Արտակարգ իրավիճակը և երեխաները
Արտակարգ իրավիճակներն իրենց բնույթով տարբերվում են առօրեական կյանքից և այդ առումով ուժեղ բացասական սթրեսի աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են: Այդ պատճառով կարևոր է վստահելի մեծահասակի ներկայությունը և երեխային հուզական աջակցության ցուցաբերումը:
- Երեխաների ռեակցիաներն արտակարգ իրավիճակին կարող են լինել շատ տարբեր՝ սկսած ներփակվածությունից, հույզերի քարացումից մինչև գերհուզականություն, վախ, ագրեսիվ պահվածք, հակասոցիալական պահվածք, մղձավանջներ, սննդային վարքի շեղումներ, գիշերամիզություն, ուշադրության և կենտրոնացման հետ դժվարություններ և այլն: Երեխան կարող է դրսևորել իրեն ոչ բնորոշ պահվածք արտակարգ իրավիճակում: Կարևոր է ծնող-երեխա վստահելի փոխհարաբերությունների պահպանումը:
- Մի երեխայի դեպքում սթրեսային ռեակցիան կարող է դրսևորվել անմիջապես, իսկ մեկ այլ երեխայի մոտ՝ ավելի ուշ փուլերում, երբ արտակարգ իրավիճակն արդեն ավարտված է:
- Այն, թե երեխան ինչպես է արձագանքում արտակարգ իրավիճակին, կախված է ինչպես իր տարիքից, զարգացման մակարդակից, նրա ունեցած նախկին փորձից և պատկերացումներից, նրանից, թե արդյո՞ք երեխան կամ նրա ընտանիքի անդամն ստացել են ֆիզիկական վնասվածք, թե ոչ:
- Մինչև 6 տարեկան երեխաների ռեակցիաները մեծամասամբ պայմանավորված են ծնողների հուզական վիճակով և վարքով, քանի որ իրենք խորությամբ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Եթե ծնողը կարողանում է պահպանել հանդարտություն և կայուն հուզական կապ երեխայի հետ, դա դրական կանդրադառնա այդ տարիքի երեխայի վրա:
- 7-12 տարեկան երեխաներին աջակցելու կարևոր կողմերից է տարիքին համապատասխան տեղեկատվություն տրամադրելը, քանի որ նրանք արդեն կարիք ունեն հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: Եթե երեխան դրսևորում է վախ, անհանգստություն, շփոթվածություն և մի շարք այլ բացասական ապրումներ կամ իրեն ոչ բնորոշ պահվածք, կարող եք խրախուսել երեխային խոսել իր հույզերի և ապրումների մասին:
- 13-ից բարձր տարիքի երեխաներն ավելի շատ են հասկանում, թե ինչ է կատարվում արտակարգ իրավիճակում: Այնուամենայնիվ տեղեկատվական հիգիենայի պահպանումը դեռահասների դեպքում ևս կարևոր է, որպեսզի է՛լ ավելի չսրվի տարիքին բնորոշ տագնապայնությունը: Նրանք ցանկանում են օգնել մեծահասակներին, օրինակ՝ կամավորություն անել տարբեր կազմակերպություններում, իրենց աջակցությունը ցուցաբերել ընտանիքին կամ հասարակությանը: Մի՛ խոչընդոտեք պիտանի զգալու նրանց կարիքի իրացմանը, պարզապես առաջնորդեք և ուղղորդեք դեռահասին, թե ինչպես իր համար անվտանգ կերպով օգնի: Դեռահասի հույզերի առջև եղեք բաց և աջակցող:
- Բոլոր տարիքի երեխաների դեպքում կարևոր է նրանց առօրյայի հնարավորս շարունակումը: Երեխան կարիք ունի խաղալու, նկարելու, երգելու անգամ արտակարգ իրավիճակում: Այդ ամենն ապաքինող դեր կարող է ունենալ: Նկարելով նա կարող է պատկերել իր վախերը, իսկ երգելու միջոցով երեխայի մոտ հույս և լավատեսություն կարող է ծնվել: Սյուժետադերային խաղերում երեխան հաճախ արտապատկերում է ընթացող արտակարգ իրավիճակը և ապաքինման ճանապարհը սկսում անցնել: Մի՛ վախեցեք երեխայի նմանատիպ խաղերից:
- Հնարավորինս նպաստեք, որ երեխան շարունակի իր ուսումնական գործունեությունն արտակարգ իրավիճակի ընթացքում կամ դրանից հետո:
- Լսեք երեխաներին և հնարավորություն տվեք ձեզ հարցեր տալու, եթե կարիքն ունենան:
- Հատուկ կարիքներով, հատկապես՝ տեղաշարժման դժվարություններով կամ շնչառական սարքերից հաճախ օգտվող երեխաներն առավել սուր սթրեսային ռեակցիաներ կարող են ունենալ արտակարգ իրավիճակում: Նրանք կարող են կարիք ունենալ ավելի շատ զրույցների, ավելի շատ գրկախառնությունների կամ բացատրությունների:
Նյութը ներկայացրեց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը։