Այս թեմայի շուրջ քննարկումներ, մասնագիտական և ծնողական մտահոգություններ հայտնելիս՝ հարկ է հաշվի առնել.
1․ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն և ոտնձգություններ իրականացնում են հիմնականում և ավելի հաճախ երեխայի կողմից վստահելի և մտերիմ մարդիկ: Հաճախ կարող են լինել համադասարանցիները, բակի երեխաները, հաստատության աշխատակիցները, ծնողները կամ նրանց ներկայացուցիչները և օտար մարդիկ:
2․ Սեռական բռնության կարող են ենթարկվել ինչպես սոցիալապես անապահով խավի այնպես էլ սոցիալապես պաշտպանված և ապահովված խավի երեխաները: Սոցիալական վիճակի հետ այս խնդիրը կապելը թուլացնում է ծնողների զգոնությունն ու երեխաների պաշտպանությունը:
3․ Սեռական բռնության ամենավտանգավոր հետևանքը մեղքի զգացումն է տեղի ունեցածի համար, այսինքն բռնության զոհը բռնությունից հետո սկսում է իրեն մեղավոր զգալ իր նկատմամբ կատարվածի համար:
4․ Վերոնշյալը պատճառ է հանդիսանում, որ երեխաները լռում են կատարվածի մասին: Սեռական բռնության ենթարկված երեխաների ճնշող մեծամասնությունը չի խոսում իր հետ կատարված սեռական բնույթի գործողությունների մասին ծնողների հետ:
5․ Սեռական բռնության հետևանքներից և ախտանշաններից է նաև սեքսուալ վարքագիծը: Այսինքն երեխան սկսում է բռնությունից հետո սեքսուալ վարք դրսևորել, սեթևեթել, խոսել սեռական հարցերի մասին և այլն: Այս վարքը հոգեբանական և ֆիզիկական տրավմայի հետևանք է, որ շատ շահարկվում է բռնարարների կողմից, ապացուցելու համար, թե իբր զոհն ինքն է նախաձեռնել: Բայց սա պարզապես ախտանշան է:
6․ Սեռական բռնության կարող է ենթարկվել ինչպես շատ սիրված և խնամված, այնպես էլ մերժված երեխան: Ծնող-երեխա հարաբերություններն այստեղ սովորաբար դեր չեն խաղում:
7․ Սեռական բռնության ենթարկված նախադպրոցական տարիքի երեխան հնարավոր է չգիտակցի, թե ինչ գործողություններ են իրականացվում իր նկատմամբ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ սեռական բռնությունն ու ոտնձգությունը միայն սեռական ակտի միջոցով չի լինում, դա կարող է լինել շփման, երեխայի մարմինը շոյելու, հպվելու, սեփական սեռական օրգանները երեխային կպցնելու և այլ ճանապարհներով:
8․ Տարրական դպրոցի երեխաների համար արդեն հասանելի են պոռնոգրաֆիկ բնույթի համացանցային նյութերը: Եթե Դուք հետևում եք Ձեր երեխային, շատ լավ է, բայց նրան այդ նյութերը ցույց են տալիս այլ համադասարանցիներ, նրանցից մի քանի տարի մեծ դպրոցականներ: Նրան տարբեր նյութեր են ուղարկում համացանցով: Այդ պարագայում մենք վտանգ ունենք, որ երեխան հեռուստացույցից ու համացանցից կիմանա ավելին, քան մենք կարծում ենք:
Որքան էլ մտածենք ու քննարկենք սեքսուալ լուսավորութան հարցերը, երեխաներն ավելի շուտ են տեղեկանալու դրանցից, քան մենք կարծում ենք: Կրթության ոլորտն ավելի դանդաղ է ռեֆորմների ենթարկվում, քան զարգանում են ինֆորմացիայի միավորների երեխաներին հասնելու միջոցները:
9․ Գրեթե ՀՀ-ի բոլոր դպրոցներում տեղի են ունենում նման դեպքեր, երբ մի քանի տարի մեծ դպրոցականները որևէ տղայի, ավելի քիչ որևէ աղջկա ենթարկում են տարբեր տիպի բռնությունների վախեցնելով, գաղափարական տարբեր ճնշումներով և այլն: Իհարկե համատարած չեն, սակայն երեխան, մեկն է, թե տասը, էական չէ այս հարցում: Բավական է հաշվել, թե քանի դպրոց կա, քանի բակ, քանի հաստատություն և բազմապատկել գոնե 2-ով և կստանանք մի թիվ, որը միջինն է, բայց ամբողջ իրականությունը չէ:
10․ Ժամանակակից հասարակությունը չափազանց սեքսուալացված է, որի հետևանքով սեքսուալ ոտնձգությունների վտանգը մեծանում է, երեխաների հետաքրքրությունն ավելանում է սեռական հարցերի նկատմամբ:
11․ Երեխաների նկատմամբ բռնություններից խոսելը բոլորիս համար դժվար է, քանի որ չենք ցանկանում պատկերացնել, որ նման բան կարող է գոյություն ունենալ: Եվ դա նորմալ է, բոլորս մերժում ենք թեման, ուզում ենք հերքել: Ծնողները, որոնք տեսել են իրենց երեխայի նկատմամբ անթույլատրելի գործողության նշաններ, հաճախ այս պատճառով մերժել ու հերքել են իրողությունը:
12․ Դեպքերից շատերում ծնողները իրենք են իրենց կողմից վստահված մարդու մոտ մենակ թողել իրենց երեխային: Մի դեպքում դաշնամուրի ուսուցիչը, մյուս դեպքում ընկերուհու տղան, էն մյուս դեպքում հարազատ քրոջ որդիները, մյուս դեպքում բակի տղաներից մեկը, հանգստյան տան հյուրերից մեկը… Նշված դեպքերն իրական օրինակներից են և բոլորում ծնողներն այդպես էլ չեն իմացել դեպքի մասին:
13․ Բռնութան և անձի սահմանների մասին կրթության բացը, երեխաների վտանգների մասին տեղեկացվածության բացը նպաստում է դեպքերի քանակի ավելացմանն ու հատկապես դեպքը կոծկելուն և թաքցնելուն:
14․ Եթե բացահայտվում է Սեռական բռնության դեպքը, բռնության ենթարկված երեխաների և մեծահասակների նկատմամբ, հասարակության կողմից հետապնդումներ ու հալածանք է տեղի ունենում: Ինչը նպաստում է, որ մարդիկ լռեն և թաքցնեն դեպքերը:
15․ Որոշ երեխաներ ենթարկվում են շարունակական սեռական բռնության՝ իրենց հարևան երեխաների, բարեկամների, ծնողի կամ նրան փոխարինող անձի կողմից: Սեփական մասնագիտական պրակտիկայում եղել են նման պատմություններ, որոնք շարունակվել են տարիներ, մինչև զոհը պարզապես տեղափոխվել կամ հեռացել է ինչ-ինչ պատճառով բռնարարի համար հասանելի տարածքից: (Ներողություն եմ խնդրում այս օրինակների համար, բայց սրանք կան և պետք է հաշվի առնել):
Երեխաներին սեռական ոտնձգություններից կարող են պաշտպանել.
— Իրական դեպքերի մասին ծնողների և մանկավարժների տեղեկացվածությունը:
— Երեխաներին (նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի) ոչ թե սեռական բռնության կամ սեքսի մասին, այլ իր մարմնի անձեռնմխելիության և օտար մարդկանց հետ շփման սահմանների մասին տեղեկացվածությունը:
— Ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համացանցային ապահովության և պաշտպանվածության, համացանցային հալածանքի մասին տեղեկացվածությունը:
— Մշակույթի, արվեստի, բնության հետ երեխաների սերտ շփումը, կրթության ընթացքում երեխաների մեջ նրանց տաղանդների բացահայտումն ու խթանումը: Բռնությունը ագրեսիա է, որը անզորության ու խորը խնդիրների արտահայտում է, երեխաներին պետք է օգնել, որ ինքնաբավ լինեն:
— Հասարակության բռնարարին դատապարտող, պատժող և զոհին աջակցող, քաջալերող, սատարող վերաբերմունքը: Դա կօգնի, որ դեպքերը բացահայտվեն, զոհերը խոսեն: