Երջանիկ երեխա

Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։

Ասում են, որ ինչքան էլ ծնողները տանջվեն ամեն բան անել երեխայի համար, միևնույն է երեխան իր հոգեբանին պատմելու բան կունենա: Երևի սրա մեջ մի փոքր, բայց ճշմարտություն կա:

Երջանկության մեկնաբանությունները շատ տարբեր են տարբեր տարիքային խմբերի և նույն տարիքային խմբի տարբեր մարդկանց համար:

Հաճախ ծնողները մտածում են, որ եթե երեխան կուշտ է, տաք կամ լավ  է հագնված կամ  շատ խաղալիքներ ունի կամ ծննդյան օրը շատ շքեղ  նվերներ է ստացել, ուրեմն նա երջանիկ է:

Հոգեբանները կարծում են, որ երջանիկ երեխան՝

  • Կարողանում է շփվել տարբեր մարդկանց հետ
  • Կարողանում է արտահայտել իր զգացմունքերը
  • Կարողանում է հասկանալ դիմացինի զգացմունքները
  • Կարողանում է կիսվել իր մտքերով, հաջողություններով և անհաջողություններով
  • Կարողանում է թուլանալ, ազատ լինել, չարաճճիություններ անել

Երջանիկ երեխան․

  • Գիտի որ իրեն սիրում են անկախ որևէ բան լավ կամ վատ անելուց
  • Իրեն ապահով է զգում և պաշտպանված
  • Փոքրիկ մասնակցություն ունի  «մեծերի գործերին»
  • Զգում է, որ յուրահատուկ է
  • Զգում է ծնողների աջակցությունը իր նախաձեռնություններում
  • Գնահատված է շրջապատում
  • Ունի ազատ ժամանակ իր հետաքրքրությունների համար և կարող է այն տնօրինել ինչպես ինքն է ցանկանում:

Ի՞նչ կարելի է անել որպեսզի երեխան իրեն երջանիկ զգա

Սիրեք երեխային

Սիրեք և ընդունեք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին նա կա: Եթե նրա բնավորության որևէ գիծ ձեզ նյարդայնացնում է, ապա նա պարզապես կթաքցնի դա ու ինքն  իրեն լիարժեք չի զգա, հետևաբար և ինքն իր հետ ներդաշնակ ու երջանիկ չի լինի: Աջակցեք երեխային: Օգնեք նրան ավելի լավը դառնալ և ընդունել ինքն իրեն։

Օգնե ՛ք երեխային

Երեխաները սիրում են տեսանելի արդյունքներ, պետք է ընդամենը մի փոքր օգնել նրանց, իրենց առջև նպատակներ դնել ու հասնել դրանց: Ընդ որում, մի նպատակին պետք է հաջորդի մյուսը: Խրախուսեք, ոգևորեք նրան ուրախացեք ամենափոքր հաջողությամբ: Եթե դժվարությունների առաջ երեխային միայնակ թողեք, նա կմեծանա անվստահ և կասկածամիտ:Լավագույն տարբերակը կլինի համատեղ գործունեությունը: Օգնեք երեխային, բայց մի արեք նրա փոխարեն:

Խրախուսեք երեխայի ոգևորվածությունը

Հաճախակի նկատողությունները, վատ վարքը ընդգծելը, չի կարելիները, սահմանափակումները մարում են երեխայի մեջ ապրող այն կիրքն ու խանդավառությունը, որը նա կարող է ապրել նույնիսկ ամենափոքր նվաճումն ունենալիս: Երբեմն թույլ տվեք երեխային «գլուխը կորցնել», երբ նա զբաղված է իր սիրած խաղով կամ գործով:Երբ նա զբաղվում է սիրելի գործով, դա և’ լիցքավորում և’ լիցքաթափում է,  հետևաբար` նա երջանկության րոպեներ է ապրում: Դուք ևս կարող եք այդ ամենի մասնակիցը դառնալ` հետաքրքրվել իր հետաքրքրություններով, մտնել իր աշխարհ. այդպես ձեր հուզական կապն ավելի ամուր կլինի:

Անհաջողություններ

Որքան էլ ծնողը փորձի հետևել և օգնել երեխային, միևնույն է` նրա կյանքի տարբեր փուլերում լինելու են անհաջողություններ: Ծնողի խնդիրն է կրկին երեխայի կողքին լինել իր համար մեծ կամ փոքր թվացող անհաջողությունների, դժբախտությունների ժամանակ: Երբեք մի թերագնահատեք այդ պահը. խոսեք այդ մասին, հարցեր տվեք, թե նա ինչ է զգում, ինչ է մտածում, ինչպես է տեսնում խնդրի լուծումը։ Մի ծաղրեք նրան, մի ծիծաղեք երեխայի վրա։ Անգամ կարող եք նրան պատմել փոքր տարիքում ձեզ հետ պատահած անհաջողությունների մասին, պատմել թե ինչ եք դուք արել:

Հանուն արդարության կարելի է ասել, որ երեխային պետք են կարուսելներ, շոկոլադներ, փուչիկներ, տարիքին համապատասխան խաղալիքներ, որոնք նրան ուրախություն են պատճառում, բայց եթե այս ամենը նրան մատուցում ենք ժպիտի, սիրո, գուրգուրանքի, ջերմության  հետ միասին, այլ ոչ դրանց փոխարեն: Երեխաները ավելի շատ հիշում ու գնահատում են ծնողների հետ անցկացրած ժամանակը` երբ միասին ֆիլմ են դիտում, խաղ են խաղում, կամ երբ ծնողները մասնակցում են երեխայի համար կարևոր իրադարձություններին  կամ որևէ բան են պատրաստում:

Եվ ամենակարևորը հիշեք` եթե երջանիկ են ծնողները, երջանիկ են նաև երեխաները:

Հեղինակ` մանկական հոգեբան Լալա Պետրոսյան

ՀԵՔԻԱԹ. Ինչպե՞ս փոքրիկ կենգուրուն դարձավ ինքնուրույն

Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ:

Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ: Սկզբում փոքրիկ Կենգուրուն շատ նվազ էր, և մայրիկը նրան պահում էր իր փորի վրայի գրպանիկի մեջ: Այնտեղ՝ մայրիկի գրպանիկում, փոքրիկ Կենգուրուն իրեն շատ հարմարավետ էր զգում ու չէր վախենում: Երբ փոքրիկ Կենգուրուն ծարավում էր, մայրիկը նրան համեղ կաթ էր տալիս, իսկ երբ քաղցած էր լինում, մայրիկը նրան գդալով շիլա էր տալիս: Երբ փոքրիկ Կենգուրուն քնում էր, մայրիկը կարողանում էր այդ ընթացքում տունը մաքրել կամ սնունդ պատրաստել:

Երբեմն փոքրիկ Կենգուրուն արթնանում էր և չտեսնելով մայրիկին իր կողքին, սկսում էր շատ բարձր լաց լինել և գոռալ այնքան ժամանակ, մինչև մայրիկը գար և նրան նորից դներ գրպանիկի մեջ: Մի նագամ, երբ փոքրիկ Կենգուրուն նորից լաց եղավ, մայրիկը փորձեց նրան դնել գրպանիկի մեջ, բայց գրպանիկը շատ նեղ էր, և փոքրիկ Կենգուրուի ոտիկները չտեղավորվեցին դրա մեջ: Փոքրիկ Կենգուրուն վախեցավ և ավելի ուժեղ սկսեց լաց լինել: Նա շատ էր վախենում, որ մայրիկը կգնա և նրան միայնակ կթողնի: Այդ ժամանակ փոքրիկը որքան ուժ ուներ սեղմվեց, ծալեց ծնկներն ու խցկվեց գրպանիկի մեջ:

Երեկոյան փոքրիկ կենգուրուն և մայրիկը հյուր գնացին: Այնտեղ ուրիշ երեխաներ էլ կային, նրանք խաղում և ուրախանում էին, կանչում էին փոքրիկ կենգուրուին իրենց միանալու, բայց վերջինս վախենում էր հեռանալ մայրիկից և չնայած որ ուզում էր գնալ և խաղալ մյուսների հետ՝ նա այնուամենայնիվ ամբողջ ժամանակն անցկացրեց մայրիկի գրպանիկում: Ամբողջ երեկոյի ընթացքում նրան ու մայրիկին էին մոտենում մեծահասակ մայրիկներ և հայրիկներ ու հարցնում էին, թե ինչու է այդքան մեծ Կենգուրուն վախենում թողնել մայրիկին և գնալ խաղալու մյուս բալիկների հետ: Դրանից հետո փոքրիկ Կենգուրուն ավելի վախեցավ և մտավ գրպանիկի մեջ այնպես, որ անգամ նրա գլուխը չէր երևում:

Օրեցօր մայրիկի գրպանիկի մեջ ավելի նեղ ու անհարմարավետ էր դառնում: Փոքրիկ Կենգուրուն շատ էր ուզում վազվզել տան շրջակայքի կանաչ բացատում, ավազից ամրոցներ պատրաստել, խաղալ հարևան տղաների և աղջիկների հետ, բայց շատ էր վախենում հեռանալ մայրիկից, այդ պատճառով էլ մայրիկը չէր կարողանում միյանակ թողնել փոքրիկին և անընդհատ նրա հետ էր նստում: Մի առավոտ մայրիկը գնացել էր խանութ: Փոքրիկ Կենգուրուն արթնացավ, տեսավ, որ միայնակ է և լաց եղավ, բայց մայրիկն այդպես էլ չեկավ:

Հանկարծ նա պատուհանից տեսավ հարևան տղաներին, որոնք բռնոցի էին խաղում: Նրանք վազում էին, բռնում իրար և ծիծաղում: Նրանք շատ ուրախ էին: Փոքրիկ Կենգուրուն դադարեց լաց լինել և որոշեց, որ ինքն առանց մայրիկի կարող է ինքնուրույն լվացվել, հագնվել և գնալ երեխաների մոտ: Եվ այդպես էլ արեց: Երեխաները մեծ հաճույքով նրան ընդունեցին իրենց խաղի մեջ, և փոքրիկ Կենգուրուն բոլորի հետ միասին վազում ու թռչկոտում էր: Շուտով եկավ մայրիկն ու գովեց փոքրիկին, որ նա այդքան քաջ ու ինքնուրույն է:

Հիմա արդեն մայրիկն ամեն օր կարող էր գնալ աշխատանքի և խանութ, քանի որ փոքրիկ Կենգուրուն արդեն չէր վախենում մնալ մենակ՝ առանց մայրիկի: Նա գիտեր, որ մայրիկը ցերեկը պետք է լինի աշխատավայրում, իսկ երեկոյան նա անպայման կվերադառնա տուն իր սիրելի փոքրիկի մոտ:

Աղբյուրը՝ «Հոգու լաբիրինթոս․ թերապևտիկ հեքիաթներ», Օ․ Վ․ Խուխլաևայի և Օ․ Ե․ Խուխլաևայի խմբագրությամբ, Մոսկվա, 2005թ․

Հարցեր քննարկման համար

Ինչի՞ց էր վախենում փոքրիկ Կենգուրուն:

Դու է՞լ էիր դրանից վախենում:

Ինչ՞ու հիմա փոքրիկ Կնեգուրուն չի վախենում մնալ մենակ՝ առանց մայրիկի:

Մայրության բերկրանք և մայրական տագնապներ. ինչպես լինել ոչ կատարյալ մայր

Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի չճնշել նրա ինքնարտահայտումը, ո՞ր տարիքից է կարելի սովորեցնել օտար լեզուներ, որքա՞ն և ինչպիսի՞ տեղեկատվությունն է, որ կարելի է տրամադրել երեխային և ո՞րն է այն շեմը, որից հետո այն ունենում է վնասող ազդեցություն: Այս բոլոր հարցերի հիմքում ընկած է մեկը` ինչպե՞ս լինել օգտակար երեխայի համար: Այլ կերպ ասած` ինչպե՞ս լինել լավ մայրիկ:

Հոգեբանության մեջ կա «բավական լավ մայր» հասկացությունը, (նաև ասում են սովորական մայր), որը մտցրել է հայտնի մանկաբույժ և մանկական վերլուծաբան Վիննիքոթը: Այս հասկացությունն օգտակար է նրանով, որ թույլ է տալիս մայրիկներին հանգիստ վերաբերվել իրենց ոչ-կատարյալ լինելուն:

Աշխատելով բազմաթիվ երեխաների հետ, Վիննիքոթը հասկացավ, որ մայրը, երբ հանգիստ է և ուշադիր է երեխայի կարիքների նկատմաբ, բնազդաբար երեխային տալիս է այն, ինչ նրան պետք է: Իսկ բազմատեսակ կաննոները, թե որն է միակ ճիշտ ձևը այս կամ այն հարցնում, միայն շփոթեցնում և խուճապի են մատնում նրան, և վերջինս կամ մի կողմ է դնում այն, թե ինչ է ասում նրան իր ներքին ձայնը և վարվում է համապատասխան հստակ կաննոների (օրինակ`կերակրում է ըստ հստակ ժամանակացույցի), արդյունքում երեխայի իրական կարիքները կարող են մնալ չլսված և չբավարարված, կամ հետևում է բնության ձայնին (օրինակ` քնում է երեխայի հետ միասին), բայց միաժամանակ կարող է ունենալ մեղքի զգացում, որ սխալ է վարվում:

Վիննիքոթը խորհուրդ էր տալիս բուժ աշխատողներին վստահել մայրիկների ինտուիցիային և չծանրաբեռնել նրանց շատ կանոններով. հանգստացնել նրանց, երբ նրանք տագնապում են` արդյոք ճիշտ են վարվում, թե ոչ, քանի որ, լինելով հոգեպես խաղաղ վիճակում, նրանք ինտուիտիվ գիտեն` ինչ է պետք անել:

Անշուշտ կան որոշ պարզ բաներ, որոնք ընդհանուր են բոլոր մանկահասակ երեխաների համար, ինչպիսին է օրինակ այն, որ մինչև մեկ տարեկան երեխան ընկալում է իրեն որպես մեկ ամբողջություն մոր հետ, և մոր ներկայությունը նրան տալիս է հնարավորություն ձևավորելու իր Ես-ը: Հետևապես առաջինը, ինչ կարող է անել «բավական լավ մայրը» երեխայի համար, դա ֆիզիկապես ներկա լինելն է: Իհարկե կարող է այնպես պատահել, որ նա հիվանդանա և երկար ժամանակ չկարողանա երեխայի կողքին լինել, բայց այդ դեպքում մորը փոխարինում է հայրը, տատիկը կամ դայակը, և այդ դեպքում հաջորդ կետերը վերաբերվում են նրանց:

«Բավական լավ մայրը» կարողանում է հաղթահարել իր տագնապը և հանգստացնել երեխային: Օրինակ, եթե դուք կարողանում եք գոնե որոշ դեպքերում սարսափահար չնետվել երեխային փկելու, երբ նա ընկել է և կարողանում եք գոնե որոշ դեպքերում ասել` «ոչինչ, որ ընկար, քեզ հետ ամեն ինչ կարգին է», փոխարենը ասելու` «ես քեզ չէի ասում` մի վազի», ուրեմն դուք ինչ-որ չափով կարողանում եք հաղթահարել ձեր տագնապները: Եվ նույնիսկ, եթե դեռ չեք կարողանում, կարող եք սովորել:

«Բավական լավ մայրը» սխալվում է: Նա պետք է սխալվի: Մենք երբեմն կարող ենք չհասկանալ` ինչու է երեխան անհանգիստ, երբե՜մն մի քիչ տաք կարող է հագցրած լինենք նրան, երբե՜մն` մի քիչ թեթև: Մեծահասակների սխալներն անհրաժեշտ են երեխային` առերեսվելու համար իրականության հետ, առերեսվելու իր բարկության, տխրության, կարոտի հետ և հաղթահարելու դրանք:

Համաձայն հետազոտությունների, որքան «իդեալական» է մայրը, այնքան ավելի դժվար է երեխային ադապտացվել իրականությանը և ընդունել այն: Նամանավանդ, որ իդեալականության տակ քողարկված է նույն ինքը տագնապայնությունը:

Չորորդը` «բավական լավ մայրն» ունի իր սեփական կյանքը: Նա չի մոռանում իր կարիքների մասին և դրանց նույնպես տեղ է տալիս: Երբ մայրը կարողանում է չանտեսել իր մարմնական և հոգևոր կարիքները, դրանով նա օրինակ է ծառայում երեխաների համար:

Հինգերորդը` «Բավական լավ մայրը» հասկանում է իր զգացմունքները: Հասկանում է, որ նա հոգնած է, այլ ոչ թե ատում է, անհանգիստ է, այլ ոչ թե ջղայնացած: Իհարկե երբեմն կարող է շփոթել, այդպես պատահում է: Բայց հիմնականում կարողանում է տարբերակել դրանք և չի շրջվում տհաճ ապրումներից: Եվ երեխան սովորում է ընդունել իր իսկ բացասական հույզերը:

Կարևոր է հիշել, որ երեխային պետք է ոչ թե կատարյալ մայր, այլ մայր, ում կարելի է սիրել, իսկ երբեմն էլ ատել, ում վրա կարելի է հենվել և ով հավատում է երեխայի ուժերին:

Հեղինակ՝ Մարիա Բաբայան

Ինչու երեխային հեռու պահել բոլոր տեսակի էկրաններից

«Ինչու՞ երեխային հեռու պահել բոլոր տեսակի էկրաններից». շատ հաճախ հանդիպող հարց է։

Թվային տեխնիկայից թույլատրվում է օգտվել 2տ ոչ շուտ, այն էլ 5֊10ր (խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ WHO)։

Թեպետ հոդվածում գրված է, որ հետո տարիքային շեմն իջեցրել են մինչև 1.6տ, բայց անգամ այդ դեպքում երեխային մենակ էկրանի մոտ թողնել չի կարելի։

0֊1 տարեկանում երեխան աշխարհն է ճանաչում շոշափելով, ծնողների հետ հուզական կոնտակտի միջոցով, զգալով, ամեն ինչը բերանը տանելով (երբ երեխան ինչ որ բան բերանն է տանում, դա չի նշանակում երեխան սոված է, այլ՝ այդ կերպ ճանաչում է աշխարհը)։

0֊3 տարեկան հասակում երեխայի առաջատար գործունեությունը հուզական կապն է, շարժումների, տեսածի, լսածի ընդօրինակումը։

Էկրանից լսած խոսքը «կենդանի» խոսք չէ, երկխոսություն չէ և չի կարող երեխայի համար հաղորդակցման միջոց հանդիսանալ։ Ավտոմատ արտասանվող բառեր, արտահայտություններ կարող է կրկնել, բայց դա խոսք համարել չի կարելի և երբեմն որպես հաղորդակցման միջոց հանդիսանալ չի կարող։

Երեխաները, հատկապես ուշադիր նայում են գովազդները, գիտե՞ք ինչու։ Որովհետև գովազդում և շատ մուլտֆիլմերում վայրկյանում 24 կադր է, որը կլանում է երեխայի ուշադրությունը (ավելի մանրամասն իմանալու համար փնտրեք 24 fps):

Երբ փոքր տարիքից երեխան հեռուստացույց, պլանշետ և այլ թվային տեխնիկայից է օգտվում, նա իմաստը չի ընկալում ամբողջությամբ, այլ նրան գրավում են գույները և կադրերի արագ սահքը, ինչը հանգեցնում է նրան, որ հետագայում երեխան չի խաղում խաղալիքներով, անգամ գունավոր խաղալիքներով ու գրքերով, քանի որ երեխան սովոր է, որ այդ գունավոր առարկաները պետք է շարժվեն, թռչկոտեն և այլն։ Իսկ ինչպես գիտենք, խաղը երեխայի զարգացման ամենալավ միջոցն է, որն անփոխարինելի է ցանկացած այլ գործունեության հետ։

Ինչի՞ կհանգեցնի երկարատև թիվի նայելը՝ խոսքի զարգացման հապաղում, մտածողության, ուշադրության, հիշողության, տրամաբանության, ընկալման թերզարգացում։ Երեխայի մտածողությունը դառնում է մակերեսային, երեխան չի տրամաբանում, եզրահանգում չի անում, ամեն ինչ մուլտում մատուցվում է պատրաստի և կարիք չկա «ուղեղն» աշխատեցնել։ Երեխան կարող է ունենալ նաև վարքի խանգարում, ընդհուպ մինչև գերակտիվություն, որը հետագայում թույլ չի տալիս սովորել դպրոցում, որևէ աշխատանքի վրա երկարատև կենտրոնանալ և այլն։

Գիտե՞ք, այժմ որոշ երկրներում (օրինակ Ռումինիայում) կիրառության մեջ է դրվում թվային տեխնիկայից առաջացած աուտիզմ տերմինը (վիրտուալ աուտիզմ), որի առաջացման միակ պատճառը թվային տեխնիկայից շատ օգտվելն է։

Դադարեցրե՛ք և վերջ, հատկապես փոքր տարիքում։ Եթե չեք հասցնում խաղալ, ոչինչ, Դուք էլ մարդ եք և հոգնում եք։ 
Զբոսանքի գնացեք միասին, թող գործերը սպասեն։ Շատ կարևոր է երեխայի և ծնողների (հատկապես մայրիկի) հոգեկան առողջությունը։

ԼՐԱՑՈՒՄ. երբ երեխան ուտում է միայն թիվի նայելով, երեխայի գլխուղեղը չի ընկալում, որ ինչ-որ բան է ուտում, քանի որ գլխուղեղը զբաղված է այլ բանով։ Իսկ ի՞նչն է կարևոր էստեղ։ Երբ երեխան նայում է սննդին, պատրաստվում ուտելուն, գլխուղեղը համապատասխան հրահանգ է ուղարկում ստամոքսին, որ ստամոքսահյութ արտադրի, շուտով սնունդ է հայտնվելու այնտեղ և պետք է մարսել։ Նաև, երեխան չի զգում սովի ու քաղցի տարբերությունը, և ստացվում է Դուք ունեք չուտող երեխա և դեռ տարիներ շարունակ պիտի տանջվեք, որ ուտել սովորի ինքնուրույն։

Երեխայի սննդակարգում հնարավորինս շուտ անցում կատարեք տրորած (ոչ միասեռ, բլենդերով մանրացրած), ապա կտորներով և ամբողջահատիկ սննդին։ 
Ինչու՞։ Որովհետև, երբ երեխան սկսում է ծամել, զարգանում են բերանի ծամող մկանները։ Իսկ խոսքը զարգանում է արտաբերական մկանների (գրեթե նույնն է, ինչ ծամող մկանները) լավ զարգացած ֆոնին։

Հղումներ․
1․ https://www.sheknows.com/parenting/articles/1136695/how-bad-is-tv-before-age-2/
2․ https://primelestiri.md/psihologii-atentioneaza-parintii-tot-mai-multi-copii-sufera-de-autism-virtual—67852.html

Հեղինակ՝ Մարիամ Պետրոսյան

Ուսուցիչներին (պատերազմի ժամանակ)

· Անկեղծ եղեք։

Երեխաները շատ լավ զգում են, երբ դուք կեղծում եք։ Մի փորձեք ավելորդ վստահ կամ անվախ թվալ։ Թեթև մտահոգության արտահայտումը չի վնասի երեխաներին։

· Թույլ տվեք երեխաներին խոսել։

Իրենց ապրումների ու մտքերի մասին խոսելը նաև իրենց լսածն ու տեսածը պատմելը թեթևություն է հաղորդում, ինչպես նաև օգնում է միասնույթուն և համախմբվածություն զգալ։ Երեխաներին լսելը նաև կօգնի կողմնորոշվել, թե ինչպիսի աջակցության կարիք և ինչպիսի հարցեր ունեն նրանք։

· Աշակերտներին վստահեցրեք, որ անհրաժեշտ ամեն ինչ արվում է խաղաղությունը վերականգնելու համար։

Որոշ երեխաների ընտանիքներից ևս զինվորներ կան սահմանին, ոմանք այսօր գնում են սահման, և երեխաներին պետք է վստահեցնել, որ նրանք գիտեն, թե ինչ են անում, և նրանք ուժեղ են միասին։ Պետության և արտաքին աջակցության մասին ևս նշեք, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենք և իրենց հարազատները մենակ չեն։

· Թույլ տվեք խոսել զոհվածների մասին։

Որոշ երեխաներ կցանկանան խոսել զոհվածների մասին, հարցեր տալ։ Մի վախեցեք այս թեմայից, թույլ տվեք երեխաներին խոսել և արտահայտվել։ Նրանք հարցեր կունենան, որոնց դժվար է պատասխանել։ Սակայն հարցերը պետք է հնչեն։ Բացատրեք երեխաներին Ձեր կարծիքով և այն համոզմունքներով, որ դուք ունեք, այն հավատով, որը Ձեր ներսում է, թե ինչու են զոհվել մեր տղաները։ Չկան հստակ և ճիշտ պատասխաններ, կան անկեղծ պատասխաններ։

· Խուսափեք որևէ վախ ներշնչող արտահայտությունից։

Մի պատմեք թուրքերի դաժանության, եղեռնի զոհերի և անցյալում տեղի ունեցած այլ դաժան պատմություններ։ Դրանք դժվար է ընկալել ու հասկանալ անգամ մեծահասակին։ Երեխաները չեն կարող հասկանալ այդ աստիճան դաժանությունն ու վայրագությունը, նրանք կսկսեն վախենալ։

· Ասեք, թե ինչով կարող են իրենք օգնել։

Յուրաքանչյուր ոք իրեն ավելի լավ է զգում, երբ կարող է մասնակից լինել, օգնել որևէ բանով։ Աշակերտները ևս կարող են օգնել։ Խոսեք ցանցային անվտանգության մասին, սոցիալական ցանցերում նրանց ակտիվության, կիսվող նյութերի, պաշտոնական կայքերի մասին։ Սա շատ կարևոր է։ Երեխաները կարող են օգտակար լինել, ինչպես նաև, նրանք իրավունք ունեն պաշտպանված լինելու նաև սոցցանցերում։

· Եթե որևէ մեկը հուզվել է, թույլ տվեք, սպասեք, խաղաղ եղեք, մինչև երեխան հանգստանա։

Մենք սովորաբար վազում ենք հանգստացնելու և խաղաղեցնելու լաց լինող երեխային։ Դրանով իսկ թույլ չենք տալիս նրան արտահայտել իր զգացմունքներն ու արգելում ենք տխուր լինել։ Այսպես անել պետք չէ։ Թույլ տվեք, համբերատար եղեք, սպասեք, լռություն ապահովեք (երեխաները հաստատ կզգան պահի լրջությունը, երբ դուք լռեք) մինչև երեխան հանգստանա։ Ասեք, որ հասկանում եք, թե ինչքան դժվար է, որ Դուք ևս շատ հուզված եք, որ Դուք ևս տխուր եք։

· Վերադարձեք դասին և բնականոն կյանքին։

Երեխաները ամենաշատը տագնապում են, երբ իրենց կյանքի բնականոն ընթացքը շեղվում է։ Նրանց պետք է օգնել վերադառնալ իրենց սովորական կյանքի ռիթմին և դասերին։ Ոչ մի դեպքում դասերը մի խափանեք։ Դուք զինվոր եք հայրենիքի ներսում։

Ինչպես 0-1 տարեկան երեխաների մոտ զարգացնել գղգղանքն ու թոթովանքը

Եթե երեխայի մոտ բացակայում է գղգղանքն ու թոթովանքը, ապա պետք է խթանել։ Գրկեք երեխային դեմքով դեպի Ձեզ, ձեռքերի մեջ պահեք իրանը և գլուխը, իսկ մարմինը գրեթե զուգահեռ Ձեր ոտքերին։ Այնպես արեք, որ երեխան հստակ տեսնի Ձեր դեմքը, հատկապես շրթունքները, աչքերի կանտակտ հաստատելով և երեխային նայելով երգեք, մեղեդիկ ձայնարկություններ ասեք, վանկեր կրկնեք հստակ արտասանությամբ, տարբեր ռիթմով և ինտոնացիայով, խոսեք իր հետ։ Կարևոր է, որ երեխան լսի մեծի խոսքը, բայց ոչ թե ուղղակի խոսակցություն, այլ հենց իրեն ուղղված խոսք։

Երեխան երբ սկսում է իր վրա ուշադրություն հրավիրել ճիչով, գղգղանքով կամ թոթովանքով, անպայման ուշադրություն դարձրեք, մոտեցեք և երեխային նայելով խոսեք, քանի որ երեխան ակտիվ սկսում է ուշադրություն դարձնել ձեր հայացքին, բերանին՝ հատկապես շրթունքների շարժվելուն, և որոշ ժամանակ անց սկսում է ընդօրինակել։ Օրինակ՝ կլորացնելով շրթունքները՝ երգում է և այլն։ 

Կրծքով կերակրելիս ոչնչով մի զբաղվեք (որևէ էկրանի մի նայեք, հեռախոսով մի զբաղվեք), շոյեք երեխային, թաթիկը շոյեք, մանր մոտորիկայի զարգացման համար հիանալի տարբերակ է հենց այս ընթացքը։ 

Մատիկները հերթով բացեք֊փակեք, դաստակը շրջանաձև պտտեք, մատիկները հերթով մերսեք, թույլ, սեղմող֊մերսող շարժումներով։ 

0֊1տ երեխայի համար առաջատար գործունեությունը հուզական կապն է մոր հետ, այսինքն՝ հուզական կապի միջոցով է զարգանում երեխան՝ հայացքով կոնտակտ հաստատում, ժպտում, գղգղում, միմիկա օգտագործում՝ տեսնելով ու ընդօրինակելով մայրիկին։ Կերակրելու ընթացքը իդեալական պահ է հուզական կոնտակտ հաստատելու և զարգացնելու համար։

Թվում է թե ավելորդ է ասելը, բայց ամեն դեպքում նշեմ՝ հեռու պահեք երեխաներին թվային տեխնիկայի հետ շփումից, «անկենդան խոսք»  լսելուց (մուլտեր, վիդեոներ և այլն)։ Երեխային պետք է «կենդանի շփում»` մարդկանց հետ շփում, որպեսզի ընդօրինակի ոչ միայն խոսքը, այլև ժեստերը, միմիկան, հույզները և այլն 😊։

Երբ լիարժեք խոսք կունենա, երեխայի տարիքին համապատասխան մուլտեր կարող եք միացնել, բայց այն չպետք է գերազանցի օրվա ընթացքում մեկ անգամ՝ 5֊10րոպեն։ 

Դե ինչ, փորձեք հետևել այս պարզ խորհուրդներին և ամեն ինչ ճիշտ կզարգանա Ձեր փոքրիկի մոտ։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան։

Արդյո՞ք ձեր երեխան պատրաստ է դպրոցին․ գործնական խորհուրդներ

Որպեսզի ծնողներին օգնենք հասկանալ, թե ինչպես պետք է երեխային նախապատրաստել դպրոցին, մենք պատրաստել ենք այս հոդվածը։

Հիմնականում  անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները բաժանվում են 4 կարևոր ոլորտի․

—  Ընդհանուր զարգացում
—  Տրամաբանություն և մտածողություն
—  Խոսքի զարգացում
—  Մաթեմատիկա (տարրական գիտելիքներ)

Նախադպրոցականի ընդհանուր զարգացում․ «Շրջապատող միջավայր»

Նախադպրոցականին տրվող հարցեր

—  Ես և իմ ընտանիք
—  Բնություն
—  Ժամանակ և տեղանք
—  Մասնագիտություններ
—  Մշակույթ և սպորտ
—  Անվտանգության կանոններ
— Մոտիվացիա

Որպեսզի հասկանանք նախադպրոցական տարիքի  երեխան տիրապետում է  իր տարիքին համապատասխան բազային գիտելիքներին, երեխան պետք է կարողանա  պատասխանել այս հարցերին՝

1․ Ես և իմ ընտանիք

  • Ի՞նչ է քո անունը, ազգանունը և հայրանունը
  • Քանի՞ տարեկան ես։  Երբ  է քո ծննդյան օրը
  • Անվանիր մայրիկիդ, հայրիկիդ անունը
  • Ունե՞ս  եղբայր կամ քույրիկ։ Քանի՞ տարեկան են
  • Կարո՞ղ ես  ասել մայրիկի կամ հայրիկի  հեռախոսահամարը
  • Ո՞ր քաղաքում ես դու ապրում։

2․ Բնություն 

  • Կարո՞ղ ես ասել տարին քանի եղանակ ունի։ Փորձենք միասին պատմել տարվա եղանակների մասին,
  • Կարո՞ղ ես հիշել թե ինչ կենդանիներ գիտես (որոնք են ընտանի և վայրի, ինչու՞ ենք անվանում ընտանի կամ վայրի)։  Ի՞նչով են տարբերվում կենդանիները և թռչունները,  թռչունները և  ձկները։ Ի՞նչ միջատներ գիտես,
  • Ի՞նչպիսի միրգ, բանջարեղեն, հատապտուղ կարող ես ասել;  Ի՞նչով են միմյանցից տարբերվում։  Որտե՞ղ են նրանք աճում (հողի վրա, հողի մեջ, ծառի վրա, թփի վրա)։ Ինչպիսի՞ ծառեր  և թփեր  գիտես։

3․ Ժամանակ և տեղանք

  • Օրը քան՞ի մասից է բաղկացած։  Ի՞նչով  է տարբերվում ցերեկը գիշերից
  • Ո՞րն է  մեծ՝ րոպե թե ժամը, օրը թե շաբաթը, ամիսը թե տարին
  • Թվարկիր շաբաթվա օրերը։   Քան՞ի օր ունի շաբաթը, ամիսը
  • Ին չն է ցույց տալիս օրվա ժամերը
  • Կարո՞ղ ես ցույց տալ  որն է աջը և որն է ձախը

4․Մասնագիտություն

  • Ի՞նչ մասնագիտություններ գիտես
  •  Ո՞վ է երեխաներին սովորեցնում, մարդկանց բուժում, գրում բանաստեղծություն,  մարում կրակը, գրում երաժշտություն, կտրում մազերը, տուն կառուցում,  մեքենա վարում, հագուստ կարում, ուտելիք պատրաստում, խաղում ֆիլմում կամ թատրոնում։

5․ Մշակույթ և սպորտ

  • Սպորտի ի՞նչ տեսակներ գիտես
  • Ի՞նչ հայտնի գրողներ գիտես
  • Ի՞նչ հեքիաթ, բանաստեղծություն գիտես

6․ Անվտանգության կանոններ

  • Լուսացույցի ո՞ր լույսի տակ պետք է անցնել ճանապարհը, կանգնել
  • Ո՞ր հատվածով պետք է անցնել ճանապարհը
  • Ի՞նչ կանես դու, եթե  մոտակայքում չկա  լուսացույց

7․ Մոտիվացիա

Երեխայի պատկերացումը  դպրոցի  մասին

  • Քո կարծիքով ինչո՞ւ պետք է գնալ դպրոց
  • Ի՞նչու է անհրաժեշտ սովորել

 Տրամաբանություն և մտածողություն

Անհրաժեշտ է  մինչ դպրոց գնալը երեխայի մոտ  զարգացնել տրամաբանությունը և մտածողությունը։  Կարելի է կիրառել այնպիսի  տրամաբանական վարժություններ, որոնք կզարգացնեն  երեխայի  տրամաբանական մտածողությունը։

Դպրոց հաճախելուն պատրաստվող երեխան պետք է կարողանա՝

  • իմանա  իր անձնական տվյալները
  • առաջադրված երկու նկարներում կարողանա գտնել տարբերություն
  • առարկաների միջև գտնել նմանություններ և տարբերություններ
  • դասակարգել ըստ խմբերի (օր․ ձմեռային և ամառային  հագուստ և այլն)

Ձեզ  ենք ներկայացնում  լոգոպեդ Աննա Հոսեփյանի կողմից մշակված «Ի՞նչ  է ստացվում» տրամաբանական խաղը։

