Մեզնից շատերն ունեն վարքի կրկնվող և սիրված սցենարներ: Դա բացատրվում է նրանով, որ մենք բոլորս, ապրելով և աշխատելով հասարակության մեջ, ստիպված ենք հետևել էթիկայի որոշակի կանոնների: Երեխան կարող է մոտենալ մորն ու ասել. «Մամ, գրկիր ինձ, նեղացրել են» կամ «Դե ասա` ապրես. չէ՞ որ ես լավ եմ արտասանել բանաստեղծությունը»: Մեծահասակների համար այդպիսի վարքն անհեթեթ է, սակայն երեխայի ենթագիտակցությունն ինքնաարտահայտման կարիք ունի և յուրահատուկ «սցենարների» օգնությամբ ազդանշններ է ուղարկում: Ելնելով այն բանից, որ դրանք կրկնվում են բավականին հաճախ, կարող ենք հասկանալ, թե ինչպիսի մոտիվացիոն հոգեբանական գործոնների և ազդանշանների կարիք ունի թեկնածուն: Դիտարկենք սցենարների մի քանի տիպիկ օրինակներ և թե ինչպես կարելի է դրանք մեկնաբանել և ինչպես վերաբերվել մարդուն, եթե ուզում ենք նրան դրդել մեզ հետ համագործակցության:
«Ոչ մի բանի համար ժամանակը չի բավականացնում / Այնքան ծանրաբեռնված է աշխատանքս / Ամբողջ գործը ես պետք է անեմ» .
Սա ամենատարածված սցենարներից մեկն է: Որոշ դեպքերում մարդն իսկապես չի կարողանում կառավարել իր ժամանակը, որի պատճառով ծանրաբեռնված է, իսկ այլ դեպքերում նրա ծանրաբեռնվածությունը միանգամայն նորմալ է, և նա հիանալի գլուխ է հանում իրեն վստահված աշխատանքի ծավալից: Իրականում, սակայն, դա առանձնահատուկ նշանակություն չունի:
Այդպիսի իրավիճակներում ուղարկվող հիմնական ազդանշանն է. «Ես իսկապես կարևոր եմ, ես իսկապես օգտակար եմ, առանց ինձ անհնար է դա անել»: Սա վկայում է այն մասին, որ այսպիսի մարդուն չի բավականացնում սեփական նշանակալիության ճանաչումը:
Առավել նախընտրելի ռեակցիան այդ նշանակալիությունը հաստատելն է, պարբերաբար գովելը և նրա արածի վերաբերյալ ձեր գնահատականը տալը: Պետք է ընդունել, որ այդ մարդու կարծիքից և գործողություններից իսկապես շատ բան է կախված: Շատ հաճախ այդպիսի սցենարը դառնում է կրկնվող այնպիսի իրավիճակներում, երբ աշխատակիցը չի ստանում կարիերայի աճի հնարավորություն, կամ երբ աշխատանքն ինքն իրենով չի տալիս մարդուն անհրաժեշտ ճանաչումը: Այդ դեպքում դա կարող է և պետք է փոխհատուցվի ղեկավարի կողմից: Այս սցենարն ինքնին վտանգավոր չէ, չի կարելի բացասական համարել, այն օգնում է շտկել աշխատակցի մոտիվացիայի հանդեպ մոտեցումը:
Սխալ և անարդյունավետ արձագանք`
— Ժամանակի կառավարման վերաբերյալ խորհուրդներ, հատկապես օրվա սխալ պլանավորման վերաբերյալ կշտամբանքներ (դա կարելի է և պետք է անել, սակայն ոչ սցենարի դրսևորման պահին):
— Թեմայի քննարկումից հրաժարվելը` վկայակոչելով սեփական զբաղվածությունը:
— «Մրցակցություն» տարրի օգտագործումը:
«Միևնույն է ինձ չի հաջողվի անել դա / Նախապես ներողություն եմ խնդրում…»
Այս սցենարը պետք է քննարկել միայն այն դեպքում, եթե կրկնվում է, իսկ եթե մարդն այդպես է վարվում միայն կոնկրետ դեպքերում, ապա չարժե որևէ եզրակացություն անել: Այս սցենարի կրկնությունը շատ նման է նախորդին, զուրկ է ագրեսիայից և արտահայտվում է ցածր ինքնագնահատականի (միգուցե միայն մեկ ոլորտում) պարագայում: Մարդը նախապես ապահովագրում է իրեն, եթե գլուխ չհանի իրեն վստահված աշխատանքից:
Լավագույն տարբերակն է` հասկացնել զրուցակցին, որ նա իսկապես կարողանում է կանխատեսել իրավիճակը, և դուք ընդունում եք նրա զգուշավորությունը, սակայն առաջարկել նրան այնուամենայնիվ փորձել` հավատացնելով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, անգամ այն դեպքում, եթե նրա մոտ ոչինչ չստացվի: Պետք է պարզել, թե հատկապես ինչն է նրան շփոթեցրել, և փորձել աստիճանաբար նրան դրական նախատրամադրվածություն ներշնչել: Հետագայում անհրաժեշտ է բարձրացնել աշխատակցի որակավորումն այդ ոլորտում, ինչպես նաև նրա ինքնագնահատականն ու հավատը սեփական ուժերի հանդեպ:
Սխալ արձագանք`
— Անտեսել նախազգուշացումը` ասելով, որ ամեն ինչ կստացվի:
— Մեղադրել մարդուն, որ նա չի կարողանում գոնե որևէ բան անել:
— Առաջարկել, որպեսզի նա հրաժարվի ինչ-որ բան նախաձեռնելու փորձից:
«Արագ, արագ…»
Այս սցենարը հաճախ դրսևորվում է ոչ միայն հաղորդակցման ընթացքում, այլև այն աշխատակցի գործողություններում, ով ցանկանում է ավելի ու ավելի արագացնել կյանքի տեմպը: Հաճախ այս պահվածքն ուղեկցվում է արգելակվածությամբ և շտապողականությամբ:
Ամենաճիշտ արձագանքն այդ մարդու համար սովորական տեմպով շփվելն է: Լավ կլինի փորձել հասկանալ, թե ի՞նչ խնդիրներից է մարդն ուզում խուսափել իր այս պահվածքով և ի՞նչ կկատարվի, եթե նվազի նրա գործունեության ինտենսիվությունը: Սովորաբար վարքի այս ձևն օգտագործվում է որոշ բարդույթները, վախերը, ապագայի հարցում թերահավատությունը քողարկելու նպատակով:
«Ամեն բան կորած է / Ոչ ոք ինձ չի հասկանում»
Այս սցենարը վկայում է այն մասին, որ մարդը կարեկցանքի, ապրումակցման, հասկացված լինելու մեծ պահանջ ունի: Ճիշտ արձագանք կտաք, եթե հաստատեք, որ հասկանում եք, թե նա ինչ է զգում և ընդհանուր առմամբ համաձայն եք, որ կյանքում իսկապես հաճախ ենք չհասկացված լինում: Կարող եք սեփական փորձից օրինակներ բերել, սակայն առանց համեմատելու: Պետք է աստիճանաբար մարդու ուշադրությունը շեղել այդ թեմայից` խոսակցությունն ուղղել դեպի բարդ իրավիճակից դուրս գալու արդյունավետ ուղիների կամ այլ առարկայի կողմ: Խնդրից կառչելը կարող է հանգեցնել խոսակցի ոչ ադեկվատ արձագանքին կամ դեպրեսիվ վիճակին: Կարևոր հարցը, որի մասին պետք է մտածի ղեկավարն այն է, թե արդյոք աշխատակցի այդ տրամադրվածությունը ժամանակավո՞ր է, թե՞ մշտական: Եթե այն ժամանակավոր է, ապա կարող ենք սովորականից ավելի շատ ապրումակցել և ցույց տալ, որ հասկանում ենք նրան, իսկ եթե շարունակական է, ուրեմն վկայում է նրա կյանքում բազմաթիվ լուրջ բարդույթների ու խնդիրների առկայության մասին: Այդպիսի իրավիճակում կարևոր է հասկանալ` ինչպե՞ս են այդ խնդիրներն անդրադառնում նրա աշխատանքի վրա և արդյո՞ք ղեկավարը պատրաստ է անընդհատ աջակցել ու ընդառաջել նրան:
Սխալ արձագանք
— Պնդել, որ խոսակցի բոլոր խնդիրներն իրենցից բան չեն ներկայացնում, չարժե ուշադրություն դարձնել դրանց վրա, դրանք շատ հեշտ լուծելի են:
— Մեղադրել խոսակցին:
— Օգտագործել մրցակցության տարրը:
Սրանք մի քանի սցենարներ էին, որոնք արտահայտվում են մարդկանց շփման մեջ, ինչպես գործնական ոլորտում, այնպես էլ անձնական շփման ժամանակ: Կարևոր է հասկանալ, որ մեծ մասամբ մեր վարքի դրդապատճառները մեր ենթագիտակցականում են թաքնված: Նրանք մեզ հնարավորություն են տալիս քաղաքավարության պատվարից այն կողմ նայել և հասկանալ մարդու թաքնված պահանջմունքներն ու թույլ կողմերը: Պետք է հաշվի առնել դրանք, որպեսզի կարողանաք ճիշտ հիմք դնել հարաբերությունների համար և արդյունավետ մոտիվացնել:
Հիմնական գաղափարն այն է, որ եթե մարդը ենթագիտակցական մակարդակում ձեզնից խնդրում է իրեն անհրաժեշտ դրական բարոյական խթան տալ, ապա անպայման պետք է տալ: Դա կօգնի բարեհաջող ներգործել նրա վրա և մոտիվացնել:
ИВАНОВА С.В. – Мотивация на 100%
Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի:
Սպտ 14 2023Կամքը գիտակցաբար նպատակներ դնելու և դրանց հասնելու կարողությունն է, դրա ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը:
Սպտ 01 2023