Արտակարգ իրավիճակը և երեխաները

Արտակարգ իրավիճակներն իրենց բնույթով տարբերվում են առօրեական կյանքից և այդ առումով ուժեղ բացասական սթրեսի աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են: Այդ պատճառով կարևոր է վստահելի մեծահասակի ներկայությունը և երեխային հուզական աջակցության ցուցաբերումը:

  • Երեխաների ռեակցիաներն արտակարգ իրավիճակին կարող են լինել շատ տարբեր՝ սկսած ներփակվածությունից, հույզերի քարացումից մինչև գերհուզականություն, վախ, ագրեսիվ պահվածք, հակասոցիալական պահվածք, մղձավանջներ, սննդային վարքի շեղումներ, գիշերամիզություն, ուշադրության և կենտրոնացման հետ դժվարություններ և այլն: Երեխան կարող է դրսևորել իրեն ոչ բնորոշ պահվածք արտակարգ իրավիճակում: Կարևոր է ծնող-երեխա վստահելի փոխհարաբերությունների պահպանումը:
  • Մի երեխայի դեպքում սթրեսային ռեակցիան կարող է դրսևորվել անմիջապես, իսկ մեկ այլ երեխայի մոտ՝ ավելի ուշ փուլերում, երբ արտակարգ իրավիճակն արդեն ավարտված է:
  • Այն, թե երեխան ինչպես է արձագանքում արտակարգ իրավիճակին, կախված է ինչպես իր տարիքից, զարգացման մակարդակից, նրա ունեցած նախկին փորձից և պատկերացումներից, նրանից, թե արդյո՞ք երեխան կամ նրա ընտանիքի անդամն ստացել են ֆիզիկական վնասվածք, թե ոչ:
  • Մինչև 6 տարեկան երեխաների ռեակցիաները մեծամասամբ պայմանավորված են ծնողների հուզական վիճակով և վարքով, քանի որ իրենք խորությամբ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Եթե ծնողը կարողանում է պահպանել հանդարտություն և կայուն հուզական կապ երեխայի հետ, դա դրական կանդրադառնա այդ տարիքի երեխայի վրա:
  • 7-12 տարեկան երեխաներին աջակցելու կարևոր կողմերից է տարիքին համապատասխան տեղեկատվություն տրամադրելը, քանի որ նրանք արդեն կարիք ունեն հասկանալու, թե ինչ է տեղի ունենում: Եթե երեխան դրսևորում է վախ, անհանգստություն, շփոթվածություն և մի շարք այլ բացասական ապրումներ կամ իրեն ոչ բնորոշ պահվածք, կարող եք խրախուսել երեխային խոսել իր հույզերի և ապրումների մասին:
  • 13-ից բարձր տարիքի երեխաներն ավելի շատ են հասկանում, թե ինչ է կատարվում արտակարգ իրավիճակում: Այնուամենայնիվ տեղեկատվական հիգիենայի պահպանումը դեռահասների դեպքում ևս կարևոր է, որպեսզի է՛լ ավելի չսրվի տարիքին բնորոշ տագնապայնությունը: Նրանք ցանկանում են օգնել մեծահասակներին, օրինակ՝ կամավորություն անել տարբեր կազմակերպություններում, իրենց աջակցությունը ցուցաբերել ընտանիքին կամ հասարակությանը: Մի՛ խոչընդոտեք պիտանի զգալու նրանց կարիքի իրացմանը, պարզապես առաջնորդեք և ուղղորդեք դեռահասին, թե ինչպես իր համար անվտանգ կերպով օգնի: Դեռահասի հույզերի առջև եղեք բաց և աջակցող:
  • Բոլոր տարիքի երեխաների դեպքում կարևոր է նրանց առօրյայի հնարավորս շարունակումը: Երեխան կարիք ունի խաղալու, նկարելու, երգելու անգամ արտակարգ իրավիճակում: Այդ ամենն ապաքինող դեր կարող է ունենալ: Նկարելով նա կարող է պատկերել իր վախերը, իսկ երգելու միջոցով երեխայի մոտ հույս և լավատեսություն կարող է ծնվել: Սյուժետադերային խաղերում երեխան հաճախ արտապատկերում է ընթացող արտակարգ իրավիճակը և ապաքինման ճանապարհը սկսում անցնել: Մի՛ վախեցեք երեխայի նմանատիպ խաղերից:
  • Հնարավորինս նպաստեք, որ երեխան շարունակի իր ուսումնական գործունեությունն արտակարգ իրավիճակի ընթացքում կամ դրանից հետո:
  • Լսեք երեխաներին և հնարավորություն տվեք ձեզ հարցեր տալու, եթե կարիքն ունենան:
  • Հատուկ կարիքներով, հատկապես՝ տեղաշարժման դժվարություններով կամ շնչառական սարքերից հաճախ օգտվող երեխաներն առավել սուր սթրեսային ռեակցիաներ կարող են ունենալ արտակարգ իրավիճակում: Նրանք կարող են կարիք ունենալ ավելի շատ զրույցների, ավելի շատ գրկախառնությունների կամ բացատրությունների:

Նյութը ներկայացրեց «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Արևիկ Ավագյանցը։

Գրպանի գումար

Դժվար է հանդիպել երեխաների, ովքեր գոհ են այն բանից, թե ծնողները որքան գումար են իրենց տալիս ծախսերի համար և ինչ պայմաններով: Բոլորը կարծում են, որ գումարը պետք է լինի շատ, իսկ ծախսելը՝ առանց վերահսկվելու:

«Ի՞նչն է լավ, երբ ծնողներս ինձ գումար են տալիս, բայց թույլ չեն տալիս ծախսել առանց թույլտվության: Այդպես արդար չէ»։

Խելամիտ հարց է: Այն, թե ինչպես է պետք ծախսել գումարը և շատ այլ բաներ մենք սովորում ենք գործած սխալների հիման վրա, և եթե մեզ ոչ մի անգամ չթույլատրեն սխալվել փողային հարցերում, մենք այդպես էլ չենք սովորի խելամիտ վարվել ֆինանսների հետ: Եթե ծնողները երեխաներին գումար են տրամադրում անձնական ծախսերը հոգալու համար, սակայն երեխաներն ամբողջը պահում են տոներին հենց իրենց՝ ծնողների համար նվերներ գնելու համար, ապա այդպիսով գումար ծախսել չեն սովորի:

«Գրպանի փողը» լավ առիթ է ծնողների հետ խոսելու համար: Եթե դուք անկեղծ մտահոգություն հայտնեք ընտանիքի ֆինանսական վիճակի մասին, ապա կարող եք հուսալ, որ ծնողները կփորձեն ձեզ հետ ավելի ազնիվ լինել: Բացատրեք նրանց, որ հասկանում եք, գիտեք, որ գրպանի ծախսերը պետք է հիմնված լինեն ընտանիքի եկամուտի վրա: Եթե ձեր ծնողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ապա չպետք է հուսաք, որ մեծ գումար եք ստանալու նրանցից:

Երբ մեծանաք, կասեք ձեր ծնողներին, որ ցանկանում եք ինքներդ աշխատել ձեզ տրվելիք  գումարի մի մասը` կատարելով աշխատանք, որի համար նրանք պետք է վճարեին մեկ ուրիշին: Բնականաբար, որպես ընտանիքի անդամ, երեխաները պարտավոր են անել որոշակի աշխատանք, որի համար չի կարելի վճար ակնկալել: Մարդիկ տանն ինչ-որ բան անում են միայն հոգատարությունից և միմյանց օգնելու ցանկությունից ելնելով, բայց եթե ձեր ծնողների աշխատանքը շատ է և դժվար, կարելի է և ինչ-որ բան անել գումարի դիմաց:

Երբ քննարկում եք, թե որքան գրպանի գումար է ձեզ իրականում հարկավոր, խնդրեք ձեր ծնողներին պատմել իրենց կյանքում արած հիմար ծախսերի մասին:

Պատրաստված է Ս. Մկրտչյանի թարգմանության հիման վրա

Эда Ле Шан «Когда ваш ребенок сводит вас с ума»

Մանկական ագրեսիա: Ինչպես վարվել։

Պետք է շատ զգույշ և ուշադիր վերաբերվել երեխայի զարգացմանը: Երբեմն երեխան փորձում է սովորել ճնշել իր ագրեսիան, սակայն եթե ագրեսիան միայն ճնշվում է, չի նշանակում, որ անհետանում է: Դրա հետևանքով առաջացած նյարդային լարվածությունը կկուտակվի և կա՛մ վատ ազդեցություն կթողնի երեխայի առողջության ու զարգացման վրա, կա՛մ անադեկվատ ձևով կարտահայտվի երեխայի վարքում` անհանգստացնելով ծնողներին:

Թվարկենք երեխայի ագրեսիվ վարքի դրսևորման հաջորդականությունը՝

  • Նորածին երեխան եթե քաղցած է, ապա բարկանում է ամբողջ աշխարհի վրա:
  • 1 տարեկան երեխան, բարկանալով մայրիկի վրա, կարող է հարվածել նրան:
  • 1.5 տարեկանում երեխան արդեն կարողանում է զսպել բարկությունը և, ոտքերը գետնին խփելով կամ բարձր գոռալով, հանգստանալ:
  • 2 տարեկան երեխան առանց մտածելու կարող է ինչ-որ իրով հարվածել այն մարդուն, որն իրենից վերցրել է խաղալիքը:
  • 3 տարեկանում երեխան ավելի բարեհամբույր է: Նա ընդամենը կվիճի այն մարդու հետ, ով իրենից վերցրել է խաղալիքը. համենայն դեպս առաջին րոպեներին:
  • 6 տարեկանում երեխան աստիճանաբար սովորում է տեղափոխել իր բարկությունը խաղի մեջ: «Պիֆ-պաֆ»,- կրակում է երեխան: Նա արդեն գիտի, որ չի կարելի այլ մարդկանց ցավ պատճառել, որ սեփական հույզերը կարելի է արտահայտել խոսքով կամ խաղի միջոցով: Դա էլ հենց սոցիալականացումն է, երեխան աստիճանաբար ընդգրկվում է հասարակության մեջ, իսկ այդ բարդ պրոցեսում նրան օգնում են ծնողները:

Մենք դիտարկեցինք նորմալ ագրեսիան և դրա փոփոխությունները երեխայի զարգացման տարբեր շրջաններում: Շատ մասնագետներ կարծում են, որ մինչև 3 տարեկան երեխան ագրեսիա չի դրսևորում, որովհետև նրան դա չեն սովորեցնում (գիտակցված կամ չգիտակցված): Երեխան մեծանալով սովորում է արտահայտել իր բարկությունը տարրական ձևերով:

Որտեղի՞ց երեխայի մեջ այդքան ագրեսիա: Ագրեսիայի ձևավորման վրա կարող են ազդել երեխայի և մոր անձնային առանձնահատկությունները, օրինակ` նրանց խառնվածքների անհամապատասխանությունը: Նկատվել է, որ որոշ մայրեր հեշտությամբ են ղեկավարում ակտիվ երեխաներին, իսկ մյուսները` ավելի հանգիստ երեխաներին: Եթե մայրը դժվարանում է կառավարել ակտիվ երեխային, ապա ավելի հավանական է, որ նա երեխային կընկալի որպես չլսող, անկառավարելի և դա իրեն կնյարդայնացնի: Եվ կարելի է ենթադրել, որ այդ պարագայում դաստիարակության միջոցները կկիրառվեն երեխայի ակտիվությունը նվազեցնելու և զսպելու համար: Մոր կռիվը երեխայի բնական ակտիվության հետ նրա մոտ առաջացնում է ագրեսիվ ռեակցիա, որի արդյունքում երեխայի ակտիվությունն է՛լ ավելի է սրվում: Ծնողն ու երեխան հայտնվում են փակ շրջանում: Մշտական լարվածությունը վերջ ի վերջո հանգեցնում է երեխային չընդունելուն, նրա հույզերի մերժմանը, ինչին երեխան շատ զգայուն է արձագանքում:

Մայրը, որն իր երեխային համարում է չափազանց դանդաղկոտ, նույնպես իրեն նյարդայնացած կզգա: Դա կարող է արտահայտվել մշտական նկատողություններով և երեխայի պատասխան ագրեսիվությամբ:

Երկու դեպքերում էլ հենց խառնվածքների անհամապատասխանությունն է անառողջ մթնոլորտի պատճառը, որը կարող է դառնալ երեխայի ագրեսիվության առաջացման և ամրապնդման պատճառ: Նման իրավիճակներում մայրը (ցանկալի է ընտանիքի անդամների օգնությամբ) պետք է գիտակցի այդ տարբերությունը և փորձի հասկանալ երեխային, նրա առանձնահատկությունները, գնա զիջումների, լուրջ վերաբերվի ժամանակի պլանավորմանը:

Ագրեսիվությունը կարող է առաջանալ խանդի պատճառով այն դեպքերում, երբ երեխան փոքր քույր կամ եղբայր ունի: Եթե երկրորդ երեխայի հայտնվելուց հետո մեծ երեխան իրեն մերժված կամ մոռացված չի զգում, եթե նրան բավարար ուշադրություն է հատկացվում և նա միանում է փոքրիկի խնամքին` դրանով զգալով իր կարևորությունը, նրա համար այդ ամենն անցնում է առանց դժվարությունների: Ծնողները պետք է հստակեցնեն ագրեսիայի առաջացման պատճառը և անմիջապես միջոցներ ձեռնարկեն դրա վերացման համար:

Հաճախ հայրերը խրախուսում են տղաների ագրեսիվ վարքը: Սովորաբար այսպիսի ագրեսիվության գիտակցված դաստիարակման հիմքում ընկած է հոր վախը, որ տղան չի մեծանա որպես իսկական տղամարդ, չի կարողանա իրեն պաշտպանել: Այս պարագայում պահանջվում է հայրիկի հետ փոքրիկ հոգեբանական կրթական աշխատանք իրականացնել:

Այսպիսով, նշենք, որ երեխայի բնածին որակները` անհանգստություն, ցավի նկատմամբ զգայունություն և այլն, միայն նախատրամադրվածություն են ստեղծում ագրեսիվության համար, իսկ թե որքանով է այն իրականացվում, կախված է սոցիալական միջավայրից և առաջին հերթին՝ մորից:

Երեխային անհրաժեշտ է սիրող և հոգատար մայր: Ուշադրությո՛ւն, ո՛չ թե ճիշտ մայր՝ շատ խելացի գրքեր կարդացած, այլ սիրող և հոգատար մայր, որին Դ.Վ.Վինիկոտն անվանել է «սովորական, նվիրված մայր»: Երեխայի ագրեսիան ձևավորվում է ոչ այն բանից, որ մայրը կարող է թեթևակի բարկանալ երեխայի վրա ինչ-որ արարքի պատճառով, այլ նրանից, որ մայրը կարող է անտեսել ու սառը վերաբերվել նրան:

Դիմելով մայրերին՝ ցանկանում ենք հիշեցնել՝ ձեր երեխային շատ բան պետք չէ լավ մարդ դառնալու համար, պետք է միայն ձեր սերն ու համբերությունը: Երբ խոսում են համբերության մասին, նկատի չունեն այն համբերությունը, որը ստիպում է վերջին ուժերով զսպել բարկությունը, այլ այն, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր երեխայի հետ այս պահին, և ինչ հետևանքներ դա կունենա նրա հետագա կյանքում:

Ագրեսիվ վարքը երեխայի զարգացման ընթացքում բնականոն երևույթ է: Գոյություն ունեն դրա ձևավորման և դրսևորման տարբեր մակարդակներ: Դրանք կարող են կամ թուլանալ, կամ սրվել: Պետք է դրան վերաբերվել առանց ավելորդ խուճապի և հետևել սեփական վարքին, քանի որ կանցնի ագրեսիվության այս շրջանը, թե կպահպանվի և կդառնա երեխայի անձնային կայուն գիծ, կախված է ծնողներից:

Այն մայրերն ու հայրերը, ովքեր օգտագործում են պատժի ագրեսիվ ֆիզիկական ձևերը` ձեռքերին, դեմքին խփել, սենյակում փակել և այլն, դաստիարակում են ագրեսիվ երեխաներ:

Երեխան ագրեսիվ կլինի նաև, եթե մայրը խրախուսում է նրա ագրեսիվ վարքը այլ երեխաների հետ խաղալիս, տանը կամ այլ մեծահասակների մոտ:

Աղբյուրը՝ С. Ю. Чижова, О. В. Калинина – Детская агрессивность

Ինչու են վիճում քույրերն ու եղբայրները

Կյանքում մեծանալ քրոջ կամ եղբոր հետ, նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես: Սակայն նախքան իրական ջերմ հարաբերությունների առաջացումը, անհրաժեշտ է անցնել երկար ճանապարհ, որտեղ գրեթե հնարավոր չէ խուսափել վեճերից, խանդից, անհանդուրժողականությունից, մրցակցությունից և այլն:  Իսկ ինչու՞ են առաջանում վեճերը քույրերի և եղբայրների միջև: Անդրադառնանք մի քանի կարևոր պատճառի.

  1. Ամենահաճախ հանդիպող պատճառը մրցակցությունն է ծնողների ուշադրության և սիրո համար:  Յուրաքանչյուր երեխա ուզում է լինել միակը և ստանալ հայրիկի և մայրիկի ողջ սերը: Երեխաները խանդում են, նեղվում են, բարկանում են, իսկ ծնողները բախվում են այն խնդրի հետ, թե ինչպես ցույց տալ, որ երեխաներից յուրաքանչյուրը յուրահատուկ է և սիրված: Դրա համար անհրաժեշտ է նկատել յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները և պահանջմունքները: Հաճախ ծնողները կարծում են, որ երեխաների խանդից, վեճերից խուսափելու համար, նրանց պետք է միշտ նույն բանը նվիրել կամ նույնությամբ խրախուսել: Սակայն դա ամենևին չի լուծում հարցը, որոշ դեպքերում էլ նույնիսկ խորացնում է խնդիրը:  Օրինակ՝ կարելի է գնել գունավոր մատիտներ նկարչության սիրահարին, իսկ գնդակ՝ սպորտի սիրահարին, ապագա մաթեմատիկն ուրախ կլինի լսել գովասանք խնդրի արագ լուծման համար, իսկ ֆուտբոլիստը՝ գնդակի հետ հմտորեն վերաբերվելու համար և այլն:

    Անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի հետ առանձին ժամանակ անցկացնել՝ իրականացնելով այն գործողությունը, որը հետաքրքիր և անհրաժեշտ է հենց իրեն: Պարտադիր չէ, որ այդ ժամանակը հավասարապես բաշխվի, օրինակ՝ կարելի է 1,5 ժամ տրամադրել մեծ աղջկան կարևոր քննությանը նախապատրաստվելու համար, իսկ 40 րոպե՝ փոքր աղջկա հետ ընկերուհու հետ ունեցած վեճը քննարկելու համար:

    Օգտագար է նաև երեխաներին ցույց տալ, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամը կյանքի տարբեր փուլերում կարող է ավելի շատ ուշադրության և հոգատարության կարիք ունենալ:
  2. Հաջորդ պատճառն այն է, որ ծնողներն ու այլ մեծահասակներ իրենք են հրահրում կամ խորացնում մրցակցությունը երեխաների միջև՝ պարբերաբար համեմատելով նրանց: Երբեմն դա տեղի է ունենում նյարդայնության, հոգնածության և դժգոհության արդյունքում. «Նայի´ր, թե ինչ հավաք է քրոջդ սեղանը, իսկ քո՞նը», «Եղբայրդ կես ժամում ավարտեց տնային առաջադրանքները, իսկ դու դեռ չես էլ սկսել», սակայն, եթե դաստիարակության նման ոճը դառնում է սովորական, դա իր բացասական հետքն է թողնում երեխաների հարաբերությունների վրա: Ընտանիքում յուրաքանչյուր երեխայի հետ շփման ժամանակ պետք է անընդհատ հիշել, որ նա  առանձնահատուկ է և քրոջ կամ եղբոր պահվածքը իր հետ կապ չունի:
  3. Կոնֆլիկտներ հաճախ տեղի են ունենում երեխայի անձնական սահմանների խախտման դեպքում: Օրինակ՝ մեծ եղբոր խաղալիքները տալիս են փոքրին, առանց վերջինիս թույլտվությունը ստանալու, քույրը հագնում է մյուս քրոջ հագուստը առանց հարցնելու և այլն: Նմանատիպ երևույթները երեխաների մոտ առաջացնում են անարդարության զգացողություն, սեփական տարածքը պաշտպանելու, քրոջից կամ եղբորից վրեժ լուծելու, ծնողներին իր ճիշտը ապացուցելու ցանկություն: Նմանատիպ վեճերը կանխարգելելու համար անհրաժեշտ է հարգել ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձնական սահմանները՝ հաստատելով կանոն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես վարվի իր իրերի հետ, երբ և ում հետ դրանք կիսի: Իհարկե սրան զուգահեռ անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել հոգատարության, միմյանց հետ ինչ-որ բան կիսելու կարևորությունը՝ սեփական օրինակով, ընտանեկան ավանդույթներ ստեղծելով, բայց ոչ մի դեպքում չպարտադրելով, քանի որ հետագայում՝ հասուն կյանքում, սեփական սահմանները ճանաչելը և դրանք պաշտպանելը անհրաժեշտություն են դառնում:
  4. Ի վերջո քույրերի և եղբայրների միջև պայքարը միմյանց նկատմամբ առավելությունը ցույց տալու, սեփական թերարժեքությունը հաղթահարելու ձևերից մեկն է: Երեխաները դեռ նոր են սովորում հասկանալ սեփական պահանջմունքները և հույզերը, դժվարանում են ինքնուրույն դրանք ընդունելի ձևով արտահայտել: Միմյանց նկատմամբ լի են երկակի զգացումներով՝ վրդովմունքից, զայրույթից, ատելությունից մինչև քնքշանք, հոգատարություն, հետաքրքրություն, սեր: Անհրաժեշտ է ընդունել երեխայի երկակի զգացումները քրոջ կամ եղբոր նկատմամբ, սովորեցնել և հնարավորություն տալ դրանք արտահայտել ընդունելի և անվտանգ ձևերով, օրինակ՝ արձագանքելով երեխայի հույզերին, սովորեցնելով սեփական զգացմունքները և  ցանկությունները բառերով արտահայտել. «Դու այնքան էիր բարկացել, երբ քույրդ առանց հարցնելու վերցրել էր խաղալիքդ, որ ուզում էիր իրեն ցավեցնել,  մյուս անգամ փորձիր իրեն զգուշացնել խոսքերով, օրինակ՝  «Ես թույլ չեմ տալիս, որ դու առանց հարցնելու վերցնես իմ խաղալիքը» և այլն:

    Ինչպե՞ս վարվի ծնողը, երբ վիճում են երեխաները

    Հաճախ ծնողները երկմտում են, թե երբ է անհրաժեշտ միջամտել երեխաների վեճին, իսկ երբ՝ թողնել, որ ինքնուրույն հաղթահարեն: Անհրաժեշտ է անհապաղ միջամտել, երբ վեճերն ուղեկցվում են բռնությամբ կամ երեխաներից մեկը չարաշահում է իր իշխանությունը: Մնացած դեպքերում կարելի է թողնել, որ երեխաները փորձեն ինքնուրույն դուրս գալ իրավիճակից:

    Առաջարկում ենք մի քանի սկզբունք, որոնց ծնողները կարող են հետևել երեխաների վեճերը հաղթահարելու համար:

    • Վեճերի հաղթահարման ժամանակ ընդունեք ոչ թե դատավորի դերը (փնտրեք մեղավորներ, սահմանեք պատիժներ), այլ եղեք խաղաղապահ միջնորդի դերում (օգնեք հանգստանալ, հասկանալ ինչ տեղի ունեցավ և միասին լուծումներ փնտրեք):
    • Սկզբում փորձեք կարգավորել երեխաների հուզական վիճակը (կարգի բերել շնչառությունը, հաշվել մինչև 10-ը, բարձին հարվածել, ջուր խմել, լվացվել և այլն), այնուհետև սկսեք խոսակցությունը:
    • Առաջարկեք վեճի մասնակիցներին արտահայտել մտքերն ու ապրումները առանց վիրավորելու և մեղադրելու հակառակ կողմին:
    • Հիշեցրեք, որ յուրաքանչյուրն իրավունք ունի զգալ ամեն հույզ, բայց դրանց արտահայտման ոչ բոլոր ձևերն են ընդունելի:
    • Կիսվեք իրավիճակի վերաբերյալ ձեր պատկերացումներով՝ չմոռանալով  խաղաղապահի դերի և չեզոքության մասին, ինչպես նաև դրսևորեք վստահություն, որ խնդիրը լուծելի է:
    • Փորձեք ոչ միայն հաղթահարել տվյալ վեճը, այլ նաև մտածել տարբերակներ հետագայում նմանատիպ վեճերը կանխարգելելու համար: Որպես օրինակ՝ կարող եք օգտագործել մտքերի գրոհի մեթոդը: Առաջարկեք երեխաներին հերթով նմանատիպ խնդիրների լուծման համար որքան հնարավոր է շատ միջոցներ առաջարկել և միասին ընտրեք դրանցից ամենաօգտակարներն ու ամենահետաքրքիրները:

    Որպես վերջաբան ուզում ենք նշել նաև կոնֆլիկտների դրական կողմերի մասին: Դրանք սովորեցնում են երեխաներին ձևակերպել և պաշտպանել սեփական կարծիքը, արտահայտել հույզերը, լսել այլ տեսակետներ և հարգել դրանք: Կոնֆլիկտները ցույց են տալիս, թե ինչպես լուծել խնդիրները, փոխզիջումների գնալ, բանակցել, դարձնում են երեխաներին ավելի ճկուն և սթրեսակայուն:

    Նյութը ներկայացրեց հոգեբան Վարդուհի Տիգրանյանը։

    Ես կարոտում եմ

    Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի: Արյունակցական կապը կտրել չի կարելի, հնարավոր է միայն թուլացնել այն: Կանայք և տղամարդիկ կշարունակեն լինել մայր և հայր անկախ այն բանից, որ իրենց երեխաներից առանձին են ապրում: Սովորաբար խնամակալ լինում է մայրը, իսկ հայրիկները հիմնականում պայքարում են երեխաներին տեսնելու իրենց իրավունքի համար:

    Այլ հարց է այն, թե ինչպես պետք է կազմակերպել երեխայի և հոր հանդիպումն ամուսնալուծությունից հետո: Հաճախ է լինում, որ մայրերն ու հայրերը չեն ցանկանում տեսնել իրար կամ որոշակի կապ պահպանել ամուսնալուծությունից հետո: Դատարանը հաշվի չի առնում, թե նախադպրոցական տարիքի երեխան ծնողներից որ մեկի հետ է ցանկանում մնալ: Այս հարցը գրեթե միշտ մեխանիկորեն լուծվում է հօգուտ մոր:

    Երեխան չի կարող սիրել կամ չսիրել, կարոտել կամ մոռանալ իր հարազատներինղեկավարվելով դատարանի որոշմամբ: Նա հաճախ ասում է մայրիկին, որ կարոտում է հայրիկին: Ոչ երկու, ոչ երեք, ոչ չորս տարեկանում երեխան չի կարող հասկանալ՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես փոխվեց, ինչո՞ւ է նա գտնվում մի տեղում, իսկ իր համար այդքան սիրելի մարդը հայրիկը, մեկ այլ տեղում: Նախադպրոցական տարիքի երեխաներն այնքան ինքնուրույն չեն, որ երբ ցանկանան, կարողանան գնալ և տեսնել իրենց հարազատին:

    Այսպիսով, այն ծնողները, ովքեր ինչ-որ պատճառներով որոշում են ամուսնալուծվել, պետք է նախօրոք մտածեն, թե ինչպե՞ս են կազմակերպելու երեխայի հետ տեսակցությունները: Չի կարելի բաժանել երեխաներին. աղջիկը մայրիկին, տղան հայրիկին, այնպես, ինչպես բաժանում են տան գույքը` աթոռն ու սեղանը կամ հեռուստացույցն ու համակարգիչը: Երեխան երկու ծնողների աջակցության կարիքն ունի: Նա մեղավոր չէ որ մայրիկն էլ չի սիրում հայրիկին, կամ որ հայրիկն այլ կնոջ հետ է ամուսնացել:

    Այս հարցի մասին քննարկումներ սկսելուց փորձեք չմտածել ձեր սկզբունքների, ինքնասիրության մասին, այլ առաջնորդվեք երեխայի շահերով: Եթե նույնիսկ ձեր համատեղ կյանքը չի ստացվել, չի կարելի զրկել երեխային երկու ծնողների հետ շփվելու ուրախությունից: Այդպիսի իրավունք չունեք ոչ դուք և ոչ էլ որևէ մեկը:

    Շատ վիրավորված կանայք փորձում են ամեն կերպ սահմանափակել երեխաների և հոր շփումը` հիմնավորելով դա նրանով, որ երեխաները նրա հետ հանդիպումից հետո վատ են զգում իրենց, կամ նման հանդիպումների ժամանակ երեխաների մասին բավարար չափով հոգ չեն տանում, կամ հանդիպումները ոչ ճիշտ տեղում են լինում, որտեղ երեխաները հոգնում են կամ հիվանդանում: Հայրերին մեղադրում են այն բանում, որ նրանք հանդիպումների ընթացքում երեխաներին ամեն ինչ թույլ են տալիս, ուշադիր չեն լինում, տրամադրում են մայրերի դեմ, երբեք ճիշտ ժամանակին չեն գալիս երեխայի հետևից և ճիշտ ժամանակին հետ չեն բերում նրան:

    Հաճախ այդպիսի մեղադրանքներում կա ճշմարտության որոշակի տոկոս: Եթե հայրը երկրորդ անգամ չի ամուսնացել, չունի իր տունը, պատահում է, որ նրա համար շատ դժվար է լինում երեխայի հետ այդքան ժամանակ անցկացնել: Այնուամենայնիվ, մայրերը հարմար առիթը բաց չեն թողում նրանց մեղադրելու և այդ մեղադրանքներն ուռճացնելու համար:

    Փոքրիկ երեխաները հայրերին ավելի հաճախ պետք է տեսնեն` շաբաթը մեկ կամ երկու անգամ: Մեկ կամ երկու տարեկան հասակում այդ հանդիպումները կարող են լինել զբոսանքների, ավտոմեքենայով շրջելու, մոտակա խաղահրապարակ գնալու տեսքով: Հանդիպումների տևողությունը ժամանակի ընթացքում պետք է ավելացնել: Երբ երեխան դառնա երեք կամ չորս տարեկան, շատ ավելի լավ կլինի, որ նա մի ամբողջ օր կամ նույնիսկ հանգստյան օրերն անցկացնի հայրիկի տանը, ծայրահեղ դեպքում գոնե երկու շաբաթը մեկ անգամ: Եթե երեխան չորս կամ հինգ տարեկան է, լավ կլինի, որ նա հայրիկի հետ շատ ավելի երկար ժամանակ անցկացնի (նրա հետ լինի արձակուրդների մի մասը և այլն):

    Մի քանի բառ վախերի մասին: Դժվար թե գիտակից և հասուն մարդը երեխային վատ տրամադրի մոր կամ հոր նկատմամբ: Եվ նման բաներից վախենում են հիմնականում այն ծնողները, ովքեր իրենք են այդպես վարվում: Այլ հարց է երեխային քեզ հետ պահելու անգիտակցական մղումը: Այս ամենն արվում է միայն երեխային բարին կամենալով: Ծնողներն ավելորդ խնամքն ու իրենց վերաբերմունքը բացատրում են գրեթե նույն կերպ` եթե այդքան ուշ-ուշ ենք տեսնվում, ապա մեղք չէ երեխային ավելի թանկ նվեր գնելը, կամ երեխային տարբեր զվարճանքի վայրեր տանելը, նրա չարաճճիությունները տանելը և երես տալը. այս ամենում ոչ մի մեղք և քննադատելի բան չկա:

    Լսելով մեծահասակներին և հետևելով նրանց վարքին` չորս, հինգ տարեկան երեխաները եզրակացություններ են անում, թե ով է լավը, իսկ ով վատը: Երեխայի և հոր հանդիպումներն ամեն անգամ ավարտվում են լացով, հիասթափությամբ:

    Ինչ անել, եթե երեխան բաժանված է ոչ միայն հորից, այլև քույրերից, եղբայրներից, տատիկից և պապիկից: Այստեղ ոչ մի իրավաբանական որոշում չի օգնի: Այստեղ հույսը կարելի է դնել միայն մեծահասկաների հասունության և խոհեմության վրա: Չի կարելի մոռանալ երեխայի` իր հարազատներին կապվածության մասին: Ինչքան էլ որ դա դժվար լինի, պետք է ճանապարհներ գտնել, որպեսզի երեխան շփվի նաև նրանց հետ: Շատ խելացի են վարվում այն ծնողները, ովքեր գիտակցաբար պահում են այդ կապերը և երեխային սովորեցնում, որ իրենց թե՛ հոր, թե՛ նրա բարեկամների հետ իրենց հարաբերություններում ոչինչ չի փոխվել:

    Ինչպես հայտնի է բազմաթիվ դեպքերից, երեխաներն ատում են այն ծնողներին, ովքեր փորձում են իրենց սերն ու հոգատարությունը փոխարինել թանկ նվերներով:
    Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հայրը պետք է իրեն պահի այնպես, կարծես դա սովորական երևույթ է: Իրեն դրսևորի այնպես, ինչպես դա կաներ, եթե ամուսնալուծություն չլիներ, այլ ոչ թե յուրաքանչյուր հանդիպում վերածի մի մեծ խնջույքի և երեխային տեղի-անտեղի նվերներ մատուցի և այլն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն չեն տալիս շփվել միմյանց հետ, խոսել, մտերմանալ:

    Շատ լավ է, եթե հոր տանը երեխան ունի իր խաղալիքները, իրեն հետաքրքիր իրեր, ինչպես նաև ընկերներ: Պետք չէ հանդիպումների ժամանակ երեխային երկար ժամանակ թողնել մեքենայի մեջ կամ տանել աշխատավայր այն դեպքում, եթե նրան ուշադրություն չեք դարձնելու և կենտրոնանալու եք աշխատանքի վրա:

    Եթե հայրիկն ապրում է այլ քաղաքում, ապա երեխայի հետ հանդիպումների քանակը կապված է լինում նաև ֆինանսների հետ: Հեռավորությունը չի նվազեցնում երեխաների համար հոր ներկայության պահանջը, բայց համարվում է այն բանի ընդունելի արդարացում, թե ինչու են հանդիպումներն այդքան քիչ (եթե ծնողները այդ բացատրությունը չեն չարաշահում):

    Այսպիսի իրավիճակներում պետք է առավելագույն կերպով օգտագործել ամառային արձակուրդները, երբ հայրիկը կկարողանա այն անցկացնել երեխայի հետ:

    Կանոնավոր հանդիպումները շատ կարևոր նշանակություն ունեն երեխայի համար, քանի որ նրա հավատը հոր նկատմամբ միշտ խոցվում է, եթե նա չի հայտնվում, երբ նրան սպասում են: Այն հայրերը, ում աշխատանքն անկանոն է և ովքեր երբեմն ստիպված են լինում աշխատել նաև ազատ օրերին, այդ փաստը պետք է հաշվի առնեն և նախօրոք երեխայի հետ խոսեն ու բացատրեն դա: Նույնիսկ այս դեպքերում հայրերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չհետաձգեն հանդիպումը. չէ՞ որ երեխան այդքան սպասում է։

    Հաճախ պատահում է այնպես, որ հանդիպումներին խանգարում է ամուսնու թշնամանքը նախկին կնոջ նկատմամբ և երեխաների հանդեպ ունեցած մեղքի զգացումը: Հայրը խուսափում է նախկին կնոջ հետ հանդիպումներից, քանի որ դրանք ստիպում են նրան վերապրել անցյալի դառը զգացողությունները: Լինում է նաև այնպես, որ կինն առիթը բաց չի թողնում նրան իր ատելության մասին ասելու:

    Եթե հայրը հաճախ է հանդիպումները չեղյալ հայտարարում, ապա մայրը պետք է ինչ-որ միջոց գտնի նրան բացատրելու, թե ինչքան է տանջվում դրանից երեխան և ինչքան է նրան սպասում: Եթե հայրը չի ընդունում երեխայի հետ հանդիպումների կարևորությունը և շարունակում է դրանցից խուսափել, կորում է մի քանի ամսով կամ շաբաթներով, ապա մայրիկը պետք է երեխային բացատրի, որ այդպես է լինում ոչ թե այն պատճառով, որ հայրիկը նրան չի սիրում, այլ որ նա երևի շարունակում է բարկացած մնալ մայրիկի վրա և շատ է տանջվում, որ այդպես էլ չկարողացավ ապրել իր հետ և փորձում է մոռանալ այն ամենը, ինչը ստիպում էր նրան այդպես տանջվել:

    Տղային, ով նույնականցնում է իրեն հոր հետ, հաճախ է հանդիպում նրան և շփվում, ուղղակի անհրաժեշտ է, որ իր կողքին իսկապես լավ օրինակ ունենա: Աղջկա մոտ հոր հետ հանդիպումները ձևավորում են այլ հատկանիշներ, բայց նրա համար այդ հանդիպումները նույնպես շատ կարևոր են: Ապագայում նրա՝ տղամարդկանց հետ հարաբերությունների ձևը և ոճը կախված են հոր հետ նախկինում հարաբերություններից, նրա կերպարից, ինչպես նաև այն ամենից, ինչ նա գիտի հոր մասին: Այս ամենը շատ մեծ ազդեցություն է ունենում կյանքում երկրորդ կեսի ընտրության հարցում: Աղջիկներից շատերն ընտրում են իրենց հորը նման տղաների: Եթե աղջիկը հիասթափվում է հայրիկից, կամ նրա մասին լսածը ստիպում է վատը մտածել հոր մասին, դա առաջին հերթին ամենակործանարար ձևով ազդեցություն է ունենում նրա ապագա ամուսնու ընտրության վրա:

    Այս ամենից, սակայն, չի կարելի ենթադրել, որ ամուսնալուծված ընտանիքի երեխաները չեն կարող հանգիստ ու երջանիկ մեծանալ և իսկապես երջանիկ ընտանիք կազմել:
    Շատերի մոտ հենց այդպես էլ լինում է: Սիրելի ծնողներ, անգամ եթե ամուսնալուծված եք, կարող եք դաստիարակել ինքնավստահ, ինքնաբավ երեխաներ, ում կյանքում ամեն ինչ շատ բարեհաջող կդասավորվի:

    Երեխաների և հատկապես տղաների կյանքում հոր դերն իսկապես շատ մեծ է: Երկու-֊երեք տարեկանից սկսած տղան արդեն հստակ պատկերացնում է իր սեռը: Սկսած այդ ժամանակից մինչև վեց տարեկան` երեխան սկսում է ընդօրինակել առաջին հերթին հորը, մեծ եղբորը կամ այլ տղամարդկանց, որոնք իր համար կարևոր նշանակություն ունեն: Երեխան հետևում է, թե նրանք ինչով են սիրում զբաղվել, ինչը նրանց կարծիքով կարելի է անել, ինչը՝ ոչ, ինչպես են նրանք վերաբերվում միմյանց և կանանց, ինչպես են խոսում, ինչպիսի զգացմունքներ են ունենում այս կամ այն իրավիճակներում, այդ զգացմունքերից որոնք են ազատ արտահայտում, որոնք են փորձում թաքցնել, ինչից են նրանք վախենում:

    Հասկանալի է, որ եթե ընտանիքում հայր չկա, մոր համար ավելի դժվար է լինում երեխայի հետ բնական հարաբերություններ հաստատել: Հաճախ նա իրեն միայնակ է զգում: Անկախ այն բանից, ինչքանով է մայրիկը հոգեբանական տեսանկյունից առողջ, նա մեծ ցանկություն է ունենում իր տղային իր մոտ ընկերը դարձնել, հատկապես, եթե նա միակ երեխան է:

    Տղան փորձում է իր հիշողության մեջ պահել հոր կերպարը կամ ստեղծել երևակայական հայրիկ:

    Գիտակից և խոհեմ մայրն ընդգծում է իր նախկին ամուսնու նկատմամբ ունեցած հարգանքը: Իր երեխայի աչքում նա չի վարկաբեկի հորը, անկախ այն բանից, թե իրականում ինչ է մտածում նրա մասին:

    Աղջիկների համար հոր ներկայությունը ևս շատ կարևոր է: Դեռ մանուկ հասակից երեխան բախվում է սեռերի տարբերությանը: Նա պետք է հասկանա, որ տղաներն ու աղջիկները տարբերվում են միմյանցից: Մայրը երեխային չպետք է բացասական վերաբերմունք ներշնչի տղամարդկանց նկատմամբ, անկախ իր նախկին վիրավորանքներից, որոնք նա ստացել է ամուսնուց:

    Երեքից վեց տարեկան հասակում աղջկան անհրաժեշտ է հոր ներկայությունը կամ գոնե նրա կերպարի ստեղծումը, որպեսզի նրա մեջ ձևավորվեն ռոմանտիկ կապվածության զգացմունքները: Ահա այստեղ նրան պետք է օգնի մայրիկը` ձևավորելով հոր դրական կերպարը:

    Եթե աղջիկը հոր մասին շատ քիչ հիշողություններ ունի, նա, ինչպես և տղա երեխաները, ստեղծում է հոր կերպարն իրենց շրջապատող տղամարդկանց կերպարների հիման վրա:
    Այդ տղամարդու կերպարը կարող է մեծ ազդեցություն ունենա երեխայի հետագա ամուսնու ընտրության և ընտանիքի ձևավորման վրա: Հենց դրա համար է անհրաժեշտ, որպեսզի մայրն օգնի երեխային տեսնել հոր լուսավոր ու ամենադրական կողմերը:

    Շատ հաճախ ամուսնալուծված կանայք ապրում են իրենց ծնողների ընտանիքի հետ: Այդ պարագայում երեխա-հայր հարաբերություններում լավագույն դերը կարող է խաղալ պապիկը:

    Մանկական տագնապի մասին

    Մանկական տագնապը զգացում է, որը երեխան կարող է ունենալ անհասկանալի, անորոշ, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Երբ իրավիճակը երեխայի համար դառնում է հասկանալի և որոշակի, տագնապը մարում է: Սակայն, երբ երեխայի կյանքում տագնապաբեր իրավիճակները գերակշռում են, ապա հնարավոր է բարձր տագնապայնության և հետագայում տագնապային անձի ձևավորում։

    Իհարկե, կարևոր ենք համարում նշել նաև, որ տագնապի չափավոր մակարդակը հանդիսանում է ակտիվ անձի բնական և պարտադիր առանձնահատկություն:

    Իսկ հիմա եկե՛ք քննարկենք, թե այդ որ իրադրությունները կարող են տագնապաբեր լինել և առաջացնել բարձր տագնապայնություն երեխաների շրջանում։

    ▲ Հղիության ընթացում երեխային կորցնելու ծնողների տագնապը,
    ▲ Վաղ տարիքում երեխայի համար մայրիկի չափազանց անհանգստությունը, ինչը փոխանցվում է փոքրիկին,
    ▲ Հիվանդությունները և մայրիկից երկարատև բաժանումը,
    ▲ Գերխնամքը կամ թերխնամքը,
    ▲ Ընտանիքում կոնֆլիկտային հարաբերությունները,
    ▲ Ֆիզիկական և հոգեբանական ապահովությանը սպառնացող իրադարձությունները,
    ▲ Երեխայի նկատմամբ անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջները,
    ▲ Հակասական պահանջները երեխայի նկատմամբ /մամա-պապա-տատիկ-պապիկ և այլն/։ Երբ մայրիկի մոտ երեխայի համար այս կամ այն արարքը սահմանափակվում է, իսկ հայրիկի, կամ տատիկ-պապիկի մոտ երեխան տվյալ արարքի համար ստանում է այլ արձագանք, և հակառակը։ 
    ▲ Այլ մարդկանց հետ համեմատելու /քույր-եղբայր-ընկերներ/ ծնողների սովորությունը,
    ▲ Դաստիարակության մեջ հետևողականության պակասը կամ ավտորիտար դաստիրակության ոճը։ Ի՞նչ նկատի ունենք դաստիարակության մեջ հետևողականության պակաս ասելով․ մե՛կ երեխայի ոչ այնքան ցանկալի վարքը, կամակորությունները որոշակի ժամանակ տանելի են ծնողների կողմից, մե՛կ տվյալ վարքին ի պատասխան երեխան հանդիպում է բուռն զայրույթի և սահմանափակման։
    ▲ Ինչպես նաև ավելացնենք մի ակտուալ կետ, երբ երեխային շրջապատող մեծահասակներն անընդհատ անհանգիստ են, լարված, հուզականորեն հագեցած քննարկումներ են ունենում տարբեր թեմաների շուրջ։

    Ո՞ր դրսևորումներերը կարող են հուշել, որ երեխայի մոտ առկա է բարձր տագնապայնություն

    ▲ Երեխայի բարձր շարժողականությունը, ինչպես օրինակ՝ ձեռքերի մեջ տարբեր իրեր պտտելը, սեղանին թմբկահարելը, հոնքերը պոկոտելը, մազերի հետ խաղալը և այլն,
    ▲ Կրկնվող գործողություններ կատարելը,
    ▲ Ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարությունը,
    ▲ Քնի խանգարումները,
    ▲ Մկանային լարվածությունը, տիկերը դեմքի վրա կամ մարմնի այլ հատվածներում,
    ▲ Օնանիզմը /ձեռնաշարժություն/,
    ▲ Կակազությունը,
    ▲ Որոշակի երևույթներից կամ իրավիճակներից խուսափելը, քանի որ անվստահության զգացումը և երեխայի պատկերացումներն իր մասին կարող է խանգարել։

    Ինչը՞ կարող է օգնել

    ▲ Դաստիարակության մեջ հետևողականություն պահպանելը,
    ▲ Ապահով և վստահելի փոխհարաբերություններ ստեղծելը,
    ▲ Ֆիզիկական շփման միջոցով սեր արտահայտելը,
    ▲ Սեփական օրինակով ամեն ինչում վստահ պահվածքը, օրինակ ծառայելը,
    ▲ Ինքնաարտահայտվելու հնարավորություն ստեղծելը՝ խաղալը, նկարելը, ծեփակերտելը,
    ▲ Օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնելը, և երեխային՝ իրեն օգտակար, պիտանի զգալու հնարավորություն ստեղծելը,
    ▲ Երեխայի արարքներին հուզական արձագանքներ, գնահատականներ չտալը,
    ▲ Տարբեր աշխատանքներ անելիս՝ երեխայի ունեցած փոքր նվաճումները խրախուսելը։

    Հեղինակ՝ հոգեբան մանկական Գոհար Բարխուդարյան։

    Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը

    Փետրվարի 15-ը համարվում է քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը։ Այս օրն առիթ է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել քաղցկեղով հիվանդ երեխաների կարիքների վրա և ևս մեկ անգամ շեշտադրելու, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Այն հնարավոր է կանխել և բուժել համապատասխան իրազեկվածության և միջամտությունների դեպքում։ 

    Հիվանդության վաղ ախտորոշումը հնարավոր է դարձնում կյանքեր փրելը։ 

    Հետևաբար առանձնացրել ենք որոշակի նշաններ, որոնց մասին իրազեկ լինելը կօգնի հիվանդության վաղ բացահայտմանը․
    — Հաճախակի գլխացավեր, որոնք ուղեկցվում են առավոտյան սրտխառնոցներով,
    — Շարունակական և չհիմնավորված քաշի կորուստ,
    — Հաճախ կրկնվող ինֆեկցիոն հիվանդություններ,
    — Ոսկրերում, հոդերի, մեջքի կամ ոտքերի հատվածներում մշտական ցավեր, այտուցվածություն,
    — Երեխայի ակնագնդերի հետևի մասերում սպիտակ գծերի առաջացում,
    — Հաճախակի փսխումներ կամ սրտխառնոցներ առանց փսխման,
    — Մշտական հոգնածություն կամ մաշկի նկատելի գունատություն,
    — Առանց որևիցե պատճառի ժամանակավոր կամ մշտական ջերմության բարձրացում,
    — Լիմֆատիկ գեղձերի մեծացումներ վզի, փորի, կրծքի, նստատեղի հատվածներում,
    — Մաշկի վրա կապտուկների, ցանի կամ արյան կուտակումների առաջացում,
    — Հանկարծակի նկատելի և պահպանվող փոփոխություններ երեխաների ֆիզիկական վիճակի մեջ։

    Իհարկե, սա չի նշանակում, որ ցանկացած նշանի առկայության դեպքում արժե անհանգստանալ։ Սակայն, եթե առկա են մի քանի նշաններ համատեղ, ապա ցանկալի է դիմել մանկաբույժի և հանձնել արյան հետազոտություն։

    Երբ իրազեկված ենք, նաև պաշտպանված ենք ու հանգիստ։

    Երեխաների հետ աշխատելիս (պատերազմի ժամանակ)

    Պատերազմական իրավիճակում, շատերը ցանկանում են և շտապում օգնել, հատկապես երեխաներին: Սակայն շատ կարևոր է այդ քաոսի և վազքի մեջ հաշվի առնել մի շարք կանոններ և չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա շտապելու պատճառով սխալներ թույլ տալ:

    1. Երեխաների հետ հանդիպելուց առաջ, անպայման պարզեք, թե որքան ժամանակ կարող եք տրամադրել նրանց հետ աշխատանքին, քանի օր և քանի ժամ, քանի անգամ կարող եք այցելել:

    2. Տվյալ կացարանի ղեկավարության կամ մանկավարժների հետ հստակեցրեք՝ որքան ժամանակ կարող են տվյալ երեխաները կայուն կերպով լինել այս վայրում և ձեզ հետ ժամանակ անցկացնել, խաղեր խաղալ, զրուցել կամ որևէ հոգեբանական աջակցություն ստանալ:

    3. Եթե հոգեբան եք, ապա պարզեք կացարանի ղեկավարներից կամ հենց երեխաներից, արդյոք որևէ հոգեբան աշխատել կամ աշխատում է նրանց հետ: Պետք է խուսափել կրկնակի, իրար խանգարող կամ կրկնող գործողություններից:

    4. Երեխաների հետ ծանոթանալիս, նրանց հստակ տեղեկացրեք, թե ով եք, ինչ նպատակով եք եկել և որքան ժամանակ եք նրանց հետ անցկացնելու, որքան անգամ եք հանդիպելու, և երբ են ավարտվելու աշխատանքները:

    5. Հնարավորության դեպքում պարզեք երեխաների ունեցած փորձառությունը և աշխատեք նույն խմբում ընդգրկել միասին, միևնույն փորձառությունն ունեցած երեխաներին: Կարող են լինել պարզապես տարհանված, ընտանիքից բաժանված, հարազատ կորցրած, արտակարգ իրավիճակների անմիջական մասնակից և այլ փորձառություն ունեցող երեխաներ: Նրանց պետք է խմբավորել առանձին:

    6. Ոչ մի դեպքում մի արգելեք երեխաներին խոսել, պատմել իրենց փորձի մասին, մի շեղեք և մի ցրեք նրանց վատ մտքերը, երբ նրանք ուզում են պատմել:

    7. Սահմանեք աշխատանքների սկիզբ և ավարտ: Երեխաները սթրես են ապրում ամենաշատը անորոշությունից, անավարտությունից և նրանից, որ իրենց սպասումները չեն արդարանում: Հետևաբար խուսափեք սուտ խոստումներ տալուց, անիրական ակնկալիքներ առաջացնելուց:

    8. Երեխաների հետ անկեղծ խոսեք տեղի ունեցողի մասին և շեշտը դրեք հոգևոր արժեքների, հոգևոր ձեռքբերումների վրա: Ամեն ինչ ավելի հեշտ է լինում, երբ իմաստ կա, հատկապես, երբ այն արդար է: Երեխաները պետք է իմանան, որ մեծերը գիտեն, թե ինչ են անում:

    9. Մի խուսափեք մահվան մասին խոսելուց, տարբեր տարիքի երեխաներ, տարբեր կերպ են ընկալում մահը: Բացատրեք նրանց, որ մահը մեր կյանքի անբաժան մասն է, և ինչպես ամեն բան ունի սկիզբ, ունի նաև վերջ, ինչպես ծառերը տերևաթափ են լինում աշնանը և նորից տերևներ են դուրս գալիս գարնանը, այնպես էլ մարդկանց կյանքը ավարտվում է, բայց շարունակվում է նոր ծնված մարդկանց մեջ: Մեր հերոսներն ասում են, որ մահը վախենալու չէ, եթե դու արդարության համար ես կռվում:

    10. Մի փնտրեք հրաշագործ սփոփիչ բառեր, այդպիսիք չկան պատերազմի ժամանակ:

    Հիշեք, որ Դուք ևս մարդ եք և ենթարկվելու եք սթրեսի նման իրավիճակներում աշխատելիս: Անպայման ունեցեք մեկը, ում կդիմեք, երբ ծանր ապրումներ ունենաք: Ամեն աշխատանքային օրվա ավարտին, փորձեք մի փոքր խոսել մտերիմների կամ գործընկերների հետ Ձեր ապրումների մասին: Օգնեք նաև ինքներդ Ձեզ:

    Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան

    Երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ (բռնություն, ոտնձգություններ)

    Այս թեմայի շուրջ քննարկումներ, մասնագիտական և ծնողական մտահոգություններ հայտնելիս՝ հարկ է հաշվի առնել.

    1․ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն և ոտնձգություններ իրականացնում են հիմնականում և ավելի հաճախ երեխայի կողմից վստահելի և մտերիմ մարդիկ: Հաճախ կարող են լինել համադասարանցիները, բակի երեխաները, հաստատության աշխատակիցները, ծնողները կամ նրանց ներկայացուցիչները և օտար մարդիկ:

    2․ Սեռական բռնության կարող են ենթարկվել ինչպես սոցիալապես անապահով խավի այնպես էլ սոցիալապես պաշտպանված և ապահովված խավի երեխաները: Սոցիալական վիճակի հետ այս խնդիրը կապելը թուլացնում է ծնողների զգոնությունն ու երեխաների պաշտպանությունը:

    3․ Սեռական բռնության ամենավտանգավոր հետևանքը մեղքի զգացումն է տեղի ունեցածի համար, այսինքն բռնության զոհը բռնությունից հետո սկսում է իրեն մեղավոր զգալ իր նկատմամբ կատարվածի համար:

    4․ Վերոնշյալը պատճառ է հանդիսանում, որ երեխաները լռում են կատարվածի մասին: Սեռական բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը չի խոսում իր հետ կատարված սեռական բնույթի գործողությունների մասին ծնողների հետ:

    5․ Սեռական բռնության հետևանքներից և ախտանշաններից է նաև սեքսուալ վարքագիծը: Այսինքն երեխան սկսում է բռնությունից հետո սեքսուալ վարք դրսևորել, սեթևեթել, խոսել սեռական հարցերի մասին և այլն: Այս վարքը հոգեբանական և ֆիզիկական տրավմայի հետևանք է, որ շատ շահարկվում է բռնարարների կողմից, ապացուցելու համար, թե իբր զոհն ինքն է նախաձեռնել: Բայց սա պարզապես ախտանշան է:

    6․ Սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես շատ սիրված և խնամված, այնպես էլ մերժված երեխան: Ծնող-երեխա հարաբերություններն այստեղ սովորաբար դեր չեն խաղում:

    7․ Սեռական բռնության ենթարկված նախադպրոցական տարիքի երեխան հնարավոր է չգիտակցի, թե ինչ գործողություններ են իրականացվում իր նկատմամբ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ սեռական բռնությունն ու ոտնձգությունը միայն սեռական ակտի միջոցով չի լինում, դա կարող է լինել շփման, երեխայի մարմինը շոյելու, հպվելու, սեփական սեռական օրգանները երեխային կպցնելու և այլ ճանապարհներով:

    8․ Տարրական դպրոցի երեխաների համար արդեն հասանելի են պոռնոգրաֆիկ բնույթի համացանցային նյութերը: Եթե Դուք հետևում եք Ձեր երեխային, շատ լավ է, բայց նրան այդ նյութերը ցույց են տալիս այլ համադասարանցիներ, նրանցից մի քանի տարի մեծ դպրոցականներ: Նրան տարբեր նյութեր են ուղարկում համացանցով: Այդ պարագայում մենք վտանգ ունենք, որ երեխան հեռուստացույցից ու համացանցից կիմանա ավելին, քան մենք կարծում ենք:
    Որքան էլ մտածենք ու քննարկենք սեքսուալ լուսավորութան հարցերը, երեխաներն ավելի շուտ են տեղեկանալու դրանցից, քան մենք կարծում ենք: Կրթության ոլորտն ավելի դանդաղ է ռեֆորմների ենթարկվում, քան զարգանում են ինֆորմացիայի միավորների երեխաներին հասնելու միջոցները:

    9․ Գրեթե ՀՀ-ի բոլոր դպրոցներում տեղի են ունենում նման դեպքեր, երբ մի քանի տարի մեծ դպրոցականները որևէ տղայի, ավելի քիչ որևէ աղջկա ենթարկում են տարբեր տիպի բռնությունների վախեցնելով, գաղափարական տարբեր ճնշումներով և այլն: Իհարկե համատարած չեն, սակայն երեխան, մեկն է, թե տասը, էական չէ այս հարցում: Բավական է հաշվել, թե քանի դպրոց կա, քանի բակ, քանի հաստատություն և բազմապատկել գոնե 2-ով և կստանանք մի թիվ, որը միջինն է, բայց ամբողջ իրականությունը չէ:

    10․ Ժամանակակից հասարակությունը չափազանց սեքսուալացված է, որի հետևանքով սեքսուալ ոտնձգությունների վտանգը մեծանում է, երեխաների հետաքրքրությունն ավելանում է սեռական հարցերի նկատմամբ:

    11․ Երեխաների նկատմամբ բռնություններից խոսելը բոլորիս համար դժվար է, քանի որ չենք ցանկանում պատկերացնել, որ նման բան կարող է գոյություն ունենալ: Եվ դա նորմալ է, բոլորս մերժում ենք թեման, ուզում ենք հերքել: Ծնողները, որոնք տեսել են իրենց երեխայի նկատմամբ անթույլատրելի գործողության նշաններ, հաճախ այս պատճառով մերժել ու հերքել են իրողությունը:

    12․ Դեպքերից շատերում ծնողները իրենք են իրենց կողմից վստահված մարդու մոտ մենակ թողել իրենց երեխային: Մի դեպքում դաշնամուրի ուսուցիչը, մյուս դեպքում ընկերուհու տղան, էն մյուս դեպքում հարազատ քրոջ որդիները, մյուս դեպքում բակի տղաներից մեկը, հանգստյան տան հյուրերից մեկը… Նշված դեպքերն իրական օրինակներից են և բոլորում ծնողներն այդպես էլ չեն իմացել դեպքի մասին:

    13․ Բռնութան և անձի սահմանների մասին կրթության բացը, երեխաների վտանգների մասին տեղեկացվածության բացը նպաստում է դեպքերի քանակի ավելացմանն ու հատկապես դեպքը կոծկելուն և թաքցնելուն:

    14․ Եթե բացահայտվում է Սեռական բռնության դեպքը, բռնության ենթարկված երեխաների և մեծահասակների նկատմամբ, հասարակության կողմից հետապնդումներ ու հալածանք է տեղի ունենում: Ինչը նպաստում է, որ մարդիկ լռեն և թաքցնեն դեպքերը:

    15․ Որոշ երեխաներ ենթարկվում են շարունակական սեռական բռնության՝ իրենց հարևան երեխաների, բարեկամների, ծնողի կամ նրան փոխարինող անձի կողմից: Սեփական մասնագիտական պրակտիկայում եղել են նման պատմություններ, որոնք շարունակվել են տարիներ, մինչև զոհը պարզապես տեղափոխվել կամ հեռացել է ինչ-ինչ պատճառով բռնարարի համար հասանելի տարածքից: (Ներողություն եմ խնդրում այս օրինակների համար, բայց սրանք կան և պետք է հաշվի առնել):

    Երեխաներին սեռական ոտնձգություններից կարող են պաշտպանել.

    — Իրական դեպքերի մասին ծնողների և մանկավարժների տեղեկացվածությունը:

    — Երեխաներին (նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի) ոչ թե սեռական բռնության կամ սեքսի մասին, այլ իր մարմնի անձեռնմխելիության և օտար մարդկանց հետ շփման սահմանների մասին տեղեկացվածությունը:

    — Ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համացանցային ապահովության և պաշտպանվածության, համացանցային հալածանքի մասին տեղեկացվածությունը:

    — Մշակույթի, արվեստի, բնության հետ երեխաների սերտ շփումը, կրթության ընթացքում երեխաների մեջ նրանց տաղանդների բացահայտումն ու խթանումը: Բռնությունը ագրեսիա է, որը անզորության ու խորը խնդիրների արտահայտում է, երեխաներին պետք է օգնել, որ ինքնաբավ լինեն:

    — Հասարակության բռնարարին դատապարտող, պատժող և զոհին աջակցող, քաջալերող, սատարող վերաբերմունքը: Դա կօգնի, որ դեպքերը բացահայտվեն, զոհերը խոսեն:

    Ի՞նչ անել, երբ երեխան վատ բառեր է ասում

    Վատ բառերն առաջին հերթին ամրապնդված վարքի դրսևորումներ են։ Եթե երեխայի վարքում նկատում ենք ինչ-որ երևույթներ, ապա պիտի իմանանք, որ մենք ենք ինչ-որ կերպ ամրապնդել դրանք։ Ամրապնդումը կարող է լինել բացասական կամ դրական վերաբերմուքնի ձևով։ Էական չէ։ 
    Վատ բառերը երեխան սովորում է նաև իր ընտանքի մեծահասականերից։ Այսինքն՝ սա յուրացված վարք է դառնում։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները գեղեցին խոսեն, ապա ինքներս պետք է հետևենք մեր խոսքին։ Մեծահասակները վատ խոսքեր օգտագործելիս ավելի ընտրողաբար են, քանի որ գիտեն որտեղ և ինչ ասել։ Երեխաներն էլ, բնականաբար, այդքան փորձ ու գիտելիք չունեն և դրանք օգտագործում են տեղի-անտեղի։ Նաև այդ պատճառով նրանց վարքը ավելի նկատելի է։ Սա ևս պետք է հաշվի առնել։


    Ավելի լավ է հետևենք մեր խոսքին։ 

    Հարց է ծագում՝ ինչու ենք դրանք այդպես գրավում նրանց։ Ամեն բան թաքնված է այդ բառերի արտաբերման հուզականության մեջ։ Սովորաբար վատ բառերը մարդիկ ասում են բարկացած, խիստ հուզված ժամանակ։ Երեխաներին գրավում են այդ հուզական արտահայտումները և նորմալ վիճակից տարբեր վարքագիծն ու գործողությունները։ Երբեմն դրանք կարող են վախեցնող լինել, երբեմն՝ հետաքրքիր, երբեմն զավեշտալի․ մի բան հաստատ է, դրանք երբեք դեմքի անտարբեր արտահայտությամբ չեն ասվում։ 
    Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ երեխայի արտաբերած վատ բառերի հանդեպ երբեք անտարբեր չեն մնում մեծահասակաները։ Իսկ երեխան ի բնե ցանկություն, պահանջմունք ունի ազդելու իրեն շրջապատող միջավայրի վրա։ Երբ նա զգում է, որ այս կամ այն բառն օգտագործելով շրջապատողները պարտադիր ինչ-որ կերպ արձագանքում են դրան, նա սկսում է այդ բառերն ավելի շատ օգտատործել այդ միջավայրի վրա ավելի շատ ազդելու համար։ Եթե արձագանքը բացասական է լինում, դա արդեն դառնում է շրջապատին կառավարելու միջոց։ Ես այսպես կասեմ և նրանք կբարկանան կամ կսկսեն խնդրել ինձ, որ չասեմ, ավելի լավ․․․
    Պատիժն ու գովեստը նույն ազդեցությունն են ունենում վարքի վրա, երկուսն էլ ամրապնդում են այդ վարքը։ Միակ վերաբերմունքը, որ կարող է օգնել, որ վատ վարքը նվազի կամ առհասարակ վերանա, անտարբերությունն է։ Մեծահասակները միշտ ավելի բուռն են արձագանքում վատ վարքին, քան լավ վարքին։ Դա է պատճառը, որ վատ վարքը ավելի արագ է յուրացվում և ավելի արագ ամրապնդվում։ Մեծերը վատ վարք են դաստիարակում երեխաների մեջ։ 
    Ի՞նչ պետք է անեն ծնողները (բարկանալ, պատժել, թե․․․)
    Դաստիարակության ոսկե կանոնն է․ «Անտեսի՛ր վատը, խրախուսի՛ր լավը»։ Պետք է առաջնորդվել այս կանոնով։ Հնարավորին պետք է անտեսել վատ խոսքը, քանի որ չկա երեխա, որ գոնե մեկ անգամ վատ բառ ասած չլինի։ Առաջին անգամ ասածին մեր արձագանքը կանխորոշում է՝ դա կդառնա սովորություն երեխայի մոտ, թե կանցնի այնքան հեշտ, ինչպես ձևավորվել է։ 
    Եթե կարճ ամփոփենք, թե ինչ պիտի անեն ծնողները, ապա կարելի է ասել․
    1․ Հետևե՛լ սեփական խոսքին։
    2․ Հետևե՛լ սեփական արձագանքներին, բուռն հուզական արձագանք չտալ երեխայի վատ բառերին։ 
    3․ Լինե՛լ համբերատար, հնարավորինս անտարբեր մնալ երեխայի վատ բառերի նկատամբ։
    4․ Չամրապնդել վատ բառերը մեր սեփական ուշադրությամբ և արձագանքով։

     Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան