Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։ Այն իր մեջ ներառում է մարդու կարծրատիպերը սննդի հետ կապված, սնվելու սովորությունները սովորական և սթրեսային պայմաններում, սննդի հետ կապված հույզերը և նույնիսկ սեփական մարմնի վերաբերյալ պատկերացումները։ Երբ մարդը հարմոնիայի մեջ է ինքն իր ու իր մարմնի հետ, սննդային վարքագիծը նույնպես ոչ մի կերպ ուշադրություն չի գրավում․ մարդը ապրում է և սնվում նույնպես, ինչպես շնչում է, արտաշնչում, քայլում, նստում, քնում և արթնանում, այսինքն՝ ըստ ֆիզիոլոգիական պահանջների։ Երբ սննդային վարքագիծը սկսում է անհանգստացնել, այն անվանում են դեվիանտ՝ շեղվող։ Պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սկսած այն բանից, թե ինչ դեր ու տեղ է մարդու կյանքում զբաղեցնում սնունդը, վերջացրած սննդի անհամաչափ քանակով և անհամապատասխան որակով։

Ընդունված է համարել, որ սննդային վարքագծի խանգարման ամենատարածված տեսակները նյարդային անորեքսիան և նյարդային բուլիմիան են։ Այս հոդվածում մի փոքր կխոսենք նյարդային անորեքսիայի մասին, սննդային վարքագծի մյուս խանգարումների մասին հնարավորություն կունենաք կարդալ մեր մյուս հոդվածներում։

 Նյարդային անորեքսիայի դեպքում մարդը տարված է լինում նիհարելու գաղափարով այն աստիճան, որ նույնիսկ շատ կիլոգրամներ կորցնելուց հետո չի կարողանում կանգ առնել, շարունակում է ապրել սննդի ընդունման շատ խիստ սահմանափակումներով, միևնույն ժամանակ մշտապես գեր է իրեն զգում և ընկալում, հաճախ դիմում է լուծողականների և փսխումների օգնությանը։ Զուգահեռ դիտվում են մի շարք այնպիսի սիմպտոմներ, ինչպիսիք են անքնությունը, դաշտանի բացակայությունը, նյարդային լարվածությունը, միջանձնային հարաբերությունների վատթարացումը, աշխատունակության կտրուկ անկումը, հաճախ՝ իրականության խեղաթյուրված ընկալումը։ Ու թեև նախկինում համարվում էր, թե անորեքսիան հիմնականում դեռահաս աղջիկներին վերաբերվող սննդային վարքագծի շեղում է, այսօր արդեն հաստատված փաստ է, որ վերջինս կարող է նույն հաջողությամբ նկատվել ինչպես ավելի ցածր, այնպես էլ ավելի հասուն տարիքում, իսկ 5-10% դեպքերում՝ նաև տղամարդկանց մոտ։ Ընդհանուր առմամբ մարդկության մեջ անորեքսիայի տարածվածությունը կազմում է մոտ 1%։ Սննդային վարքագծի բոլոր տեսակի խանգարումների մահացությունը կազմում է 6%, որի մի մեծ չափաբաժին իր վրա է վերցնում հենց նյարդային անորեքսիան։ Բացի ֆիզիոլոգիական անդառնալի փոփոխություններից, որոնցով զուգակցվում է զարգացող անորեքսիան և որոնք ի վերջո մի շարք դեպքերում բերում են մահվան, մեծ է նաև ինքնասպանությունների տոկոսը։ Սա ևս մեկ պատճառ է, հնարավորինիս վաղ փուլերում դիմել համապատասխան մասնագետների։

Թերապիան իդեալական տարբերակում իրականացվում է միաժամանակ մի քանի մասնագետների՝ բժիշկների, հոգեբանների, երբեմն նույնիսկ հոգեբույժների հսկողության տակ։ Որոշ դեպքերում բուժման նախնական փուլերում անհրաժեշտ է լինում նույնիսկ հոսպիտալիզացիա։ Որքան ավելի վաղ շրջանում է մարդն իրեն անհանգստացնող սիմպտոմատիկայով դիմում հոգեբանի, այնքան ավելի մեծ է հավանակությունը՝ հետագայում նման բարդացումներից խուսափելու։

Մնացե՛ք առողջ, եղե՛ք զգոն Ձեր և Ձեր մտերիմների հանդեպ։

Հեղինակ՝ հոգեբան Էստեռ Բաբաջանյան

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը: Այդ ընթացքում ավագ սերունդը կրտսեր սերնդին է փոխանցում իր գիտելիքները, հմտություններ է ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն կյանքի համար:

Սոցիալականացումը համարվում է «ինտերակտիվ» պրոցես, քանզի ենթադրում է նախևառաջ ավագ և կրտսեր սերունդների ներկայացուցիչների համագործակցություն ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված զանգվածային հաղորդակցման ձևով: Բացի այդ, սոցիալականացման ընթացքը ներառում է նաև անհատի զանազան կապերը հասակակիցների հետ, որոնց յուրօրինակ դասերը նույնպես նպաստում են հասարակության մեջ նրա մուտք գործելուն: Հենց այլ մարդկանց հետ պարբերաբար համագործակցության միջոցով են անհատի մեջ ձևավորվում սեփական համոզմունքները, բարոյական նորմերը, սովորությունները՝ այն ամենը, ինչն ապահովում է անձի եզակիությունը:

Գիտության մեջ կան մի քանի տարի հարաբերական մեկուսացման պայմաններում ապրած երեխաների դիտարկման տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ բնականոն ֆիզիկական և հոգևոր զարգացումն անհնար է առանց այլ մարդկանց հետ պարբերաբար շփվելու: Ներդաշնակ զարգացման համար երեխային անհրաժեշտ են սերտ փոխարաբերություններ առնվազն մեկ մեծահասակի հետ: Ամերիկացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մանկատանը մեծացած երեխաների մոտ հայտնաբերվել են լուրջ անձնային խնդիրներ: Նշվել է, որ կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում մանկատանն ապրող երեխաների զարգացումն էապես չի տարբերվում տանն ապրող երեխաների զարգացումից, սակայն դառնալով 2 տարեկան` մանկատանը դաստիարակված երեխաներից շատերն այնքան են հետ մնացել իրենց հասակակիցներից, որ նրանց կարելի էր տեղափոխել զարգացման խնդիրներ ունեցող երեխաների խումբ: Շատ հետազոտողներ նշում են, որ մանկատանը մեծացող երեխաների մոտ հետագայում առաջանում են մտածողության և հուզական ոլորտների խանգարումներ: Նրանք նաև ունենում են մտավոր զարգացման ցածր ցուցանիշներ, պակաս նախաձեռնող են և ավելի ագրեսիվ են այլ մարդկանց հանդեպ:

Այլ մարդկանց աջակցությունը կարևոր է նաև մեծահասակ մարդու համար: Հայտնի է, որ տևական մեկուսացումը կարող է առաջացնել դեպրեսիա, անհանգստություն, մտավոր ունակությունների կորուստ:

Սոցիալականացումը շարունակվում է անհատի ամբողջ կյանքի ընթացքում: Դա ենթադրում է անձի սոցիալական զարգացման շարունակականություն:

Կարելի է առանձնացնել սոցիալականացման 4 հիմնական փուլեր.

  1. Վաղ (ծննդյան օրվանից մինչև դպրոց ընդունվելը)
  2. Ուսուցում (դպրոց ընդունվելու պահից մինչև ընդհանուր և մասնագիտական կրթության ավարտը)
  3. Սոցիալական հասունություն
  4. Կյանքի ցիկլի ավարտ (սկսած պաշտոնական կազմակերպությունների շրջանակներում մշտական աշխատանքային գործունեության դադարեցումից)

Սոցիալականացման առաջին տեսություններն այն դիտարկել են որպես երեխայի վրա հասարակության միակողմանի ազդեցության պրոցես, որի նպատակն է ձևավորել այնպիսի անձնավորություն, ով կկարողանա «ներծծվել» համապատասխան սոցիալական կառույցների մեջ:

Այդ տեսությունների հոգեբանական հիմքն է հանդիսանում կենդանի օրգանիզմների հարմարումը շրջապատող միջավայրին, այսինքն՝ նրա գոյության տարբեր պայմաններին: Եթե խոսում ենք անձնավորության մասին, ապա անհրաժեշտ է նշել և՛ նյութական, և՛ սոցիալական, և՛ հոգևոր միջավայրերի դերը՝ որպես հոգեկանի վրա ազդող գործոն:

Լ. Ս. Վիգոտսկին առաջ է քաշել հոգեբանության համար առավել կարևոր հոգեկան պրոցեսների հասկացման պատմական սկզբունքը: Ըստ այդմ` ժամանակակից չափահաս բարեկիրթ մարդու վարքն իրենից ներկայացնում է զարգացման երկու տարբեր պրոցեսների արդյունք՝ կենդանիների կենսաբանական էվոլյուցիա և մարդկության պատմական զարգացում, որի արդյունքում պարզունակ մարդը վերածվում է ժամանակակից բարեկիրթ մարդու:

Վիգոտսկու կարծիքով ֆիլոգենեզում այս երկու պրոցեսներն էլ ներկայացված են որպես զարգացման ինքնուրույն և անկախ գծեր: Օնտոգենեզում դրանք միաձուլված են, քանի որ երեխան անմիջապես ծնվելուց հետո հայտնվում է իրեն շրջապատող սոցիալական միջավայրի որոշակի ազդեցության տակ, ինչի ընթացքում շարունակվում է նաև նրա օրգանական զարգացումը:

Վիգոտսկու կարծիքով մարդկության զարգացման ընթացքում առաջանում և ձևավորվում են վարքի մշակութային ձևերը: Այդ ժամանակ յուրաքանչյուր տարիքային փուլի սկզբում առաջանում են տվյալ տարիքին հատուկ հարաբերություններ երեխայի և շրջապատող միջավայրի միջև: Այդ հարաբերությունները Վիգոտսկին անվանել է տվյալ տարիքում զարգացման սոցիալական իրավիճակներ:

Զարգացման սոցիալական իրավիճակը մեկնարկային կետ է բոլոր դինամիկ փոփոխությունների համար, որոնք տեղի են ունենում երեխայի զարգացման մեջ տվյալ տարիքային փուլի ընթացքում: Դա սահմանում է երեխայի զարգացման ձևերն ու ուղիները, որոնց հետևելու ընթացքում ձեռք են բերվում անձի նոր հատկանիշներ: Եվ այսպես, Վիգոտսկին եզրահանգում է, որ որևէ տարիքի ուսումնասիրության ժամանակ առաջնայինը հանդիսանում է զարգացման սոցիալական իրավիճակի պարզաբանումը:

Անձը սոցիալականացման յուրաքանչյուր փուլում ձեռք է բերում և յուրացնում է այս կամ այն սոցիալական դերը, ներգրավվում է նոր սոցիալական խմբերի մեջ, փորձում է կայանալ: Սոցիալական հասունությունը բնութագրվում է այն բանով, որ մարդն ընտրում է այս կամ այն աշխատանքը, որը համապատասխանում է նրա կրթությանը, մասնագիտացմանը, հետաքրքրություններին և աշխատաշուկայի պահանջներին: Իրավիճակի կամ անձնական հետաքրքրությունների փոփոխությունը ստիպում է մարդուն փնտրել նոր աշխատանք: Այդ պատճառով էլ այս փուլում այդքան կարևոր է աշխատանքային սոցիալականացումը:
Հասարակության մեջ մարդու կենսագործունեությունը ենթադրում է նաև նրա քաղաքական սոցիալականացում: Այդպես է անվանվում որոշակի քաղաքական համակարգի մեջ անձի ներգրավվածությունը: Այս պրոցեսն իրականացվում է քաղաքական սիմվոլների, կառույցների և իրադարձությունների մասին անձի ձեռք բերած տեղեկությունների միջոցով: Աճող սերունդը տվյալ տեղեկությունները յուրացնում է կրթական համակարգի, զանգվածային հաղորդակցության, քաղաքական կառույցների տարբեր ակցիաների օգնությամբ:

Աղբյուրը՝ Դ. Ա. Սիմոնով – Սոցիալական հոգեբանություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Առաջին արձագանքը, որ սովորաբար մարդիկ ունենում են, շոկն է: Այն կարող է արտահայտվել լացով, ինքնամեղադրանքով («Ինչու՞ այսքան հետաձգեցի բժշկի դիմելը, ինչու՞ շուտ չդիմեցի»), նույնիսկ այն դեպքերում, երբ իրականում հիվանդությունը դեռ վաղ փուլում է, և մարդու կյանքին վտանգ չի սպառնում:

Հետո գալիս է ժխտման փուլը, երբ մարդիկ հավատում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, և ոչ մի բուժում պետք չի: Նրանք կարող են այցելել տարբեր բժիշկների, մի քանի անգամ անցնել նույն հետազոտությունը տարբեր բուժ հաստատություններում, չհավատալ հետազոտության արդյունքներին, զբաղվել ինքնաբուժմամբ և այլն:

Հաջորդը բարկության փուլն է: Երբ մարդն այլևս չի կարողանում ժխտել հիվանդության փաստը, նա իր բարկությունն ուղղում է շրջապատի վրա. սա փորձ է պաշտվանվել ինքնամեղադրանքից:

Բարկությանը հաջորդում է, այսպես կոչված, գործարքի փուլը: Հիվանդները փորձում են «գործարք» կապել ճակատագրի հետ. սկում են որոշակի վարք դրևորել, օրինակ՝ կարող է զբաղվեն բարեգործությամբ, որպեսզի ճակատագիրն իրենց նկատմամբ բարեգութ գտնվի: Դրանով նրանք փորձում են հետաձգել հնարավոր բացասական հանգուցալուծումը:

Չորրորդը դեպրեսիայի փուլն է. Մարդիկ հուսահատվում են, դառնում են անտարբեր ամեն ինչի նկատմամբ, լռակյաց, ունենում են ափսոսանք անցյալի վերաբերյալ:

Եվ վերջում ընդունման փուլն է: Մարդը հաշտվում է ճակատագրի հետ: Սկում է հանգիստ վերաբերվել իր հիվանդությանը, ապրել տվյալ պահով, ապրել լեցուն և բովանդակ: Ժամանակը, կարծես, դանդաղում է նրա համար: Նա կարող է սկսել զբաղվել մի գործով, որն իրեն իրոք բավականություն է պատճառում և որը նա շարունակ հետաձգում էր նախկինում՝ զբաղված լինելու պատճառով:

Այս փուլերի հաջորդականությունն, իհարկե, պայմանական է, և միշտ չէ, որ մարդն անցնում է բոլոր փուլերով: Օրինակ՝ հնարավոր է շոկից հետո, ընկնել դեպրեսիվ վիճակի մեջ, հետո ունենալ բարկության շրջան և այլն:

Հաճախ հիվանդի բարեկամները մտածում են, որ խոսելով նրա հետ հիվանդության մասին ավելորդ անգամ ցավ կպատճառեն նրան և ամեն կերպ խուսափում են այդ թեմայից: Սակայն հիվանդի անհագստությունները խորանում են, եթե նա չի գտնում զրուցակից և չի կարողանում արտահայտել իր ապրումները: Հետազոտությունները ցույց են տվել, որ վախն ուժեղանում է, երբ մարդը հնարավորություն չունի դրա մասին խոսել: Ընդհանրապես, երբ մարդուն ինչ-որ բան շատ անհանգստացնում է, նա ի վիճակի չի այլ բանի մասին խոսել կամ անում է դա ի հեճուկս իր ցանկության:

Ոչ բոլոր մարդիկ են սովոր խոսել իրենց ապրումներից. սովորաբար նրանք խոսում են գործերից, առօրյայից, բայց ոչ ապրումներից: Հետևապես, հիվանդը հնարավոր է և դժվարանա կիսել իր անհագստությունները՝ մասամբ այն պատճառով, որ չի ուզում ավելորդ անգամ ծանրաբեռնել ձեզ, մասամբ էլ այն պատճառով, որ վստահ չէ, որ իրեն կլսեն և կհասկանան, քանի որ մարդիկ հաճախ շտապում են խորհուրդներ տալ, երբ մեկը պատմում է իր դժվարությունների մասին: Հետևապես, առաջին բանն այն կլինի, որ մշակեք ձեր մեջ կարողություն լսել՝ լսել ուշադիր, առանց ընդհատելու, առանց մեկնաբանելու, առանց խորհուրդներ տալու (ինչպես օրինակ՝ «դու չպետք է հուսահատվես»): Դուք կարող եք օգնել հիվանդին ուղղակի լսելով նրան:

Շատերը ամաչում են իրենց ապրումները ցույց տալ, քանի որ ունեն կարծրատիպեր, որ դա թուլության նշան է: Օգնեք ձեր ընկերոջը, հարազատին հաղթահարել դրանք: Նախ՝ ստեղծեք ջերմ, գողտրիկ մթնոլորտ, նստեք հիվանդից հարմարավետ հեռավորության վրա (սովորաբար դա մոտավորապես կես մետրն է, սակայն կարևոր է նաև, թե դուք որքան մտերիմ եք հիվանդի հետ. եթե ընտանիքի անդամն եք՝ կին, ամուսին, քույր, եղբայր, զավակ կամ ծնող, այդ հեռավորությունը կարող է ավելի քիչ լինել): Եթե շատ մոտ նստեք, դա հնարավոր է կաշկանդի նրան: Եթե շատ հեռու նստեք, մտերմիկ զրույցի մթնոլորտ չի ստեղծվի: Համոզվելու համար, որ հեռավորությունը հարմար է նրա համար, հարցրեք նրան այդ մասին:

Եթե չգիտեք՝ ինչ ասել, պարզապես եղեք նրա կողքին, գրկեք նրան: Կարող եք ասել. «Չգիտեմ նույնիսկ ինչ ասել» կամ «Ես ինքս շատ հուզված եմ, և ինձ դժվար է ինչ-որ բան ասել»: Եթե հուզված եք, արտահայտեք ձեր հուզմունքը առանց ձևացնելու, թե դուք լավատես եք, իսկ այդ հիվանդություն էլ՝ մի թեթև «մրսածություն» է: Արտահայտելով ձեր անհանգստությունը՝ դուք չեք ծանրացնի հիվանդի վիճակը, հակառակը՝ կտաք նրան հնարավորություն խոսել իր անհանգստություններից: Եվ, երբ հիվանդը խոսում է իր անհանգստությունների մասին կամ հուզվում է, պարզապես լսեք նրան առանց ընդհատելու, առանց մեկնաբանություններ անելու (ինչպես օրինակ՝ «լաց մի եղիր, կբուժվես, ամեն ինչ լավ կլինի»): Նույնիսկ եթե հիվանդի վիճակը ծանր չէ, բայց նա միևնույնն է անհագստանում է սպասվող վիրահատությունից առաջ, դա բնական է: Ասելով ՝ «անհանգստանալու բան չկա», դուք թույլ չեք տալիս նրան արտահայտվել. անտեսում եք նրա ապրումները, անհանգստանալու նրա իրավունքը:

Խոսելիս նայեք նրան, հատկապես, երբ նա ինչ-որ բան է ասում. աչքերի կոնտակտը շատ կարևոր է: Ընդունեք, որ հաճախ ասելու բան ընդհանրապես չկա և այդ ժամանակ պետք չէ ամեն կերպ փորձել «պահպանել խոսակցությունը»: Բավական կլինի միայն լինել հիվանդի կողքին, բռնել նրա ձեռքը: Եթե հիվանդը պատմում է իր ապրումների մասին, պարզապես լսեք նրան: Շատ հարցեր տալը կարող է ստեղծել հարցաթուղթ լրացնելու տպավորություն և զրույցին հաղորդել ձևական բնույթ:   

Կարող եք նրան հարցնել՝ ինչպես է զգում, ինչի կարիք ունի: Հնարավոր է նա ուզում է այլ բաների մասին խոսել՝ ցրվել: Դրանով նա պաշտպանում է իրեն ուժեղ, անկառավարելի հույզերից: Հարգեք նրա այդ ցանկությունը: Մի փոխեք խոսակցության թեման: Հնարավոր է նա հոգնած լինի և ուզենա հանգստանալ: Այդ դեպքում ձեր աջակցությունը կլինի ստեղծել դրա համար բարենպաստ պայմաններ՝ ապահովել լռություն և անդորր:

Մի մոռացեք, որ ձեր մտերիմին կարող է պետք լինել ձեր օգնությունը կենցաղավարման մեջ: Կարևորը՝ արեք նրան համար այն, ինչ ուզում եք և կարող եք անել և կիսեք այդ պատասխանատվությունը ուրիշներին հետ՝ առանց ձեր ուսերին վերցնելու ամենը:

Հեղինակ՝ հոգեբան Մարիա Բաբայան։

Ի՞նչ է ապրումակցումը և նրա կարևորությունը մարդու կյանքում

Արդի ժամանակներում, երբ մարդն իր առջև ունի պլանավորված օր ու գրեթե օրվա մեծ մասն անց է կացնում տեխնիկական սարքերի առջև, ապա նրա կյանքում նվազում է կապը կենդանի բնության և մարդկանց հետ։ Մինչդեռ այդ կապը երևի թե ամենակարևորն է բնության, մարդկային փոխհարաբերությունների ներդաշնակության համար։

Ամենքը զբաղված են իրենց հոգսերով, բայց նաև ամենքից յուրաքանչուրը ժամանակ առ ժամանակ ունենում է ցանկություն, որ իրեն շրջապատող մարդիկ մտնեն իր դրության մեջ, հասկանան իրեն։ Հոգեբանության մեջ այս երևույթն անվանում են էմպաթիա կամ ապրումակցում․մարդու կողմից այլ մարդու ներաշխարհի և հուզական վիճակի հասկացումն է։ Իսկ եթե փորձենք բառացի թարգմանել էմպաթիան, ապա կստացվի դիմացինի ցավը կիսել։ Այս իմաստով կարելի է ասել, որ եթե մարդը կիսում է այլ մարդու ցավն, ապա նա չի էլ ցավեցնի։ Եվ ապրումակցման ամենախորը հիմքերում կարելի է գտնել  այլ մարդու և ոչ միայն մարդու նկատմամբ «չարը չանելու», չիրագործելու, չցավեցնելու գաղափարը։

Ապրումակցումը կարծես կամուրջ է հանդիսանում մարդկանց ներաշխարհների միջև, որի օգնությամբ էլ մարդիկ փոխազդում, փոխներգործում են։ Թե որքա՞ն արդյունավետ կընթանա զրույցը կամ բանակցությունը անմիջական կապ ունի, թե որքա՞ն է զարգացած ապրումակցման կարողությունը զրուցակիցների կամ բանակցողների մոտ։

Ապրումակցելու կարողությունը զարգանում է մարդու անհատական զարգացմանը զուգընթաց։ Չնայած կան մարդիկ, ովքեր կարծես ի բնե ունեն ապրումակցելու զարգացած կարողություններ։

 Ի՞նչը կարող է օգնել ապրումակցման կարողությունների աճին․

▲ Այլ մարդուն ապրումակցելու համար առաջին հերթին կարևոր է այն փաստի ընդունումը, որ յուրաքանրյուր մարդ ապրում է իր հոգեկան, սուբյեկտիվ իրականությամբ։

▲ Մարդուն հասկանալու մեր անկեղծ ցանկությունը։

▲ Այն իրողության ընդունումը, որ միգուցե մենք չենք կարող օգնել մարդուն, բայց գոնե հասկանալ և չվնասել կարող ենք։

▲ Տարբեր վայրերում մարդկանց, նրանց հույզերին, տրամադրությանը ուշադիր լինելու և հասկանալու մեր փորձերը, որոնք հետագայում զարգանալու միտում ունեն։

▲ Այլ աշխարհընկալում, արժեհամակարգ ունեցող մարդկանց հետ շփվելու մեր ցանկությունն ու փորձերը։

▲ Մարդկանց ակտիվ լսելը, նրանց ժեստերը, հույզերը փորձարկելն ու հասկանալը։

▲ Արվեստի տարբեր ստեղծագործությունների հետ առնչվելն ու ցանկությունը հասկանալու, օրինակ՝ ֆիլմի կերպարների զգացողություններն ու ապրումները, գույների, ձևերի օգնությամբ՝ նկարչի փոխանցած տրամադրությունը և այլն։

Բոլոր մարդիկ ունեն ապրումակցման կարողությունների զարգացման անհրաժեշտություն, և միգուցե հենց այն կարող է փրկել մարդկությանը պատերազմներից կամ դրանց հետևանքով առաջացած հոգեբանական դրսևորումներից։

Հեղինակ՝ հոգեբան Գոհար Բարխուդարյան։

Պերֆեկցիոնիզմը կամ կատարելապաշտությունը և դրա ազդեցությունը մարդու կենսագործունեության վրա

Կատարելապաշտություն, ասել է թե պաշտել կատարյալը: Իսկ ի՞նչ է կատարյալը։ Մենք երբևէ չենք մտածում՝ արդյոք այս ծառը կատարյալ է, թե՞ ոչ: Մենք ընդունում ենք բնությունն այնպիսին, ինչպիսին այն կա՝ առանց քննադատելու այն քարերի կամ ճահիճների համար: Սակայն նույնը չենք կարողանում անել մեր պարագայում:

Թվում է, թե կատարելապաշտությունը կամ պերֆեկցիոնիզմը օգնում է մարդուն ձգտել ավելիի և զարգանալ: Արդյո՞ք դա այդպես է:

Կատարելապաշտությունը կամ պերֆեկցիոնիզմը մարդու ձգտումն է անել ամեն ինչ կատարյալ և լինել անթերի: Այլ կերպ ասած, դա չափազանց բարձր չափանիշների և չափազանց խիստ պահանջների արտահայտումն է ինքդ քո և ուրիշներին նկատմամբ: Սուր արտահայտված լինելու պարագայում մարդուն բնորոշ է սև-ու-սպիտակ՝ դիխոտոմիկ, մտածողությունը, այսինքն՝ ցանկացած ոչ-կատարյալ բան գնահատվում է որպես թերի: Ցանկացած շեղում ՙկատարելությունից՚ ընկալվում է որպես ամոթալի մի բան:

Հասկանալի է, որ այսօրինակ մտքերն առաջացնում են մեծ լարվածություն մարդու մոտ: Հատկապես, որ «կատարյալն» ու «անթերին» սուբյեկտիվ կատեգորիաներ են: Հաճախ պերֆեկցիոնիզմն անվանում են գերազանցիկի սինդրոմ: Անդերսենի ՙԱրքայադուստրը սիսեռահատիկի վրա՚ հեքիաթի հերոսուհին պերֆեկցիոնիստի տիպիկ օրինակ է: Պերֆեկցիոնիստին անհարմարություն է պատճառում ամենա աննշույլ բանն անգամ, որ մեկ ուրիշը չէր էլ նկատի:

Կատարելապաշտ մարդիկ առաջնորդվում են «7 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» սկզբումքով. բազմաթիվ անգամ ստուգում են արդեն ավարտած աշխատանքը, շատ սուր են արձագանքում քննադատությանը, հաճախ նախընտրում են ավելի երկար աշխատել՝ բացառելու համար հնարավոր սխալները և ՙկատարելության՚ հասցնելու համար յուրաքանչյուր մասնիկի մշակումը: Օրինակ՝ նրանք կարող են ժամերով ընտրել առավել գեղեցիկ ֆոն՝ ցուցասահիկ (պրեզենտացիա) պատրաստելիս: Այդ ամենի արդյունքում պերֆեկցիոնիստները ծախսում են շատ ժամանակ այն գործողությունների վրա, որ կարող էին անել անգամներ ավելի կարճ ժամանակահատվածում: 

Մինչև 1990–ական թվականները կլինիկական հոգեբանության ոլորտում արված հետազոտությունները ցույց տվեցին, որ կա ուղիղ համեմատական կապ կատարելապաշտության և այնպիսի երևույթների միջև, ինչպիսին են դեպրեսիան, կպչուն վիճակները (կպչուն մտքերը և կպչուն գործողությունները), սննդային խանգարումները և այլն: Թեև հետագա հետազոտությունները որոշակի ճշգրտում մտցրեցին այս երևույթի հասկացման մեջ, մասնավորապես, մասնագետները  սկսեցին տարբերակել  կատարելապաշտության նորմալ և նևրոտիկ կամ ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ձևերը, այնուամենայնիվ, այսօր էլ հոգեբանների շրջանում կատարելապաշտությունը ընդունված է համարել մի բան, որը մեծապես կարող է խանգարել մարդուն բավարարված և երջանիկ զգալ:

Ինչո՞վ են տարբերվում իրարից կատարելապաշտության ֆունկցիոնալ և դիսֆունկցիոնալ ձևերը:

Առաջինի դեպքում կատարելապաշտական ձգտումները գերակշռում են սխալվելու (կամ չհաջողելու) վախի նկատմամբ, իսկ երկրորդի դեպքում հակառակն է: Ֆունկցիոնալ կատարելապաշտության պարագայումմարդը ձգտում է անել իր գործը բավական լավ, բայց ոչ կատարյալ: Իսկ անհաջողության բախվելիս, սխալվելիս՝ չի հուսահատվում, չի մեղադրոմ ինքն իրեն:

Դիսֆունկցիոնալ պերֆեկցիոնիզմի դեպքում մարդուն անհարմարություն կարող են պատճառել այնպիսի աննշան երևույներ, ինչպիսիք են, օրինակ, զգեստապահարանում շորերի հավասար ծալված չլինելը, հոդվածի ՙսխալ՚ տառատեսակը, ինչպես վերընշված հեքիաթի հերոսուհուն էր անհարմարություն պատճառում փոքրիկ սիսեռահատիկը:

Դիսֆունկցիոնալ կատարելապաշտությանը բնորոշ են.

  • Անինքնավստահությունը, տագնապային մտքերը («իսկ եթե չկարողանամ…/ չհասցնեմ…/սխալվեմ…»),
  • Շրջապատի մարդկանց բարձր գնահատականներին արժանանալու ձգտումը,
  • Անիրատեսական նպատակներ դնելը ( «Իմ մագիստրոսական թեզը պետք է արժանի լինի մրցանակի»),
  • Չափազանց մեծ կենրոնացումը արդյունքի վրա, քանի որ դրա «կատարյալ» լինելուց է կախված երևույթին տրվող իրենց գնահատակը: Դրան ի հակառակ, ավելի քիչ ուշադրություն է դարձվում գործընթացից հաճույք ստանալու վրա:
  • Ինքնամեղադրանքը սխալների կամ անհաջողության համար: Պետք է նշել, որ սխալներն ու անհաջողությունները նույնպես սուբյեկտիվ են. օրինակ՝ նոթատետրում ջնջում անելը սխալ չէ, բայց դա կարող է կատարելապաշտ մարդուն հուզել և հանգեցնել նրան, որ վերջինս պատռի այդ թերթը ու նորից գրի:
  • Դիխոտոմիկ՝ սև ու սպիտակ, մտածողությունը («Եթե կատարյալ չանեմ գործս, ես վատ աշխատող եմ /վատ տնային տնտեսուհի եմ/»։ «Ես պետք է լինեմ անթերի, որպեսզի հարգեմ ինքս ինձ»:),
  • Լարվածության զգացումը,
  • Անկարողությունը փոխել ծրագիրը, քանի որ ծրագրից շեղվելն այս մարդկանց համար արդեն սխալ ուղով գնալ է,
  • Երկար մտածելը որոշում կայացնելուց առաջ, նույնիսկ ամենաչնչին հարցերի դեպքում,
  • Անելիքները հետաձգելու սովորությունը՝ պրոկրաստինացիան:

 Կատարելապաշտության ձևավորման վրա ազդում են

  • ծնողների չափազանց պահանջկոտ լինելը երեխայի առաջադիմության, մտավոր կարողությունների, արտաքին տեսքի նկատմամբ: Օրինակ, երբ երեխային հարցնում են. «Իսկ ինչո՞ւ ես 4 ստացել», սա նշանակում է. «ես գոհ չեմ քո արդյունքից. ես ակնկալում եմ, որ դու պետք է միշտ գերազանց գնահատականներ ստանաս», և հետագայում մարդը չի կարողանում գոհանալ կամ հազվադեպ է գոհ լինում իր արածից, նույնիսկ այն դեպքում, երբ հասնում է լավ արդյունքի:
  • ուսուցիչների պահանջկոտ լինելը երեխայի առաջադիմության նկատմամբ, այսինքն՝ մեծ կարևորություն տալը գնահատականներին,
  • երբ ծնողներն իրենք են ձգտում կատարյալ լինել:

 Ի՞նչ է հարկավոր անել մեղմելու համար այս երևույթը

  • Ընդունեք, որ դուք կատարելապաշտ եք և ձեր դժգոհությունը արված աշխատանքից կամ առկա իրավիճակից դրա հետևանքն է, ոչ թե այդ աշխատանքի թերի կամ իրավիճակի սարսափելի լինելու հետևանքը:
  • Ուշադրություն դարձրեք այն մտքերին, որոնք ուղեկցում են ձեզ, երբ ուզում եք այսինչ բանն անել գերազանց: Օրինակ, դա կարող է լինել տնօրենի դրական արձագանքի սպասումը կամ այնպիսի մի միտք, ինչպիսին է՝ «իմ աշխատանքը պիտի լինի ամենալավը»:
  • Արեք որոշ բաներ միտումնավոր ոչ-կատարյալ:
  • Այն գործերը, որոնց ոչ-կատարյալ լինելուց ոչինչ չի տուժի, վստահեք ուրիշներին:
  • Ուշադրություն դարձրեք դրական երևույթների վրա: Սա անհրաժեշտ է, որովհետև դուք հակված եք նկատել բացասականը, մինչդեռ հավասարակշռված մոտեցում ունենալու համար, անհրաժեշտ է նաև նկատել դրականը:
  • Թույլ տվեք ձեզ դուր չգալ ուրիշներին: Միակ մարդը, ում դուք պետք է դուր գաք, դա դուք եք:
  • Գնահատեք նույնիսկ չնչին թվացող հաջողությունները:
  • Հիշեք, որ սխալները մեր հարստությունն են. դրանք օգնում են մեզ աճել և հասունանալ, հարստացնել մեր պատկերացումները և ձեռք բերել փորձառություն:

Հեղինակ՝ հոգեբան Մարիա Բաբայան։

Ինչ է թմրամիջոցից կախվածությունը

Ի՞նչ է կատարվում թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող մարդու հետ

Թմրամիջոցի միանգամյա օգտագործումն առաջացնում է տրամադրության բարձրացում, ընդարմություն (ռելաքսացիա): Միաժամանակ առաջանում են ընդհանուր թուլություն, շոգի զգացում, բերանի չորություն, գլխացավ և քրտնարտադրություն: Եթե թմրամիջոցները կանոնավոր են օգտագործվում, առաջանում է կախվածություն:
Առաջանում է թմրամիջոց ընդունելու շարունակական պահանջ` լավ զգացողության հասնելու կամ վատ զգացողությունից խուսափելու համար: Եթե թմրամոլը չի կարողանում թմրամիջոց հայթայթել, շատ վատ է զգում: Նա ցավ է զգում, կարծես ոսկորները ջարդվում են: Առաջանում են վախի զգացում, սրտխառնոց, փսխում, լուծ, անքնություն« դողերոցք: Կախված թմրամիջոցի տեսակից, այդ վիճակը կարող է տևել մի քանի օրից մի քանի շաբաթ: Որոշ ժամանակ անց թմրամոլը սկսում է թմրամիջոց օգտագործել ոչ թե հաճույք ստանալու համար, այլª որպեսզի խուսափի այդ վիճակում հայտնվելուց: Նրա գլխավոր հոգսը դառնում է թմրամիջոցի նոր բաժինների հայթայթումը:

Ի՞նչ արագությամբ է կախվածություն առաջանում թմրամիջոցների նկատմամբ

Թմրամիջոցների որոշ տեսակներից կախվածություն կարող է առաջանալ փոքր չափաքանակներից և շատ արագ: Թմրամոլը սկսում է օգտագործել ավելի ու ավելի մեծ չափաքանակներ, որպեսզի ցանկալի ազդեցության հասնի: Հերոինային կախվածությունը կարող է առաջանալ նույնիսկ միանգամյա ընդունումից հետո:

Ինչպե՞ս են թմրամիջոցները փոխում մարդուն

Թմրամոլությունը շատ արագ փոխում է մարդուն: Ուրախ, անհոգ պատանիները կամ հմայիչ աղջիկները դառնում են դժբախտ, հիվանդ, տառապող էակներ: Նրանք կորցնում են իրենց հին ընկերներին, որոնց փոխարինում են նորերը` թմրամոլները: Հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է միայն թմրամիջոցների նոր չափաքանակների հայթայթումով: Նրանք չեն կարողանում սովորել, աշխատել, առաջանում են հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ: Թմրամոլներն ավելի հաճախ են հիվանդանում, քանի որ նրանց օրգանիզմի բոլոր պաշտպանական մեխանիզմները խաթարված են: Ներարկային թմրամոլները իրենց վտանգում են արյան միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ-ով վարակվելու: Դա այլևս կյանք չէ, ընդամենը գոյատևում է:

ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ՁԵՎԸ ԵՐԲԵՔ ՉՓՈՐՁԵԼՆ Է:

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
Ուսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)

Դիետա՞, թե՞ անորեքսիա

Հիմնականում կանայք  են, որ միշտ փորձում են հետևել իրենց մարմնի կառուցվածքին: Դա, իհարկե, լավ է: Լավ կլիներ, որ նաև տղամարդիկ հոգ տանեին իրենց մարմնի մասին։ Գեղեցիկ լինելը բոլորին է հաճելի: Սակայն շատ անգամ նիհարելու ցանկությունը ծայրահեղ դրսևորումներ է ունենում և դիետա պահելը դառնում է ընդհանրապես սննդի մերժում:

Կարծում ենք, ձեզ ծանոթ է «անորեքսիա» բառը: Անորեքսիան սննդային խանգարում է, որի ժամանակ մարդը կանխամտածված հրաժարվում է սննդից, նրա մոտ գերակայում են նիհարելու ցանկությունն ու գիրանալու վախը: Կասեք, թե ինչ կապ ունի հոգեբանության հետ: Ամենաուղիղ, կպատասխանենք մենք, որովհետև սա նախ և առաջ հոգեբանական խնդիր է: Այս մարդիկ միշտ կարծում են, որ իրենք չափազանց գեր են, մինչդեռ նրանց քաշը նորմայից ցածր է: Նրանք կպչուն մտքեր են ունենում գեր լինելու հետ կապված, հաճախակի դեպրեսիաներ և հույզերի կառավարման դժվարություն: Շրջապատը նկատում է նրանց վարքում և բնավորության մեջ նկատելի փոփոխություններ: Նրանք կորցնում են ընկերներին, հաճախ փոխում շրջապատը:

Անորեքսիան ճիշտ դիետայի հետևանք չի կարող լինել: Դիետան միշտ ուղղված է  առողջության պահպանմանը: Որպես կանոն, այն նշանակվում է բժիշկ-դիետոլոգի կողմից կոնկրետ հիվանդությունների կամ էլ քաշի ավելցուկի դեպքում: Մնացած դեպքերում դիետան տեղին չէ: Շատ անգամ մենք ինքներս ենք դիետաներ մոգոնում: Որոշում ենք, որ ինչ-որ սննդամթերքից պետք է լիովին հրաժարվել, կամ էլ սովի օրեր ենք հայտարարում: Այդ ընթացքում մեր օրգանիզմը կորցնում է անհրաժեշտ նյութերը, և մենք հյուծվում ենք: Կանանց մոտ անորեքսիայի ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ դաշտանային ցիլկի հետ, փորկապություն, մազերի և մաշկի չորացում, հեշտ կոտրվող եղունգներ, սրտային հիվանդություններ և անընդհատ թուլություն, իմունիտետի անկում:

Վիճակագրության համաձայն, եթե անորեքսիան չբուժվի ժամանակին, ապա կմահանա ամեն տասներորդ հիվանդը: Այնպես որ,  եթե նկատում եք, որ սնունդը և ձեր քաշն ավելորդ շատ է գրավում ձեր ուշադրությունը, եթե սկսել եք նիհարել և ձեզ չի բավարարում դա, եթե տրամադրության տարօրինակ փոփոխություններ եք նկատում, փչացել են հարաբերությունները հարազատների և ընկերների հետ ու դա հիմնականում ձեր սնվելու ձևի հետ է կապված, ապա անհապաղ դիմեք հոգեբանի և բժշկի օգնությանը:

6 խորհուրդ առողջ սիրային հարաբերության համար

Ձեզ ենք ներկայացնում սոցիալական հոգեբան Թերեզա ԴիԴոնատոյի խորհուրդները առողջ սիրային հարաբերություն ունենալու համար։

Ինչպե՞ս իմանալ ու վստահ լինել, որ սիրային հարաբերությունը ճիշտ ձևով է զարգանում ու ունի ներուժ լուրջ բանի վերաճելու։ 
Բոլոր հարաբերությունները տարբեր են, բայց գիտական հետազոտությունը ցույց է տալիս, որ կան որոշակի մոդելներ, որոնք կարող են հանգեցնել առողջ, կայուն ու հաջողված հարաբերության։ Ուշադրություն դարձրեք այս խորհուրդներին, որոնք ձեզ կարող են օգնել ձեռք բերել երջանկություն, սեր, բավարարվածություն սիրային համագործակցության մեջ։ Միտումով օգտագործեցին համագործակցություն բառը, որովհետև սերը միասին տարվող աշխատանք է։

1․ Հաջողված հարաբերություններում զույգերը կիսում են միմյանց սովորություններն ու հետաքրքրությունները։ Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են ընկերները փոխվում, երբ հարաբերության մեջ են։ Ինչ-որ մեկի հետ երկար հանդիպելուց հետո նրանք ձեռք են բերում նոր նպատակներ ու հետաքրքրություններ, նոր բառապաշար կամ նոր սովորություններ։ Այս բոլոր փոփոխությունները ազդելով զուգընկերոջ վրա «ես»-ի մի նոր շերտ են ավելանցում ու օգնում հարաբերություն ինտեգրվելու գործընթացին։

2. Զարգացող հարաբերություններում զուգընկերները աջակցում են իրար, որ աճելու հնարավորությունները բաց չթողնեն։ Մարդիկ ավելի բավարարված են իրենց հարաբերություններից, երբ իրենց զուգընկերները ակտիվորեն աջակցում ու գնահատում են այն ջանքերը, որ նրանք թափում են՝ լայնացնելու իրենց մտահորիզոնը։ Հրաշալի զգացողություն է, երբ զարգանում ես, աճում, նոր հմտություններ ձեռք բերում, նոր բաներ փորձում։ Այս հնարավորթյունները նպաստում են ոչ միայն անձնական աճին, այլև խթանում են վստահ, հանդարտ ու հավասարակշռված լինել սիրային հարաբերություններում։

3.  Զույգերը պետք է կիսեն իրենց զգացողությունները։ 
Զուգընկերոջ հետ միայն խոսելը բավարար չէ։ Առողջ հարաբերություն ունենալու համար անհրաժաշետ է նաև զգացմունքային բացությունուն, մտքերի, գաղափարների փոխհարաբերում։ Մարդիկ հեշտությամբ կարող են հայտներ փաստեր իրենց մասին, բայց անձնական մտքեր, զգացմունքներ կիսելը ավելի դժվար է, միաժամանակ ավելի օգտակար, եթե ուզում եք ճանապարհ հարթել ու ավելի խորացնել կապը զուգընկերոջ հետ։

4. Զարգացող հարաբերություններում գտնվող զույգերը հաճախակի են հպվում իրար։ Ֆիզիկական հպումը կարող է շատ տարբեր դրսևորումներ ունենալ բուն սեքսից բացի։ Զույգերը, որոնք հաճախակի են իրար գրկում, համբուրում կամ մերսում, իրար ձեռք բռնում, ավելի երջանիկ են ու բավարաված։

5. Մարդիկ, ովքեր ունեն զարգացող հարաբերություն, ավելի քիչ ուշադրություն են դարձնում հմայիչ մարդկանց։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զարգացող հարաբերություններում գտնվող մարդիկ փակ են գայթակղության առաջ։ Սերը կարծես ստեղծում է պաշտպանական համակարգ, որը ուշադրությունը կենտրոնացնում է զուգընկերոջ վրա։

6. Զարգացող հարաբերության մեջ գտնվող մարդիկ տեսնում են պարտավորության դրական կողմերը։ Սիրային պարտավորությունը դրական, բացասական ու երբեմն հարկադիր տարրերը արտացոլող բազմակողմանի մի համակարգ է։ Ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ, ովքեր միտված են ընկալել իրենց հարաբերությունը հարուստ դրական դրսևորումներով՝ ուրախություն, պատկանելիության զգացում, բավարարվածություն ու ավելի քիչ բացասական երանգներով՝ անհանգստություն, վիրավորվածություն, գրգռվածություն, շատ ավելի գոհ են հարաբերություններից։ Այս մարդիկ հարաբերությունը ընկալում են որպես մի բան, որի մեջ ուզում են լինեն, այլ ոչ թե մի բան, որի մեջ պետք է լինեն։

Հարաբերությունը բարդ համակարգ է, որի հաջողությունը կախված է հարաբերության մեջ գտնվող յուրաքանչյուր անհատից, նրանց միջև փոխազդեցությունից ու սոցիալական կոնտեքստից։ Այս խորհուրդները ուղղորդիչներ են, որոնք ցույց են տալիս՝ արդյոք հարաբերությունը ճիշտ ու առողջ ճանապարհով է ընթանում, թե ոչ։

Նոր տարի, նոր սովորություններ

Նոր տարին հրաշալի ժամանակ է վատ սովորությունները մոռանալու ու նոր սովորություններ ձևավորելու համար։ Եթե կարծում եք, որ 2019-ը ձեր տարին է, ապա հետևեք մեր խորհուրդներին, լավացրեք ձեր ինքնազգացողությունը, որպեսզի փոխվի նաև կյանքի որակը։

1․ Ուղիղ պահեք մեջը։ Այո, ճիշտ կարդացիք։ Ուղիղ մեջը ոչ միայն լավ է ողնաշարի համար, այլև ձեզ ավելի նիհար է ցույց տալիս։ Երբ դուք կորացած եք, ձեր թոքերը ավելի քիչ թթվածին են ստանում, քան երբ ուղիղ եք պահում մեջքը։ Մեջքի ճիշտ դիրքը օգնում է, որ մնացած ներքին օրգաններն ավելի լավ կատարեն իրենց գործառույթը։ 

2․ Տարատեսակ գազով ըմպելիքները փոխարինեք սովորական ջրով։ Ու առհասարակ մի մոռացեք ջուր խմել։ Կարող եք ինքներդ տարբեր համերով ջուր պատրաստել, ջրի մեջ ավելացրեք կիտրոն կամ նանա կամ այլ մրգեր ու հատապտուղներ։

3․ Մարզվեք։ Եթե չունեք գումար ու ժամանակ մարզասրահ գնալու, ապա կարող եք վարժություններ անել տանը։ Մշակեք գրաֆիկ, արթնացեք 15 րոպե ավելի շուտ, քան սովորաբար ու մինչև լոգարան գնալը մարզվեք։ Օրական մի քանի րոպե մարզվելը ավելի լավ է, քան առհասարակ ոչինչ չանելը։

4․ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին։ Օրվա մեջ մի քանի րոպե ժամանակ հատկացրեք հետևելու, թե ինչպես ու ինչ եք մտածում։ Մենք բոլորս հաճախ մտքերով թափառում ենք անցյալում կամ ապագայում։ Փորձեք ձեր ուշադրությունը կենտրոնացնել «այստեղ և հիմա»-ի վրա, զգացեք պահը, եղեք ներկա։

5․ Քչացրեք շաքարի քանակը ձեր սննդակարգում։ 


6․ Ուշադրություն դարձրեք քնին։ Փորձեք միշտ քնել նույն ժամին։ Լավ քունը առողջության ու գեղեցկության գրավականն է։

7․ Թույլ տվեք, որ շնորհակալության զգացումը ձեր մեջ ապրի։ Ձեզ համար գնեք գեղեցիկ նոթատետր ու ամեն օր գրեք, թե ինչի համար եք շնորհակալ, ինչն է ձեզ ուրախացնում ու երջանկության զգացողություն տալիս։ Հետազոտությունը ցույց է տվել, որ շնորհակալության օրագիր պահելը լավացնում է ինքնազգացողությունն ու կյանքից բավարարվածությունը։ 

Հաճույքի կանոնները

Հաճույքը ժամանակ է պահանջում

Հաճույքի զգացում ապրելու համար, մենք պիտի ժամանակ ընձեռենք այդ զգացումին: Ճիշտ է, մենք շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում տոներ և ազատ օրեր ենք նախատեսում, սակայն անգամ այդ օրերի ընթացքում մենք պետք է կարողանանք ժամանակ տրամադրել հաճույքին, ազատել ուղեղն ու մտքերը մնացած ամեն ինչից:

Հաճույքի աղբյուր է մեր ամենօրյա կյանքը

Մեր կյանքի ամեն վայրկյանն առիթ է տալիս հաճույքի համար: Մեր ընկալման առանձնահատկություններից ելնելով` մենք ընկալում ենք մեր շրջապատում տեղի ունեցող երևույթների շատ փոքր մասը, հատկապես այն երևույթների, որոնք տեղի են ունենում մեր ներսում: Մեր մտածողության բնույթից ու կառուցվածքից ելնելով` մեր ուշադրությունը ավելի շատ կանգ է առնում բացասական, քան դրական երևույթների վրա: Յուրաքանչյուրը կարող է գտնել հաճույք պատճառող երևույթներ, եթե փորձի այլ անկյան տակ նայել իր կյանքին:

Յուրաքանչյուրին իրենը

Չկա երկու իրար նման մարդ և չկա երկու իրար նման հաճույք: Յուրքանչյուրին դուր է գալիս կոնկրետ մի բան, և չի կարող դուր գալ մի բան, որը չգիտես և չես փորձել: Որպեսզի հասկանանք, թե ինչերն են մեզ դուր գալիս, պետք է շատ տարբեր բաներ փորձենք: Այն, ինչից մենք հաճույք ենք ստանում, կարող է տհաճություն պատճառել մյուսին, անգամ նյարդայնացնել:

Հաճույքն ինքն իրեն չի գալիս

Կարելի է ուղղակի սպասել, որ հաճույքն ինքն իրեն գա: Սրա մեջ որոշակի իմաստ կա, սակայն եթե մենք ուզում են հաճույք ստանալ կյանքից, ապա մենք պետք է որոշակի ժամանակ և ջանքեր ներդնենք դրա համար: Բացի դրանից, կան վարքի որոշակի ձևեր, որոնք տանում են կյանքում հաճույքի ավելացմանը:

Թույլ տուր քեզ հաճույք ստանալ կյանքից

Սոցիալապես ընդունելի նորմերի և սահմանափակումների յուրացումը բերեց նրան, որ մարդկանց շրջանում ստեղծվեց պատկերացում, որ հաճույք ստանալն ամոթ է և դատապարտելի: Սակայն մենք կասկածում ենք, որ մարդը ծնվել է տառապելու համար: Կյանքից հաճույք ստանալը չի կարելի ամոթալի բան համարել, առավել ևս չի կարելի ինքներս մեզ արգելել հաճույք ստանալ կյանքից: Թույլ տվեք ձեզ հաճույք ստանալ կյանքից:

Որքան քիչ, այնքան լավ 

Շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր վստահ են, որ երջանիկ է նա, ով ունի շատ մեքենաներ, տներ, գումար և այլն: Սա մարդկության ամենատարածված մոլորություններից մեկն է: Կան շատ օրինակներ, որոնք ապացուցում են, որ իրերի քանակից մարդկանց կյանքն ավելի երջանիկ չի դառնում: Հաճույքի և ինքն իրեն զսպելու մեջ հստակ կապ կա, որի մասին արդեն խոսեցինք: Խմորեղենի առաջին կտորը հաճույք է պատճառում, 15-րդ կտորը` զզվանք: Հաճույք առաջացնող օբյեկտների անսահմանափակ քանակը պակասեցնում է հաճույքի ստացման հնարավորությունը:

Փորձը նախորդում է հաճույքին

Հաճույքների նրբությունները զգալու ունակությունը ձևավորվում է տարիների ընթացքում: Փորձի հետ են ավելանում նուրբ համեր զգալու, նուրբ ձայներն ու հնչյուններն ընկալելու կարողությունները: Որպեսզի հասկանանք, թե ինչն է մեզ դուր գալիս, պետք է փորձենք որոշ բաներ։ Հաճախ հատկապես արդյունավետ է փորձել փորձառու մեկի հետ:

Հաճույքը մեր ներսում է

Լայն տարածում ունեցող մոլորություններից է այն, որ հաճույքը կապված է մեզ շրջապատող օբյեկտների հետ: Ինչ-որ առումով դա ճիշտ է, բայց ոչ ամբողջությամբ: Հաճույքը դրական ապրումների ամբողջություն է, որը մեզ և միայն մեզ է պատկանում: Մեր մտքերը, մեր զգացմունքները, մեր ապրումները, այլ ոչ դրսի առարկաներն են մեզ հաճույք պատճառում: Հաճույքի փոխարինումն առարկաներ և իրեր ունենալու բերկրանքով շատ ձեռնտու է գործարարներին ու բիզնեսմեններին, դրա համար այդ մոտեցումը շատ գովազդվում և խրախուսվում է: Հաճույքը հնարավոր է և արտաքին առարկաների առկայության, և դրանց բացակայության դեպքում, որովհետև այն մեր ներսում է:

Ուրիշի հետ կիսվող հաճույքը կրկնապատկվում է

Եվս մի տարբերություն հաճույքի և ունենալու միջև, երբ հաճույքը կիսում ենք սիրելի մարդու հետ, այն կրկնապատկվում է, ինչը չէր լինի, եթե կիսեինք իրերը կամ գումարն ու հնարավորությունները: Երեխաների կամ մանկական ինքնաբուխությունը պահպանած մեծահասկաների շրջանում կարելի է հանդիպել մեկի հետ ուրախությունն ու հաճույքը կիսելու անհագ ցանկության: Հաճույքը կիսելը միանշանակ ավելացնում է այն: Սա շատ կարևոր հմտություն է, որը պետք է սովորել:

Պետք է սովորել հաճույք ստանալ

Ինչպես մնացած բոլոր բաները, հաճույք ստանալ ևս հնարավոր է սովորել` ավելացնելով հաճույքի աղբյուրները, մեր հնարավորություններն ու հետաքրքրությունները: Հաճույք ստանալ հնարավոր է սովորել` զարգացնելով աշխարհում լավը նկատելու և տեսնելու, այդ դրականով ու գեղեցիկով ուրախանալու կարողություն: