարդու վրա մշտապես ազդում են որոշ արտաքին և ներքին ուժեր, որոնք հրահրում են նրան անել կամ չանել ինչ-որ բան (հոգեբանները դրանց դրդապատճառներ են անվանում):

Ինչպիսի՞ ուժեր են դրանք: Դրանք մարդու ցանկություններն ու պահանջմունքներն են, շրջապատող մարդկանց օրինակը կամ պահանջները, սովորությունները և այլն: Որոշ մոտիվներ, լինելով իրականացված, մարդուն շատ արագ են հաղթանակ ընձեռում` հենց իրականացման պահին: Որպես կանոն այդ «հաղթանակը» դրական զգացմունքներն են` հաճույք, ուրախություն, հետաքրքրություն: Պաղպաղակ եմ ուզում, կերա և հաճույք ստացա: Չեմ ցանկանում տնային աշխատանքն անել, դադարեցնում եմ, պառկում եմ և հանգստանում: Շատ հաճախ միանգամից հաճույք պատճառող երևույթը, որոշ ժամանակ անց կարող է բերել տհաճ զգացողությունների: Օրինակ՝ այսօր շատ պաղպաղակ կերա, ինչն ինձ ուրախացրեց, բայց վաղը կարող է կոկորդս ցավել, չեմ կարողանա բակ իջնել  և ահա տհաճ զգացողություններ:

Կարող են լինել նաև այլ դրդապատճառներ, որոնց իրականացումը մարդուն ավելի մեծ հաջողությունների կարող է բերել, բայց ոչ այնքան արագ, այլ երկարատև ժամանակում: Պետք է կարողանալ տեսնել  այդ վեջնական արդյունքը:  Նպատակը դրված է, և դրան հասնելու համար զոհեր են պահանջվում: Օրինակ` սպորտային ոլորտում դա ամենավառ ձևով է արտահայտվում, բայց կյանքի մյուս բոլոր ոլորտներում սկզբունքորեն նույն բանն է տեղի ունենում: Հաջողության հասնելու համար պետք է առաջնորդվել վերջնական նպատակի արդյունքով և երբեմն պետք  է հաշվի չառնել հիասթափություններն ու այլ խոչընդոտները:

Այնպիսի դրդապատճառները, որոնք ազդում են երկարատև հեռանկարի վրա, ուղղակի փուչ տեղից չեն առաջանում: Որպեսզի նրանք ձևավորվեն, քեզ համար պետք է հստակեցնես վերջնական նպատակը և դրան տանող ճանապարհները, որոնք կարող ես արդեն հիմա իրականացնել` «Եթե ինքդ չգիտես, ուր ես դու ցանկանում գնալ, ոչ մի քամի քեզ ուղեկից չի լինի»: Այլ հարց է, երբ  այն նպատակները, որոնք դու դրել ես, առհասարակ չեն համապատասխանում քո հնարավորություններին, այս դեպքում գործադրված ջանքերը պարզապես ապարդյուն են:

Կամքը ոչ միայն թույլ է տալիս հաղթահարել խոչընդոտներն, այլև օգնում է փոփոխվել և զարգանալ մարդուն` «նա, ով ցանականում է զարգացնել իր կամքը, պետք է կարողանա խոչընդոտները hաղթահարել»: Ճիշտ է այստեղ մի թակարդ կա: Բանը այն է, որ այն մարդու համար, ով ունի լավ զարգացած կամք կամ ով ցանկանում է այն զարգացնել, խոչընդոտների հաղթահարումը դարձնում է ինքնին ինքնանպատակ: Այնպիսի լուրջ որակը, ինչպիսին համառությունն է, դառնում է անիմաստ կամակորություն: Մարդու համար այլևս կարևոր չէ՝ ինչ կլինի իր գործողությունների արդյունքում, նա սկսում է հաճույք ստանալ հենց գործընթացից`խոչընդոտների հաղթահարումից: Եթե քո առաջ որևէ խոչընդոտ ես տեսնում, դեռ չի նշանակում, որ պետք է այն հաղթահարել: 

Ենթադրենք, ծնողները արգելում են դեռահասին ծխել: Եվ դա իրականում նորմալ է։ Ո՞ր ծնողը կցանկանա, որ իր երեխան ծխի: Բայց, ինչպես ասում են, արգելված պտուղը քաղցր է: Որքան ծնողները արգելում են, այնքան ծխելու ցանկությունը մեծանում է: Դեռահասսները փորձում են դրա միջոցով ինքնահաստատվել, մեծերին ապացուցել, որ իրենք արդեն մեծացել են և իրենք են որոշում՝ ինչն է իրենց համար լավ, ինչը՝ վատ: Չվիրավորելով ոչ մեկին՝ պետք է նշենք, որ դեռահասի այս վարքը հասուն մարդու վարք չէ։ Այսպիսով, եթե քեզ մոտ ցանկություն առաջանա անել ինչ որ բան ի հեճուկ արգելքների, ուղղակի սկզբունքի համար, ապա հիշիր այն մասին, որ արգելված պտուղը քաղցր է: Հատկապես հիմարների համար:

Իրականում, եթե մարդը բարեկեցիկ վիճակում է գտնվում, նա ուղղակի կարիք չի ունենում խոչընդոտներ հաղթահարել: Հաջողակ մարդու ցանկությունների մեծ մասը համապատասխանում է նրա պարտականությունների: Ինչպես ասում են` երջանկությունը կայանում է այն բանում, որ ցանկությունները, կարողություններն ու պարտականություններն ունենում են  միևնույն բովադակությունը, այլ ոչ թե նրանում, որ ստիպես քեզ անել այն, ինչ պետք է անես՝ հակառակ ցանկության և կարողության բացակայությանը: Կամ անես այն, ինչ ուզում ես՝ հասկանալով, որ դա այն չէ, ինչ պետք է անես և դրա պատճառով մեղքի զգացում ունենաս:

Խոսելով կամքի ուժի մասին չի կարելի չխոսել ալարկոտության մասին`մի վիճակ, որը հիմնականում դիտվում է որպես կամքի ուժի բացակայություն: Այս վիճակը ծանոթ է գրեթե բոլոր մարդկանց: Իհարկե այն պահին, երբ մարդը գտնվում է այս վիճակում, նա իրեն լավ, հարմարավետ է զգում: Այս ամենի համար նա պատասխան է տալու քիչ ավելի ուշ, երբ նրան  իր ալարկոտության համար ուղեկից կլինի անհաջողությունը, և նա ավելի ու ավելի դժգոհ կլինի իր ճակատագրից:

Ալարկոտության մասին խոսելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն իր վրա բարոյական վառ արտահայտված բացասական կնիք է կրում` ալարկոտությունը շատ վատ է: Բայց չէ՞ որ դա կարող է այն բանի ազդանշան լինել, որ մարդն իսկապես հանգստի կարիք ունի կամ որ նա իր աշխատանքը լավ չի կազմակերպում: Ցավոք երբեմն ալարկոտություն բառով մարդիկ բնորոշում են այն բոլոր վիճակները, որոնց ժամանակ մարդը չի անում այն, ինչ շրջապատողների կարծիքով պետք է անի: Իսկ ինչպիսի՞ տեսք ունի իսկական «ալարկոտությունը»: Այն 3 հիմնական բնութագրիչ ունի՝

  1. Մարդը իր համար ընդունում է ինչ-որ բան անելու անհրաժեշտությունը և դա անելու մտադրություն ունի:
  2. Մարդը ֆիզիկապես ունակ է անելու այն, ինչ մտադրվել էր անել։
  3. Այնուամենայնիվ, նա ոչինչ չի անում:

Որպեսզի այս իրավիճակից մարդը կարողանա դուրս գալ, նախ և առաջ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները: Չէ՞ որ ցանկացած բուժման համար սկզբում պետք է ճիշտ ախտորոշում:

Այսպիսով, ի՞նչ պատճառներ կարող են լինել:

Առաջին պատճառ ցանկության բացակայություն, մոտիվացիայի ցածր մակարդակ: Մարդը չի ցանկանում ոչինչ անել: Նրա մոտ այդ գործողությունն անելու մոտիվացիա չի առաջանում, քանի որ նրա տեսադաշտում չի հայտնվում դրան համապատասխան գործողություն, որը կհետաքրքրի կամ կմոտիվացնի: Ավելի հաճախ,այդպես լինում է  այն պատճառով, որ վաղ մանկական տարիքում տվյալ մարդը քիչ է ուրախացել, և շատ պարտականություններ է ունեցել: Մարդը դուրս է գալիս նման վիճակից, երբ գտնում է այնպիսի գործեր, որոնք պարտավորված չէ, այլ ցանկանում է անել: Այստեղ խոսքը գնում է այն ուրախության մասին, որն առաջանում է կոնկրետ աշխատանքից:

Երկրորդ  պատճառ ուժերի բացակայույթուն: Մարդը սկզբունքորեն ցանկանում է, բայց չի կարող որևէ գործունեությամբ զբաղվել: Սա կյարող է կապված լինել մարդու ֆիզիկական վատ առողջության հետ: Այսպիսի վիճակը հաճախ անվանում են թուլություն, այլ ոչ թե ալարկոտություն: Այսպիսի դեպքերում պետք է հետազոտվել և բուժվել:  Գոյություն ունեն այնպիսի մարդիկ, որոնք այնքան ալարկոտ են, որ նույնիսկ հատուկ հիվանդանում են, որ շրջապատողներն իրենց հանգիստ թողնեն: Գիտե՞ս՝ ինչով է դա հիմնականում ավարտվում: Մեր երազանքները  իրականանալու հատկություն ունեն: Օխ, զգույշ եղիր քո ցանկությունների հետ:

Երրորդ պատճառ նպատակների բացակայություն: Լինում է այնպես, որ մարդը   շատ ցանկություններ և դրանք իրականացնելու համար ուժ ունի: Բայց նա ոչ մի կերպ չի կարողանում որոշել և գործել, քանի որ չգիտի՝ ուր գնալ: Ցանկանում է և կարող է, բայց ոչինչ չի հասկանում: Այս դեպքում նրան ևս ալարկոտությունը կարող է վարակել: Այսպիսի ոչ երկար ալարկոտությունը սկզբունքորեն օգտակար է` այս իրավիճակում մարդը մտածում է, իր համար իրական նպատականեր է առանձնացնում, եթե նույնիսկ արտաքուստ դա անգործության է նմանվում:

Չորորդ պատճառ անիրական, երևակայական նպատակ: Մարդը միայն երազում է, պլաններ է գծում: Բայց նա դրանք չի իրականացնում, քանի որ նպատակը անիրականանալի է: Օրինակ, վատ չէր լինի մեկ միլիարդ դոլար ժառանգություն ստանալ ինչ- որ շեյխից:

Հինգերորդ պատճառ անիրական գործողություններ։ Խնդիրը  մտադրություններից գործողություններին անցնելն է: Մարդը կարող է իր համար լրիվ իրական պլաններ նախագծել: Օրինակ՝ սովորել չինարեն կամ վերանորոգել իր սենյակը: Բայց միևնույն ժամանակ պլանները ուղղակի այդպես էլ մնան, քանի որ մարդը չկարողանա ջանք գործադրել կամ աշխատել: Անկողնում պառկած նա կարող է սարեր շուռ տալ, բայց ահա երբ վեր կենա  և ձեռքը վերցնի բահը, նույն պահին հետ կդնի և նորից կսկսի պլաններ գծել: Դա հիմնականում լինում է այն բանից, որ մանկական տարիքում  մեծահասակներն ամեն ինչ արել են նրա փոխարեն․ նրա փոխարեն որոշումներ են կայացրել և թույլ չեն տվել որևէ գործ ավարտին հասցնել, քանի որ չեն վստահել: Ի՞նչ անել նման իրավիճակում: Հասկանալ, որ աշխատել և տքնել կարելի է սովորել` և հենց այս պահին, դրա համար երբեք էլ ուշ չէ:

Կան մի քանի վիճակներ, որոնց տակ ալարկոտությունը լավ քողարկվում է:

Շատ բարձր զբաղվածություն, և որպես արդյունք ավելի կարևոր գործերի համար «ժամանակի բացակայություն»: Երբ մարդուն անհրաժեշտ է ինչ-որ նոր, ավելի պատասխանատու և դժվար գործ սկսել, նրա մոտ միանգամից շատ գործեր են սկսվում, օրինակ՝ նա սկսկում է մաքրել ամբողջ տունը:

Անադեկվատ, չափազանց բարձր պահանջներ: Ալարկոտը իր համար ընտրում է այնպիսի գործեր, որոնք շատ բարդ են և արդյունքում ամենը կիսատ է թողնում կամ ոչինչ էլ չի անում: Այսպիսի մարդը նման է այն մարդուն, ով չի աշխատում և փնտրում է այնպիսի աշխատանք, որտեղ նրան միանգամից կվճարեն 1000 եվրո, իսկ նրա գիտելիքները դրա հնարավորությունը չեն տալիս։ Արդյունքում նա ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կարողանում գտնել: Եվ ամենագլխավորը նա ինքն իրեն ոչ մի բանում չի մեղադրում, չէ որ նա անկեղծորեն աշխատանք է փնտրում, ուղղակի պայմանները իրեն չեն համապատասխանում:

Եթե նման մի բան էլ քեզ հետ է պատահում, ապա իմացիր՝ սա ալարկոտություն է, ուղղակի այն մի քիչ քողարկվել է:

Միևնույն ժամանակ կան այլ վիճակներ, որոնք արտաքնապես նման են ալարկոտությանը, բայց իրականում դա չեն:

Գիտակցական ընտրություն։ Երբ մարդ չի անում ինչ-որ բան, քանի որ դա իր համար անիմաստ է համարում՝ «Ինչի՞ համար ես պետք է գրականություն ուսումնասիրեմ, եթե ես ծրագրավորող եմ աշխատելու»: Իհարկե սա այդքան էլ հիմնավոր բացատրություն չէ, բայց այնուամենայնիվ ալարկոտությունն այստեղ կապ չունի: Մարդը իսկապես դա անելու իմաստը չի տեսնում և չի ցանկանում դա անել, ուղղակի, որովհետև ինչ-որ մեկը այդպես է ուզում:

Հոգնածություն: Պատկերացրու, որ դու ամբողջ գիշեր պարել ես ակումբում: Իսկ առավոտյան պետք է համալսարան գնաս, և ահա առաջին դասին քեզ սկսում են ծանրաբեռնել մաթեմաթիկական բարդ բանաձևերով: Ի՞նչ ես կարծում՝ կկարողանա՞ս արդյոք ինչ-որ բան հասկանալ ուսուցչի բացատրություններից:

Վախ, ակտիվ գործողություններ իրականացնելու նկատմամբ: Այսպիսի իրավիճակների համար ասում են՝ «և ցանկանում է, և երկմտում»:

Ի՞նչ անել նմանատիպ իրավիճակներում: Եթե հոգնած ես, պարզապես հանգստացիր և նոր անցիր գործունեությանը:

Ինչպես ցանկացած այլ ուժ, կամքի ուժը ևս կարելի է մարզել: Ահա դրա հետ կապված մի քանի օգտակար խորհուրդ`

Պլանավորիր այն,  ինչ որոշել ես անել: Թող սկզբում դրանք գոնե պլաններ լինեն կարճ ժամանակի համար` ասենք օրինակ մեկ օրվա համար: Օգտակար է գրել այդ պլանները թղթի վրա: Երբ պլանն արդեն կազմված է, դրա իրականացումն արդեն արժանապատվության խնդիր է: Եթե դու ինքդ դեռ չգիտես՝ ինչ պետք է անես, ոչ մի կամքի ուժ քեզ չի օգնի:

Պատմիր քո պլանների մասին մոտ ընկերներիդ, եթե դու վստահ չես քո ուժերում և կարծում ես, որ քեզ օգնություն է անհրաժեշտ: Այս դեպքում դու պարտավոր կլինես իրականացնել քո պլանները, չէ՞ որ չես ցանականա ընկերիներիդ աչքում ուղղակի փուչ խոսացող երևալ, ով պատասխանատու չէ իր խոսքերի համար:

Նպատակիդ հասնելու ժամանակահատվածը հստակ էտապների բաժանիր: Մեծ գործերը մի ակնթարթում չեն արվում, լուրջ հաջողության հասնելու ճանապարհին ընկած են շատ հաջողակ քայլեր և փոքր հաջողություններ:

Աշխատանքիդ մեջ որոշիր առաջնահերթությունները: Առանձնացրու այն, ինչ իսկապես կարևոր է և սկսիր հենց դրանից: Հիշիր՝ ավելի լավ է սկսել մի գործից և հասցնել այն ավարտին, նոր անցնել մյուսին:

Խուսափիր ինքնաարդարացումներից, դրանք ոչ մի օգուտ չեն բերում: Եթե դու ինչ-որ բան նշել ես, բայց չես իրականացրել, մտածիր ոչ այն մասին, թե ինչի չարեցիր, այլ այն մասին, թե երբ դու դա կանես:

Իրականցվելիք աշխատանքին վերաբերվիր որպես մարզանքի, եթե նա նույնիսկ քեզ համար հետաքրքրիր չէ:Սովորիր հանգստանալ: Շատ դժվար է ստիպել քեզ ինչ որ բան անել այն դեպքում, երբ ուղղակի ուժ չունես: Դու աշխատանքդ ավելի արդյունավետ կիրականացնես այն դեպքում, եթե դրա վրա ծախսես երկու ժամ՝ ընթացքում ընդմիջելով, քան եթե դրա վրա ծախսես մի քանի ժամ՝ ընդհանրապես չհանգստանալով: