Ինչ պետք է «սովորեն» դպրոցականների ծնողները

Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում: Այդ պատճառով, այն ինչ լավ է մի երեխայի համար, կարող է բացարձակ հակառակ ազդեցություն ունենալ մյուսի վրա: Միայն ծնողները կարող են ամբողջությամբ իմանալ երեխային: Նրանք երեխային ուսումնասիրում են ծնվելու պահից սկսած և նրա հետ միասին գտնում դաստիարակության լավագույն միջոցներն ու ձևերը:

Ծնողների համար առանձնահատուկ դժվար շրջան է սկսում, երբ երեխաները գնում են դպրոց: Ծնողներին օգնելու և երեխայի ուսումնառության գործընացը ճիշտ կազմակերպելու համար առաջարկում ենք հետևել մի շարք կանոնները:

Ոչ մի դեպքում ոչինչ պետք չի անել երեխայի փոխարեն: Անհրաժեշտ է նրան սովորեցնել ճիշտ սովորել, զարգացնել նրա ուսումնական հմտությունները և դրանից հետո ուղղորդել ու կազմակերպել երեխայի գործողությունները:  

Պետք չի որևէ պայման դնել: Դա երեխային սովորեցնում է սովորել ինչ-որ բանի համար: Սովորելը միշտ պիտի մնա նրա կենսական պահանջմունքը: Պատժվելու վախից սովորելը բերում է նրան, որ երեխան սկսում է ատել ուսումն ու դպրոցը:

Եթե երեխան չի ցանկանում սովորել կամ հրաժարվում է դպրոց գնալ, հարկավոր է փնտրել, գտնել և հասկանալ նրա դժվարությունների պատճառներն ու տեսակը, որոնք խանգարում են ճիշտ հասկանալ և կատարել դպրոցական հանձնարարությունները: Եթե դպրոցական դժվարությունները ժամանակին չկանխվեն, դրանք կկուտակվեն և հետագայում կհասնեն այն վիճակին, երբ ոչ մի տեսակի սպառնալիք չի ստիպի երեխային դասերը պատրաստել:

Երեխան անընդհատ պիտի զգա և իմանա, որ Դուք հավատում եք նրա ուժերին և ցանկացած պահի կարող եք օգնել նրան:

Բայց, չգիտես թե ինչու, ընդունված է ցածր գնահատականների համար երեխային պատժել կամ զայրանալ նրա վրա: Երեխայի բոլոր սխալները գալիս են կամ ոչ լիարժեք գիտելիքներից, կամ նյութը ոչ լիարժեք հասկանալուց և ընկալելուց: Եթե երեխան գիտելիքների կարիք ունի, անհրաժեշտ է նրան տրամադրել դրանք: Եթե նա ինչ-որ բան լավ չի հասկանում, դրանում մեղավոր են մեծահասակները, ովքեր չեն կարողացել ճիշտ կազմակերպել երեխայի ուսուցման գործընթացը, պարզ և հասկանալի ձևով մատուցել նյութը:

 Շատ օգտակար է երեխայի հետ հավասարը հավասարին զրուցել, կարծես խորհրդակցել նրա հետ, որպեսզի երեխան հետաքրքվի սովորելով: Հրահրեք երեխային քննարկել և մտորել տնային հանձնարարությունների շուրջ, իր ջանքերի և դրանց կատարման որակի շուրջ: Այդ ժամանակ նրա մոտ ցանկություն կառաջանա ստուգել իր հնարավորությունները, այդպես  նաև կատարելով տնային հանձնարարությունները:

Գովեք երեխային, եթե նա դրան արժանացել է: Ցույց տվեք նրան, որ նա շատ բանի է ընդունակ և Դուք վստահում եք նրա կարողություններին, հավատ ունեք նրա ուժերի հանդեպ:

Երեխայի հետ շփման ժամանակ Ձեր բառապաշարից հանեք այնպիսի բառերը, ինչպիսիք են` «ալարկոտ», «դմբո», «դանդալոշ» և այլ վիրավորական արտահայտություններ, որովհետև երեխաները կարող են հավատալ Ձեզ:

Հեռուստատեսային հաղորդումների երկարատև դիտման ու համակարգչային խաղերի վնասների մասին գիտեն բոլորը:  Կարելի է երեխաների կյանքի այդքան բաղձալի խաղերն ու նման այլ զբաղմունքները դարձնել նրանց սովորելու և դրական վարքագծի ձևավորման համար խրախուսական միջոց: Նման միջոցների կիրառումը  հիմա արդեն անխուսափելի է, որովհետև այժմ դպրոցում սովորելը և ժամանակակից պահանջներին բավարարելը բավական դժվար է, և աշակերտից մեծ ուժ, ջանքեր, էներգիա և առողջություն է պահանջում:

Այդ պատճառով, հարգելի’ ծնողներ, մի չարաշահեք երեխայի ուժերը դասապատրաստման ժամանակ: 6-7 տարեկան երեխաները պիտի աշխատեն 30 րոպեից ոչ ավել, իսկ դրանց միջև պարտադիր պիտի ունենան 15 րոպեանոց ընդմիջումներ:

Կարդացեք նաև

Անհանգստացեք, եթե երեխան… (1-3 տ.)

1-3 տարեկանում բուռն զարգացում է ապրում երեխայի ոչ միայն հենաշարժողական համակարգը, այլև հոգեկան գործընթացները, սոցիալական հմտությունները:

Օգս 16 2023

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ

Օգս 14 2023

Անհանգստացեք, եթե երեխան…

0-1 տարեկան երեխաների ծնողները հաճախ ցանկանում են պարզել, արդյոք նորմալ է ընթանում երեխայի զարգացումը:

Հլս 30 2023