Հոգեբանները սիրո մեջ երեք բաղադրիչ են առանձնացնում:
1.Կիրք: Ռոմանտիկ հակվածություն այլ մարդու նկատմամբ, մշտապես նրա հետ լինելու անհաղթահարելի ցանկություն:
2.Մտերմություն: Սիրելի մարդուն վստահելու պատրաստակամություն, երջանկության զգացում, երբ նրա կողքին ես:
3.Պարտականություններ: Սիրելի մարդու հետ հարաբերությունները պահպանելու պատրաստակամություն` չնայած առաջացող դժվարություններին, հավատարիմ մնալու միտում:
Այս մոտեցումը հաճախ անվանում են նաև «Սիրո եռանկյունաձև տեսություն»:
Լավագույն տարբերակն այն է, երբ սիրո մեջ այս երեք բաղադրիչները հավասարաչափ են դրսևորվում, սակայն այդպիսի սեր շատ հազվադեպ է հանդիպում: Շատ հաճախ այնպես է պատահում, որ ավելի վառ արտահայտված լինում են այս բաղադրիչներից երկուսը, իսկ երրորդը մղվում է երկրորդ պլան: Երբեմն էլ կարող է առկա լինել միայն մեկ բաղադրիչ:
Ըստ ամերիկացի հոգեբան Ռոբերտ Ստերնբերգի, այսպիսի համադրությունները բերում են սիրո ևս մի քանի տարատեսակների առաջացմանը:
- Միայն մտերմությունը հանգեցնում է հավանելու կամ ընկերության: Այս համակրանքի դեպքում մարդը զգում է կապվածություն, ջերմություն և մտերմություն ուրիշի հետ, բայց ոչ ինտենսիվ կիրք կամ երկարաժամկետ պարտավորություն:
- Միայն կիրքը հանգեցնում է տարվածության: Այս չկշռադատված սերը հաճախ զգացվում է որպես «սեր առաջին հայացքից», սակայն առանց մտերմության և պարտականության, այն կարող է շատ հանկարծակի անհետանալ:
- Միայն պարտականությունը բերում է դատարկ սիրո: Երբեմն ուժեղ սերը վերածվում է դատարկ սիրո, որում պարտականությունը մնում է, սակայն կիրքն ու մտերմությունը այլևս չկան: Երբեմն էլ, այնպիսի մշակույթներում, որտեղ մարդիկ ամուսնանում են ըստ պայմանավորվածությունների, հարաբերությունները սկսվում են որպես դատարկ սեր:
- Կիրքն ու մտերմությունը հանգեցնում են ռոմանտիկ սիրո: Դա շատ բուռն զգացմունք է, երբ սիրահարները կարծես ապրում են մեկը մյուսով, ցանկանում են միշտ լինել միմյանց կողքին. նրանք կապված են թե հոգեպես (ինչպես ընկերության դեպքում է), թե ֆիզիկապես, երբ բուռն կիրք է առաջ գալիս: Նման սերը, սակայն, կարող է այնքան էլ դիմացկուն չլինել, ինչ-ինչ դժվարությունների առաջացման պարագայում այն կարող է վերափոխվել ատելության (հենց այդպիսի սիրո մասին է խոսքը, երբ ասում են` սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է):
- Մտերմությունը պարտականության հետ համատեղ առաջացնում են սեր-ընկերություն: Այս դեպքերում մարդկանց հարմար է իրար հետ, նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել, բայց նրանց միջև բուռն կիրք կարող է չլինել: Այսպիսի սերը հանգիստ է և կայուն: Այսպիսի սեր հանդիպում է այն ամուսնություններում, որտեղ կիրքը դուրս է մղվել հարաբերություններից, սակայն մնացել են խորը ջերմությունը և նվիրվածությունը: Ընկերական սերը, ընդհանուր առմամբ, անձնական հարաբերություն է, որը դուք կառուցում եք ինչ-որ մեկի հետ, ում հետ կիսում եք ձեր կյանքը, բայց առանց սեռական կամ ֆիզիկական ցանկության: Այն ավելի ուժեղ է, քան ազգակցական կապը՝ իր հավելյալ տարրի՝ պարտավորություն պատճառով: Ընկերական սիրո ձևեր են ընտանիքի անդամների միջև ապրվող սերը, ինչպես նաև մտերիմ ընկերների կամ նրանց միջև, ովքեր միասին շատ ժամանակ են անցկացնում ցանկացած ոչ սեքսուալ, ընկերական հարաբերություններում:
- Կիրքն ու պարտականությունը հանգեցնում են անմիտ սիրո: Սրա օրինակ է կրքի վրա հիմնված շուտափույթ ամուսնությունը, որում պարտավորվածությունը հիմնականում պայմանավորված է առկա կրքով, և բացակայում է դրանք ստաբիլիզացնող մտերմությունը: Մարդիկ տենչում են իրար և պատասխանատու զգում հարաբերությունը պահպանելու հարցում, սակայն դա նրանց երջանկությթուն չի բերում և փոխադարձ վստահություն ևս չկա: Հաճախ թվում է, որ այսպիսի սերն արտահայտվում է մարդու կամքից անկախ, կարծես ինչ-որ անհայտ ուժի ազդեցությամբ: Հենց այդ հարաբերությունների մասին են ասում, որ սերն այնքան է կապել մարդկանց, որ նրանք չեն կարողանում ապրել առանց իրար, բայց միասին էլ լինել չեն կարող:
- Սիրո ամբողջական ձևը, որը ներկայացնում է հարաբերությունների իդեալը, կատարյալ սերն է, որին ձգտում են շատ մարդիկ, սակայն քչերին է հաջողվում դրան հասնել: Ստերնբերգը զգուշացնում է, որ կատարյալ սերը պահպանելը հաճախ ավելի դժվար է, քան դրան հասնելը: Նա հատկապես շեշտում է սիրո բաղադրիչները դեպի գործողություններ «թարգմանելու» կարևորությունը: Նա ասում է, որ առանց արտահայտվելու, նույնիսկ մեծագույն սերերը կարող են մահանալ: Եվ որպեսզի սիրո այս տեսակը կայուն մնա և ժամանակի հետ իր մեջ առկա 3 բաղադրիչները չմարեն, անհրաժեշտ է պարբերաբար համապատասխան գործողություններ կատարել և դրանք ամրապնդել:
Սիրային հարաբերություններն ավելի հեշտ են կայանում և ավելի կայուն են լինում, երբ երկու մարդ համապատասխանում են միմյանց իրենց հոգեբանական առաձնահատկույթուններով, այլ ոչ թե այն դեպքում, երբ կտրուկ տարբերվում են: Այս պարագայում ժողովրդական իմաստությունը, թե հակադիր բևեռներն իրար ձգում են, այնքան էլ ճիշտ չէ: Սկզբնական շրջանում անգամ կարևոր են ոչ այնքան իրական նմանությունները, որքան այն, որ սիրահարները վերագրում են դրանք միմյանց, նրանց սկսում է թվալ, որ իրենց սիրելիի մեջ գտել են իրենց «երկրորդ ես-ը»: Այլ կերպ ասած` սիրահարված մարդուն թվում է, թե իր սիրեցյալն իրեն շատ ավելի նման է, քան իրականում կա: Սիրո ազդեցությամբ ընկալման այսպիսի խեղաթյուրումը հաստատվել է մեծաթիվ հոգեբանական ուսումնասիրույթունների միջոցով: Միգուցե դա հենց այն «վարդագույն ակնոցն» է, որով նայում է սիրահարը: Նման դեպքում ստիպված կլինեք ընդունել, որ այդ ակնոցի ապակիները հայելի են: Քեզ սկսում է թվալ, թե այն մարդը, ով քեզ շատ է դուր եկել, չափազանց նման է քեզ:
Իսկ եթե մարդ թշնամաբար է տրամադրված ինչ-որ մեկի նկատմամբ, ապա այդ մեկն իրեն նման չի թվում: Սիրելիների և ընկերների մեջ մենք տեսնում ենք միայն այն, ինչ մեզ դուր է գալիս, իսկ թշնամիների մեջ` այն, ինչ դուր չի գալիս։ Իրականում ամենևին էլ այնպես չէ, որ այդ մարդիկ իսկապես ունեն այդ հատկանիշները, պարզապես ուժեղ զգացմունքները փոխում են մեր ընկալումը: Այդ է պատճառը, որ մեզ դուր եկած մարդիկ մեզ նման են թվում, իսկ թշնամիները` տարբեր: