Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, իր խոսելու, լսելու և նայելու ոճը:
Լսելու ոճի մեջ արտահայտվում է մեր անձը, բնավորությունը, հետաքրքրությունները, ձգտումները, դիրքորոշումները, սեռը և տարիքը: Իհարկե, շատ բան կախված է իրավիճակից, օրինակ շփումն աշխատավայրում և տանը տարբեր է, վերջինիս դեպքում մենք չենք շտապում և կարող ենք հանգստանալ: Իրականում լսելու ունակությունը ճկունություն է պահանջում զրուցակցի ոճին համապատասխան ոճ ընտրելու և տվյալ իրավիճակին համապատասխանեցնելու համար: Բժիշկներն ու հոգեբանները կարծում են, որ բանավոր շփման մեջ պատասխանների 80%-ը կարող է նշանակել լսողի խոսքի և վարքի հետևյալ ռեակցիաները` գնահատում, հրահրում, աջակցություն, ճշգրտում և ըմբռնում: Մնացած 20%-ը կարող են լինել պատասխաններ, որոնք կարևոր չեն շփման համար: Ամենատարածվածը գնահատող վերաբերմունք արտահայտող պատասխաններն են, իսկ ամենաքիչ տարածվածները` հրահրող, աջակցող և ճշգրտող պատասխանները: Հասկանալը փաստող պատսախաններ շատ հազվադեպ են հանդիպում:
Ինչի՞ մասին են մտածում այն մարդիկ ովքեր մեզ լսում են: Ի՞նչ են նրանք լսում, երբ լսում են մեզ: Ծայրահեղական զրուցակիցն արտահայտությունների մասին դատում է հետևյալ կերպ` «սա ճիշտ է, սա սխալ է» կամ «սա լավ է, սա վատ է»: Մտածող կամ տրամաբանող մարդը մտածում է մոտավորապես այսպես` «դուք այդպես եք ասում, որ ես ինձ մեղավոր զգամ» կամ «հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչու եք դուք դա ասում»: Կարեկցող զրուցակիցը շատ արագ համաձայնում է` թույլ տալով մոտավորապես նմանատիպ արտահայտություններ` «դուք ամբողջովին ճիշտ եք» կամ «ես ձեզ կարեկցում եմ»: Վերլուծող մարդը, հակառակը, հակված է հարցեր տալու` «ե՞րբ» կամ կարող է ասել` «բերեք ինձ մի կոնկրետ օրինակ»: Նմանատիպ արձագանքներն անվանում են շփման խոչընդոտներ: Հենց արձագանքող լսողը կարող է ակտիվ օգտագործել լռությունը, ռեֆլեքսիվ և էմպաթիկ արձագանքները:
Ինչպե՞ս եք դուք լսում: Ինչպե՞ս եք պատասխանում, ինչպե՞ս եք արձագանքում: Հարցրեք ձեր ընկերներին: Նրանց գնահատականը կարող է ձեզ համար անակնկալ լինել:
Լսելու ոճը որոշվում է նաև մարդու զբաղեցրած դիրքով: Հաճախ ավելի ուշադիր լսում են նրանց, ովքեր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, հատկապես այն դեպքերում, երբ ցանկանում են դրանից որևէ օգուտ ստանալ: Մյուս կողմից էլ այն մարդիկ, ովքեր ավելի մեծ պաշտոններ են զբաղեցնում, ավելի անուշադիր են: Տարբեր պաշտոններ կամ դիրքեր գրավող մարդկանց զրույցում բարձր պաշտոն ունեցող մարդիկ երբեմն ավելի հաճախ են ընդհատում զրուցակցին, քան դիմացինը:
Ինչի՞ մասին է վկայում ձեր փորձը: Դուք այնպիսի տպավորություն եք ունենում՝ կարծես այն մարդիկ, ովքեր համեմատաբար բարձր պաշտոններ են զբաղեցնում, իրականում լսում են: Թե՞ նրանք պարզապես քաղաքավարությունից դրդված են լսում: Իսկ հիմա ուղղակի պատասխանեք ինքներդ ձեզ` լսում եմ ես արդյոք այն մարդկանց, ովքեր ինձնից ցածր դիրք են զբաղեցնում: Լսո՞ւմ եմ ես նրանց մինչև վերջ, թե՞ հաճախ եմ ընդհատում: Լսելու ոճը որոշվում է նաև նրանով, թե ով է մեր զրուցակիցը` տղամարդ, թե կին: Երբ խոսում են երկու տղամարդ կամ երկու կին, միմյանց գրեթե միևնույն հաճախականությամբ են ընդհատում, բայց երբ զրուցում են տղամարդն ու կինը, ապա տղամարդը ընդհատում է կնոջը երկու անգամ ավելի շատ: Ենթադրվում է, որ տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են զրույցի բովանդակության վրա, մինչդեռ կանայք ուշադրություն են դարձնում հենց զրույցի ընթացքին: Տղամարդիկ սովորաբար ուշադիր լսում են 10-15 վայրկյան, այնուհետև տղամարդը սկսում է լսել ինքն իրեն և փնտրել, թե ինչ կարելի է ավելացնել զրույցին: Հոգեբանները կարծում են, որ ինքն իրեն լսելը միայն տղամարդկանց բնորոշ սովորություն է, որն ամրապնդվում է մարզանքների միջոցով, խոսակցության հստակեցման և որոշումներ կայացնելու հմտության ձեռքբերման հետ միասին։ Այդ պատճառով էլ տղամարդը դադարում է լսել և կենտրոնանում է խոսակցությունը դադարեցնելու միջոց գտնելու վրա: Արդյունքում տղամարդիկ հակված են շատ արագ պատասխաններ տալու: Նրանք չեն լսում զրուցակցին մինչև վերջ և հարցեր չեն տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ունենան նախքան եզրակացություններ անելը: Տղամարդիկ հակված են խոսակցության մեջ սխալներ գտնելուն:
Կինը, լսելով զրուցակցին, ավելի շատ տեսնում է նրան որպես անձ, հասկանում է նրա զգացմունքները: Կանայք ավելի հազվադեպ են ընդհատում խոսակցին, իսկ եթե ընդհատում են իրենց, ապա նրանք հետո շարունակում են խոսել այն բանից, ինչի վրա կանգ էին առել։
Դա բոլորովին էլ չի նշանակում, որ բոլոր տղամարդիկ չեն կարող լսել և ընկալել դիմացինին, և որ բոլոր կանայք կարող են լսել ու հասկանալ: Դա բոլորովին էլ այդպես չէ: Տղամարդիկ և կանայք հասարակության մեջ կարող են տարբեր դիրքեր զբաղեցնել և դերեր ստանձնել, սակայն նրանց երկուսին էլ կարող է բնորոշ լինել վերը թվարկված լսելու ոճերից ցանկացածը: Այն մասնագետները, ովքեր աշխատում են մարդկանց հետ, օրինակ` հոգեբանները, մանկավարժները, դաստիարակները, հաճախ ունենում են բոլոր այն հատկությունները, որոնք հատուկ են և´ կանանց, և´ տղամարդկանց:
Հիմա քանի որ մենք գիտենք երկու սեռերին բնորոշ լսելու ոճերը և գիտենք նաև, թե որն է մեզ հատուկ, հարց է առաջանում` արդյո՞ք հնարավոր է փոխել լսելու ոճը: Իհարկե հնարավոր է: Անհրաժեշտ է մարզվել և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Վերջիվերջո լսելու կարողությունը լավացնում է մարդու հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում և օգնում է աշխատանքային գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել:
Վարժություն
Խաղ լսելու մասին: Խաղալ կարելի է և մենակ, բայց երկուսով ավելի հետաքրքիր է: Փակեք աչքերը ու փորձեք հիշել և թվարկել այն բոլոր ձայները, որոնք դուք լսել եք վերջին մեկ րոպեի ընթացքում:
Հիմա բացեք աչքերը և համեմատեք ձեր արդյունքերը: Դուք միևնույն ձայնե՞րն եք լսել: Կա՞ն արդյոք այնպիսի ձայներ որոնք ձեզնից մեկը լսել է, մյուսը՝ ոչ: Արդյոք դա ավելի լա՞վ ուշադրության, ավելի շա՞տ կենտրոնացվածության, թե՞ ավելի լավ լսողության արդյունք է:
Այս վարժությունը հստակ ցույց է տալիս, որ լավ լսելու առաջին պայմանը հանդիսանում է ուշադրությունը: Այն նաև ցույց է տալիս, որ մենք կարող ենք ինչ֊որ ձայներ չլսել, եթե դրանց վրա հատուկ ուշադրույուն չենք դարձնում:
Լսել «ամբողջ մարմնով»: Առաջին իսկ հնարավորության դեպքում հետևեք ձեր զրուցակիցներին՝ զուգահեռաբար ձեզ մի քանի հարցեր տալով:
Ինչպե՞ս են զրուցակիցները օգտագործում ժեստերն ու խոսքը։ Օգնում են, թե՞ խանգարում նրանց այդ շարժումները լսել միմյանց: Իսկապես նրանք ուշադի՞ր են միմյանց նկատմամբ: Ինչպե՞ս դա կարելի է հասկանալ: Շեղվու՞մ են նրանք խոսակցությունից, թե՞ ոչ:
Պահպանո՞ւմ են արդյոք զրուցակիցները տեսողական կոնտակտը: Փոխվո՞ւմ են նրանք այն ժամանակ, երբ նայում են միմյանց աչքերի մեջ կամ երբ այլ կողմ են նայում:
Ձեր լսելու ոճը: Այս վարժությունը հիմնված է խոսակցական արձագանքի հինգ տեսակների վրա: Այդ տեսակներից ամենատարածվածները համարվում են սուբյեկտիվ ռեակցիաները, ավելի քիչ տարածվածները` շրջահայաց, աջակցող և վերլուծական ռեակցիաները, և ամենահազվադեպը հանդիպում են փոխհասկացման արձագանքները: Ինչպե՞ս եք դուք արձագանքում:
Արդյոք դուք մտնո՞ւմ եք սուբյեկտիվ լսողների շարքերի մեջ, որոնց հատուկ են այսպիսի արտահայտությունները`«Սա լավ է» կամ «սա վատ է»։
Հաճախ դուք այսպե՞ս եք մտածում՝ «Ես գիտեմ, թե դուք ինչի եք դա ասում»։
Հակվա՞ծ եք հավանություն արտահայտող արձագանքների, ինչպես օրինակ՝ «Ես ձեզ կարեկցում եմ»:
Օգտագործո՞ւմ եք վերլուծական արձագանքներ, հարցե՞ր եք տալիս՝ «ե՞րբ», «ինչպե՞ս»:
Արդյո՞ք դուք ունենում եք աջակցող արձագանքներ:
Փորձեք հասկանալ՝ որ ոճն եք դուք կիրառում, որն է ձեզ հատուկ, հարցրեք դա նաև ձեր ընկերներից:
Կամքը գիտակցաբար նպատակներ դնելու և դրանց հասնելու կարողությունն է, դրա ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը:
Սպտ 01 2023