Խոսք և  հաշիվ

5-6 տարեկանում  երեխան  պետք  է կարողանա  հիշել և պատմել փոքրիկ հեքիաթներ, ինչպես   նաև  ինքնուրույն  կազմել  պատմություն  տրված սյուժետային նկարով։

Ցանկալի է  նաև, որպեսզի երեխան իմանա այբուբենը, կարողանա կատարել բառային վերլուծություն, տարբերակել  հնչյունը տառից, ձայնավորները բաղաձայնից․ գտնել համապատասխան  տառը  բառի մեջ (բառի սկզբում, մեջտեղում և վերջում), գտնել անհրաժեշտ բառեր  հանձնարարված հնչյուն- տառով, կարողանա վանկատել բառերը։

Ձեզ ենք առաջարկում նախադպրոցական տարիքի  երեխայի խոսքի զարգացման ուղղված այս քերականական տետրը (մշակում՝ Աննա Հոսեփյան)

Մաթեմատիկա

Կարևոր է որպեսզի նախադպրոցական տարիքի երեխան  ունենա  տարրական մաթեմատիկական գիտելիքներ։ Կարողանա հաշվել 1-10-ը և կատարել հետհաշվարկ, պատկերացում կազմել քանակի մասին, իմանալ երկրաչափական պատկերները, տարբերակել դրանք մեծ, փոքր հասկանցությունները։

Հեղինակ՝ լոգոպեդ Աննա Հոսեփյան։

2-3 տարեկան երեխայի խոսքի զարգացումը

2 տարեկանում երեխան ավելի լավ է ընկալում խոսքը, պարզ իմաստով փոքրիկ պատմությունները, մի քանի անգամ լսելուց հետո կարող է փորձել մի քանի բառով պատմել, անունին արձագանքում է հստակ, կատարում է պարզ հրահանգներ, (օրինակ՝ կոշիկդ բեր, գնդակը տուր քույրիկին, հացիկը կեր և այլն), մի քանի գործողություն պարունակող հրահանգներ (օրինակ՝ գնա լույսը անջատիր ու սենյակի դուռը փակիր, գնա պապային ասա, ջուր տա քեզ և այլն):

Կարողանում է արտասանել տարբեր վանկ ունեցող բառեր (եթե մինչ 2տարեկան արտաբերում էր հիմնականում նույն վանկի կրկնությամբ բառեր, ապա հիմա՝ վանկերը տարբեր են, օրինակ՝ կատու, գնդակ, սեղան), իրար է կապում բառերը, կարծես խոսում է բառակապակցություններով, խոսքը հիմնականում կազմված է գոյականներից, քիչ են բայերը, մնացած խոսքի մասերը դեռ բացակայում են:

2-2,6 տարեկանում բառապաշարն ընդլայնվում է արագորեն, ամեն ամիս ավելի շատ, քան նախորդ ամիս, սկսում է խոսել փոքրիկ նախադասություններով, նախադասությունները 2-3 բառից են կազմված, սկսում է տիրապետել մայրենի լեզվի քերականական տարրական կանոններին (սկսում է բառերը հոլովել, բայց ոչ լիարժեք, երբեմն խոսելիս համաձայնեցնում է դեմքն ու թիվը, խոսքում ի հայտ են գալիս այլ խոսքի մասեր՝ դերանուն, թվական, ածական, շաղկապ):

Առաջին բառերի արտասանությունը կարող է ուշանալ, բայց ոչ ուշ քան երեխայի 2,3տ հասակը: Տվյալ տարիքը վերաբերվում է միայն խոսքի արտաբերմանը, հստակ բառերի արտասանությանը, իսկ խոսքի ընկալումը, ձայնարկությունները, վանկային կրկնությունները ավելի վաղ տարիքում պետք է լինեն (տե՛ս 1֊2տ երեխայի խոսքի զարգացումը): Ըստ տարբեր աղբյուրների այս թվերը տատանվում են 2տ-2.6տ հասակը:

2,6տ-3տ հասակում երեխայի բառապաշարն ավելի է ընդլայնվում, խոսքում առկա են գրեթե բոլոր խոսքի մասերը, խոսելիս ավելի լավ է արտասանում բառերը, շատ են հնչյունավանկային տեղափոխումները (օրինակ՝ նապաստակին կարող է ասել պաստանակ, գիշերանոցին -գինաշոց), բարդ արտասանական դիրք ունեցող կամ կազմությամբ բարդ հնչյունները կարող է սխալ արտասանել (օրինակ՝ ռ-ն փոխարինում է լ-ով, գ-ն դ-ով, ց-ն չ-ով, կամ չ-ն ց-ով, նույն հնչյունն ավելի «փափուկ» հնչերանգով): Խոսքը ընդհանուր առմամբ հասկանալի է:

3տ մոտ երեխայի խոսքը հիշեցնում է կարճ պատմություն, նախադասությունները ընդարձակ են, կարող է պատմել իր հետ կատարվածը, իր տեսածը, լսած հեքիաթը: Խաղում է սյուժետային խաղեր և կազմում երկխոսություն, սկզբում դրանք ըստ սցենարի պարզ են, հետո ավելի մտածված (օրինակ՝ տիկնիկն իր բալիկն է, իր բալիկին քնացնում է, կերակրում, զբոսանքի տանում և ողջ ընթացքում խոսում է նրա հետ):

Այս տարիքում երեխան շատ հարցեր է տալիս և ինչպես գիտեք՝ անգամ այս տարիքն անվանում են «Ինչուիկ» շրջան: Այդ հարցերն անպատասխան չպետք է մնան և պետք է երեխայի տարիքին համապատասխան բացատրություն տալ: Շատ խոսեք երեխայի հետ, մեկնաբանեք իր հետ կատարվածն ու տեսածը: Խոսքի զարգացման այս փուլում շատ է նպաստում խոսքային միջավայրի ճիշտ ապահովումը, հասակակիցների հետ շփումը, երեխային այնպիսի հարցեր տալը, որի պատասխանը չի լինի այո կամ ոչ, հեքիաթներ ընթերցելն ու պատմելը, մանր մոտորիկան զարգացնելը և խաղալը, խաղալը, խաղալը։

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան

Ինչպես երեխային նախապատրաստել դպրոցին

Այս հարցը շատ է հետաքրքրում ծնողներին։ Վերջերս շատ ենք լսում տարբեր մասնագետներից, որ մինչ դպրոց գնալը երեխային տառ ու թիվ սովորեցնել պետք չէ, կձանձրանա։ Այո, ճիշտ են․ իսկ ինչպես օգնել երեխային նախապատրաստվել դպրոցին, որպեսզի դպրոցում ուսուցանվող նյութը հեշտ յուրացնի և ի սկզբանե դժվարություններ չառաջացնի։

Դպրոց հաճախող երեխայի մոտ պետք է զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, կոորդինացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, տրամաբանությունը, տարածական պատկերացումները, շփումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ, ինքնուրույնությունը և այլն: Առաջնահերթ պետք է զարգացնել մանր մոտորիկան, որպեսզի երեխան հեշտ կարողանա գրիչ բռնել և գրել: Նաև, այս կերպ զարգանում է աչք֊ձեռք համատեղ գործունեությունը, այսինքն հետևել իր ձեռքի աշխատանքին և կոորդինացնել իր շարժումները, իրեն «չլսող» ձեռքը դարձնել ավելի կառավարելի։ 

Մանր մոտորիկայի զարգացումը նպաստում է նաև խոսքի զարգացմանը, քանի որ գլխուղեղում այդ երկու կենտրոնները մոտ են միմյանց և մեկի զարգացումը նպաստում է մյուսի զարգացմանը: Դրա համար երեխայի հետ շատ խաղացեք պլաստիլինով, ավազով, նկարեք, ներկեք, մկրատով կտրեք և ապլիկացիաներ սարքեք, ուլունքներով աշխատեք, մանր լեգոներ հավաքեք, նպարեղենով կամ թելերով ապլիկացիաներ սարքեք: Որքան մանր են դետալները, այնքան լավ: Երեխային սովորեցրեք մանր դետալները բռնել 3 մատիկով, որպեսզի գրիչն էլ հետագայում հեշտ լինի բռնել երեք մատիկով (աքցանանման): 

Մի՛ վախեցեք մկրատ տալ երեխային. կան ոչ սրածայր մկրատներ, որոնք համեմատաբար ավելի ապահով են, իսկ դուք մշտապես եղեք իր կողքին: Որևէ ապլիկացիա պատրաստելիս, երեխան կարող է կտրել դետալները գունավոր թղթից: Թողե՛ք մի փոքր ինքնուրույն լինեն՝ իրենք գծեն, կտրեն, սոսնձեն, փակցնեն, որն առավելապես կնպաստի նաև կոորդինացված շարժունակությանը, ինքնուրույնությանը: Կարևորը ոչ թե գեղեցիկ ու կոկիկ ապլիկացիա ստանալն է, այլ երեխայի կատարած գործողությունները: Երբեմն ծնողներս ուղղում ենք, օգնում, շտկում, որ գեղեցիկ լինի: Բայց երեխան ինքը պետք է փորձի սարքել, երբեմն սխալվել, մտածել՝ ինչպես փակցնել, որ ճիշտ լինի: Եթե դիմում է ձեր օգնությանը, ուղղորդեք, օգնեք, բայց իր փոխարեն մի կատարեք։ 

Անհրաժեշտ է զարգացնել նաև ուշադրությունն ու հիշողությունը, մտածողությունն ու տրամաբանությունը: Դժվար չէ այս ամենն իրականացնել առօրյայում: Օրինակ՝ երեխային առաջարկեք նայել խաղալիքներին, հետո փակել աչքերը, իսկ դուք թաքցրեք որևէ խաղալիք, աչքերը թող բացի ու ասի՝ որը չկա: Սկզբում դրեք 3-4 խաղալիք, եթե հեշտությամբ է հիշում, ավելացրեք քիչ-քիչ: Կարող են լինել նկարներ, գույներ, կենդանիներ, ինչ ուզում եք: Կարող եք անվանել առարկաների անունները ու կսովորի նաև անվանումները գրական հայերենով, որը դպրոցում շատ պետք կգա: Կամ, առաջարկեք որևէ խնդրահարույց իրավիճակ (օրինակ՝ եթե լույս չլինի, ինչպես կկազմակերպենք մեր առօրյան)։ Ապա միասին երևակայեք, թե ինչն ինչպես կանեյիք։ Նմանատիպ աշխատանքները նպաստում են երևակայության, մտածողության զարգացմանը։ Կամ, հարցրեք մի քանի օր առաջ տեղի ունեցած որևէ դեպք, հիշեցրեք կարևոր դետալներ։ Ինքը կսկսի հիշելով պատմել, որը նաև կնպաստի խոսքի և հիշողության զարգացմանը, պատմելու կարողության զարգացմանը: Երբ հեքիաթ եք կարդում, ամենահետաքրքիր մասում մի պահ դադար տվեք և հարցեր տվեք, թե ինչ է կարծում, ինչ կլինի հետո: Հետո առաջարկեք կարդալ և տեսնել՝ արդյո՞ք գրքում էլ է այդպես գրված, ինչպես ինքն է մտածում: 

Դպրոց հաճախող երեխան պետք է կարողանա պարզ խոսել, բոլոր հնչյունները ճիշտ արտասանել (սխալ արտասանվող հնչյունները երբեմն սխալ էլ գրում են գրավոր աշխատանքներում, ու շտկելն ավելի բարդ է), խոսել ընդարձակ նախադասություններով, կիրառելով բոլոր խոսքի մասերը, կարողանալ միտքն արտահայտել, պատմել և վերապատմել, նկար պատմել, խոսելիս ճիշտ կիրառել դեմքը, թիվը, հոլովը (նախադասության անդամներն իրար համաձայնեցված խոսել, օրկինակ՝ չասի․ «ես գնացել էինք դպրոցների մեջ»: 

Կարևոր է նաև տեսատարածական պատկերացումը, որպեսզի տետրի մեջ ճիշտ կողմնորոշվի՝ որտեղ ից պետք է սկսի գրել, ինչ չափ պետք է ունենան տառերը, որ մասնիկն է պետք մեծ գրել, որը փոքր, մասնիկը դեպի աջ, թե ձախ թեքել: Դրա համար պետք է տալ երեխային գունավորել նկարներ և հետևել, որ սահմաններից դուրս չգա, գծիկներն իրար համեմատաբար զուգահեռ լինեն, ամբողջ դաշտը ներկված լինի։ Կարելի է կատարել որոշակի հանձարարություններով աշխատանքներ։ Օրինակ՝ գծով միացրու միմյանց հետ կապ ունեցող առարկաները (ասոցատիվ կապը), գտիր իրար նման պատկերները և միացրու գծիկով, շարունակիր կիսատ պատկերը, նկարիր նույն պատկերը, կետագծիկներով պատկերը ընդգծիր և այլն։ Թողեք երեխան հնարավորինս ինքնուրույն կատարի հանձնարարությունները, կարդացեք պահանջը և թողեք ինքնուրույն գլուխ հանի, եթե հարցնում է, ուղղորդեք, բայց թույլ տվեք ինքնուրույն մտածել։ 

Կարելի է երեխայի հետ խաղեր խաղալիս փորձեք դետալները միշտ շարել ձախից աջ՝ դրա մասին բացարձակ ոչինչ չասելով: Ուղղակի մշտապես այդպես շարելու արդյունքում երեխան գրելիս հեշտ է հասկանում, որ ուղղությունը ձախից աջն է: Հատկապես, որ հայերենում տառերի մասնիկների գրությունը ձախից աջ է: Լավ կլինի, եթե երեխային սովորեցնեք հնչյունային վերլուծություն կատարել: Կարող եք սկսել հետևյալ կերպ. հարցնել, թե իր անունն ասելիս առաջինը ինչ է լսում։ Սկզբում արտասանեք առաջին հնչյունը երկար և ուշադրությունը հրավիրեք այդ հնչյունի վրա (կարող եք սկզբում ձայնավորով սկսվող բառից սկսել, քանի որ ձայնավորներն ավելի երկար կարող եք արտասանել):

Այս փուլը կարող է երկար տևել՝ 1-2 ամիս, մի շտապեք ու երկար դադար տվեք, որ լիրաժեք յուրացնի ու հեշտ գործողություն դառնա իր համար։ Եթե լիաժեք կարողանում է առանձնացնել, ապա փորձեք հասկանալ վերջինը, երկրորդը, մեջտեղինը, ու այսպես սովորեցրեք հնչյունային վերլուծություն կատարել՝ չիմանալով տառերը. դրանք կսովորի դպրոցում: Նույնը կարելի է կատարել վանկերով։ Սովորեցրեք ծափերի միջոցով բառը վանկատել: Պետք է ուշադիր լինել գաղտնավանկը ուսուցանելիս: Եթե վստահ չեք, որ կարող եք լիարժեք ճիշտ կբացատրել, ավելի լավ է դրա մասին չխոսեք, ուղղակի շրջանցեք և սովորեք այն բառերի վրա, որտեղ չկա գաղտնավանկ: ՉՄՈՌԱՆԱՔ, այս ամենն ընդամենը խաղ է և պետք է կազմակերպել խաղի ձևով, որպեսզի և՛ հաճույքով սովորի, և՛ ուսման նկատմամբ ձանձրույթ չձևավորվի:

Երեխայի հետ փորձեք աշխատել սեղանի շուրջ, սովորեցրեք նստած ուտել, որևէ աշխատանքով զբաղվել, քանի որ դպրոցում մեծագույն խնդիր է երեխաների նստելը:

Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան

Պատերազմի մասին երեխաների ամենադժվար հարցերի պատասխանները

Երեխաների հետ պատերազմի մասին խոսելիս պետք չէ վախեցնել նրանց, բայց նաև պետք է հնարավորինս ազնիվ լինել, որպեսզի խուսափենք անորոշության պատճառով առաջացող տագնապից:

Փորձը ցույց է տալիս, որ երեխաները սովորաբար քննարկում և հարցեր են տալիս պատերազմի մասին։ Բնականաբար հստակ և ունիվերսալ պատասխաններ գոյություն չունեն: Պատասխանը պետք է համապատասխանեցնել երեխայի տարիքին, իրավիճակին և վերջինիս տված հարցի բնույթին:

Ամեն դեպքում մի քանի բան հստակ է.

• Պետք չէ ասել այն, ինչին դուք ինքներդ չեք հավատում, անգամ ամենափոքր տարիքի երեխաներն արագ զգում են կեղծիքը:

• Պետք չէ երեխային վախեցնող, սարսափ ներշնչող բառեր և արտահայտություններ օգտագործել:

• Պետք չէ հարցին պատասխանելիս ձեր սեփական քաղաքական հայացքներն ու պատկերացումները ներկայացնել, դրանք երեխային չեն հետաքրքրում և ավելորդ կծանրաբեռնեն նրան:

• Պետք չէ ասել երեխային բաներ, որոնք նա կարող է սխալ մեկնաբանել, օրինակ՝ սպանել կարելի է կամ պատերազմը սուրբ գործ է…

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարելի է պատասխանել երեխայի հարցերին․

1. Ի՞նչ է պատերազմը:

— Դու գիտես, որ մարդիկ երբեմն կռվում են։ Երեխաները, անգամ մեծահասակները վիճում են, երբ չեն կարողանում հանգիստ համաձայնության գալ որևէ խնդրի շուրջ։

Պատերազմի ժամանակ էլ կռվում են ոչ թե առանձին մարդիկ, այլ պետությունները։

Հաճախ մի մարդն ուզում է պայմանավորվել, իսկ մյուսը չի ուզում, քանի որ շատ բարկացած է կամ հարցը հանգիստ քննարկել չգիտի։ Նույն բանը երկրների հետ էլ է լինում։

Երբ երկրները համաձայնության են գալիս և հաշտվում են, խաղաղություն է տիրում։

2. Ինչու՞ են զինվորները սպանում իրար:

— Երբ պատերազմի ժամանակ հակառակորդը հարձակվում է, զինվորները ստիպված են պաշտպանել իրենց ընտանիքները, տները, հողը։ Լավ զինվորներն ուզում են, որ խաղաղությունը հնարավորինս շուտ վերահաստատվի։ Սակայն նրանք ստիպված են պատերազմել, որպեսզի ոչ ոք փոքրիկներին, թույլերին չվիրավորի։

3. Երբ որ ես մեծանամ, ե՞ս էլ եմ կռվելու:

— Պատերազմը շատ վատ է, բայց այն մի օր ավարտվում է: Հույս ունեմ, որ երբ դու մեծանաս՝ պատերազմ այլևս չի լինի։

4. Մեր հայրի՞կն էլ է գնալու կռիվ: Մենք նրան չենք թողնի:

— Հիմնականում պատերազմում են զինվորականները։ Սակայն եթե պատերազմը երկար է տևում, նրանց օգնում են բոլոր մեծ տղամարդիկ։ Դա պետք է, որպեսզի խաղաղությունը շուտ գա։ Եթե հայրիկը ստիպված լինի կռվել, մենք նրան հպարտությամբ կճանապարհենք։ Չէ՞ որ հայրիկը հերոս է և չի կարող թաքնվել տանը։ Նա էլ ամեն ինչ կանի, որ պատերազմը շուտ ավարտվի:

5. Իսկ սպանելը նույնպես աշխատա՞նք է։

— Ոչ, սպանելը սարսափելի է ու վատ։ Զինվորականները պատերազմ են գնում, որ փրկեն տները և պաշտպանեն թույլերին։ Նրանք ստիպված են սպանել հարձակվողներին այն դեպքում, երբ նրանց կանգնեցնելու այլ ելք չի մնում: Բայց ոչ մի լավ մարդ չի ուզում սպանել։

6. Ինչո՞ւ են պատերազմում միայն տղաները։ Աղջիկները վախենո՞ւմ են։

— Աղջիկներն էլ են երբեմն կռվում։ Բայց հիմնականում տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ ու պինդ են լինում: Պատերազմի ժամանակ աղջիկներեն էլ են կարևոր գործ կատարում, նրանք հոգ են տանում բալիկների ու ծերերի մասին այն ժամանակ, երբ տղաները կռվում են:

7. Իսկ մեր տունը չե՞ն պայթեցնի:

— Ոչ, պատերազմը մեր տնից շատ հեռու է: Մենք ապահով գոտում ենք: Բայց եթե հանկարծ պատերազմը մոտենա մեր տանը, մեզանից ոչ մեկը՝ ծնողներդ, տատիկդ, պապիկդ, թույլ չենք տա, որ քեզ հետ մի բան պատահի:

8. Մահանալը ցավո՞տ է։

— Երբ մարդը մահանում է, նրա մարմինը դադարում է աշխատել, և նա ոչ մի բան չի զգում, ոչ մի ցավ:

9. Իսկ ինձ մանկապարտեզից թշնամիները չե՞ն գողանա:

— Ոչ մի դեպքում, դա բացառվում է. ոչ դաստիարակներդ, ոչ մայրիկդ, ոչ էլ հայրիկդ թույլ չեն տա, որ որևէ մեկը քեզ վնասի:

10.Հերոսները միայն նրա՞նք են, ովքեր պատերազմում են:

— Ոչ, հերոսն այն մարդն է, որն օգնում է թույլերին ու անպաշտպաններին: Եթե ինչ-որ մեկը խեղդվում է ծովում , իսկ մյուսը՝ փրկում է նրան՝ նա հերոս է: Եթե զինվորը պաշտպանում է մարդկանց նրանցից, ովքեր հարձակվել են՝ նա հերոս է: Իսկ եթե պատերազմում են հենց այնպես՝ դա հերոսություն չէ, միայն վատ մարդիկ են ցանկանում պարզապես պատերազմել:

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան